Գլխավոր » Իտալիա-Հայաստան խաղը վանեցյանական էպոխայի տապալումն էր
Սպորտ

Իտալիա-Հայաստան խաղը վանեցյանական էպոխայի տապալումն էր

հետևեք մեզ նաև Telegram-ում

Օրերս Հայաստանի հավաքականը 1-9 հաշվով պարտվեց Իտալիայի հավաքականին։ Այդ արդյունքը մեր հավաքականի պատմության ամենախոշոր հաշվով պարտությունն էր։ Նախկինում գրանցված առավել խոշոր հաշվով պարտությունները եղել են հեռավոր 1997-ին՝ 0-7 հաշվով՝ Չիլիից և Վրաստանից:

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը Իտալիայի դեմ խաղից հետո հայտարարել է․ «Եթե ղեկավարությունը որոշի, որ այս ամենի մեղքն իմն է, ես պատրաստ եմ վաղը վերջացնել ամեն ինչ։ Եթե ղեկավարությունը որոշի, որ ես պետք է շարունակեմ աշխատանքները, ապա ես ամբողջովին պետք է փոխեմ ամեն բան, որովհետև ըստ իս՝ ոչ մի բան չի համապատասխանում հավաքականին, անգամ մտածելակերպը»,-ասել է Խաշմանյանը։

Իսկ Խաշմանյանն ստանձնել էր գլխավոր մարզչի պարտավորությունները մոտ տաս օր առաջ՝ նոյեմբերի 6-ին: Հիմա թե որքանով է պարտության պատասխանատվությունն ընկնում նոր մարզչի վրա, թող որոշեն սպորտային մեկնաբանները, բայց մի բան հստակ է, որ պատասխանատվության մի մեծ բաժին էլ, գուցե ավելի մեծ, քան կարող է ունենալ գլխավոր մարզիչը, ընկնում է Ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի ղեկավարության վրա: Չէ՞ որ ֆուտբոլը թիմային մարզաձև է, հարուստ մարզաձև ու թիմերի մրցունակությունը, հաղթանակներն ու պարտությունները չեն հասունանում մի քանի օրում: ֆուտբոլային հաղթանակները ամիսների ու տարիների ձեռքբերում են լինում: Նույնը և պարտությունները:

Արթուր Վանեցյանը ֆուտբոլի ֆեդերացիան գլխավորում է 2018 թվականի սեպտեմբերից: Ըստ էության, 1-9 խաղը վանեցյանական էպոխայի տապալումն էր, որը թեև ընդգրկում է կարճ ժամանակահատված՝ շուրջ մեկ տարի, բայց իր նկրտումներով ու ակնկալիքներով ամփոփ փուլ է ներկայացնում: Հայաստանի հավաքականը ձեռքից բաց թողեց Եվրոպայի առաջնության խմբային փուլ դուրս գալու հնարավորությունը, ինչին բավականաչափ մոտ էր, իսկ Իտալիա-Հայաստան խաղով սահմանեց հակառեկորդ:

Ինչպես է արձագանքելու այս տապալմանը Արթուր վանեցյանը, դեռ պարզ չէ, բայց այն, որ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պարտականությունները կատարում է ոչ ավելի լավ քան ԱԱԾ տնօրենի պարտականություններն էր կատարում, դա փաստ է՝ հակառակ հայկական ֆուտբոլով զբաղվելու մասին Վանեցյանին ուղղված վարչապետի հորդորին:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին