20 C
Yerevan
26 Մայիսի, 2020
68993.6 By Google Analytics 26.05.2020
Գլխավոր » Լիբիայում Անկարան և Մոսկվան աջակցում են հակամարտության տարբեր կողմերին․ Լիբիայում Թուրքիայի ակտիվ ներգրավվածության հետքերով
Գլխավոր Նորություններ

Լիբիայում Անկարան և Մոսկվան աջակցում են հակամարտության տարբեր կողմերին․ Լիբիայում Թուրքիայի ակտիվ ներգրավվածության հետքերով

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մերձավոր Արևելքում Թուրքիայի ռազմական ակտիվությունը պայմանավորված է առաջին հերթին սիրիական գործընթացներով, որոնց հետևանքով թուրքական զինուժը 2016 թ. սկսած մի քանի փուլերով ռազմական ներխուժում իրականացրեց  Սիրիայում՝ վերահսկելով որոշ տարածքներ երկրի հյուսիսում: Դա պայմանավորված էր առաջին հերթին Սիրիայի հյուսիսային որոշ հատվածներում քրդերի ակտիվությամբ, որն Անկարան դիտարկում էր որպես սպառնալիք ուղղված Թուրքիայի անվտանգությանը:

2019 թ. ընթացքում և 2020 թ. սկզբում Թուրքիան ռազմական ակտիվություն սկսեց դրսևորել Մերձավոր Արևելքից դուրս, Հյուսիսային Աֆրիկայում՝ մասնավորապես Լիբիայում:

Ըստ նախագահ Էրդողանի՝ Լիբիայում Թուրքիայի ներգրավվածության հիմնական պատճառը Լիբիայի օրինական ընտրված կառավարության պաշտպանությունն է վերջինիս հետ հակամարտության մեջ գտնվող գեներալ Հաֆթարի զինուժից: Թուրքիայի այդ ծրագրի իրականացման հիմքերը դրվեցին անցած տարվա նոյեմբերին Լիբիայի ազգային համաձայնության կառավարության ղեկավարի՝ ալ-Սարաջի հետ կնքված ռազմական համագործակցության պայմանագրով:

Թուրքիան փորձում է ապահովել սեփական ռազմական ներկայությունը Լիբիայում: Որոնք ե՞ն պատճառները՝

  • Ներկայում նախագահ Էրդողանի հեղինակությունը Թուրքիայում անկում է ապրում, որի պատճառը երկրում առկա տնտեսական և ֆինանսական խնդիրներն են: Այդ իրողությունը  խարխլեց բնակչության շրջանում Էրդողանի վստահությունն ու աջակցությունը: Դրա ցուցիչը 2019 թ. մարտին կայացած ՏԻՄ ընտրություններն էին, երբ Թուրքիայի մի շարք բնակավայրերում ներկայիս իշխանությունները պարտություն կրեցին: Հետևաբար Թուրքիայի ակտիվությունը Հյուսիսային Աֆրիկայում իշխանությունների կողմից ներկայացվում է որպես Թուրքիայի հզորության և վճռականության ապացույց՝ թիրախում ունենալով   բնակչության կրոնական և պահպանողական շրջանակներին: Անշուշտ, Էրդողանը խաղում է թուրքական հասարակության լայն զանգվածների զգացմունքների վրա, երբ թուրքական զինուժի ներգրավվածությունը Լիբիայում արդարացնելու նպատակով զուգահեռներ է անցկացնում՝ հիշատակելով այն հանգամանքը, որ  Քեմալ Աթաթուրքը (Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը) Օսմանյան կայսության վերջին տարիներին, նույնպես կռվել էր Լիբիայում: Այն փաստը, որ Սիրիայի հյուսիսում և Լիբիայում ռազմական գործողություններ են տեղի ունենում նախկին Օսմանյան կայսրության տարածքներում և այդ ռազմական գործողություններում ներգրավված է թուրքական բանակը, արթնացնում է թուրքական հասարակական տարբեր շերտերում և Էրդողանի որոշ համախոհների մոտ անցյալի վեհության հիշողություններ:
  • 2018 թ. ամռանից Թուրքիայիում տեսանելի են տնտեսական ցուցանիշների անկման միտումներ, և Անկարան իր ռազմական ներգրավվածությամբ հետապնդում է որոշ տնտեսական շահեր Լիբիայում ևս: Անցած տարվա նոյեմբերին Թուրքիայի և Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջև կնքված ռազմական համաձայնագիրը, ավելին է, քան պարզապես ռազմական համագործակցությունը: Հիշյալ փաստաթղթով Անկարան համաձայնեցրել է  Տրիպոլիի հետ միջազգային ծովային սահմանների հարցը:  Դա հնարավորություն է տալիս Թուրքիային մոտ գտնվել Կիպրոսի հարավային ափերի մոտ հայտնաբերված գազի մեծ պաշարներին և միջերկրածովյան ավազանը որպես տարանցիկ ուղի նախատեսող մի շարք նախագծերին: Բացի դա, Թուրքիայի տնտեսական շահերից է բխում նաև էներգակիրներով հարուստ Լիբիայում գտնվելը, որը թույլ կտա ներգրավվել Լիբիայի էներգառեսուրսներին առնչվող տարբեր ծրագրերին:

Լիբիայում թուրքական իշխանությունների բավական հավակնոտ նկրտումները բախվելու են նաև որոշակի խնդիրների հետ: Դրանցից մեկը Ռուսաստանի կողմից աջակցություն ստացող գեներալ Հաֆթարն է: Ըստ էության Լիբիայում Անկարան և Մոսկվան աջակցում են հակամարտության տարբեր կողմերին, սակայն սիրիական պատերազմը ցույց տվեց, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև առկա նման բնույթի հակասությունները շատ արագ հարթվում են, և կողմերը գտնում են համագործակցության եզրեր: Այնուամենայնիվ, խնդիրը դեռևս ակտուալ է Թուրքիայի համար, քանզի Հաֆթարին աջակցում են ոչ միայն ռուսները, այլ նաև մի շարք տարածաշրջանային և եվրոպական ուժային կենտրոններ, և Անկարան իր լիբիական քաղաքականությունը կարող է կյանքի կոչել միայն այդ կենտրոնների հետ համաձայնության և լիբիական ճգնաժամին առնչվող համատեղ քայլերի որոշման միջոցով:

Նմանատիպ Հոդվածներ

Մինչև մայիսի 10-ը Մոսկվայից դեպի Հայաստան չվերթ չի նախատեսվում. դեսպանատուն

Աշխեն

Պեսկովը հերքել է Միշուստինի հեռանալու մասին տեղեկությունը

Diana Amirkhanyan

Մոսկվայից դեպի Երևան պլանավորված թռիչքները չեղարկվել են

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին