27 C
Yerevan
15 Օգոստոսի, 2020
92048 By Google Analytics 14.08.2020
Գլխավոր » Ծխախոտի օգտագործումն աշխարհում վաղաժամ և կանխարգելելի մահվան առաջատար պատճառներից է
Այլ Լուրեր

Ծխախոտի օգտագործումն աշխարհում վաղաժամ և կանխարգելելի մահվան առաջատար պատճառներից է

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայաստանն աշխարհի ինը երկրներից մեկն է, որն ընտրվել է Միավորված ազգերի կազմակերպությունից «ԾՊՇԿ 2030» ծրագրի 2-րդ փուլում նպատակային միջազգային աջակցություն ստանալու համար: Այն ղեկավարում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության Ծխախոտի դեմ պայքարի մասին շրջանակային կոնվենցիայի (ԱՀԿ ԾՊՇԿ) քարտուղարությունը: Ծրագրի նպատակն է արագացնել ԱՀԿ ԾՊՇԿ-ի իրականացումը. այն ներդաշնակեցվել է «Կայուն զարգացման 2030 օրակարգի» հետ, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվում ծխախոտի դեմ պայքարին:

Ողջունելով ծրագիրը՝ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանն ասել է. «Կառավարությունը հանձնառու է պաշտպանել հայ ժողովրդի առողջությունը: Մենք չպետք է թույլ տանք մարդկանց որդեգրել այս վնասակար գործելակերպը և պետք է օգնենք դրանից կախվածություն ունեցողներին՝ թողնելու այն: Հայաստանը հավատարիմ է ԱՀԿ ԾՊՇԿ-ին և այժմ ունի նոր օրենք, որն արգելում է ծխելը բոլոր հասարակական վայրերում, ինչպես նաև արգելում է ծխախոտի գովազդը, վաճառքի խթանումը և հովանավորումը: Այժմ մենք պետք է միասին աշխատենք, որպեսզի այն արդյունավետորեն իրականացվի՝ հայ ժողովրդին ծխախոտի կախվածության հետևանքով առաջացած վնասներից ու աղքատությունից պաշտպանելու համար»:

ԱՀԿ ԾՊՇԿ-ն առողջապահության ոլորտում առաջին համաշխարհային պայմանագիրն է, որի բանակցություններն ընթացել են ԱՀԿ-ի հովանու ներքո, և որի կազմում, որպես կողմ, այսօր կա 181 երկիր և Եվրոպական միությունը: Այն կոչված է վերջ դնելու ծխախոտի համաշխարհային համաճարակին, և համապարփակ ծրագիր է կառավարությունների համար, որպեսզի իրենց երկրներում նվազեցնեն ծխախոտի օգտագործումը և հարակից վնասները:

Ծխախոտի օգտագործումը վնասում է մեր առողջությունը և հանգեցնում է կյանքի համար վտանգավոր և հյուծող բազմաթիվ հիվանդությունների՝ ներառյալ հիմնական ոչ վարակիչ հիվանդությունների, ինչպիսիք են քաղցկեղը, սրտի ու թոքերի հիվանդությունները և շաքարային դիաբետը: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հաշվի առնել, որ COVID-19-ով հիվանդանալու դեպքում այս պայմանները մեծացնում են մարդկանց մոտ ծանր հիվանդության զարգացման ռիսկը: Ծխախոտի օգտագործումն աշխարհում վաղաժամ և կանխարգելելի մահվան առաջատար պատճառներից է:

Ծխախոտի օգտագործումն առաջացնում է բազմաթիվ սոցիալական, տնտեսական ու բնապահպանական խնդիրներ, որոնք խոչընդոտում են երկրի զարգացումը: Անառողջ աշխատուժը դանդաղեցնում է տնտեսական աճը, բժշկական ծախսերը և հիմնական աշխատողների կորուստը բեռ է դառնում ընտանիքների համար և աղքատացնում է նրանց, իսկ ծխախոտի թափոններն աղտոտում են շրջակա միջավայրը, երբ տոքսինները հայտնվում են հողում և ջրում:

ԱՀԿ ԾՊՇԿ քարտուղարության ղեկավար Ադրիանա Բլանկո Մարքիզոն ասել է. «Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել և, որպես ԱՀԿ ԾՊՇԿ-ի կողմ, ցույց է տվել իր հանձնառությունը՝ հանուն հանրային առողջության իրականացնելու ծխախոտի դեմ պայքարի համապարփակ քաղաքականություն: Ապացուցված է, որ այս միջոցները կանխարգելում և նվազեցնում են ծխախոտի օգտագործումն ու հարակից հիվանդությունների առաջացումը: «ԾՊՇԿ 2030» ծրագրի միջոցով Հայաստանը կստանա հատուկ աջակցություն՝ հանրային առողջապահական այս առանցքային միջոցառումների իրականացումն ուժեղացնելու համար»:

2004 թվականին ԱՀԿ ԾՊՇԿ-ի վավերացումից ի վեր կառավարությունն ընդունել է ծխախոտային արտադրատեսակների վաճառքը կարգավորող մի շարք օրենսդրական ակտեր, որոնցով նախատեսվում է, որ առողջությանը հասցվող վնասի մասին գծապատկերային նախազգուշացումները պետք է զբաղեցնեն ծխախոտի տուփի 50%-ը, և այդ ակտերով, ընդհանուր առմամբ, արգելվում են ծխախոտի գովազդը, վաճառքի խթանումը և հովանավորումը, ինչպես նաև հասարակական վայրերում ծխելը:

«Չնայած ուժեղ դիմադրությանը՝ կառավարությունը որդեգրել է ծխախոտին վերաբերող ոլորտը կարգավորելու լավ իրավական դաշտ: Մեզ անհրաժեշտ է տարբեր ոլորտների համագործակցությունը՝ օրենքի պահպանումն ու արդյունավետ կենսագործումն ապահովելու համար, ծխախոտ օգտագործողներին այն թողնելու հարցում անհրաժեշտ աջակցություն տրամադրելու համար, և մարդկանց, հատկապես երիտասարդներին, ծխախոտային ընկերությունների ազդեցությունից պաշտպանելու համար»,- ասել է ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Եգոր Զայցևը:

Հաշվի առնելով այն, որ 2014-2025 թվականների զարգացման ռազմավարության մեջ ՀՀ կառավարությունը հանձն է առել նվազեցնել ոչ վարակիչ հիվանդություններից մահացության ու հիվանդացության ցուցանիշը, ծխախոտի դեմ պայքարին ՄԱԿ-ի աջակցությունը ճիշտ ժամանակին է: Ծխախոտի դեմ պայքարը ոչ միայն կբարելավի Հայաստանի բնակչության կյանքի տևողությունն ու կյանքի որակը, այլև կթեթևացնի երկրի առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունը:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը հավելել է. «Կայուն զարգացման նպատակները ներառում են ԱՀԿ ԾՊՇԿ-ի իրականացման ամրապնդմանն ուղղված հատուկ թիրախ, ինչը ցույց է տալիս, որ ծխախոտն անհամատեղելի է զարգացման առաջընթացի հետ: Ծխախոտի դեմ պայքարը մեծ օգուտներ ունի կայուն զարգացման համար և կարող է նպաստել սոցիալական ու տնտեսական առաջընթացին, աղքատության կրճատմանն ու ավելի մաքուր շրջակա միջավայրի ստեղծմանը: Մենք կաշխատենք ՄԱԿ-ի այլ գործակալությունների հետ՝ աջակցելու Հայաստանին՝ իր կայուն զարգացման ծրագրերի շրջանակում ԱՀԿ ԾՊՇԿ-ի իրականացման գործում»:

«ԾՊՇԿ 2030» ծրագիրը խթանում է երկրի սկզբնական գործողությունները՝ ընդհանուր առմամբ «2030 օրակարգի» առողջության և կայուն զարգացման մասին թիրախներին հասնելու համար: Այն տևելու է մինչև 2021 թվականի մարտը, և միջազգային աջակցություն է ցուցաբերվելու Հայաստանին ՄԱԿ-ից՝ ներառյալ ԱՀԿ ԾՊՇԿ-ի քարտուղարությունից, ՄԱԶԾ-ից և ԱՀԿ-ից: Աջակցությունը ներառում է փորձագիտական խորհրդատվություն, տեխնիկական օժանդակություն և գործընկերային աջակցություն՝ ՀՀ կառավարության ծխախոտի դեմ պայքարի շուրջ աշխատանքների ծրագրի հզորացման համար: Միացյալ Թագավորության, Նորվեգիայի և Ավստրալիայի կառավարությունները մեծահոգաբար միջոցներ են տրամադրել «ԾՊՇԿ 2030» ծրագրի համար:

Նմանատիպ Հոդվածներ

Ծխողների մոտ COVID-19-ով ուղեկցվող ծանր հիվանդություններով հիվանդանալու հավանականությունն ավելի մեծ է. ԱՀԿ

Սերինե

Ծխախոտի շուկայում գնաճ է սկսվել. «Ժողովուրդ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին