23 C
Yerevan
22 Սեպտեմբերի, 2020
99094.4 By Google Analytics 21.09.2020
Գլխավոր » Ծառուկյանը խոսում է հիմնականում երկրի տնտեսական վիճակի մասին, սակայն հասցեական հրաժարականներին չի անդրադառնում. «Իրատես»
թերթերի տեսություն

Ծառուկյանը խոսում է հիմնականում երկրի տնտեսական վիճակի մասին, սակայն հասցեական հրաժարականներին չի անդրադառնում. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է․

 «Վերջին շրջանում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր համակիրների հետ հանդիպումների շարք է սկսել, նրա գործունեության, հանդիպումների մասին էլ գրեթե ամենօրյա ռեժիմով ներկայացնում է սեփական լրատվամիջոցը։ Մի պահ տպավորություն է, թե նախընտրական քարոզարշավ է մեկնարկել, խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժն էլ քարոզարշավ է իրականացնում։

Ծառուկյանը խոսում է հիմնականում երկրի տնտեսական վիճակի մասին, սակայն հասցեական հրաժարականներին դեռ չի անդրադառնում։ Իշխանության անդորրը մի պահ խռովվեց, երբ ԲՀԿ ղեկավարը հայտարարեց, թե հանրահավաք է անելու։ Բոլորն անցան գործի, հակադարձեցին ու համարյա «թող անի, տեսնենք» հանգով խոսքուզրույցն ավարտեցին։ Ի վերջո, իշխանությունն ունի առավել քան հզոր զենք՝ կարանտինը, որը մահակ է ցանկացած ընդդիմադիր ուժի գլխին, քանի որ զանգվածային հավաքներին կարող է մեկ ժամում վերջ դնել։

Սակայն անկախ իրողությունից, թե իշխանությունն ինչպես կարձագանքի ընդդիմադիրների գործունեությանը (յուրաքանչյուր իշխանություն իր մեթոդներն ու ձեւերն ունի ընդդիմադիրներին լռեցնելու), շատ ավելի կարեւոր է, թե ինչ է իրականում ուզում ընդդիմությունն ու ինչ մեթոդներով է փորձում իր նպատակին հասնել։

Հանրահավաքն ինքնանպատակ չի լինում։ Եթե ելույթների ու շեշտադրումների տրամաբանությունը լինելու է այն, ինչ վերջին շրջանում Ծառուկյանը տարբեր հանդիպումներին ասում է, նշանակում է քաղաքական առումով դա ոչինչ չտվող գործընթաց է։ Ավելին, եթե այդ ընթացքում պետք է նորից վերհաստատվի, թե ԲՀԿ-ն պահանջում է կառավարության 100-տոկոսանոց հրաժարական, նշանակում է էլի ոչինչ չասել։ Այդ ամենն արդեն հասարակությունը լսել է ու դեռ դրան միտված գործողություններ չի տեսել (գուցե ընդդիմության այս պահվածքը նաեւ արտակարգ դրությամբ էր թելադրված)։

Ավելին, ԲՀԿ-ականները հայտարարում են նաեւ, թե հանրահավաքի օրակարգ դեռ չունեն, ստացվում է՝ հանպատրաստից որեւէ թեմայի շու՞րջ է լինելու։ Այն, որ երկրում հազար ու մի խնդիր կա, ակնհայտ է, բայց դրանք բարձրաձայնելու համար պիտի ամեն անգամ հանրահավաքնե՞ր անել։ Հետո տեղի՞ն է արդյոք, որ խորհրդարանական ուժը ողջ կառավարության հրաժարականը պահանջի, բայց ընդամենը մեկ կամ երկու ոլորտին առնչվող թեմա ընտրի հանրահավաքի համար։ Այդ թեմաները մեծ հաջողությամբ խմբակցության անդամների ջանքերով երկրի թիվ մեկ ամբիոնից էլ կարելի է բարձրաձայնել»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին