26 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90793.6 By Google Analytics 07.08.2020
Գլխավոր » Ինչպիսի՞ն էին հայ-ռուսական հարաբերությունները 2019թ.-ին
Վերլուծական

Ինչպիսի՞ն էին հայ-ռուսական հարաբերությունները 2019թ.-ին

հետևեք մեզ նաև Telegram-ում

2019թ. Հայաստանի արտաքին քաղաքականությունն աչքի ընկավ ակտիվությամբ և արդյունավետության բարձրացմանն ուղղված քայլերով։ Սա վերաբերում է բոլոր ուղղություններով Հայաստանի արտաքին կապերի զարգացմանը, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ։

Հայ-ռուսական հարաբերություններում նկատվեց փոխվստահության ամրապնդում։ Դրան առաջին հերթին նպաստեց երկու երկրների ռազմաքաղաքական ղեկավարության փոխճանաչման  մակարդակի բարձրացումը՝ երկկողմ և բազմակողմ ձևաչափերում ակտիվ շփումների և այցերի միջոցով։ Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից և 2018թ. դեկտեմբերին անցկացված խորհրդարանական ընտրություններից հետո չափազանց կարևոր էր երկու դաշնակից երկրների թե՛ օրենսդիր, թե՛ գործադիր մարմինների միջև բնականոն հարաբերությունների շարունակականության ապահովումը և փոխվստահության ամրապնդումը։ Մյուս կողմից, անհրաժեշտ էր ժամանակ, որպեսզի կողմերը հստակեցնեն իրենց գերակայությունները ստեղծված նոր իրողությունների պայմաններում: Բացի այդ, պաշտոնական Երևանի կողմից հռչակված «արտաքին քաղաքականության մեջ շրջադարձերի բացառման» մոտեցումը գործնականում ևս դրսևորվեց՝ նպաստելով կողմերի միջև դաշնակցային մթնոլորտի ամրապնդմանը:

Այդ ընթացքում, իհարկե, լրատվական-փորձագիտական որոշ շրջանակներ, քաղաքական տարբեր խմբեր, առաջնորդվելով ներքաղաքական շահերով կամ երրորդ երկրների դրդմամբ, «մտահոգություն էին հայտնում» հայ-ռուսական հարաբերությունների ճակատագրի վերաբերյալ՝ գուժելով հնարավոր ճգնաժամ: Սակայն Երևանը և Մոսկվան վեջին մեկուկես տարվա ընթացքում երկուստեք ցուցաբերեցին բավական կառուցողական գործելաոճ և հարաբերությունները զարգացնելու շահագրգռվածություն, ինչը թույլ տվեց ամրապնդել երկու երկրների միջև փոխադարձ վստահությունը։

Փոխվստահության ամրապնդման և հարաբերությունների շարունակական և դինամիկ զարգացման մասին վկայում են մի շարք իրողություններ։ Նախ, դա  նկատելի է ռուսական կողմից վերջին ամիսներին հնչող պաշտոնական հայտարարություններում։ Նոյեմբերին պաշտոնական առաջին այցով  (հեղափոխությունից հետո) Հայաստան ժամանեց Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, ով Հայաստանի արտաքին քաղաքականությունը բնութագրեց որպես «հավասարակշռված և պատասխանատու»։ Կարևոր էր երկու արտգործնախարարությունների միջև ստորագրված՝ խորհրդակցությունների մասին 2020-2021թթ․ ծրագիրը։ Արտաքին քաղաքականության ոլորտում համագործակցության կարևոր ցուցիչ է նաև միջազգային հարթակներում փոխգործակցությունը տարբեր քվեարկությունների շրջանակներում՝ փոխադարձաբար միմյանց շահերը հաշվի առնելու տրամաբանությամբ։ Դա, անշուշտ, երկկողմ կարևորվում է, հատկապես՝ զգայուն հարցերի պարագայում:

Տարվա ընթացքում ռուս պաշտոնյաների կողմից բարձր է գնահատվել նաև Հայաստանի հաջողված նախագահությունը ԵԱՏՄ-ում և նախաձեռնողականությունը ՀԱՊԿ-ում արդյունավետության բարձրացման հարցում։

2019թ․ Հայաստանը և Ռուսաստանը սերտորեն համագործակցել են անվտանգության ոլորտում։ Շարունակվել է սպառազինությունների մատակարարումը Հայաստանին։ Մասնավորապես, պետք է առանձնացնել Հայաստանի կողմից «ТОР» զենիթահրթիռային համալիրների և «СУ-30» բազմաֆունկցիոնալ կործանիչների առաջին խմբաքանակի ձեռքբերումը։ Երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների միջև համագործակցությունը շարունակվել է ինչպես երկկողմ տարբեր ձևաչափերով, այնպես էլ ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում։ Կարևոր էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի այցը Հայաստան, որի ընթացքում կարևոր պայմանավորվածություններ ձեռք բերվեցին՝ կապված Գյումրու ռուսական 102-րդ ռազմաբազայի մարտական ներուժի կրկնապատկման և ենթակառուցվածքների կատարելագործման հետ։ Սրա նշանակությունը պետք է դիտարկել երկու առումով։ Նախ,  մարտական ներուժի կրկնապատկումը կարևոր է բազայի ընդհանուր արդիականացման, նոր զինատեսակներով համալրման և մարտունակության բարձրացման տեսանկյունից։ Մյուս կողմից, այս որոշումը ինչ-որ իմաստով կարևոր «մեսիջ» է տարածաշրջանային որոշ պետությունների՝ հաշվի առնելով վերջին ամիսներին նրանց երբեմն ոչ կանխատեսելի  ակտիվությունը։

Համագործակցության բարձր մակարդակի մասին է վկայում նաև տարեսկզբից Սիրիայում իրականացվող մարդասիրական առաքելությունը՝ Սիրիայի իշխանությունների և ռուսական ուժերի հետ համագործակցությամբ: Պետք է ընդգծել, որ ի տարբերություն Հայաստանի՝ ՀԱՊԿ-ում Ռուսաստանի մյուս դաշնակիցները նման նախաձեռնողկանություն չցուցաբերեցին։ Հայաստանի այս քայլն, իհարկե, առաջին հերթին կարևոր էր հենց Սիրիայի հայ համայնքին և բարեկամ ժողովրդին մարդասիրական օժանդակություն ցուցաբերելու տեսանկյունից։ Մարդասիրական առաքելություն Սիրիա ուղարկելը բարձր գնահատվեց Ռուսաստանի կողմից, այն նաև ընկալելի էր միջազգային այլ գործընկերների համար։ Ավելին, Սիրիայում հայկական առաքելությունն այժմ համագործակցության ձևաչափ է մշակում ՄԱԿ-ի մարդասիրական հարցերի համակարգման Հալեպի գրասենյակի հետ՝ վերջինիս առաջարկով։

Ոչ պակաս կարևոր էր նաև կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցությունը, ինչը թույլ կտա ամրապնդել  կենսաբանական անվտանգության ոլորտում մեր հնարավորությունները և ներուժը։ Հայաստանի և Ռուսաստանի միջև նախատեսվում է հուշագրի ստորագրում, որն, ըստ պաշտոնական հայտարարությունների՝ այժմ միջգերատեսչական համաձայնեցման փուլում է։

2019թ. շարունակվեցին գազի գնի շուրջ բանակցությունները։ Գաղտնիք չէ, որ գազի գնի հետ կապված քննարկումները հայ-ռուսական հարաբերություններում պարբերական բնույթ են կրում։ Բանակցությունների արդյունքում կողմերը եկան համաձայնության, որ գազի մատակարարումը 2020թ. հունվարի 1-ից շարունակվելու է 2019թ.-ի պայմաններով, ներառյալ՝ նաև գազի գինը: Նման պայմանավորվածությունն, ըստ ամենայնի, կրում է ժամանակավոր բնույթ։ Գազի գնագոյացման համար անհրաժեշտ է ավելի կանխատեսելի և երկարաժամկետ մեխանիզմ։ Նման մեխանիզմ կներդրվի, երբ ԵԱՏՄ-ի տարածքում սկսեն գործել էներգակիրների ընդհանուր շուկաները։

2019թ. հայ-ռուսական հարաբերություններում մեկ այլ կարևոր հարց էր Հայաստանում ռուսական կապիտալով գործող ընկերությունների արդյունավետության բարձրացումը։ Այս առումով հատկանշական էին «Հարավկովկասյան երկաթուղու» շուրջ տեղի ունեցած զարգացումները։ Դրանք ցույց տվեցին, որ թե՛ հայկական, թե՛ ռուսական կողմը տրամադրված են բավական կառուցողական և պատրաստ են իրականացնել քայլեր՝ ուղղված ընկերության արդյունավետության բարձրացմանը։ 

Ամփոփելով՝ կարելի է միանշանակ փաստել, որ հայ-ռուսական հարաբերությունները, չնայած տարբեր շրջանակների վատատեսական կանխատեսումների՝ 2019թ. աչքի ընկան փոխվստահության մթնոլորտի ամրապնդմամբ, բարձր մակարդակի երկկողմ ակտիվ շփումներով, ինչը նոր հնարավորություններ է ստեղծում դաշնակցային հարաբերությունների զարգացման տեսանկյունից: Հատկանշական է, որ կողմներն արդեն իսկ պայմանավորվածություններ ունեն հաջորդ տարվա այցերի վերաբերյալ. մասնավորապես՝ 2020թ.-ին ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա, իսկ ՌԴ նախագահը պաշտոնական այցով՝ Երևան։

Վարդուհի Հարությունյան

Նմանատիպ Հոդվածներ

Ժամանակն է դուրս գալ կարծրատիպից, որ ՀՀ-ն վարում է վիզը ծուռ քաղաքականություն. Ալ. Սանդիկով. «ՀԺ»

Սերինե

Հայ-ռուսական հարաբերությունները և Մոսկվայում մեր համայնքի դերակատարությունը

Ani Grigoryan

Տարին հայ-ռուսական հարաբերությունների համար ավարտվում է դրական նոտայով․Սերգեյ Կոպիրկին

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին