8 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2020
116620.8 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Լույս է տեսել ԵՄ նախկին դեսպան Սվիտալսկիի՝ Հայաստանի հեղափոխության մասին գիրքը
Այլ Լուրեր

Լույս է տեսել ԵՄ նախկին դեսպան Սվիտալսկիի՝ Հայաստանի հեղափոխության մասին գիրքը

Լեհաստանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտի պաշտոնական կայքում հրապարակվել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության նախկին ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հեղինակային գրքի էլեկտրոնային տարբերակը, որը պատմում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության մասին։

«Հայկական հեղափոխություն. անավարտ հեռագիր» վերնագրով գրքում դեսպանն անդրադառնում է իր առաքելությանը Հայաստանում, որի գագաթնակետը Հայկական հեղափոխությունն էր ու դրան հաջորդած զարգացումները: Գրքի հեղինակը 2015 թվականից մինչ 2019 թվականը ծառայել է որպես դեսպան` ՀՀ-ում Եվրամիության պատվիրակության ղեկավար: Նա Լեհաստանի դիվանագիտական ​​ծառայության պրոֆեսիոնալ դիվանագետ է և միացել էր Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությանը մեկ անգամյա նշանակման համար:

Դեսպան Սվիտալսկին մանրամասն ներկայացնում է Եվրամիության դիվանագիտական ​​ծառայությունը, որը, ըստ հեղինակի, զարգացման ճանապարհ ունի անցնելու:  2007թ. Լիսաբոնյան պայմանագրով ստեղծված Արտաքին գործողությունների եվրոպական ծառայությունը (EEAS/ԱԳԵԾ) կոչված է օժանդակելու Արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության Բարձր ներկայացուցչի պարտականությունների իրականացմանը:

Այժմ այս ծառայությունը ​​հաստատուն և կազմակերպված կառույց է, որը ներառում է գլխավոր գրասենյակների շուրջ 4000 կանոնադրական ու արտաքին անձնակազմի ներկայացուցիչներ և 140 պատվիրակություններ աշխարհով մեկ: Դեսպանն այնուամենայնիվ համարում է, որ նրա գործառույթը դեռ մշակման փուլում է:

Այնուհետև դեսպանն արժեքավոր անդրադարձ է կատարում Եվրոպական Միություն – Հայաստան հարաբերությունների պատմությանն ու ներկա իրավիճակին: Ըստ հեղինակի.- «Իր անդամ երկրների հետ միասին, Եվրամիությունը Հայաստանին ապահովել է վերջին տարիներին ցուցաբերված ամբողջ արտաքին օգնության մոտ 60 տոկոսը: Հայաստանը երբեք չի հայտարարել, որ իր ապագան տեսնում է Եվրամիությունում: Այնուամենայնիվ, հեղափոխությունից առաջ և հետո հաճախ հայտարարվել է, որ ընդհանուր արժեքներ ունի Եվրամիության հետ: Հայաստանը կարևորել է Արևմուտքում դրական հեղինակության ձեռքբերումը նաև վերահաշվեկշռման տեսանկյունից՝ աչքի առջև ունենալով իր զգալի կախվածությունը Ռուսաստանի հետ դաշինքից: Հեղափոխությունից առաջ նույնպես Արևմուտքից դրական գնահատականների կարիք կար՝ հանուն ներքին քարոզչության: Այնուհանդերձ, տարիներ տևող տնտեսական խոցելիության պատճառով Հայաստանի բոլոր կառավարություններին հետաքրքրում է արտաքին զարգացման աջակցությունը:

2019 թվականին Եվրամիությունից Հայաստանին երկկողմ զարգացմանն ուղղված տարեկան օգնությունը պետք է գերազանցեր 70 միլիոն եվրոն: Տարեկան կտրվածքով սա ընդամենը մի քանի տարի առաջ հատկացված գումարի մոտավորապես կրկնապատիկն էր։ Ընդհանուր առմամբ, ԵՄ-ն Հայաստանին, իր անկախացումից ի վեր, տրամադրել է ավելի քան կես միլիարդ եվրո:

Դեսպանը նկատել էր, որ հեղափոխությունից հետո Հայաստան-ԵՄ հարաբերությունները նոր թափ ու բովանդակություն ստացան:

Գրքի ամենաուշագրավ հատվածը՝ հեղափոխության վերաբերյալ փորձառու դիվանագետի գնահատականներն են: Դեսպանը յուրահատուկ վերաբերմունք ունի Հայաստանի, աշխարհում մեր դերի, հեղափոխության՝ աշխարհի տարբեր անկյուններում ճանաչելիության նկատմամբ: «Հայաստանում 2018 թվականի գարնանային անցուդարձը լիովին առանձնահատուկ էր նույնիսկ համընդհանուր չափանիշներով: Աշխարհի հեռավոր անկյուններում բնակվող սովորական մարդիկ հնարավորություն ունեին իրենց համար Հայաստանը բացահայտելու այդ զարգացումների դիտակետով: Արդյո՞ք այդ զարգացումներից որևէ մեկը շարունակում է ապրել նրանց հիշողության ծալքերում: Արդյո՞ք Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները դեռևս որևէ նշանակություն ունեն Հայաստանից անդին ապրող մարդկանց համար: Հեղափոխությունից նույնիսկ երկու տարի անց ոչ ոք չի կարող վերջնական պատասխան ակնկալել: Այս վերլուծության ելակետն այդ պատասխանի արդիականությունն է», գնահատել էր նա:

Դեսպան Սվիտալսկին  մանրամասն վելուծում է հեղափոխության օրերին ստեղծված իրավիճակը, մինչ հեղափոխությունը հայկական ընդդիմության գործունեությունն ու պայքարը, ընդվզման զանազան շարժումների դերակատարությունը: Առանձնահատուկ են ներկայացվում նաև հեղափոխության օրերն ու առաջնորդ Նիկոլ Փաշինյանի վճռականությունն ու հետևողականությունը: «Նիկոլ Փաշինյանը սկսեց բավականին հաջող մարտավարություն կիրառել. մարդկանց պարզապես հրապարակ կանչելու փոխարեն՝ նա երթով շարժվում էր Երևանի փողոցներով և խրախուսում հնարավոր կողմնակիցներին, որ միանան իրեն: Բողոքի ձայնը նա հասցրեց քաղաքի յուրաքանչյուր անկյուն: Եվ իսկապես, ապրիլի 21-ին Հանրապետության հրապարակում հավաքվածների թիվը հատեց 50 հազարը: Նրա բողոքն ուներ շատ պարզ ու հասկանալի օրակարգ` մերժել Սերժ Սարգսյանին: Որքան ավելի պարզ է ցանկացած հեղափոխության օրակարգը և հուզականորեն որքան ավելի գրավիչ՝ այնքան ավելի շատ մարդ կարող է գրավել ու համախմբել:

Բողոքի ցույցի կազմակերպիչները հետևեցին կառավարման զգալիորեն ապակենտրոնացված մոդելին: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շարունակում էր մնալ հեղափոխության դեմքն ու առաջնորդը, և նրա կոչերն ու հրահանգներն ի կատար էին ածվում անվերապահ աջակցությամբ, տեխնիկական հարցերի բազմաթիվ որոշումներ հենց տեղում էին պատվիրակվում մարդկանց: Պատահում էր, որ նա չէր հասցնում տեղեկանալ Երևանի թաղամասերում կամ այլ քաղաքներում ընթացող զարգացումների կամ իրականացված գործողությունների մասին: Այս ապակենտրոն մոդելը հեղափոխության ամրակուռ հատկանիշներից էր: Բողոքի ակցիաները նման էին բազմաթիվ տարբեր ցանցերից կազմված ամբողջական ցանցի:»

Գրքի վերջնամասում Սվիտալսկին ներկայացնում է առաջարկություններ և դիտարկումներ՝ կապված Եվրամիության քաղաքականության և տարածաշրջանում Լեհաստանի, մասնավորապես` Հայաստանի հետ գործունեության հետ կապված:

Նմանատիպ Հոդվածներ

Հուզական և անշրջելի գործընթաց. հատված Սվիտալսկու գրքից՝ Թավշյա հեղափոխության մասին

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին