7 C
Yerevan
28 Նոյեմբերի, 2020
116771.2 By Google Analytics 27.11.2020
Գլխավոր » Ծնողը մտել է դասարան, հարվածել ուսուցչուհուն, երեխան խուճապահար վազել է տնօրենի հետևից. ՀԺ
թերթերի տեսություն

Ծնողը մտել է դասարան, հարվածել ուսուցչուհուն, երեխան խուճապահար վազել է տնօրենի հետևից. ՀԺ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Երեւանի Հովհաննես Հովհաննիսյանի անվան հ. 52 հիմնական դպրոցում շուրջ մեկ ամիս է՝ խաթարված է դասապրոցեսը: Պատճառն ամիսներ առաջ տեղի ունեցած իրադարձությունն է, որի պատճառով սրվել են դպրոցի 5-րդ դասարանի աշակերտներից մեկի մոր եւ մայրենիի ուսուցչուհի Հայկավարդ Դավթյանի հարաբերությունները: Այս ամենն այնքան է խորացել, որ երեկ դասապրոցեսի ժամանակ երեխայի մայրը քաշքշել, նույնիսկ հարվածել է ուսուցչուհուն:

Երեկ 5-րդ դասաժամին, երբ մայրենի լեզվի ուսուցչուհի Հայկավարդ Դավթյանը դեռեւս նոր էր ողջունել աշակերտներին եւ պատրաստվում էր նրանց տետրերը բաժանել, աշակերտներից մեկի ծնողը ներս մտնելով հայհոյանքներ է հասցրել մանկավարժի հասցեին, այնուհետեւ՝ քաշքշել, ճանկռել, իսկ վերջում ապտակել նրան:

30 աշակերտներ, որոնք ականատես են եղել այս տեսարանին, խուճապի են մատնվել: Դասարան մտած ծնողի տղան, որը եւս սթրեսային իրավիճակում է գտնվել, իջել է տնօրենի սենյակ ու կանչել նրան, որ կանխի իրավիճակը: Մինչ այդ ուսուցչուհու ճնշումն է բարձրացել եւ ստիպված կանչ է գրանցվել շտապօգնության ծառայություն, որը հանգստացնող դեղորայք է տվել ե՛ւ ուսուցչուհուն ե՛ւ երեխային:

Այդ օրը մայրն առավոտվանից է երեխայի հետ հաստատություն մտել՝ պատճառաբանելով, թե ցանկանում է մասնակցել դասապրոցեսին, տնօրենն էլ ընդառաջել է՝ փորձելով հարթել նրա եւ ուսուցչուհու մեջ՝ ավելի վաղ եղած տհաճ խոսակցությունը:

Ծնողի եւ վերոնշյալ մանկավարժի միջեւ հարաբերությունները սրվել են ամիսներ առաջ: Երեխայի մայրը դիմել է կրթական հաստատություն, որպեսզի աշխատանքից հեռացվի տվյալ դպրոցի մայրենիի ուսուցչուհին՝ նշելով, որ նա հարվածել է իրենց տղային: Երեխայի մայրը նաեւ դիմել է Երեւանի քաղաքապետարան, ՀՀ ոստիկանություն, սակայն հիմքեր եւ ապացույցներ չեն եղել՝ գործին ընթացք տալու համար: Ծնողը դեռ ամիսներ առաջ դպրոցում փորձել է հարվածել ուսուցչուհուն, սակայն անձնակազմը թույլ չի տվել:

Թե երբ է եղել այդ դեպքը, ինչ է իրականում տեղի ունեցել, պատասխանները հակասական են: Վերոնշյալ ծնողը քաղաքապետարանում ու ոստիկանությունում պատմել է, որ մանկավարժը ծեծել, ապա համոզել է երեխային, որ ոչինչ չպատմի: Մայրենի լեզվի ուսուցչուհի Դավթյանը մեր զրույցում կտրականապես ժխտեց դա, ասաց՝ երբեւէ ո՛չ հարվածել է տղային, ո՛չ էլ՝ վիրավորել:

Նրա կարծիքով՝ ծնողի քայլը վրեժխնդրություն է: Ինչպես պատմեց, անցած տարի լրացրել է երեխայի բացակայությունների 200 ժամը, նա մնացել է նույն դասարանում, որից հետո ոչինչ չի փոխվել, ու դարձյալ բացակայությունները հասել են անթույլատրելիի շեմին: Մի անգամ, երբ ծնողը դասից փորձել է տանել տղային, ուսուցչուհին հիշեցրել է, որ կարող է նույն խնդրին բախվել ու դժգոհել, որ հաճախ երեխան անպատրաստ է ներկայանում, այս ամենը կարծես թե դուր չի եկել ծնողին:

2 օր անց դպրոցում ամեն ինչ խաթարվել է, քաղաքապետարանից, ոստիկանությունից այցեր ու զանգեր են սկսվել: Ծնողը չի համաձայնել երեխային այլ դասարան տեղափոխել, այլ միայն պահանջել աշխատանքից ազատել ուսուցչին:

Դավթյանն իր աշակերտին ներկայացրեց հետեւյալ կերպ՝ նա այն մարդը չէր, որ որեւէ մեկը ձեռք բարձրացներ կամ դիտողություն աներ: Տղան ընկճվածություն ունի, քանի որ նույն դասարանում է մնացել, նաեւ՝ ճնշվածություն ծնողների կողմից:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Նմանատիպ Հոդվածներ

Հոգեբանական աջակցություն ուսուցիչներին, աշակերտներին և նրանց ծնողներին

Նատա Հարությունյան

ՀՀ-ում 1280 ուսուցիչ և 2426 աշակերտ ուսումնական տարին կսկսի հեռավար

Նատա Հարությունյան

Մեկնարկել է աշակերտներին, ուսուցիչներին և ծնողներին սոցիալ-հոգեբանական աջակցության տրամադրման ծրագիրը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին