15 C
Yerevan
1 Հոկտեմբերի, 2020
101872 By Google Analytics 30.09.2020
Գլխավոր » ԿԳՄՍ-ի երկարօրյայի նախագիծը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում․ առաջնահերթությունը պետք է տրվի սոցիալապես անապահով ընտանիքներին․կրթության փորձագետ
Այլ Լուրեր

ԿԳՄՍ-ի երկարօրյայի նախագիծը կոռուպցիոն ռիսկեր է պարունակում․ առաջնահերթությունը պետք է տրվի սոցիալապես անապահով ընտանիքներին․կրթության փորձագետ

NewArmenia.am-ի հետ զրույցում կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանն անդրադառնալով ԿԳՄՍ-ի կողմից հանրային քննարկման դրված՝ դպրոցներում երկարօրյա ուսուցման նախագծին՝ ընդգծեց, որ այն կարող է կոռուպցիոն ռիսկեր պարունակել։

«Նախագծում նշված է, որ անվճար երկարօրյայից օգտվում են կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող  և ցածր առաջադիմություն ունեցող երեխաները, իսկ մյուսների համար, կամ դպրոցն իր ֆինանսական միջոցներից է վճարում, կամ ծնողները։ Այսինքն մի մասի համար լինելու է անվճար, իսկ մյուս մասի համար լինելու է կամ դպրոցի բյուջեի հաշվին կամ ծնողի հաշվին»,-նախագծի խնդրահարույց դրույթը ներկայացրեց Սերոբ Խաչատրյանն ու հավելեց, որ այս մոտեցման մեջ խնդիրն այն է, որ դպրոցներում մինչև հինգերորդ դասարանի երկրորդ կիսամյակը թվանշան չկա, հետևաբար ինչպես է որոշվելու, թե ով է ցածր առաջադիմությամբ աշակերտը, և ինչպես է որոշվելու այն շեմը, որ օրինակ այս երեխան ունի ցածր առաջադիմություն, իսկ մյուսը՝ բարձր։

Նրա դիտարկմամբ ուսուցիչը կարող է ենթադրել և ասել, որ օրինակ՝ այս երեխաները թույլ են, բայց չափանիշը պետք է հստակ լինի՝ մինչև ինչքա՞ն թույլ, որովհետև մի դպրոց կարող է որոշել, որ երեսուն հոգի է թույլ, մի այլ դպրոց էլ որոշի, որ հիսուն հոգի է թույլ, և արդյո՞ք պետությունը պատրաստ է այդքան թվով երեխայի համար ֆինանսավորում հատկացնել։

«Ճիշտ կլիներ երկարօրյան ներառված լիներ դպրոցի բյուջեում և դրա համար լրացուցիչ գումարներ չգանձվեին։ Շատ կարևոր է նաև, որ անապահով խավի երեխաները կարողանան ներգրավվեն երկարօրյայի անվճար խմբերում, որովհետև երեխան կարող է ունենալ ցածր առաջադիմություն բայց լինել սոցիալապես ապահովված։ Հիմա եթե երեխան անապահով ընտանիքից է և ունի բարձր առաջադիմություն մենք իրեն վճարովի՞ ենք վերցնելու։»,-նշեց փորձագետը

 Նրա խոսքով հենց առաջին հերթին կարող է անապահով ընտանիքի բարձր առաջադիմություն ունեցող երեխան կարիք ունենա անվճար երկարօրյա ծառայության, իսկ մեկ այլ երեխա կարող է լինել հարուստ ընտանիքից, բայց ցածր առաջադիմությամբ և ստացվում է ինքն օգտվելու է երկարօրյայի անվճար ծառայությունից, իսկ անապահով ընտանիքի երեխան՝ ոչ։

«Առաջադիմության փոխարեն առաջնային պետք է լինի նաև սոցիալական վիճակը, և կարգը պետք է ուղղված լինի անապահով ընտանիքներին, որովհետև հենց իրենք են անվճարունակ և առաջին տեղում պետք է լինի ընտանիքի սոցիալական վիճակը և ոչ թե առաջադիմությունը»,-շեշտեց Սերոբ Խաչատրյանը։

Նա նաև ընդգծեց, ոչ ցածր առաջադիմությաբ երեխաներին անվճար երկարօրյայի ծառայությունից օգտվելու հնարավորություն տալը կարող է կոռուպցիոն ռիսկեր առաջացնել, հաշվի առնելով, որ չկա թվանշան, և հնարավոր է ուսուցիչը բնութագիր տա, որ տվյալ աշակերտը ցածր առաջադիմություն ունի և  կարող է անվճար օգտվել երկարօրյա ծառայությունից։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, կարևորելով երկարօրյա ուսուցումը, նշեց, որ հիմա աշխատող ծնողների թիվը կտրուկ մեծացել է, ինչպես նաև առանձին ապրող ընտանիքների թիվը՝ հետևաբար երկարօրյան շատ ընտանիքների համար մեծ նշանակություն ունի, բայց նաև հավելեց, որ շատ ավելի լավ տարբերակ է, որ երեխային տանն օգնեն, քան երկարօրյա խմբակներում․ «Կան նաև միջազգային հետազոտություններ, որոնք առանձնապես չեն խրախուսում, որ երեխան շատ երկար մնա դպրոցում, որովհետև այդ դեպքում երեխան կտրվում է բակից, ընտանիքից»։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Ինչո՞ւ չէր կարելի աստիճանաբար բացել դպրոցները. իսկ դասամիջոցների առկայությունը պարտադիր է․ Սերոբ Խաչատրյան

Նատա Հարությունյան

Մրցույթին զուգընթաց կայացված որոշումը չի ենթադրում մրցույթի կասեցում կամ որոշման չեղարկում․ ԿԳՄՍՆ

Սերինե

Սովորելու մոտիվացիան կարող է նվազել ԿԳՄՍ-ի նոր նախագծի ընդունմամբ․ փորձագետ

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին