5 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116732.8 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Ինչ ասել երեխային՝ սահման մեկնած հոր մասին, ինչպես կառավարել հույզերը. հոգեբանի խորհուրդները. «ՀԺ»
թերթերի տեսություն

Ինչ ասել երեխային՝ սահման մեկնած հոր մասին, ինչպես կառավարել հույզերը. հոգեբանի խորհուրդները. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է․

Պատերազմի ժամանակ թիկունքում սրվում են զգացողությունները, անդադար է սպասումը, լուրերի փնտրտուքը, մոտ ու հեռու ընկերների, բարեկամների զոհվելու, վիրավորվելու մասին հաղորդումները, անպատասխան մնացող զանգերը: Որքան էլ կրկնենք՝ թիկունքը պիտի ամուր լինի, ծանր պատկերներին ի տես՝ թիկունքից լսվում են հառաչանքներ, շաբաթներ շարունակ անհանգիստ տրոփող սրտերը երբեմն փլվում են:

«Ժեստ» հոգեբանական կենտրոնի կլինիկական հոգեբան Անգելինա Հարությունյանը խորհուրդ է տալիս որքան հնարավոր զբաղված լինել օգտակար և անհրաժեշտ գործերով, Արցախից երեխաների հետ տեղափոխված կանանց՝ առաջարկում է դիտարկել այս իրավիճակը որպես առիթ՝ երեխաների հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու, նրանց ձեռքի աշխատանքներ սովորեցնելու, նրանց հետ նկարելու, ծեփելու համար: Վերջին շրջանում սահմանագոտում հարազատներ ունեցող կանանց ու երեխաների հետ աշխատող հոգեբանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հավաստում է. պետք է թե մեծերը, թե փոքրերը ժամանակ չունենան ծանր մտքերով տարվելու: Նրա խոսքով՝ կարևոր է իրավիճակի ընկալումը, դրա սահմանումը, և այն անպայման պիտի դրական գույներով լինի:

-Նախ տեսնենք, թե ինչպես ենք երեխային ներկայացնում, որ հայրիկը սահմանում է. ոչ թե պիտի ասենք հայրիկը կամ, օրինակ, քեռին գնացել են մինչ ի մահ կռվելու, այլ՝ գնացել են մեզ պաշտպանելու: Իհարկե, չպիտի ստենք. պիտի ասենք, որ դժվար ժամանակ է, պատերազմ է, վտանգավոր է, և նաև պետք է մեր տղամարդկանց բարձրացնենք մեր երեխաների աչքերում՝ չվախենանք այդ բառից՝ հերոսացնենք: Երբ մայրիկները երեխաներին այդպես ներկայացնեն, ամեն օր այդ ձևով կրկնեն, իրենք էլ կհանգստանան, իրենք էլ կտրամադրվեն այդպես: Այո, հասկանում ենք, որ կռիվ-մահու պատերազմ է, տարբեր ձևով կարող է անդրադառնալ ամեն ընտանիքի վրա, բայց միևնույնն է, պիտի ասենք, որ հայրիկները, եղբայրները պայքարում են հանուն հայրենիքի, հանուն մեզ, որ մենք՝ մյուսներս, կարողանանք հանգիստ քնել, ապրել: Որպեսզի երեխան քնելուց առաջ չմտածի՝ վայ, հայրիկիս հանկարծ չսպանեն:

— Մեր զրույցի ընթացքում իմ ընդհանուր հարցերին պատասխանելով՝ դուք կենտրոնանում եք հենց երեխաների վրա: Ձեր աշխատանքային փորձը հուշում է, որ առավել մեծ խնդիրները երեխաների՞ հետ են կապված:

— Ոչ, ուղղակի նման իրավիճակում թե մեծերի և թե փոքրերի համար աշխատանք է տարվում հատկապես մեծերի հետ. երեխաներին խորհուրդ չենք տալիս՝ դուք զբաղված եղեք, մայրիկների վրա ենք դնում այդ պարտականությունը, որ իրենք ավելի ուշադիր լինեն և ավելի ապահովեն զբաղվածությունը երեխաների, որի արդյունքում իրենց զբաղվածությունն էլ է ապահովվում: Իրենք ոչ թե պետք է ուղղակի հանձնարարություն տան երեխաներին, այլ՝ պիտի իրենք էլ ներգրավվեն: Եվ ինչքան շատ շփվեն երեխայի հետ, ցրվեն, գույներ տեսնեն, կտրեն-կարեն-պատրաստեն, այնքան իրենք էլ դուրս կգան այդ վիճակից: Մյուս բոլոր հարազատների հետ զրույցներում պետք է ընդգծել ամուր թիկունքի կարևորությունը. որ մենք պետք է անենք այն ամենն, ինչ կարող ենք անել:

— Որո՞նք են այն նշանները, որ դիտարկելիս լավ կլինի դիմեն մասնագետի աջակցությանը:

— Թե երեխաների ու թե մեծերի մոտ առավել հաճախ դիտարկվող նշանները, որ վկայում են ծանր հոգեբանական դրության մասին, անքնությունն է, տրամադրության անկումը՝ շփվել չեն ցանկանում, մարսողական որոշ խնդիրներ՝ չեն ցանկանում սնվել, փսխումներ են ունենում, մարսողական համակարգի հետ կապված այլ խնդիրներ: Հնարավոր է նաև, որ այս խնդիրները կապված լինեն տեղափոխության կամ սննդի փոփոխության հետ, բայց հիմնականում դրանք հոգեբանական խնդիրներ են:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին