14 C
Yerevan
20 Հոկտեմբերի, 2020
107203.2 By Google Analytics 19.10.2020
Գլխավոր » «Կարծես ուսուցիչների հետ մարտի դաշտում լինենք. վճարովի թեստավորվում են ու ասում՝ գնում ենք դպրոց». «ՀԺ»
թերթերի տեսություն

«Կարծես ուսուցիչների հետ մարտի դաշտում լինենք. վճարովի թեստավորվում են ու ասում՝ գնում ենք դպրոց». «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

Ուսուցչուհի Գ. Ա.-ն թեպետ մայիսին եղել է կորոնավիրուսով վարակված, սակայն հիմա էլ ուսուցչական անձնակազմի հետ թեստավորվելով պոլիկլինիկայում, ստացել է կորոնավիրուսի թեստի դրական պատասխան: Որոշել է եւս մեկ անգամ թեստավորվել մասնավոր լաբորատորիայում, եւ այստեղից ստացել է թեստի բացասական պատասխան:

Նրան, սակայն, չի թույլատրվում դպրոց գնալ՝ աշակերտների հետ առկա դասընթաց վարելու: Որպես կոնտակտավոր՝ ստիպված են ինքնամեկուսանալ նաեւ իր հարազատները: Ինչո՞ւ հաշվի չի առնվում երկրորդ՝ ժամանակագրորեն ավելի նոր թեստի պատասխանը, այլ նրան պարտադրում են ինքնամեկուսանալ. այս հարցով դիմեցինք Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Երեւան քաղաքի մասնաճյուղի տնօրեն Գայանե Գեւորգյանին: Նա, լսելով ուսուցչուհու մասին, նախ ասաց, որ ինքն առավոտից զանգեր է ստացել թե ուսուցչուհուց եւ թե նրա եղբորից, որ փորձել են ահաբեկել իրեն՝ դասի գնալու թույլտվություն ստանալու համար:

«Պոլիկլինիկան նմուշառում է անում, տանում լաբորատորիա, լաբորատորիան հետազոտում է, դրական արդյունքը գրանցվում է ArmMed համակարգում. եւ ամեն առավոտյան մենք համակարգից ստանում ենք դրական պատասխաններն ու սկսում ենք նշված օջախների հետ աշխատել: Դրական արդյունք ունեցողի հետ մենք գործ չունենք, նրան ավտոմատ մեկուսացնում է ArmMed համակարգը, մեր գործն օջախի հետ աշխատանքն է, որ կոնտակտավորները չգնան աշխատանքի, դպրոց, վարակը չտարածվի: Հիմա տիկինն ինձ առավոտից ահաբեկում է. ես իրեն ասել եմ, որ վիրուսը չի կարող Ձեզ մոտ հայտնաբերվել, եթե վարակված չլինեք. դա մարդու մեջ բնությունից չկա: Կարող է թեստի արդյունքը կեղծ բացասական լինել, բայց կեղծ դրական արդյունք անհնար է: Թեստն այնքան զգայուն չէ, որ տա դրական արդյունք. դա ռապիդ թեստ չէ, դա ՊՇՌ թեստ է, եւ եթե տալիս է դրական, ապա Առողջապահության նախարարությունն ընդունում է դրականը: Հիմա այս ուսուցիչը գնացել է Prom-Test լաբորատորիայում թեստավորվել է, պատասխանը եկել է բացասական: Հնարավոր է՝ վատ են նմուշառել կամ որեւէ այլ հանգամանք է եղել, չեմ կարող ասել՝ ինչու է բացասական եկել»,- ասաց Գեւորգյանը:

Նրա խոսքով՝ հիմա ուսուցիչներից շատերն են այդպես անում. «Մենք կարծես ուսուցիչների հետ մարտի դաշտում լինենք. գնում-վճարովի են հանձնում. ինչպես է լինում բացասական, չգիտենք, եւ ասում են՝ գնում ենք դպրոց: Հիմա բոլոր տնօրեններին զգուշացրել ենք, որ նախարարությունը հիմք է ընդունում Առողջապահության նախարարության կողմից կազմակերպված եւ համակարգում գրանցված դրական արդյունքները. այսինքն՝ անկախ նրանից դա մեր ռեֆերենտ լաբորատորիայի արդյունքն է, թե մասնավորի, մենք հիմքն ընդունում ենք դրականները (թե մասնավոր-վճարովի, թե ԱՆ-ի թեստերի պատասխանները մուտքագրվում են ArmMed- խմբ.)»:

Գեւորգյանը նշեց, որ ինքն էլ վարակվել է, եւ իր թեստերի պատասխաներն էլ դրական են եկել շաբաթներ շարունակ, վարակի տարածման պատճառով փակ է եղել նաեւ իրենց կենտրոնը, աշխատակիցներից մեկը թեստերի՝ շարունակաբար դրական պատասխաններ ստանալու արդյունքում հոգեկան գերլարված վիճակում է հայտնվել, հոգեբանի աջակցության կարիք ունեցել: «Մեր կենտրոնն այս օրերին այսպիսի կարեւոր ծառայություն է մատուցում, բայց փակվել ենք, որ վարակը չտարածվի, ուսուցիչներինն էլ է շատ կարեւոր աշխատանք՝ երեխաների հետ, ու պիտի վտանգը հաշվի առնեն: Հիմա, որքան էլ ուսուցիչն ինձ զանգի, ես չեմ կարող վախից այդ թեստի պատասխանը փոխել կամ հաշվի չառնել: Համակարգն ինձ չի ենթարկվում, եւ այդպես ճիշտ չէ»,- ասաց նա:

Հարցին, թե հնարավոր է, որ սա լինի կրկնավարակ, Գեւորգյան պատասխանեց, որ կարող է եւ լինի կրկնավարակ, կամ էլ այլ խնդիր, սակայն փաստը մեկն է, որ թեստավորման պահին մարդը եղել է վարակակիր:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին