30 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91955.2 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Ծիրանի դեմ կռիվը վերջինն է լինելու Ադրբեջանի համար
Գլխավոր Նորություններ

Ծիրանի դեմ կռիվը վերջինն է լինելու Ադրբեջանի համար

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական հյուսիս-արևելյան սահմանային հատվածում տեղի ունեցած բախումները իրենց էությամբ սոսկ ռազմական չէին։ Հայաստանն այդ բախումներում, այսպես ասենք, փայլում էր ազատության և «թարազուի» բերված երկրի զգացումով։ Այդ բախումներում ջնջվում է զինվորի և սովորական քաղաքացու սահմանը Հայաստանում։ Սա ամբողջական երկիր է ամբողջական օրգանիզմով, և այստեղ անհասկանալի ընդդիմություն լինելը պակաս ցավոտ չէ, որքան զինվորի մահը։

Մեր քաղաքացին սահմանին ունեցող կորուստը երկրով է չափում, ոչ թե ինչ-որ մեկի ընտանիքով։ Ադրբեջանում այդպես չէ, և սա ցույց տվեցին Բաքվի վերջին ցույցերը։ Մենք ադրբեջանցուն չենք ծաղրում, եթե, իհարկե, ադրբեջանցին իր շփոթվածությամբ շատ հեռու չի գնում և ծիրան չի տրորում։ Ոչ մեկը նրան չի խնդրել մեզ հետ կռվել ծիրանը մերժելով։ Մարդիկ, որոնք կռիվ ունեն բնության բարիքի դեմ, նրանք ավելի ընկնել չեն կարող։ Չկա էդ գլուխը, որ ի վիճակի լինի էդպիսի մարդկանց ավելի ընկած տեսնի։ Ընդունենք, թե՝ ոչ, դա նրանց վերջին կռիվն է հայ ժողովրդի դեմ։

Այո, առայժմ Ալիևը հաղթում է ծիրանի հետ կռվում, բայց միայն՝ ծիրանի, այն էլ եթե ուրիշ ոչ մեկն այդ կռվում չկա։ Բայց մենք չենք ծաղրում նրանց ազգային երգիչ Փոլադ Բյուլ բյուլ օղլուն։ Մեզ պետք չէ ատել ադրբեջանցուն ոչ այն պատճառով, որ հաղթանակած ենք, մեզ պետք չէ ատել, որովհետև մեզ համար ոչ թե պատերազմն է հնարավորություն, այլ՝ խաղաղությունը։ Դա հնարավորություն է լուծելու նաև Արցախի հարցը։ Կոնսոլիդացիայի համար մեզ Արցախի հարց պետք չէ, որովհետև մենք արդեն երկիրն ունենք որպես ամբողջական օրգանիզմ։ Մեզ համար Նիկոլը նույնն է, ինչ սահմանամերձ գյուղի բնակիչը, որի տան դարպասները ադրբեջանցի զինվորը ցանց է սարքել։ Ալիևն այդպիսին չէ իր քաղաքացու համար։ Նա իշխանության մարդ է։ Եվ իր քաղաքացին նրան անհրաժեշտ է հենց իշխանություն ունենալու համար։ Նա երբեք իր երկրի շարքային քաղաքացուն թույլ չի տա մոտենալ իշխանությանը։

Ի՞նչ պիտի անի դրա համար։ Պիտի օգտագործի հայ-ադրբեջանական հակամարտությունը։ Նա պիտի ամեն օր ատելության դոզա տա իր քաղաքացուն, որ քաղաքացին իշխանության հանցավոր էության կողմը չնայի, չմտածի այդ մասին։ Եվ ահա վերջին բախումներում նա այդ դոզան ուժեղացնելու նոր հնարավորություն գտավ։ Ու դա արեց հատկապես Բաքվի ցույցերից հետո, երբ ժողովուրդը հակահայկական բողոքը վերածեց հակաիշխանական բողոքի։ Նա անցավ խորամանկելուն։ Ի՞նչ է պետք ատելության մթնոլորտի համար, որը ժողովրդին կշեղի իշխանության հարցից։ Դրա համար պետք է, որ յուրաքանչյուր ընտանիք կորուստ ունենա, ահա ինչու հարյուրներով են նետվում մարտի մեջ: Եթե երկու օրը մեկ էլ 20 հոգի զոհվի, ըստ Ալիևի այդ կոնսոլիդցիան ապահովված է, այո, նա լրիվ ներքաղաքական հարց է լուծում, այո, նա սադրում է, որպեսզի մենք ռմբակոծենք նրանց քաղաքացիական օբյեկտները, այո, իսրայելական անօդաչուները գլխավոր նպատակի` իշխանության պահպանման առջև գրոշանոց բան են, պետք լինի՝ ևս մի 20 այդպիսի անօդաչու մատաղ կանի հայկական զինուժին, միայն թե ադրբեջանցին չմոռանա, թե ով է իրեն կորուստներ պատճառողը:

Մի օր ադրբեջանցի ժողովուրդը ոտքի է կանգնելու ոչ թե հենց Ղարաբաղը վերադարձնելու պահանջով, այլ հենց փոփոխությունների, որոնք պիտի կատարվեն իրենց երկրում։ Նրանք այդ փոփոխությունների «վարակն» ունեն իրենց գլխում հանձին Հայաստանի։ Եվ պատահական չէ, որ Բաքվի վերջին հակահայկական ցույցը վերածվեց հակաիշխանական ցույցի։ Ադրբեջանի իշխանությունների գլխացավանքը Վրաստանում, Եգիպտոսում, Ղրղզստանում, Ալժիրում կամ Ուկրաինայում ժողովրդի ճնշմամբ տեղի ունեցած փոփոխությունները չեն, դրանք հիմա ոչ մեկը չի էլ հիշում, նրանց գլխացավանքը Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն են։ Ադրբեջանում ժողովուրդը բոլոր նյարդերով իրեն Հայաստանից հետ մնացած է զգում։

Մի օր այդ ժողովուրդը հարցնելու է՝ ինչու՞ են մեռնում մեր որդիները։ Նրանք դա չեն բացատրելու Հայաստանի զինված ուժերի «բնական» մարտունակությամբ։ Նրանք զգալու են, որ իրենց պայքարի թիկունքում ճշմարտության զգացում չկա, զգալու են, որ իրենց պակասում է ոչ թե ապահով թիկունքը, ոչ թե ուժեղ իշխանությունը, այլ պետության իրավացիությունը իրենց հետ հարաբերություններում։ Նրանք ոչ թե տեսնելու են, որ պետությունն իրենց հետ ազնիվ չէ, այլ վերջապես զգալու են, քանի որ տեսնում են ամեն օր։ Բաքվի վերջին ցույցը դրանով էր վտանգավոր իշխանությունների համար, կորոնավիրուսի օրերին ժողովուրդը վարակվում է բոլորովին այլ բանով՝ անդերությամբ, ինքը ոչնչում դեր չունի, ինքը ոչինչ չի որոշում։ Հարցն այն է, թե մեզ պե՞տք է գիտակցական զարթոնք ապրող ադրբեջանցին։ Ասենք, Փոլադ Բյուլ բյուլ Օղլի՞ն է գերադասելի մեզ համար, որը յոթ երգ գիտի, յոթն էլ՝ հայերին Ղարաբաղից դուրս հանելու մասին, թե՝ Թիմուր Բեկմանբետովը, որը գլուխը կախ համաշխարհային արժեքներ է ստեղծում և այդքանով դառնում ազգի ինտելեկտուալացման մշակութային «լեգիտիմության» ներկայացուցիչ։

Բռնապետական իշխանությունը ագրեսիա է նախ անհատականության հանդեպ, ժամանակակից ադրբեջանցին պիտի որ ծարավ լինի անհատականության, որը մնացած բոլոր բառերն ասելուց առաջ աղոթքի նման չի հիշում իր առաջնորդին։ Ժամանակակակից ադրբեջանցին փոփոխության ձգտում ունի, վերջին բախումները ցույց տվեցին, որ նրա ուզածն այլ բան է, նա էլ Արցախի հարցի ընկալումը իր գլխում վերաբեռնելու կարիք ունի։ Ու գուցե իշխանափոխությունից հետո հասկանա, որ հարցի լուծման համար իրար սպանելը լավագույն լուծումը չէ։ Եթե, իհարկե, արյան ծարավը նրա մեջ չհաղթի և չորոշի իշխանության բերել մի նոր Էլչիբեյի։

Մհեր Արշակյան

Նմանատիպ Հոդվածներ

Չեխիայում ՀՀ դեսպանը պատասխանել է Ադրբեջանի դեսպանին

Նատա Հարությունյան

Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ 2018 թ. թաքցրած կորուստ․Ռազմինֆո

Անի Գրիգորյան

Ադրբեջանում մահացել է Պաշտպանության նախարարի նախկին տեղակալը. վարկածը սրտի անբավարարությունն է

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին