Գլխավոր » Լուկաշենկո-Փաշինյան հանդիպումը. Լուկաշենկոն «սրբագրում է» իր վարքագիծը
Վերլուծական

Լուկաշենկո-Փաշինյան հանդիպումը. Լուկաշենկոն «սրբագրում է» իր վարքագիծը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նախօրեին ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պաշտոնական հանդիպում է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հանդիպման ժամանակ Լուկաշենկոն դիվանագիտական թեմաներից զատ անդրադարձել է նաև ՀՀ վարչապետի հետ անձնական հարաբերությունների կարևորությանը։

Հետխորհրդային առաջնորդներից հետհեղափոխական շրջանում ՀՀ ներքաղաքական իրավիճակին և ՀՀ տարածաշրջանային դերին ամենաակտիվ արձագանքողներից, թերևս, եղել է հենց Բելառուսի առաջնորդը։ Հենց նա էր, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո առաջինը հանդես եկավ հայտարարությամբ և նշեց, որ մասամբ նաև ԵԱՏՄ երկրների մեղքն է, որ այդպիսի իրավիճակ է ստեղծվել Հայաստանում։ Նկատենք, որ նախընթաց շրջանում Լուկաշենկոյի հայտարարությունները ժամանակ առ ժամանակ այնքան էլ դաշնակցային չէին և դրանք դրսևորվեցին այն պահից սկսած, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ մտադիր է բացատրություն պահանջել Լուկաշենկոյից և Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևից` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի վերաբերյալ նրանց արտահայտությունների համար։ Դրան հետևեցին Լուկաշենկոյի կողմից ռուս լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետի հասցեին հնչեցված բավականին էմոցիոնալ հայտարարությունները և Արցախի հարցում որոշ նուրբ մանրամասնությունների հանրայնացումը։

Լուկաշենկոյի այս վարքագիծը կարելի էր բացատրել նախևառաջ նրանով, որ վերջինս նախ ցանկանում էր ՀԱՊԿ-ում առաջ մղել իր թեկնածուի նշանակումը և երկրորդ՝ պայմաններ ստեղծել ապահովելուԱդրբեջանի՝ ավելի բարձր մակարդակի մասնակցությունը ԵԱՏՄ-ում։ Բացի դա, տարածաշրջանային կառույցների ներսում Բելառուսը մշտապես փորձել է իր ձեռքը վերցնել, այսպես կոչված, «կոմպրոմիսից շեղվողներին դարձի բերելու առաքելությունը»։ Նախկինում վերջինս այդպիսի վարք դրսևորել է Ուզբեկստանի կողմից ՀԱՊԿ հավաքներին և զորավարժություններին չմասնակցելու և որոշումներին չենթարկելու հետ կապված։ Մյուս կողմից վարչապետ Փաշինյանի հետ հարաբերությունների լարումը կարելի է բացատրել քաղաքական լիդերության որոշակի հոգեբանական և արժեքաբանական հիմքերի առումով։ Վերջինս չի համարվում «պատրիարխալ» բնույթի առաջնորդ՝ ի տարբերություն վերպետական այս կառույցների իր մյուս գործընկերների։

Գալով ՀՀ-ի հետ կապված հարաբերություններին՝ նկատում ենք, որ ՀԱՊԿ-ում միջանկյալ լուծում գտնելուց հետո դրանք կարծես վերադառնում են իրենց բնականոն հուն։ Դրա առաջին առհավատչյան այս տարվա հուլիսին ՀՀ նախագահի հետ ունեցած հանդիպման ժամանակ արված հայտարարություններն էին։ «Մենք միշտ պատրաստ ենք ձեր առաջ բացելու դռները»,- Մինսկում ասել էր Լուկաշենկոն։

Լուկաշենկոյի կողմից հարաբերությունների վերջնական ճշգրտման համար կարևորվեց երեկվա հանդիպումը։ Նա հայտարարեց, որ ընկերական հարաբերություններ ունի Ադրբեջանի նախագահի հետ, բայց վարչապետ Փաշինյանին էլ է համարում իր ընկերը։ Սրա հետ կապված կարելի է կարևորել այն, որ վարչապետ Փաշինյանը բավականին արագ ինտեգրվեց եվրասիական առաջնորդների ընտանիքին։ Մյուս կողմից՝ ցանկանա թե ոչ, Լուկաշենկոն ստիպված է հաշվի նստել մի շարք իրողությունների հետ՝ Հայաստանի և Բելառուսի միջև առկա տնտեսական դրական դինամիկան, Հայաստանում ձևավորված քաղաքական նոր իշխանության բարձր լեգիտիմությունը, Բելառուսում ակտիվ գործունեություն ծավալող հայկական սփյուռքը։ Միով բանիվ, կարևորելով իր երկրի պետական շահը, այնուհանդերձ, Լուկաշենկոն եկավ այն համոզման, որ չի կարելի երկրորդել նաև տարածաշրջանային ռազմաքաղաքական և տնտեսական ամենակարևոր կառույցների շրջանակներում Հայաստանի հետ կարևոր հարաբերությունները։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին