1 C
Yerevan
30 Նոյեմբերի, 2020
116832 By Google Analytics 29.11.2020
Գլխավոր » ԼՂՀ բանակցային ամբողջ գործընթացի համառոտ տարեգրություն
Այլ Լուրեր

ԼՂՀ բանակցային ամբողջ գործընթացի համառոտ տարեգրություն

Արցախում 1 ամիս է պատերազմ է՝ հայկական կողմն այս պահին դեռևս տարածքային կորուստներ ունի։ Բանակցությունները բացակայում են, հակառակորդը 3 անգամ խախտել է հումանիտար հրադադարի պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ։

NewArmenia.am-ն ներկայացնում է շուրջ 28 տարի տևած ԼՂՀ հակամարտության կարգավորման բանակցային տարբեր փուլերն ու բանակցված փաստաթղթներ, որոնց լավ կամ վատ լինելու մասին քննարկումներն արդեն իսկ արդիական չեն, քանի որ որևէ մեկը հաջողությամբ չի պսակվել։

Հիմնական բանակցությունները եղել են  ՀՀ երեք նախագահների՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք։ Ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանն իշխանության եկավ 2018 թ․-ին:

Սկսենք սկզբից։ 1988-ին Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղը ցանկանում էր միանալ Խորհրդային Հայաստանին, բայց իրադարձություններն այլ հունով զարգացան։ Քանի որ Հայաստանը և Ադրբեջանը Խորհրդային Միության կազմում էին Լեռնային Ղարաբաղը 1988 թ․-ի փետրվարին ժողովրդական պատգամավորների մարզային խորհուրդը դիմումով ներկայացավ Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ-ների գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ի Հայաստանի կազմում ընդգրկվելու համար: Դիմումը մերժվեց ու մեկնարկվեց Արցախի ազատագրական շարժումը։ Արդեն 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակագրի համաձայն անկախացավ: Ավելի ուշ սկսվեց Արցախյան առաջին պատերազմը և միայն 1994 թ․-ի մայիսի 12-ին ուժի մեջ մտավ կրակի դադարեցման մասին համաձայնագիրը, որը ՌԴ միջնորդությամբ կնքվել է Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի և Հայաստանի միջև։

1992 թ․-ից սկսեց արցախյան հակամարտության միջազգայանացման գործընթացը՝ 1992-ի մարտի 24-ին ԵԱՀԿ-ն ընդունեց փաստաթուղթ, որով ամրագրվեց, որ ՀՀ-ն, Արցախի ընտրված ներկայացուցիչն ու Ադրբեջանը մասակցում են հակամարտության կարգավորման բանակցություններին։ 1992 թ. մարտի 24-ին ԵԱՀԽ Ավագ Պպաշտոնյաների Կոմիտեի առաջարկությամբ Հելսինկիում տեղի ունեցած ԵԱՀԽ խորհրդի արտաքին գործերի նախարարների մակարդակով առաջին լրացուցիչ հանդիպման ժամանակ որոշում ընդունվեց ԵԱՀԽ հովանու ներքո Մինսկում հրավիրել խորհրդաժողով՝ 11 պետությունների (Ադրբեջան, Հայաստան, Բելառուս, Գերմանիա, Իտալիա, Ռուսաստան, ԱՄՆ, Թուրքիա, Ֆրանսիա, Չեխոսլովակիա, Շվեդիա), ինչպես նաև «որպես շահագրգիռ կողմեր Լեռնային Ղարաբաղի ընտրված և այլ ներկայացուցիչների» մասնակցությամբ։ Հենց այդ ժամանակ էլ որոշում ընդունվեց տարածաշրջան ուղարկել ԵԱՀԽ գործող նախագահ, Չեխոսլովակիայի արտաքին գործերի նախարար Իրժի Դինստբիրին։ 1992 թ. ապրիլի 7-ին Ի.Դինստբիրը Մինսկի խորհրդաժողովի նախագահ նշանակեց իտալացի դիվանագետ Մարիո Ռաֆաելիին։

1992-1994թթ.  ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններն ընթանում էին պատերազմական գործողություններին զուգահեռ, իսկ բանակցություններ ասվածը հիմնկանակում ուղղված էին կրակի դադարեցմանը։ Այս ընթացքում խնդրահայույց է ԼՂՀ-ի մասնակցության ձևաչափը, քանի որ ԼՂՀ կողմ համարվում էր ԼՂ-ի հայկական ու ադրբեջանական համայնքների ներկայացուցիչները։ Որոշ ժամանակ անց պաշտոնական Երևանը հասավ նրա, որ բանակցություններում ներգրաված լինի հենց Ստեփանակերտը։ 1994 թ․-ի դեկտեմբերի 5-ին Բուդապեշտի գագաթնաժողովում ստեղծվեց Մինսկի խմբի և Մինսկի համաժողովի համանախագահության ինստիտուտը։ 1995 թ․- ի մարտի 31-ի ԵԱՀԿ ավագների խորհրդի փաստաթղթում առաջին անգամ ԼՂՀ-ն նշվել է որպես հակամարտության կողմ։ Ի սկզբանե ձևավորվել է հակամարտության կարգավորման 2 մոտեցում՝ փուլային և փաթեթային լուծում, սակայն բանակցությունները շոշափելի արդյունքների չեն հասնում։

1996 թ. հոկտեմբերի 29-ին ստորագրվում է Մոսկովյան հռչակագիրը: Լևոն Տեր-Պետրոսյանը պնդում է հետևյալ կետերի կատարման անհրաժեշտությունը՝ կրակի դադարեցում, բանակցային գործընթացի ինտենսիվացում, փոխզիջումային տարբերակ: Արդեն տարվա վերջին նախատեսվում է ԵԱՀԿ Լիսաբոնի գագաթնաժողովը, որը իր աշխատանքները սկսեց 1996-ի դեկտեմբերին 3-ին։ Լիսաբոնի գագաթաժողովը նպատակ ուներ բանակացություննեը հանել փակուղուց։ ԵԱՀԿ Մինսկի խումբը պաշտպանեց կազմակերպության գործող նախագահ, Շվեյցարիայի արտգործնախարար Ֆլավիո Կոտտի նախաձեռնությունը: Ընդունելով գագաթնաժողովի գործող նախագահի հայտարարությունը հակամարտության կարգավորման վերաբերյալ  վերահաստատվում էր ԱՀ տարածքային ամբողջականությունը և ԼՂՀ-ին վերջինիս սահմաններում, ինքնակառավարման ամենաբարձր մակարդակ էր շնորհվում։ ՀՀ-ն միակ երկիրն էր, որը դեմ քվեարկեց գործող նախագահի հայտարարությանը։ Այդ ժամանակ ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն օգտվեց վետոյի իրավունքից։ Լևոն Տեր- Պետրոսյանը հիմնավորեց, որ Ղարաբաղյան հիմնախնդիրը Ադրբեջանի կողմից առաջարկված սկզբունքների հիման վրա լուծելու դեպքում Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա կախված կլինի ցեղասպանության կամ բռնի տեղահանության մշտական սպառնալիքը՝ հիշեցնելով Սումգայիթի Կիրովաբադի և Բաքվի  ջարդերը։

1997-ի ամռանը և աշնանը Մինսկի խումբը հակամարտության երեք կողմերին գրավոր առաջարկներ ներկայացրեց։ Առաջինը փաթեթային էր՝ հիմնված էր Լիսաբոնյան սկզբունքների վրա, սակայն պաշտոնական Ստեփանակերտը մերժեց։ Երկրոդը փուլային էր, որով ԼՂ կարգավիճակի հարցը թողնում էր ապագային, իսկ առաջին փուլում վերացվում էին պատերազմի հետևանքները: Ընդ որում, փաստաթղթով նախատեսվում էր, որ փաստաթղթի ստորագրողները և ԼՂ կարգավիճակի վերաբերյալ բանակցող կողմերը լինելու էին Լեռնային Ղարաբաղը, Հայաստանն ու Ադրբեջանը, սակայն Ստեփանակերտը, չնայած այդ առավել քան բարենպաստ հանգամանքին, սա էլ մերժեց։

1998 թ․-ի նոյեմբերի 10-ին  Մինսկի խումբը նոր առաջարկներ ներկայացրեց, որը հայտնի  է «Ընդհանուր պետություն» անվամբ։ Համաձայն «Ընդհանուր պետության» առաջարկի՝ Լեռնային Ղարաբաղը հանրապետության ձևի պետական և տարածքային կազմավորում է և Ադրբեջանի հետ միասին կազմավորում է «Ընդհանուր պետություն»` նրա միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Ադրբեջանը և Ղարաբաղը ստորագրում են Համաձայնագիր տնօրինման առարկաների և պետական իշխանության համապատասխան մարմինների միջև իրավասությունների փոխադարձ տարանջատման մասին, որը սահմանադրական օրենքի ուժ պետք է ունենար:  Հայկական կողմն ընդունում է՝ Երևանը որոշ, Ստեփանակերտը` լուրջ վերապահումներով, ի վերջո, պաշտոնական Բաքուն մերժում է, քանի որ Ադրբեջանի համար անըդունելի է, որ իր կազմում ստեղծվում են երկու անկախ պետություններ, իսկ Բաքուն վերահսկողություն չի ունենում Ստեփանակերտի վրա:

Այս գործընթացից հետո արդեն 1999 թ․-ից սկսվեց Քոչարյան-Ալիև երկկողմ բանակցություններ՝ առաջին հանդիպումը կայացավ Վաշինգտոնում։ Երկկողմ հանդիպումները շարունակվեցին՝ Քոչարյանը և Ալիևը հանդիպումներ էին ունեցել 2000թ.-ի հունիսին Մոսկվայում, օգոստոսին՝ Յալթայում, սեպտեմբերին` Նյու Յորքում և նոյեմբերին` Մինսկում: Արդեն 2001 թ․-ի գարնանը ոչ պաշտոնապես ստեղծվեց  հետագայում «Քիվեսթյան» անունը կրող փաստաթուղթ։ Այս փաստաթուղթը պաշտոնապես հրապարակված չէ, միայն հայտնի է, որ հիմնված էր տարածքների փոխանակման փիլիսոփայության վրա, այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը Լաչինի միջանցքով միացվում էր Հայաստանին, իսկ Ադրբեջանը ստանում էր Նախիջևանի հետ ցամաքային կապի հնարավորություն։ Այս անգամ էլ մերժումը Բաքվին էր։

2004-ից սկսած բանակցային գործըթացն հայտնի է Պրահայի գործընթաց անվամբ։ Դրա գագաթնակետը դարձավ 2007-ի նոյեմբերի 29-ին կողմերին միջնորդների կողմից ներկայացված Հակամարտության խաղաղ կարգավորման սկզբունքները (կարճ՝ Մադրիդյան սկզբունքներ), որը, կարելի է ասել, եղավ վերջին պաշտոնապես ներկայացված փաստաթուղթը։ Հայտարարվեց, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնության են եկել, որ տարածաշրջանի կայունությունը, անվտանգությունն ու բարգավաճումը պահանջում է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորում, սակայն այս փաստաթուղթը միակն է, որտեղ չկա ԼՂՀ ստորագրությունը։ Մադրիդյան սկզբունքները՝ 14 կետանոց շրջանակային մի փաստաթուղթ, որը  հիմնված էր հետաձգված հանրաքվեի փիլիսոփայության վրա:  Հայաստանում 2008թ․-ին տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո նոր իշխանությունը որպես  բանակցությունների հիմք  ընդունեց փաստաթուղթը ու շարունակեց հենց Մադրիդյան սկզբունքների հիմքով։

2011 թ․-ից շրջանառության մեջ էր Մադրիդյանի ձևափոխված տարբերակը, որը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին ներկայացվեց Կազանում: Փաստաթղթի պաշտոնական տարբերակը բացակայում է, հրապարակված կա աշխատանքայինը։ Թեև միջազգային հանրության սպասելիքները բավականին բարձր էին, Ռուսաստանն էլ, ի դեմս նախագահ Ա.Մեդվեդևի, ստանձնել էր բոլորի կողմից ընդունված առաջնորդություն, 2011թ. հունիսին Կազանում կայացած հանդիպմանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվեց ստորագրել փաստաթուղթը։

Վերջերս տրված իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ  վերջին պահին Ալիևը գրպանից մի թուղթ հանեց ՝ տասնյակից ավելի էական փոփոխություններով և հայտարարեց, որ չի տալիս համաձայնություն Կազանյան սկզբունքներին։

2016 թ․-ին Ադրբեջանը խախտեց զինադադարը և հարձակվեց Լեռնային Ղարաբաղի վրա, որից հետո որևէ նոր փաստաթուղթ չի քննարկվել։ Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները ԱՄՆ-ի, ԵՄ-ի ու ՌԴ-ի միջնորդությամբ Վիեննայում ձեռք բերեցին կրակը դադարեցնելու, հետաքննության մեխանիզմներ ներդնելու և ԵԱՀԿ դիտորդական կազմն ընդլայնելու պայմանավորվածություն: Սակայն այդ պայմանավորվածությունները չդրվեցին թղթի վրա, չկար ստորագրված որևէ փաստաթուղթ, որը հնարավորություն կտար Հայաստանին պնդել Վիեննայում, ապա մեկ ամիս անց Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտության վրա ։

Այդ ընթացքում սկսեց շրջանառվել «Լավրովյան պլանը», որի որոշ դրույթներ բացահայտվեցին վերջերս։

2018 թ․-ին Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝  Արցախյան հակամարտության կարգավորման լուծումը պետք է ընդունելի լինի ՀՀ-ի, Արցախի ու Ադրբեջանի ժողովուրդների համար, սակայն բուն բանակցությունները բացակայում էին։ Չկար առարկայական քննարկում այն պատճառով, որ չկար համաձայնեցված մի շրջանակ/փաստաթուղթ, որի շուրջ տեղի կունենային բանակցություններ: Այս պայմաններում վարչապետ Փաշինյանը հայտարարում էր, որ կարող է դիմել Ադրբեջանի ժողովրդին։

Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները հանդիպել են 6 անգամ, որից միայն մեկն էր պաշտոնական։ Հանդիպումներ 

1․ 2018 թ․-ի Հունիսի 14-ին Մոսկվայում ՌԴ նապագահ Վլադիմիր Պուտինի Ֆուտբոլի առաջանության պաշտոնական բացմանը նրանց ծանոթացրեց,

2․ 2018 թ․-ի սեպտեմբերի 28-ին ԱՊՀ գագաթաժողովին երկու պետության առաջնորդները հանդիպեցին՝  որոշվեց օպրետիվ կապ հաստատել,

3․ 2018 թ․-ի դեկտեմբերի 7-ին Սակնտ Պետերբուրգում Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը զրուցել են ԱՊՀ երկրների առաջնորդների ոչ պաշտոնական  գագաթաժողովի շրջանակում,

4․ 2019 թ․-ին Դավոսում  տնտեսական համաժողվոի ժամանակ ոչ պաշտոնական հանդիպում  եղավ երկու երկրների առաջնորդի միջև, 5․ 2019 թ․-ի մարտի 29-ին Վիեննայում  Հայաստանի ու Ադրբեջանի առաջնորդները պաշտոնապես հանդիպեցին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ։ 2019 թ. դեկտեմբերին, կրկին Սանկտ-Պետերբուրգում, տեղի ունեցավ ոչ պաշտոնական զրույց Փաշինյանի և Ալիևի միջև: 

Բովանդակային բանակցությունների բացակայության պայմաններում Ադրբեջանը որոշեց խնդրիը լուծել ռազմական ճանապարհով՝ այս տարվա սեպտեմբերի 27-ին հարձակվեց Արցախի վրա։ Մինչ այս պահը Արցախ-Ադրբեջան շփման գծի ամբողջ երկայնքով ռազմական գործողությունները շարունակվում են։ Կողմերին բանակցային սեղանի շուրջ բերել դեռևս չի հաջողվում․ հայկական կողմը պնդում է՝ առաջինը պետք է լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումը, ադրբեջանական կողմը չի համաձայնում՝ պահանջելով առաջնահերթ հայկական զորքերի դուրս բերում ԼՂՀ-ից։

Նմանատիպ Հոդվածներ

Անհատական գրիչ, ախտահանիչ միջոցներ.Արցախում քվեարկության օրը կանցկացվեն կանխարգելիչ միջոցառումներ

Սերինե

Առանց ԼՂՀ ժողովրդի, նրա բնակչության, անհնար կլինի ձևակերպել որևէ համաձայնություն, ՀՀ-ն ուղղակի չի ստորագրի․ Սերգեյ Լավրով

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին