24 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90809.6 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի արդի մարտահրավերները
Գլխավոր Նորություններ

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի արդի մարտահրավերները

հետևեք մեզ նաև Telegram-ում

ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին խոսելիս ՀՀ արտաքին գերատեսչության ներկայացուցիչները վերջերս ավելի ու ավելի շատ են շեշտը դնում անվտանգության ապահովման, անվտանգության միջավայրի, պաշտպանելու և պաշտպանվելու, պաշտպանությունը ամրապնդելու, Արցախի կարգավիճակի շուրջ համաձայնության գալու անհրաժեշտության վրա:

Դրա հետ մեկտեղ նկատելի է, որ բուն գործընթացում, բանակցություններում, փոխադարձ վստահության միջոցների ձևավորման հարցում առաջընթաց չկա, ավելին՝ Ադրբեջանը շարունակում է ոչ միայն ռազմատենչ հռետորաբանությունը, այլև հանդգնում է ոտնձգությունների Հայաստան-Ադրբեջան սահմանին: Հայաստանի ԶՈՒ պատշաճ, տեղին ու ավելի քան համարժեք պատասխանները առանցքային դեր խաղացին ադրբեջանական վերջին արկածախնդրության զսպման գործում: Մեր ԶՈՒ պատրաստվածության մասին այսօր խոսում են նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները՝ խոստովանելով, որ այսօր իրավիճակը համեմատելի չէ մի քանի տարի առաջվանի հետ:

Բանակը, քաղաքական ղեկավարության անմիջական մասնակցությամբ, իր գործը անում է, հիմա տեսնենք, թե այն ճակատում, որը պատասխանատու է կանխարգելման աշխատանքների համար, ի՞նչ անելիքներ կան:

ՀՀ նոր իշխանությունները առաջին օրվանից առանձնահատուկ կարևորություն տվեցին ԼՂ խաղաղ գործընթացին՝ Նիկոլ Փաշինյանը այցով մեկնեց Արցախ վարչապետ ընտրվելու հաջորդ օրն իսկ: Հենց Արցախ իր բազմաթիվ այցերի ընթացքում է նա արել մի շարք կարևոր հայտարարություններ:

Դրանք նաև հանձնարարություն էին պատկան մարմիններին ձեռնամուխ լինել Հայաստանի՝ խաղաղ գործընթացին վերաբերող նոր նախաձեռնությունները իրագործելու հարցում: Մեր դիվանագիտության գործը՝ մի կողմից ավելի դյուրին էր՝ նրանք 20 տարի անց վերջապես պետք է ներկայացնեին ժողովրդավարական Հայաստանը, որը կարողացավ թոթափել բռնատիրական, կոռուպցիոն ռեժիմը և աշխարհին ներկայացավ ընկալելի և համակրելի դեմքով, մյուս կողմից բանակցություններում Արցախի անունից հանդես չգալու ՀՀ վարչապետի մոտեցումը, Արցախը բանակցությունների կողմ դարձնելու նախաձեռնությունը՝ նոր մարտահրավեր էր մեր ԱԳՆ համար:

ԱԳ նախարարը ակտիվ կերպով ներգրավվեց բանակցություններին, կամ շփումներին, ինչպես գերադասում է ասել մեր արտաքին քաղաքական գերատեսչությունը: Հայաստանի նոր իշխանությունը դժգոհությամբ էր ընդունել ժառագություն հասած բանակցային ստատուս քվոն: Եվ իսկապես, վերջին փաստաթուղթը, որի մասին հայտնի դարձավ հանրությանը՝ «Լավրովի պլանն» էր, որը անգամ Ս. Սարգսյանը, որ պատրաստ էր մի քանի տարի առաջ Կազանում ստորագրել Մադրիդյանի հիման վրա կազմած հաշտեցման համաձայնագիր՝ խուսափում էր անգամ խոսել ՌԴ ԱԳ նախարարի այդ ծրագրի մասին: Պարզ է, որ նոր իշխանությունները չէին էլ ցանկանալու որևէ առնչություն ունենալ այդ ծրագրի հետ:

Այնուամենայնիվ դա նշանակում է, որ պետք է ջանքեր գործադրվեին նոր նախաձեռնություններ, նոր փաստաթուղթ շրջանառության մեջ դնելու համար՝ խուսափելու համար առարկայական բանակցային դադարից: Այդ աշխատանքի համար, վարչապետի անմիջական ջանքերով, ստեղծվել էր բարենպաստ մթնոլորտ՝ շփման գծում իրավիճակը անհամեմատ ավելի հանգիստ էր: Ու այդ փաստաթուղթը (առաջին փուլում այն կարող էր դիվանագիտական տերմինաբանությամբ լինել non-paper, ոչ պաշտոնական փաստաթուղթ) պետք է պարունակեր մեր նոր մոտեցումները, շեշտադրումները, այն պետք է շատ կարճ ժամկետներում հայտնվեր սեղանին և դառնար բանակցությունների մաս: Շատ ավելի նպաստավոր կլիներ, եթե մեր այդ նոր առաջարկությունները մատուցվեին համանախագահների շուրթերով. նախկինում կային այդպիսի օրինակներ, երբ Երևանում ու Ստեփանակերտում մշակված առաջարկությունները կողմերին ներկայացրել են միջնորդները՝ որպես իրենց փաստաթուղթ: Կա եւս կարեւոր մի հանգամանք. նոր կամ նույնիսկ որևէ փաստաթղթի շուրջ ակտիվ, անգամ՝ ոչ գերարդյունավետ, բանակցությունները հնարավորություն կտային մեր դիվանագիտությանը նոր գործընթաց սկսել Թուրքիայի հետ՝ վկայակոչելով Ադրբեջանի հետ առարկայական երկխոսությունը:

Ի վերջո հասկանալի է, որ անվտանգության խնդիրներից, պաշտպանվածության մակարդակի բարձրացումից, բնակչության ապահովվածությունից հրապարակային դաշտում ավելի սազական է լսել մեր ՊՆ նախարարից: Վարչապետն էլ այդ խնդիրներին անդրադառնում է հաճախ, ու բոլոր հարցերի պատասխանները այս առումով կան: Մնում է, որ մնացած գերատեսչություններն էլ իրենց գործը անեն՝ իրենց վարքով, խոսքով, նաև հեղինակությամբ գործնականում ապահովեն բանակցությունների, խաղաղ գործընթացի համար նպաստավոր պայմաններ: Դիվանագետը կարիք չունի հրապարակային իր խոսքում հանդես գալու զինվորականի դիրքերից՝ էլ ավելի մեծ գրգռություն առաջացնելով բանակցային սեղանի հակառակ կողմում: Խաղաղության և հաշտության խոսք պետք է հնչի, եւ դա պետք է լսեն բոլորը՝ Երևանում ու Բաքվում, Բրյուսելում և Մոսկվայում, ամենուր: Թիմային գործունեությունը հենց դա՛ է, երբ կա աշխատանքի, այդ թվում հրապարակային դաշտում, բաժանում, ամեն մեկն իր գործով է զբաղված եւ իր դիրքին համապատասխան հայտարարություններ ու կեցվածք է որդեգրում՝ քաջատեղյակ լինելով գործընկերոջ յուրաքանչյուր խնդրո առակա քայլի մասին:

Պատկերացրեք, որ ՀՀ ԱԳ նախարարը հրապարակային խոսի բանակցային գործընթացում ստեղծված իրավիճակից, այլ ոչ թե ասի՝ քննարկում ենք բանակցային ինչ-ինչ տարրեր: Հանրությունը ամբողջությամբ վստահում է իշխանությանը, հետևաբար ուրախ կլինի, առանց բացահայտելու գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը, իմանալու, թե իրականում ինչպիսի վիճակ է բանակցային գործընթացում:
Հիշեցնենք, որ 2016թ. ապրիլյան պատերազմից առաջ բանակցություններում փակուղային իրավիճակ էր, կողմերի միջև շփման ինտեսիվությունը հասել էր նվազագույնի, նախորդ իշխանության՝ հասարակության հետ շփվելու մասին չենք էլ խոսում՝ միայն ընդհանուր ձևակերպումներ, տրաֆարետային խոսք: Հե՛նց դիվանագիտությունն է առաջին պատասխանատուն պատերազմի, հե՛նց Է. Նալբանդյանն ու իր տեղակալները պետք է հրաժարական տային չկանխելու, մեր գործընկերների հետ պատշաճ երկխոսություն ծավալել չկարողանալու, միջազգային հանրությանը՝ նախազգուշացնող, ապա դատապարտող հայտարարություններ կորզել՝ ունակ չլինելու համար: Դրանից հետո էլ Վիեննայում բանավոր պայմանավորվածությունները թղթի վրա ամրագրել, ապա իրագործել չկարողանալու համար:

Այսօր այլ իրավիճակ է, հանրությունը ուզում է տեղեկանալ, թե ի՞նչ է արվել ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում վարչապետի առաջ քաշած նախաձեռնությունները դրսում տարածելու, փաստաթղթերում ամրագրելու, բանակցային գործընթացում օգտագործելու հարցում: Դրա փոխարեն մենք տեղեկանում ենք, որ մեր դեսպանությունները ջանք են գործադրել Մադրիդյան սկզբունքները Եվրոպական խորհրդարանի և Եվրանեստի պաշտոնական փաստաթղթերում ամրագրելու ուղղությամբ:
Մադրիդյան փաստաթուղթը մեր երազած լածումը չի, վարչապետը ասում է, որ այն բացատրությունը, որ տալիս է ադրբեջանական կողմը՝ մեզ համար ընդունելի չէ: Սակայն կան իրողություններ, որոնք չես կարող հաշվի չառնել՝ այդ սկզբունքները միջազգային որոշակի լեգիտիմություն ունեն, և կարիք կա ցուցաբերել պատշաճ վերաբերմունք, ներկայացնել մանրամասն բացատրություններ: Այսպես, եթե համարում ենք սկզբունքները լավը չեն՝ պետք է փորձել ավելացնել այնպիսի դրույթներ, որ բարձրանա անվտանգության մակարդակը, ավելանան անվտանգության երաշխիքները, ամրագրվեն Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման մեխանիզմները, հստակեցվի միջանկյալ կարգավիճակը, Լաչինի շրջանի խնդիրը, Արցախի մասնակցությունը բանակցությունների պատշաճ փուլերում: Սա պետք է արվի բանակցությունների սեղանի շուրջ՝ կոշտ ու հայանպաստ դիրքավորմամբ, կռիվ տալով ամեն մի բառի, ձևակերպման համար: Իսկ հրապարակային դաշտում ՝ պետք է ներկայացվի երկարատև ու կայուն խաղաղության հասնելու մեր տեսլականը՝ առանց բարդույթների ու վախերի: Թե՛ մեր հանրությունը, և թե՛ միջազգային մեր գործընկերները պետք է նոր որակի խոսք լսեն մեր բանակցային պատասխանատուներից՝ մտածելակերպի, մտքի հեղափոխությունը պետք է երևա նաև այս հարցում: Իսկ ահա ամուր թիկունքը, բոլոր առումներով, ադրբեջանական կողմում հնարավոր պատրանքների չեզոքացումը կապահովեն պաշտպանության նախարարն ու ԶՈՒ Գլխավոր Շտաբի պետը:
Չե՛ք ուզում Մադրդյանը ընդունել որպես բանակցությունների հիմք՝ նախաձեռնեք նոր գործընթաց, նոր մոտեցումներ, պրոակտիվ քայլեր: Հակացուցված է հպարտանալ, որ երկու տարի անց չկա որևէ փաստաթուղթ բանակցությունների սեղանին: Դրա հետևանքը՝ հուլիսի 12-13-ի սադրանքներն են, անկայունությունը, հեռանկարի բացակայությունը, միջնորդների, մեր գործընկերների՝ հարաճուն անորոշությունը: Ամեն բան պետք է արվի բանակցային գործընթացը ինտենսիվացնելու, նոր նախաձեռնություններով (երբեմն նույնիսկ՝ անիրագործելի) հանդես գալու, խաղաղասիրական մոտեցումներով աշխարհին ներկայացնելու ուղղությամբ: Այս հարցում ավելի քան գովելի է վարչապետի տիկին Աննա Հակոբյանի կոչը:

Հ.Գ. Հայաստանը ունի ներքին մեծ ռեսուրսներ՝ տնտեսական զարգացում ապահովելու համար: Իշխանությունը կենտրոնացած է դրանք բացահայտելու, գործի դնելու վրա: Սակայն դրանք որքան էլ մեծ՝ սահմանափակ են: Մեր ռեսուրսների մեծ մասը դրսում է, կամ արտաքին աշխարհի հետ կապված. տարածաշրջանի կայունությունը, Հայաստանի՝ աշխարհի համար ընկալելի կեցվածքը, դրսում մեր ներկայացուցչությունների պրոակտիվ գործողությունները՝ այդ թվում քաղաքական քայլերը՝ Հայաստանը ճիշտ ներկայացնելը, հնարավորություն կստեղծեն ավելացնելու մեր ներքին ներուժը, անգամ բազմապատկելու այն: Իսկ հուլիսի 12-13-ի միջադեպերը միայն վախեցնում են մեր գործընկերներին, վանելով տարածաշրջանից ու ցանկությունից գալ, ներդրումներ անել, հարստացնել ու հարստանալ: Հետեւաբար, այն ինչ լսում են, ապա տեսնում են մեր գործընկերները՝ կենսական անհրաժեշտություն ունի Հայաստանի ապագայի համար:

Նմանատիպ Հոդվածներ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ռազմական լուծում չունի. «Եվրանեսթ» ԽՎ համանախագահների կոչը

Սերինե

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում․ միջնորդների ու Հայաստանի շահը

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին