8.2 C
Yerevan
29 Փետրվարի, 2020
Գլխավոր » Ինչպիսի՞ն է Հայաստանի մասին ընկալումը դրսում
Գլխավոր Նորություններ

Ինչպիսի՞ն է Հայաստանի մասին ընկալումը դրսում

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանը պետք է կրկնապատկի ջանքերը միջազգային հանրությանը ներկայացնելու մեր ձեռքբերումները։

Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին ուշի-ուշով հետևում է միջազգային հանրությունը, մեր գործընկերները և ոչ միայն։ Վարչապետի ժողովրդավարական օրակարգին դրական են արձագանքել Եվրոպական կառույցները, ԱՄՆ-ը, Եվրոպական Միության անդամ երկրները։ Միևնույն ժամանակ Հայաստանի ակտիվ և արդյունավետ նախագահությունը Եվրասիական տնտեսական Միությունում, նոր գործընկերների ներգրավվումը տնտեսական այդ համագործակցության մեջ միանգամայն ողջունելի է եղել ԵԱՏՄ մեր գործընկերների կողմից։

Վարչապետի աշխատակազմը, պատկան մարմինները մշտական կապի մեջ են արտաքին աշխարհի հետ՝ ներկայացնելով այն դրականը, ինչ կատարվում է մեզանում, մեր բարեփոխումները, Հայաստանի ներդրումը միջազգային տնտեսական համագործակցության, միջազգային անվտանգության հարցերում։

Այդ երկխոսությունը հարկավոր է ավելի ինստիտուցիոնալ դարձնել, ներկայացնել այսօրվա Հայաստանը իր բոլոր ձեռքբերումներով և մարտահրավերներով։ Գաղտնիք չէ, որ շատ մայրաքաղաքներում 2018թ․ հեղափոխությունը խորությամբ չի ընկալվել ու հասկացվել, չի գնահատվել ժողովրդի այն պոռթկումն ու ցասումը, որ մերժեց բռնապետական բարքերն ու բացեց դեպի նոր՝ ժողովրդավարական Հայաստան ճանապարհը։

Եվ իսկապես, եթե մանրազնին չես դիտարկում հայաստանյան այսօրվա գործընթացները, դրսից առաջին հայացքը բացում  է այլ պատկեր․ արտաքին քաղաքականության մեջ կտրուկ շրջադարձի բացակայությունը, միջազգային կառույցներում Հայաստանի քվեարկություննների շարունակությունը, միջազգային կազմակերպություններում մեր նախաձեռնությունները, հիմա էլ արդեն ԵԽԽՎ, եվրոպական կուսակցությունների՝ կիսաքննադատական արձագանքները՝ այս ամենը ոմանց հիմք է տալիս եզրակացության, որ Հայաստանում որևէ բան չի փոխվել։ Անգամ վարչապետը հասարակությանը ներկայացրած արդեն 300 փաստերում գեթ մեկ արտաքին քաղաքական փաստ չի ասել։

Հայաստանի շուրջ բոլոր տեղի ունեցող իրադարձությունները ոչ մի կապ չունեն ժողովրդավարության հաղթարշավի հետ, անգամ Եվրոպական Միության Արևելյան գործընկերության ծրագրի մասնակից պետություններում նկատվում է լուրջ նահանջ և դա արձանագրում են Եվրոպական Միության մեր գործընկերները։ Իրավիճակը միանշանակ չէ բարեկամական Վրաստանում, Ադրբեջանի՝ իբր վերաթարմացման համար նախաձեռնված ընտրությունները եկան կրկին վերահաստատելու պաշտոնական Բաքվի բռնապետական, ավտորիտար բնույթը։

Այս լույսի ներքո Հայաստանը միակ ժողովրդավարության փորոսն է ողջ տարածաշրջանում, իրական հակակշիռներով, իշխանության հաշվետվողականությամբ, մարդու իրավունքների հարգմանն ուղղված իրականացվող քայլերով։ Բայց արի ու տես՝ ո՞րքանն են տեղյակ այս մասին, ինչպե՞ս է ստացվել, որ Մարդու իրավունքների հարցը իր առաջնայնությունը համարող Եվրոպայի խորհրդի համազեկուզողները իրենց թույլ տվեցին դասեր տալ մեզ, ինչո՞ւ ամենաժողովրդավարական միջոցի՝ հանրաքվեին գնալու քայլի անհրաժեշտությունը դեսպաններին կարիք եղավ բացատրել վարչապետի մակարդակով։ Վարչապետը արձագանքեց բոլոր մտահոգություններին, պատասխանեց ներկաների բոլոր հարցերին, սակայն նա չէ, որ նման խնդիրներով պետք է զբաղվի։ Մենք կգերադասեինք, որ վարչապետը սուրճի սեղանի շուրջ ռազմավարական հարցերի մասին զրույց ծավալի, քննարկի գլոբալ անվտանգության հարցերը, Հայաստանի դերակատարությունը տարածաշրջանային համագործակցության մեջ, թողելով մասնավոր հարցերի վերաբերյալ պարզաբանումները պատկան մարմիններին։

Այս փուլում առավել քան կարևոր է պահպանել ու զարգացնել արտաքին աշխարհի հետ երկխոսության բոլոր խողովակները, պարզաբանել ու բացատրել Հայաստանի մոտեցումներն ու քաղաքականությունը, ներկայացնել դատաիրավական ոլորտի բարեփոխումներն ու նոր նախաձեռնությունները։ Այս առումով մեծ աշխատանք են անում նաև ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի ներկայացուցիչները, որոնք ակտիվ շփումների մեջ են տարբեր կառույցների ներկայացուցիչների հետ։

Հարկ է նաև միջազգային կազմակերպություններում առավել կոշտ ձևակերպումներով խոսել Ադրբեջանում տեղի ունեցող գործընթացների մասին, նկատել, որ ժողովրդավարությունները երբեք չեն կարող բռնապետության մաս կազմել։ Եւ Արցախում կայանալիք ընտրությունները՝ մի կողմից փայլուն հնարավորություն են՝ ընդգծելու ժողովրդավարական Արցախի տարբերությունը Ադրբեջանից, նաև դիմագրավելու դիվանագիտական այն հարձակումները, որ ուղեկցելու են այդ ընտրությունները։ Միջազգային հանրության հետ երկխոսության ակտիվացման այլընտրանք չկա։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին