Գլխավոր » Կա 2 «Էլոյան Արքիտեքտս»․ որտե՞ղ է կոռուպցիան
Գլխավոր Նորություններ

Կա 2 «Էլոյան Արքիտեքտս»․ որտե՞ղ է կոռուպցիան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ Սարհատ Պետրոսյանն օրերս մեղադրանքներ հնչեցրեց ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդական Ավետիք Էլոյանի հասցեին։ «Այսօր Ավինյանի խորհրդական հանդիսացող նախկին Քաղաքաշինության կոմիտեի ղեկավարը, որը Հայաստանում երբևիցե գործունեություն չի ունեցել, այսօր հանդիսանում է Հայաստանի խոշորագույն նախագծային կազմակերպության սեփականատերը, համակարգում է հսկայական ծավալի ներդրումային ծրագրեր, և իրեն պատկանող ընկերությունը անմիջապես ներգրավված է այս բոլոր գործընթացներում։ ․․․ինֆորմացիա է եղել, որ այդ պետական պաշտոնյան նախագծում է Հայաստանի ամենաբարձրահարկ շենքը: Դա փաստերով ապացուցված շահերի բախման երևույթ է, իսկ շահերի բախման երևույթը ես շատ հանգիստ կարող եմ վերաձևակերպել և ասել, որ դա կոռումպացվածության հասնող թայֆայականություն է»,- ասել էր Պետրոսյանը:

NewArmenia.am-ը Ա․Էլոյանին խնդրեց մեկնաբանել այս մեղադրանքները, սակայն վերջինս, նշելով, որ արդեն խոստացել է այսօր երեկոյան հարցազրույց տալ հեռուստաալիքներից մեկին, վստահեցրեց, որ մեր հարցերին կպատասխանի վաղը։

Ս․Պետրոսյանի մատնանշած ընկերությունը «Էլոյան Արքիտեքտս» ՍՊԸ-ն է։ ՀՀ պետռեգիստրում այն գրանցվել է այս տարվա մայիսի 24-ին։ Որպես հիմնադիր նշված է 1 անձ՝ Զարեհ Լևոնի Էլոյան։ Նա Ավետիք Էլոյանի եղբայրն ու հարևանն է՝ եղբայրներով բնակվում են Պուշկինի 60 հասցեի հարևան բնակարաններում։ Ֆորմալ առումով Ավետիք Էլոյանն այս ընկերության հիմնադիրը չէ։ Սակայն նա նույն անվամբ ընկերություն հիմնադրել է 2012 թ-ին ԱՄՆ-ում (San Francisco Bay Area, 3579 Terrace Way, Suite 27, Lafayette CA, 94549), որի կայքի գլխավոր էջում նշված է, որ Ավիկ Էլոյանի՝ Քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի պաշտոնում նշանակվելուց հետո «Էլոյան Արքիտեքտս» ՍՊԸ-ն Հայաստանի Հանրապետությունում այլևս չի ընդունում նոր ճարտարապետական նախգծերի պատվերներ՝ հնարավոր շահերի բախման պատճառով:

Մինչդեռ, երբ Երևանում ազդարարվեց 270 մետր բարձրությամբ, 71 հարկից բաղկացած «Անմոռուկ» բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցման մասին, հայտարարվեց, որ «Էլոյան Արքիտեքտս» ընկերությունը 2017թ. նոյեմբեր ամսից ընդգրկված է նախաներդրումային փուլի և ճարտարապետական կոնցեպցիայի (հայեցակարգի) մշակման աշխատանքներում: «Էլոյան Արքիտեքտս ընկերությունը մեկնարկվել է 2012թ․, հիմնադիրների գումարային փորձը ճարտարապետության և քաղաքաշինության մեջ գերազանցում է կես դարը։ Ընկերության նախագծված կառույցները իրականացվել են Հայաստանում, Գերմանիայում, Միացյալ Նահանգներում և Ռուսաստանի Դաշնությունում»,- ասվում էր այն ժամանակ տարածված հաղորդագրությունում։

Կարելի է ենթադրել, որ Ավետիք Էլոյանի ղեկավարած «Էլոյան Արքիտեքտսի» սկսած գործը շարունակում է նրա եղբոր՝ Զարեհ Էլոյանի հիմնադրած «Էլոյան Արքիտեքտսը»։ Սակայն, ինչպես մաթեմատիկայում գումարելիների տեղափոխությունից գումարը չի փոխվում, այնպես էլ եղբայրների «տեղափոխությունից» կոռուպցիոն ռիսկերը չեն վերանում և շահերի բախումն ակնհայտ է։ Սա արդեն պետք է պարզաբանի Ավետիք Էլոյանը։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին