27 C
Yerevan
11 Հուլիսի, 2020
83942.4 By Google Analytics 10.07.2020
Գլխավոր » ԼՂ հիմնահարց. ի՞նչու միջազգային հանրության ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեց 2009թ. փաստաթուղթը
Գլխավոր Նորություններ

ԼՂ հիմնահարց. ի՞նչու միջազգային հանրության ուշադրության կենտրոնում կրկին հայտնվեց 2009թ. փաստաթուղթը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վարչապետ ընտրվելու հենց առաջին օրերից Նիկոլ  Փաշինյանը առանձնահատուկ ջանքեր գործադրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ: Ս. Սարգսյանի թողած ծանր ժառանգությունը հարկադրում էր գործադրել ջանքեր՝ դուրս գալու բանակցային կարծրացած այն շրջափուլից, որում հայտնվել էր Հայաստանը տասից ավելի տարիների ընթացքում: Բանակցային ճահճացած հենց այդ իրավիճակն էր նաև հնարավոր դարձրել 2016 թ. ապրիլյան պատերազմը, որը չկարողացան կանխել այն ժամանակվա մեր դիվանագիտությունը և Զինված ուժերը:

Վարչապետ Փաշինյանի ամենանշանակալի նախաձեռնությունը՝ բանակցային սեղանին Արցախի վերադարձի անհրաժեշտության շեշտադրումն էր: Դա մի նոր մոտեցում էր, ուղերձ՝ աշխարհին, որ առանց հիմնական դերակատարի հակամարտությունը չի կարող ունենալ կայուն և երկարատև կարգավորում: Այս նախաձեռնությամբ հանդես գալու համար հիմք էր ծառայել մինչև 1998թ. գոյություն ունեցող բանակցային ձևաչափը, նաև փաստաթղթերը, որոնց հիմքում հենց ԼՂ իշխանությունների լիիրավ մասնակցությունն էր:

ՀՀ վարչապետի ջանքերով է, որ հաջողվեց տևական ժամանակով անդորր հաստատել շփման գծում՝ 2018թ. աշնանը Դուշանբեում ձեռք բերված պայմանավորվածությունների շնորհիվ հակառակորդի կրակոցներից շուրջ կես տարի ոչ մի զոհ չունեցանք: Առհասարակ, հեղափոխությանը հետևած իրավիճակը շփման գծում որևէ համեմատություն չունի մինչ այդ տեղի ունեցողի հետ անվտանգության, պաշտպանվածության առումներով:

2019թ. մարտի 12-ին Ստեփանակերտում ՀՀ և Արցախի անվտանգության խորհուրդների առաջին համատեղ նիստի ընթացքում վարչապետը խոսեց նաև ժողովուրդների խաղաղության նախապատրաստելու հայկական պատկերացումների և մոտեցումների մասին` հասկացնել տալով բոլոր շահագրգիռ կողմերին, որ եթե Ադրբեջանը հրապարակային չասի, որ խաղաղությունը պետք  է ընդունելի լինի բոլոր երեք կողմերի համար, ուրեմն խաղաղության նախապատրաստելու իրենց բաժին աշխատանքը նրանք չեն անում: Ավելին` չեն էլ ուզում անել: Սա ևս մեկ նախաձեռնություն էր, որի հիման վրա մեր դիվանագիտությունը, զարգացնելով այդ մոտեցումը, կարող էր առարկայական դիվիդենտներ բերել Հայաստանին՝ առնվազն միջազգային հարթակներում Հայաստանի հեղինակության բարձրացման և Ադրբեջանի՝ ոչ կառուցողական կեցվածքը շեշտադրելու, վերջինիս քաղաքականությունը մերկացնելու ճանապարհով: Դրա համար կար լիարժեք և տարիներով վարժված գործիքակազմ:

Այս նոր մոտեցումներով, նաև պատրաստակամությամբ քննարկել հնարավոր այլ լուծումներ վարչապետը ուղենիշ էր սահմանել բանակցությունների  և հայկական կողմի բանակցողների համար: Ժամանակն է, որ հասարակությունը, փորձագիտական շրջանակները գնահատեն, թե ինչ է արվել Հայաստանի քաղաքական ղեկավարության խաղաղ գործընթացին վերաբերող ռազմավարական նշանակության ուղերձները տարածելու ուղղությամբ, որքա՞ն են դրանք հասու, ընկալելի ու հասկանալի մեր գործընկեր պետությունների, միջնորդ երկրների համար:

Բանակցությունների «բնականոն» ընթացքը լրջորեն խաթարվեց վերջին ամիսներին համաճարակի պատճառներով: Սակայն դրա հետ միասին ի հայտ եկան որոշ մանրամասներ, որոնք առնչվում էին նախկինում արած աշխատանքին: Այսպես, ուշագրավ էր Ս. Լավրովի մեկնաբանությունը, որը նկատել էր, որ բանակցությունները ընթանում են փուլային և հայտնի սկզբունքների շուրջ: Չգիտես` ինչու այդ հայտարարությունը մեծ իրարանցում առաջացրեց Երևանում: Ընդ որում պատճառը ոչ այնքան ՌԴ ԱԳ նախարարի ասածներն էին, որքան այն, որ խաղաղ գործընթացում մեր նոր մոտեցումներից ոչ մեկի մասին մեր ռազմավարական գործընկերը չէր հիշատակել: Համաձայն ընդունված դիվանագիտական կանոնների՝ բարեկամ պետության ներկայացուցիչները, հատկապես եթե կա նաև հաստատված անձնական, աշխատանքային սերտ համագործակցություն, չպետք է հրապարակային կերպով անակնկալի բերեն գործընկերներին: Հայկական կողմը ստիպված եղավ արձագանքել՝ ԱԳ նախարարը ասաց, որ ներկայում չկան բանակցություններ, այլ իրականացվում են քննարկումներ հակամարտության կարգավորման որոշ տարրերի շուրջ: Նա չմասնավորեց, թե դրանք որ տարրերն են, սակայն քանի որ նախարարը չընդգծեց, թե մենք ինչ նոր նախաձեռնություն ենք առաջ բերել բանակցային սեղանի շուրջ, թերևս կարելի է ենթադրել, որ խոսքը ավանդական տարրերի մասին է:

2 տարին բավական էր, որ մենք կարողանայինք Հայաստանի վարչապետի նոր նախաձեռնությունները ներառել բանակցային գործընթացում՝ այս կամ այն ձևակերպմամբ: Առնվազն հասնեինք նրան, որ միջնորդները, շահագրգիռ պետությունները հիշատակեն, որ Հայաստանը որոշակիորեն հստակեցրել է իր մոտեցումը առանցքային հարցերի վերաբերյալ: Ցանկալի էր, որ Հայաստանի նոր իշխանությունների նկատմամբ միջազգային հանրության կողմից դրական վերաբերմունքը նյութականացվեր նույն այդ միջազգային հանրության կամ այս դեպքում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Հայաստանի նոր նախաձեռնությունը արտացոլող (առնվազն՝ մասամբ) հայտարարությունով/ներով:

Այնինչ մենք ականատես ենք այնպիսի հայտարարությունների, որոնք ոչ մի բանով չեն տարբերվում  նախկինում եղածներից: ՄԵնք անդրադարձել էինք Եվրոպական խորհրդարանի (ԵԽ) առանցքային երեք պատգամավորների նախադեպը չունեցող ադրբեջանանպաստ հայտարարությանը, որը, մեր խորին համոզմամբ, մեր դիվանագիտությունը պետք է կանխեր: Օրերս Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև/հանձնարարական, (ԼՂ հակամարտությանը վերաբերյալ կետ՝ br.), որը, ինչպես հայտնում են «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները, արտացոլում է այդ ինստիտուտի պաշտոնական մոտեցումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում: Նույնական մոտեցում, տարօրինակ կերպով, որդեգրեցին նաև Եվրոնեստի երկու համանախագահները (հարկ է նշել, որ Եվրոնեստի հայկական պատվիրակության ղեկավար Գայանե Աբրահամյանի և Եվրոպական խորհրդարանի  պատվիրակության ղեկավար Ա. Կուբիլիուսի ստորագրված համատեղ շատ հաջողված հայտարարության մեջ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ որևէ խոսք չկա): Այս կապակցությամբ կարելի է եզրակացնել, որ հայկական կողմը.

  • դեռևս չի կարողացել ապահովել, որ ԼՂ հակամարտության կարգավորման,  բանակցությունների վերաբերյալ Հայաստանի նոր մոտեցումները/նախաձեռնությունները տեղ գտնեն միջազգային փաստաթղթերում, կամ առնվազն, դրանց մասին լինի հիշատակում,
  • համաձայնվել է, որ բանակցությունների հիմքում դիտարկվեն դեռևս տասնմեկ տարի առաջ իտալական Լ՛Աքվիլայում հրապարակված սկզբունքները ՝ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հաձնաժողովի անդամները դրվատանքով են խոսել ԵԽ վերոնշյալ բանաձևի և Եվրոնեստի համանախագահների հայտարարության մասին, նաև նկատել՝ Բրյուսելում և Լիտվայում մեր դեսպանությունները օժանդակել են այդ դրույթը ամրագրելու համար: Դա նշանակում է, որ ԱԳՆ-ն նույնպես դրական է վերաբերվում Եվրախորհրդարանի փաստաթղթին, մասնավորապես հակամարտության կարգավորմանը վերաբերող այդ ձևակերպմանը:

Հեղափոխությունից երկու տարի անց երկու միջազգային կարևոր ինստիտուտ, որոնցից մեկին մենք անդամակցում ենք՝ ազդեցության բոլոր հայտնի գործիքակազմով,  վերադարձավ 2009թ. դրույթներին, որի հիմքում Մադրիդյան սկզբունքներն են: Այս իրավիճակին դեռևս պաշտոնապես չի անդրադարձել ՀՀ ԱԳՆ-ն: Հիշեցնենք, որ նալբանդյանական ԱԳՆ-ն դրական էր խոսում Լ՛Աքվիլայի և դրան հաջորդող հայտարարությունների մասին:

Հունիսի 19-ին, խոսելով հակամարտության կարկավորման ներկա փուլի մասին, Հայաստանի վարչապետը շեշտադրեց Արցախում կայացած ընտրությունների ժողովրդավարական որակն ու մրցակցային բնույթը: Նա հատուկ խոսեց ընտրություններին հետևած քաղաքական ուժերի համերաշխության և համախմբման գործընթացի մասին, որը վկայեց Արցախում ժողովրդավարության հասունության մասին: Այս ամենը Արցախին դիրքային առավելություններ է տալիս Ադրբեջանում կարծրացած ամբողջատիրական կարգերի համեմատությամբ, ինչը բանակցություններում օգտագործելու համար փայլուն փաստարկ է:  Ի վերջո, ո՞վ կարող է հակաճառել այն պնդմանը, որ ժողովրդավարությունները չեն կարող ստորադասվել ավտորիտարիզմին և ամբողջատիրությանը, ընտրովի իշխանությունները, պարբերաբար փոփոխվող քաղաքական էլիտան չի կարող բռնի կերպով կցվել խանական ավանդույթներով կառավարող համակարգին: Այստեղ կրկին հարց է առաջանում. ինչպե՞ս անել, որ վարչապետի հայտնած մոտեցումներն ու դիրքորոշումները իրագործվեն՝ դառնան մեր դիվանագիտության ուղեցույցը: Նաև հարկավոր է հասկանալ, թե մեր պատկան մարմինները այդ ի՞նչ որակի աշխատանք են տարել, որ մեզ կրկին հրամցնում են մադրիդյանի հիմքով և շարադրանքով առաջադրած սկզբունքները: (Հիշեցնենք, որ Եվրոպական խորհրդի ընդունած փաստաթուղթը ուղենիշ է ԵՄ ամենաբարձր ատյանների համար, որոնք այս հարցերում պետք է հենվեն հենց այդ դրույթների վրա): Իրականում հենց դրա՞նք են այն տարրերը , որոնց մասին խոսում էր մեր նախարարը:

Թվում է, թե այսօր ճիշտ ժամանակը չէ նման խնդիրների մասին խոսելու: Սակայն, մեկը մյուսին հաջորդող վերոնշյալ այդ փաստաթղթերը լույս տեսան հենց այս օրերին: Եթե մեր դիվանագիտությունը չօգտվի այն կռվաններից, որոնց մասին բազմիցս խոսել է վարչապետը, չներկայացնի մեր մոտեցումները միջազգային երկու այս հարգարժան ինստիտուտների դիրքորոշումների վերաբերյալ, դրանց մոտեցումները կարող են դառնալ նաև միջազգային այլ կազմակերպությունների, նաև  միջնորդների ուղեցույցը:

Մեր մոտեցումները առաջ մղելու ուղղությամբ մեծ գործ պետք է արվի: Մենք պետք է վարչապետի բարձրաձայնած դիրքորոշումները դարձնենք միջնորդների, շահագրգիռ կազմակերպությունների սեփականությունը, երբ նրանք խոսում են ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին,  և այս առումով աշխատանքին նոր թափ պետք է հաղորդել:

Նմանատիպ Հոդվածներ

Վարչապետն ընտանիքի հետ լուսանկար է հրապարակել

Սերինե

Վարչապետի որդին զորացրվեց

Սերինե

Մինսկի խմբի շահերից չի բխում կողմերից որևէ մեկի դիրքորոշմանը առավելություն տալը, նրանք Ադրբեջանի պարզունակ շանտաժներով չեն քաղաքականություն վարում․ Տարոն Հովհաննիսյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին