-2 C
Yerevan
22 Հունվարի, 2020
Գլխավոր » «Իրականացրու Երազանք» ՀԿ -ն համախոհների հետ սահմանամերձ գոտում բնակվող անապահով ընտանիքների երեխաների համար հագուստի հավաքագրման նախաձեռնություն է սկսել
Գլխավոր Նորություններ

«Իրականացրու Երազանք» ՀԿ -ն համախոհների հետ սահմանամերձ գոտում բնակվող անապահով ընտանիքների երեխաների համար հագուստի հավաքագրման նախաձեռնություն է սկսել

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մի քանի օր առաջ «ֆեյսբուք» սոցիալական կայքում բացվել է «Հագուստ՝ Երեխաների Համար» էջը։ Այս նախաձեռնութան հեղինակն է  «Իրականացրու Երազանք» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը, որին միացել են իր համախոհ ընկերները՝ «Woomler Engineering» ընկերության փոխտնօրեն Արմեն Ասլյանը և «Միսս Հայաստան 2019» Լիանա Ոսկերչյանը։ Նախաձեռնության մանրամասների վերաբերյալ NewArmenia.am-ը զրուցել է Արմեն Ասլյանի հետ։

-Պարոն Ասլյան, ի՞նչ է  նախատեսված այս նախաձեռնությամբ, կներկայացնե՞ք մանրամասներ։

-Այս նախաձեռնությամբ մենք հավաքագրում ենք հագուստ՝ սահմանամերձ գյուղերի երեխաների համար։ Տրամադրված հագուստը կարող է լինել և՛ օգտագործված, և՛ նոր։ Օգտագործված հագուստ տրամադրելու դեպքում ներողամտաբար խնդրում ենք դրանք տրամադրել մաքուր և խնամված վիճակում, իսկ կոշիկները՝ միայն նոր։

-Ֆեյսբուքյան էջը, որը բացել եք, արդեն կա՞ն արձագանքողներ և ինչպիսի՞ն են այդ արձագանքները։

-Եթե անկեղծ` արձագանքերը սպասվածից էլ շատ են, մարդիկ անդադար գրում ու զանգում են, հետաքրքրվում ժամկետների վերաբերյալ, որ նվիրատվությունները փոխանցեն: Կան մարդիկ, ովքեր բացի հագուստից ցանկանում են նաև խաղալիքներ կամ որևէ այլ տեսակի նվիրատվություններ անել սահմանամերձ շրջաններում բնակվող երեխաներին: Ուրախ եմ, որ մեր նախաձեռնություններն օր օրի ավելի լայն արձագանք են գտնում մեր հասարակության շրջանում: Իրականում, բարի գործերին  մասնակից դառնալու ցանկացողները շատ են, բայց մարդիկ չգիտեն՝ ում դիմել կամ վստահ չեն, որ նվիրատվությունները կհասնեն հասցեատերերին, այդ պատճառով մենք նրանց առաջարկում ենք միանալ մեզ և անձամբ մասնակցել ծրագրին: Նման մարդկանց պետք է միայն համախմբել գաղափարների շուրջ` վերացնելով բոլոր կասկածները:

-Արդեն կոնկրետ ընտրված համայքնենր կա՞ն, որտեղ բնակիչներն ըստ Ձեզ ամենաշատը նման օգնության կարիք ունեն:

-Դեռ համայնքների ու գյուղերի հերթականությունը չենք որոշել, բայց հավաքագրված հագուստը տեսակավորվելուց հետո տրամադրվելու է հիմնականում սահմանամերձ գոտում բնակվող երեխաներին, հակապես՝ անապահով ընտանիքներում մեծացող երեխաներին, քանի որ Երևանում կամ երևանամերձ հատվածում մարդկանց համար դժվարություն չի առաջանում որևէ մեկին որևէ բան փոխանցելը, իսկ սահմանամերձ հատված հասնելը, հատկապես աշխատող և մեքենա չունեցողների համար, մեղմ ասած, այդքան էլ իրատեսական չէ: Մենք փորձում ենք հենց այդ բացը լրացնել և ողջ կազմակերպչական մասը վերցնում ենք մեր վրա:

-Ձեր առաջին նախաձեռնությունը՝ «Երազանքի լույսերը», որն իրականացրեցիք Արյունաբանական կենտրոնի մոտ՝ հիվանդ երեխաների համար,  հաջողվե՞ց, արդյո՞ք դա առիթ հանդիսացավ շարունակել բարի գործերը։

-Այո, Արյունաբանականի մոտ անցկացված միջոցառումը բավականին բազմամարդ էր: Շատ կարճ ժամանակահատվածում շատերը միացան ակցիային: Մարդիկ եկել էին լապտերներով լուսավորելու, բայց իրականում իրենք էին այդ լույսերը: Նախաձեռնողը «Իրականացրու երազանք» ՀԿ  նախագահ Էդգար Խաչատրյանն էր, ով վարակեց իր գաղափարով, ում միացանք նաև մենք`  «Հայրենիքի դարպասներ» ՀԿ-ն, «Միսս Հայաստան 2019» Լիանա Ոսկերչյանը, բժիշկներ Ներսես Բերբերյանը ու Արսեն Դաբաղյանը, ես ու բազմաթիվ այլ անհատներ, որոնց բոլորի անունները չեմ կարող թվարկել:

-Ձեր այս նախաձեռնությունները շարունակական կլինե՞ն։

-Այո, դրանք կլինեն շարունակական։ Օրերս կմեկնարկի մեկ այլ լավ նախաձեռնություն, բայց այս պահին դրա մանրամասներին չեմ անդրադառնա։ Բացի դա՝ ցանկություն ունենք նաև մյուս տարի  իրականացնել «Երազանքի լույսեր փոքրիկների համար» ակցիան: Իրականում դեռ շատ անելիքներ կան, որ ծրագրել ենք միասին իրականացնել: Թեև բոլորս էլ ծանրաբեռնված ենք մեր առօրյա աշխատանքով և հոգսերով, բայց բարի գործ անելու համար միշտ էլ ժամանակ գտնում ենք, քանի որ դրանից թե՛ այդ երեխաներն են դրական լիցքեր ստանում ու հասկանում, որ մենակ չեն,  և թե՛՝ մենք:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին