-3 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115612.8 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » Իրանի հյուսիսի կապն Ադրբեջանի հետ թույլ չտալը Իրանի ազգային անվտանգության խնդիրներից մեկն է․ Աննա Գևորգյան
#ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ

Իրանի հյուսիսի կապն Ադրբեջանի հետ թույլ չտալը Իրանի ազգային անվտանգության խնդիրներից մեկն է․ Աննա Գևորգյան

NewArmenia.am-ը զրուցել է իրանագետ Աննա Գևորգյանի հետ:

— Տիկի՛ն Գևորգյան, ըստ տարբեր տեղեկությունների, արցախյան պատերազմի օրերին Ադրբեջանի կողմից մոտ 70 արկ է ընկել Իրանի սահման։ Հիմա Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարը զգուշացրել է, որ սահմաններին ցանկացած վտանգ և սպառնալիք, որը խախտում է Իրանի ժողովրդի անդորրը, կհանդիպի պատասխան միջոցառումների։ Ի՞նչ եք կարծում` հայտարարությունները գործնական քայլերի կվերածվեն։

— Իրանական կողմում հայտնված ԱԹՍ-ները, արկերն Ադրբեջանի կողմից են, իսկ այս մասին գիտի նաև Իրանը, ունի իր տվյալները, ավելին՝ կոնկրետ Ադրբեջանի հետ քննարկում եղավ ու պահանջեցին, որ այլևս նման բան չլինի։ Ինչ վերաբերում է ներկայումս Իրանի հյուսիս-արևմտյան սահմանների ուժեղացմանը, ապա հիշեցնեմ, որ այս օրերը համընկնում են Իրանում զորավարժությունների հետ, սահմանին տեղակայվեց հիմնականում հակաօդային պաշտպանության միջոցներ, ինչպես նաև զենքի վաճառքի էմբարգոն հանվեց, այսինքն՝ մի քանի գործոններ խառնվեցին իրար։ Ստացվում է, որ մի կողմից կար սահմանների անվտանգության հարց, մյուս կողմից էլ այդ համակարգերը ցուցադրելու ու փորձարկելու խնդիր կար, քանի որ Իրանը պատրաստվում է իր արտադրությունը զենքի շուկա հանել։ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատարի վերջին հայտարարությունը, եթե հաշվի առենք նաև իրանական դաշտում առկա լուրերն ու վերլուծություններն, ապա ավելի շատ ուղղված են այն ուժերին, որոնք վերջին օրերին ավելի շատ խոսում են արտատարածաշրջանային ուժերի մասնակցության մասին, այսինքն՝ հատկապես Թուրքիայի մասին։ Պատահական չէ, որ իրանական կողմը խոսել էր նաև այս մասին, որ աշխարհաքաղաքական որևէ փոփոխություններ իր սահմանների մոտ Իրանը թույլ չի տալու։

— Իրանը պաշտոնապես չեզոք դիրքորոշում ունի, սակայն գործնականում հակահայ քայլեր չի անում։ Կարո՞ղ ենք այս պատերազմում Իրանին բարեկամ պետություն դիտարկել։

— Պաշտոնական դիրքորոշումն ու իր ազգային անվտանգության շահերից բխող դիրքորոշումը, եթե դիտարկում ենք, ապա, միանշանակ, բարեկամ է։ Միևնույն ժամանակ պետք է հաշվի առնենք Իրանի հյուսիսային նահանգներում ազերիախոս բնակչութան հանգամանքը, ինչպես նաև այն, որ վերջին օրերին այդ բնակչության ներսում գործողություններ կան՝ ցույցեր, որտեղ հնչեցին ոչ միայն հակահայկական, այլև հակաիրանական լոզունգներ, քանի որ նաև պահանջում էին կոնկրետ դիրքորոշում հայտնել, վերջ տալ չեզոքությանն ու պաշտպանել Ադրբեջանին, փակել ՀՀ-ի հետ սահմանը և այլն։ Այսինքն՝ Իրանի ներքաղաքական իրավիճակն էլ որոշակի խնդիրներ է հարուցում։ Հետևաբար, եթե, անգամ, Իրանում ստեղծվի անհրաժեշտություն սահմանին տեղակայած զորքը կիրառելու, չեմ կարծում, թե դրա մասին պաշտոնապես կհայտարարվի, որովհետև դա կնշանակի, որ երկրի ներսում հակաիշխանական ճակատ է բացվում։

— Ադրբեջանում ԻԻՀ դեսպանը շնորհավորեց Ադրբեջանին այն հայտարարությունից հետո, երբ ադրբեջանական կողմը հայտարարեց, թե այլևս գոյություն չունի Արցախ-Իրան սահման, քանի որ տարածքներն անցել են ադրբեջանական վերահսկողության ներքո։ Սա ինչի՞ մասին է խոսում։

— Հայաստանում Իրանի դեսպանը խոսել է այն մասին, որ  դա ապատեղալատվություն է ու չի համապատասխանում իրականությանը։ Սակայն այս առնչությամբ ասեմ, որ որպես կանոն Ադրբեջանում Իրանի դեսպաններն անում են նման հայտարարություններ ու խոսքը միայն սահմանների մասին չէ։ Նրանք նախկինում միշտ խոսել են այն մասին, որ իրենք պաշտպանում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որը Ղարաբաղը եղել ու միշտ պետք է մնա Ադրբեջանի կազմում և այլն, այսինքն՝ Ադրբեջանում Իրանի դեսպանների կողմից միշտ եղել է պրոադրբեջանական հայտարարություններ։ Սրան զուգահեռ, երբ միշտ հայկական կողմը դիմել է Իրանին, որպեսզի պաշտոնական պարզաբանում ստանան, մեզ ասել են, որ դա զուտ դեսպանի անձնական կարծիքն է, և չի համապատասխանում ԻԻՀ պաշտոնական դիրքորոշմանը։ Մի տեսակ արդեն ձևավորված ավանդույթ է դարձել նման հայտարարությունները, ասես,  Ադրբեջանում Իրանի դեսպանները գերի կարգավիճակում լինեն։ Կցանկանայի, որ մենք շատ կարևորություն չտանք Ադրբեջանում Իրանի դեսպանի ասածներին, քանի որ վերջին 3 տասնամյակում այդ հայտարարություններն իրենց գծից չեն շեղվել՝ միշտ պրոադրբեջանակն են եղել։

— Ադրբեջանը տարածքային նկրտումներ ունի նաև Իրանի նկատմամբ, քանի որ հարավային Ադրբեջանն Իրանի հյուսիսային նահագները իրենն է համարում, մյուս կողմից էլ, եթե Արցախի անկախությունը ճանաչվի, Իրանի ներսում էլ կարող են նման խմորումներ լինել։ Ի վերջո, Իրանին ո՞ր սցենարն է ավելի շահեկան։

— Այո, Ադբեջանն Իրանի հյուսիսային հատվածը համարում է իրենը։ Իրանի ազգային անվտանգության խնդիրներից մեկն է, որ թուլ չտա Իրանի հյուսիսի կապն Ադրբեջանի հետ, որից հետո այդ կապը կշարունակվի Նախիջան։ Այն բոլոր զինատեսակները, որոնք կիրառվում են՝ իսրայելական հետախուզական ԱԹՍ-ներից սկսած վերջացրած հարձակվողական զենքերով, Իրանի որոշ շրջանակների կողմից  քննարկման առարկա են դարձել, որոնց հիմքում այն գաղափարն է, որ այս տարածաշրջանում բախում հրահրելը հեռահար նպատակ ունի՝ Իրանին ներքաշել տարածաշրջանային պատերազմի մեջ, որը թույլ կտա իրագործել այն ծրագրերը, որոնք ունեն ԱՄՆ-ն ու Իսարայելը։ Չպետք է մոռանանք, որ ԱՄՆ ներկայիս վարչակարգը բացահայտորեն խոսել է այն մասին, որ  նպատակ ունի Իրանի վարչակազմի փոփոխության։ Գիտենք նաև, որ Իսրայելի ու Իրանի հարաբերությունների բացակայությունը տարածաշրջանի տարբեր կետերում հիբրիդային պրոքսի ուժերի կողմից պատերազմների հրահրմամբ է դրսևորվում։ Անկախ նրանից, թե Իրանը Արցախի անկախացման հետ կապված ինչ դիրքորոշում ունի, միևնույն է, տարածաշրջանում ստատուս քվոի փոփոխությունն Իրանի շահերից չի բխում։ Եթե սթափ նայենք իրավիճակին, ապա պետք է դիտարկենք ոչ միայն այն, թե  ինչ են անում երկները, այլն այն, թե ինչ չեն անում։ Այն բոլոր գործողությունների բացակայությունը, որ Իրանը որպես իսլամական երկիր, շիա մուսուլմաններով բնակեցված երկիր կարող էր անել այս իրավիճակում, բայց չի անում, արդեն իսկ խոսում է այն մասին, որ Իրանի տեսնում է նաև իր ազգային անվտանգության սպառնալիքներ։

— Հարցեր են առաջանում նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությունից հետո, թե Իրանից զենք է գնել։ Ի վեջո, զենք է գնել, երբ էմբարգոն հանվե՞ց,  այսինքն՝  Արցախում պատերազմի օրերին, թե՞ նախկինում։

— Ալիևը, հավանաբար իր ցայտնոտային իրավիճակով պայմանավորված, իր հարցազրույցներում մի շարք դատողություններ ու  պնդումներ է արել, որոնք միջազգային հանրության համար հետազոտության ու քննարկման լուրջ առիթ պետք է դառնան, որովհետև շատ քիչ ժամանակ  էր ացնել, որ էմբարգոն հանվել էր ու հավանականությունը, որ նկատի ուներ հոկտեմբերի 18-ից հետո, շատ քիչ է։ Սա նշանակում է, որ Ադրբեջանը զենք է առել մի ժամանակաշրջանում, երբ դրա իրավունքը չուներ, հետևաբար, պետք է սանկցիաներ լինեն։ Եթե էմբարգոն հանելուց հետո է, ապա որոշակի խնդիրներ է հարուցում, քանի որ գնվել է մի ժամանակաշրջանում, երբ հաստատվել  էր 2 հրադադար ու տարբեր կողմերից կրակը դադարեցնելու հորդորներ էին հնչում։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Իրանի Սահմանադրությունը պահանջում է օգնել մուսուլմաններին, իսկ հոգևոր առաջնորդի արձագանքը մաքսիմալ չեզոք էր․ իրանագետ

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին