Գլխավոր » Իշխանության համար պայքարը շարունակվում է
Վերլուծական

Իշխանության համար պայքարը շարունակվում է

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ո՞րն է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը:

Հարցն անհեթեթ կարող է թվալ. չէ՞, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հենց իրենք իշխանություն են՝ զբաղեցնում են պետական բարձրագույն պաշտոններ և ունեն աննախադեպ մեծամասնություն ԱԺ-ում: Ավել իշխանություն ո՞վ է ունեցել ՀՀ պատմության մեջ:

Իրողությունը, սակայն, այն է, որ չնայած այս տպավորիչ պաշտոնական թվերին, Հայաստանում դեռ կա իշխանության խնդիր, և նույնիսկ ավելին ասենք՝ իշխանության հարցի շուրջ «կռիվը» կամ «կռիվների» վճռորոշ շարքը դեռ առջևում է: Էական է հասկանալ, որ այսօր Հայաստանում ոչ թե իշխող ուժ-ընդդիմություն սովորական մրցակցություն է, ինչպես մենք լռելյայն պատկերացնում ենք, այլ իշխանության համար վճռական պայքար է ընթանում՝ ուղիղ շարունակությունը 2018-ի ապրիլյան հեղափոխության:

Եթե իրավիճակը Հայասատնում լիներ «սովորական», այսինքն, եթե պարզապես մի կառավարություն փոխեր մյուսին ընթացիկ՝ ոչ հեղափոխական ճանապարհով, այս խնդիրը առաջ չէր գա, և իրոք կհամարեինք, որ պաշտոնականը բավական է մի կողմին լիարժեք իշխող ուժ, իսկ մյուսին՝ դասական ընդդիմություն համարել: Բայց Հայաստանում սովորական գործըթնաց չի եղել, այլ եղել է ժողովրդական զանգվածային շարժմամբ իշխանության փոփոխություն, և դրա արդյունքում իրար դեմ կանգնած են ոչ սովորական իշխանություն ու ընդդիմություն, այլ մի կողմից ժողովրդական լայն շահը ներկայացնել փորձող իշխող թիմը, մյուս կողմից իր արտոնությունների կորստյան վտանգի առջև համախմբվող էլիտան (ոչ միայն նախկին իշխող էլիտան, և ընդհանրապես ոչ միայն նախկին և նույնիսկ ոչ պարտադիր հենց այս պահին իշխող թիմի նկատմամբ բացահայտ ընդդիմադիր): Բացի այդ, խնդիրն ունի նաև ազգային, անկախական պայքարի երանգ, քանի որ բավականին ակնհայտ է, որ էլիտայի համախմբումը որոշ կապեր ունի նաև Հայաստանից դուրս, ինչպես և բավականին ակնհայտ է այն, որ որոշ ուժեր, որոնք ժամանակին միացել կամ աջակցում էին ժողովրդական շարժմանը հետապնդում էին ժողովրդականությանը լիովին հակադիր նպատակներ, և այժմ արդեն դրանց զգալի մասը՝ «հիասթափված» նոր իշխանության հակադիր ճամբարում է, իսկ մյուս մասը դեռ հերթի մեջ է:

Ի՞նչ բան է իշխանությունը:

Սովորական իրավիճակներում իշխանության ինչ լինելը քողարկված է իրավական և այլ ֆորմալ ձևակերպումների և ընթացակարգերի քողի տակ, և ի՞նչ է իշխանությունը հարցը հետաքրքիր է միայն ակադեմիական տեսակետից: Բայց ոչ սովորական վիճակներում այս հարցն արդեն գործնական քաղաքական նշանակություն է ստանում, քանի որ ֆորմալ ընթացակարգերը կարող են բավարար չլինել քաղաքական նպատակների իրացման համար:

Իշխանությունը նյութական երևույթ չէ՝ ո՛չ մարդ է, ո՛չ մարդկանց խումբ, ո՛չ էլ ինչ որ շոշափելի իր: Այս իմաստով, իհարկե, սխալ ենք, երբ կառավարությունը կամ իշխող ուժը կոչում ենք «իշխանություն»: Ժողովուրդը նույնպես իշխանություն չէ, այլ միայն իշխանության կրող: Իշխանությունը տարբեր է նրա կրողներից և «ունեցողներից»:

Իշխանությունն, ուրեմն, ոչ թե նյութական իրողություն է, այլ հոգևոր՝ ոչ նյութական ոլորտից է: Եթե ձևակերպենք առանց խորանալու, ապա իշխանությունը ազդեցությունն է կամ ազդեցություն գործելու կարողություն է: Այդ կարողությունն իր հերթին հիմնված է ռեսուրսային այլատարր հենքի վրա՝ սկսած հոգեբանականից՝ հեղինակություն մինչև նյութական: Օրինակ, տողերիս հեղինակի այս կամ մյուս հոդվածները կարող են ինչ որ չափի, թեկուզ չնչին ազդեցություն գործել մարդկանց գիտակցության վրա, փոխել ինչ որ բան այդ գիտակցությունում և դրա միջոցով էլ իրականության մեջ: Դա կարող ենք համարել որոշ՝ նվազագույն չափի իշխանություն: Նման նվազագույն, «բջջային» իշխանություն կարող է ունենալ ցանկացած մեկն, ով ունի մի փոքր հեղինակություն այս կամ այն շրջանակում: Բայց, իհարկե, երբ խոսում ենք պետական մասշտաբում, ապա խոսքը միանգամայն այլ որակի և քանակի ազդեցության մասին է:

Երբ անցնում ենք պետության մակարդակին, իհարկե, կա նախևառաջ ֆորմալիզացված իշխանություն՝ պաշտոնականը, որի կարևորությունն ինքնին պարզ է, բայց որը երբեք չի կարելի նաև գերագնահատել: Պաշտոնական իշխանությունը ֆորմալիզացված հեղինակություն է: Պաշտոնականն ի տարբերություն զուտ անձնական հեղինակության պարտավորեցնող ազդեցություն է, ոչ թե կամավոր: Բայց բոլորս էլ գիտենք և անկախ Հայաստանի պատմության մեջ էլ ականատես ենք եղել դեպքերի, երբ իդեալական այս պատկերացումը չի գործում: Պաշտոնական հրահանգը կարող է ի կատար չածվել՝ բացահայտ կամ քողարկված, ավելի հաճախ նաև՝ կիսատ իրացվել, աղավաղվել: Որովետև իշխանության էությունը նույնիսկ այստեղ ֆորման չէ, այլ ուժային կենդանի հարաբերությունը: Պաշտոնական իշխանությանը ենթարկվում են այնքան ժամանակ քանի դեռ վստահ են, որ ուժը դրա կողմից է, իսկ հակառակ դեպքում պաշտոնականը կարող է վերածվել մաքուր ձևականության, դատարկության: Հենց այդ պահերին էլ պարզվում է, որ այդքան ամենազոր թվացող պաշտոնական իշխանությունն ինքն իրենով ոչինչ է:

Պաշտոնական իշխանության իրացնող՝ պետական ապարատները չեն կարող հուսալի հենարան լինել որևէ, առավել ևս ժողովրդական զանգվածների ուժով ձևավորված կառավարությունների համար: Պետական ապարատը հավատարմորեն ծառայում է իշխող թիմին, բայց ճգնաժամային պահին, նա կողմնորոշվելու է ըստ ուժի իրական դասավորության: Սա պետական ապարտների էությունն է, ինչն ունի իր առավելություններն ու թերությունները, բայց որը հնարավոր չէ փոխել:

Իշխանությունն, ուրեմն, ֆորմա չէ, այլ էություն, բովանդակություն: Պաշտոնական իշխանությունը դեռ ամբողջական իշխանություն չէ: Դա իշխանության կարևոր մասն է, բայց պետք է բալանսի մեջ լինի ուժային այլ գործոնների հետ, այլապես, վճռական իրավիճակներում, վերածվում է ձևականության: Իրական իշխանությունն ավելի մեծ է և լայն է քան պաշտոնականը:

Ո՞րն է «մեծ իշխանությունը»:

Ասացինք արդեն, որ իշխանությունն ընդհանրապես ազդեցություն գործելու կարողությունն է, որը բխում է համապատասխան ռեսուրսային հիմքից: Պետական մակարդակում ազդեցություն գործելու համար, պարզ է, որ ռեսուրսային բազան պետք է անհամեմատ ընդարձակ լինի անհատական մակարդակից:  

Կարևորագույն ռեսուրսային տարրերի մեջ առանձնացնենք 1. ֆինանսները, 2. կազմակերպվածությունը, 3. կապերի ցանցը՝ ներքին և արտաքին, 4. ԶԼՄ և առհասարակ հրապարակային խոսքի, տեղեկատվության, քարոզչության դաշտը, որը պատահական չի կոչվում չորրորդ իշխանություն, 5. հեղինակությունը, ժողովրդականությունը և այլն:

Ի դեպ, թեկուզ, իմիջայլոց, բայց անպայման պետք է նշենք, որ մեծ իշխանության մաս է նաև քաղաքական դաշտի ամբողջությունը (իր բոլոր հատվածներով, այդ թվում՝ ընդդիմադիր), նաև այսպես կոչված «քաղաքացիական հասարակությունը», որը Հայաստանի պես երկրներում ոչ թե քաղհասարակություն է բառիս բուն իմաստով, այսինքն՝ հանրության ոչ պետական մակարդակի ինքնակազմակերպման ձև, այլ գրեթե բացառապես արտաքին ռեսուրսի վրա հենվող յուրահատուկ փոքր բիզնես, իսկ որոշ մասի դեպքում էլ ոչ պաշտոնական քաղաքական հոսանք:

Սրանք բոլորը ոչ թե պարզապես այլևայլ գործոններ են, այլ հենց մեծ իշխանության բաղկացուցիչ մաս՝ պաշտոնական իշխանության հետ համահավասար: Մեկն, օրինակ, կարող է չունենալ պաշտոնական իշխանություն, բայց փաստացի իշխանություն ունենալ շնորհիվ թվարկած ռեսուրսներից մեկի կամ մի քանիսի կենտրոնացման իր ձեռքում:

Իսկ ո՞րն է այստեղ խնդիրը: Սովորական իրավիճակում պաշտոնականն ու ոչ պաշտոնականը որոշակի բալանսի, նույնիսկ ասենք՝ ներդաշնակության մեջ են միմյանց նկատմամբ: Բայց ոչ սովորական իրավիճակներում դրանք կարող են հակադրության մեջ հայտնվել, և պայքարի մեջ մտնել միմյանց դեմ:

Այսօրվա աշխարհում, թերևս ամենավառ օրինակը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Թվում է, թե աշխարհի ամենահզոր երկրի առաջին դեմքը, որն ընտրվել է օրինակարգ ժողովրդավարական ընտրությունների միջոցով պետք է լուրջ խնդիր չունենա: Բայց նույնիսկ այդպիսի հզոր դիրքում լինելով, Թրամփի վիճակը հաճախ հիշեցնում է դիսիդենտի, պարտիզանի վիճակ, քանի որ նրա դեմ է տրամարդրված ամերիկյան և առհասարակ արևմտյան էլիտայի մեծ մասն իր գերհզոր ռեսուրսային հենքով: Եվ աշխարհի գերհզոր դիրքում հայտնված մարդը, որն ինքն էլ մեծահարուստ է, ստիպված է մանևրել, փոխզիջումների գնալ, այլև՝ փաստորեն կռվով նվաճել իր իրավունքն իրացնելու իր նախընտրական խոստումները, գործելով՝ չընդհատվող դիմադրության պայմաններում:

Հայատանի իրավիճակը, թեև բովանդակային առումով, իհարկե, բավականին հեռու է ու տարբեր ԱՄՆ-ից, սակայն, ըստ ձևի և կառուցվածքի կան նմանություններ (ի դեպ բովանդակապես էլ այնքան հեռու չէ, որքան կարող է թվալ): Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ, ինչպես և կանխատեսելի էր, աստիճանաբար միավորվում է հայաստանյան վերնախավի զգալի մասը, ոչ միայն նախկին իշխանավորները, այլև առհասարակ՝ կուսակցությունները, ԶԼՄ-ները, «փորձագետները», իսկ ապագայում կարելի է կանխատեսել այս գործընթացի ընդլայնում, որի մեջ կմտնի նաև, այսպես կոչված, քաղաքացիական դաշտը (որոշ նշաններ եղան Ամուլսարի դեպքերի հետ կապված): Պարտադիր չէ այդ միավորումը պատկերացնել բառացի: Խոսքն ավելի շուտ ցանցային, ապակենտրոն, նույնսիկ որոշ դեպքերում ինքն իր մեջ կոնֆլիկտային միավորման մասին է: Բայց ինքնին տարաբնույթ ուժերի միավորման հեռանկարը չպետք է զարմացնի մեզ: Անկախ Հայաստանի պատմությունն ունի նման միավորումների՝ պաշտոնական և ոչ պաշտոնական հարուստ փորձ: Բավական է ասել, որ, օրինակ 2016-ի ամռանը միմյանց հետ համահունչ, թեև ոչ պաշտոնական դաշինքով գործում էին այնպիսի հակադիր ուժեր, որոնք պաշտոնապես թե՛ այն ժամանակ, թե՛ այսօր ատում են միմյանց:

Կառավարության դեմ կարող է այս կամ այն չափով գործել կամ արդեն գործում է նաև «խորքային պետությունը» (Վանեցյանի հրաժարականը մասմաբ սրա դրսևորումներից կարող է լինել): Այս միտումը՝ էլիտար դիմադրությունը ժողովրդական վստահություն վայելող կառավարությանը կարող է ավելի ամբողջանալ կամ ոչ՝ կախված հանգամանքներից (օրինակ, ավելի կարող են խորանալ ճեղքերը բուն իշխող թիմում, որի ներսում շատերը ևս ոչ թե «ժողովրդական», այլ էլիտարիստական մտածողության կրողներ են), բայց դա Հայաստանի հիմնական ներքաղաքական միտումն է այսօր:

Իշխող թիմը, եթե մի կողմից կրողն է պաշտոնական իշխանության և ունի ժողովրդական վստահություն, ապա մյուս կողմից բացարձակ զիջում է իր հակառակորդներին ֆինանսական, կազմակերպչական և մեդիա ռեսուրսների, այլև որոշ չափով՝ ցանցային կապերի (ներքին թե արտաքին) առումով: Հենց սա է ուժային դիսբալանսը, որի մասին խոսում ենք: Այս դիսբալանսը չի կարող լուծվել ինքն իրենով կամ մի օր չստեղծել «վճռական հանգուցալուծման» իրավիճակ:

Տպավորություն կա, որ իշխող թիմը բավականին անհոգ է այս իրավիճակի նկատմամբ: Մի կողմից նրանք էլ հայաստանցիների մեծ մասի պես նույնացնում են իշխանությունը պաշտոնականի հետ, մյուս կողմից էլ հույսերը դրել են ժողովրդական աջակցության վրա: Այն, թե ինչպես է իշխող թիմը վերաբերվում, օրինակ, կազմակերպչական ռեսուրսին, երևում է նրանից, որ վերջերս՝ անցած ՏԻՄ ընտրություններում մոտ երկու տասնյակ համայնքներում ՔՊ-ն չունեցավ համայնքապետի ոչ մի պաշտոնական թեկնածու: Սա նշանակում է, որ մեկուկես տարվա մեջ ոչինչ չի արվել նույնիսկ սեփական կուսակցությունն ուժեղացնելու համար: Սա նշանակում է, որ տեղերում իշխանություն չունեն, այլ այն կենտրոնացած է միայն Երևանի կենտրոնի պաշտոնական մի քանի շենքերում:  

Քարոզչական, տեղեկատվական դաշտում իշխող ուժը ամեն անգամ ստանում է գերարագ, գերկազմակերպված հարվածներ ժամացույցի պես աշխատող թիմից՝ չունենալով համարժեք հակադարձի ոչ կարողություն, ոչ էլ առանձնապես ցանկություն և գիտակցություն:

Մի քանի խոսք էլ ժողովրդական աջակցության մասին:

Մի կողմից այն պատկերացումը, թե ներկայիս կառավարության ժողովորդական աջակցությունն ինքնաբերաբար, այսպես ասած բնական ընթացքով նվազելու է, զուտ դասագրքային քաղաքագիտության դատարկ շաբլոններից է: Ժողովորդական աջակցությունը մնալու է համեմատաբար կայուն այնքան ժամանակ, քանի դեռ ներկա իշխող թիմը՝ անկախ իր ճիշտ ու սխալից չի կապվելու զանգվածային գիտակցության մեջ այսպես ասած՝ «թալանի» հետ: Եթե այդ ընկալումը կոտրվի, ապա աջակցությունը կմարի ոչ աստիճանաբար, այլ միանգամից և ի սպառ: Զանգվածային գիտակցությունը գործ չունի էլիտար քաղաքականության կատեգորիաների հետ՝ ռեյտինգ, բազմակուսակցականություն և այլն, այլ գործում է ավելի բևեռացված, կտրուկ տրամաբանությամբ:

Բայց կա խնդրի մյուս կողմը: Ինքնին ժողովրդական աջակցությունը կրավորական գործոն է: Այն դառնում է վճռորոշ և ներգործուն, երբ ժողովուրդը զանգվածաբար  դուրս է գալիս փողոցներ, բայց երբ մարդիկ վերադառնում են իրենց առօրյային, ժողովրդական աջակցությունը քաղաքական գործընթացի ֆոն է միայն՝ կարևոր, բայց ոչ վճռորոշ:

Ժողովորդական աջակցությունը կարող է դառնալ ներգործուն ուժ հրապարակային զանգվածային շարժումներից դուրս, միայն, եթե այն դառնա կազմակերպված ուժ: Չկազմակերպված ժողովուրդը, չնայած քանակական առավելությանը, պարտվում է կազմակերպված վերնախավային փոքրամասնություններին՝ բուն հեղափոխական՝ զանգվածային հրապարակային իրավիճակներից  դուրս:

Ժողովորդական կազմակերպման մասին պետք էր մտածել դեռևս հեղափոխությունից անմիջապես անց: Հարյուր հազարավոր մարդկանցից, որոնք մասնակցել էին զանգվածային գործողություններին, հազարավորները կամ թեկուզ հարյուրավորները տարբեր ձևաչափերով կարող էին ընդգրկվել և կազմել ժողովորդական շարժման բջիջներ, որոնք հիմք կդառնային նաև նոր ակտիվ մարդկանց ներգրավմանը քաղաքական և հանրային կյանք: Թեև ուշացած, բայց այսօր էլ դա հրատապ քայլ է: Կազմակերպված ժողովորդական շարժումը կարող էր նաև հիմք դառնալ իշխող կուսակցության հզորացման և թարմացման, այդ թվում նախևառաջ մարզային մակարդակում: Նույն շարժումը կարող էր և պետք է հիմք դառնար քաղաքական դաշտի վերանորոգման: Ավելին՝ առողջ և կազմակերպված ժողովրդական հիմքի վրա միայն կարող էր և կարող է ձևավորվել նաև իշխող թիմի քաղաքական գաղափարախոսությունն ու ստրատեգիան, որքան էլ սա տարօրինակ հնչի առաջին հայացքից: Նույն հիմքը պետք է թույլ տա իշխող թիմին ավելի ազատ և համարձակ գործելու արտաքին ազդեցությունների դեմ, այլև՝ կախման մեջ չընկնել արտաքին շահեր ներկայացնող տեղական ուժերից, որոնք ներկայացված են թե՛ իշխող թիմի ընդդիմության, թե՛ հեղափոխության կողմնակիցների մեջ, և որոնք ունեն թե՛ իրենց հստակ գաղափարական ուղեգիծը, թե՛ քաղաքական նպատակները՝ ընդհուպ մինչև ամբողջական իշխանություն վերցնելը:

Ժողովրդական կազմակերպումը միայն մեկն է խնդրի լուծումներից: Մյուսներից միայն անվանապես հիշատակենք՝ նոր քաղաքական դաշտի կառուցումը, գաղափարական հիմքի ձևակերպումը, նոր ԶԼՄ դաշտի ձևավորումը և բազմաթիվ այլ ռազմավարական քայլեր, որոնց մասին, թերևս դեռ առիթներ կունենանք խոսելու: Կարևոր է հասկանալ միայն, որ խնդիրները, առավել ևս սուր հակասություններն իրենք իրենցով չեն լուծվում երբեք, ֆորմալ մեխանիզմներով չեն ինքնակարգավորվում, այլ միմիայն կազմակերպված և մտածված ջանքով, իրավիճակի ճշգրիտ գնահատմամբ և ստեղծագործ քաղաքականությամբ:

Հրանտ Տեր-Աբրահամյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին