7 C
Yerevan
24 Հոկտեմբերի, 2020
108147.2 By Google Analytics 23.10.2020
Գլխավոր » Կողմերի դիրքային բարելավումները չպետք է խանգարեն բանակցություններին․ Սոս Ավետիսյան
Այլ Լուրեր

Կողմերի դիրքային բարելավումները չպետք է խանգարեն բանակցություններին․ Սոս Ավետիսյան

NewArmenia.am-ը զրուցել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանի հետ։

— ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առաջարկում են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին հանդիպել, և նպատակ ունեն «առանց նախապայմանների»  լուրջ առարկայական բանակցություններ ունենալ։ Որքանո՞վ է հավանական այս հանդիպումը՝ հաշվի առնելով այն, որ տավուշյան իրադարձություններից  հետո այդպես էլ կողմերը չհանդիպեցին։

— Հստակ ասել, թե Հայաստանի ու Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարների հանդիպումը երբ կկայանա, կամ կկայանա, դժվար է, սակայն, կարծում եմ, որ անկախ բոլոր իրադարձություններից՝ բանակցությունները պետք է շարունակվեն, քանի որ բանակցությունն ավելի նախընտրելի է պատերազմից։ Առանց որևէ նախապայմանների ձևակերպումը կողմերը տարբեր կերպ են հասկանում, բայց մենք հասկանում ենք այնպես, որ Ադրբեջանը չպետք է խոսակցությունը սկսի իր նախապայմաններով, սպառնալիքներով։

— Բանակցություններում հիմնականում նախապայմաններն առաջ է քաշել Ադբեջանը։ Այս ձևակերպումը կարո՞ղ ենք Ադրբեջանին ուղղված մեսիջ ընկալել։

— Այո, կարող ենք ընկալել Ադրբեջանին ուղղված մեսիջ, բայց կարող ենք ընկալել նաև, որ ժամանակն է նստել ու խոսել, քանի որ նախապայմաններով բանակցային գործընթաց տեղի չի ունենում։ Դժվար է ասել՝ նախարարների հանդիպումը տեղի կունենա, թե ոչ, բայց  չպետք է նաև մոռանանք, որ Ադրբեջանը նոր ԱԳ նախարար ունի ու պետք է հասկանա բանակցությունների ամբողջ էությունը։ Կարծում եմ, ի վերջո, հանդիպումը կկայանա, բայց երբ՝ դժվար է ասել։

— Համանախագահները  նշել էին, որ  լուրջ առարկայական բանակցություններ պետք է լինեն։ Արդյոք ՄԽ-ն նկատի ունի՞, որ պետք է սկսել բուն բանակցությունները, այլ ոչ թե տարածաշրջանի կայունության հարցը։

—  Անվերջ կարելի է խոսել բուն բանակցային պրոցեսի մասին, առարկայական խոսել, սակայն դրա համար համապատասխան միջավայր է հարկավոր, քանի որ առանց համապատասխան միջավայրի բանակցությունները որևէ տեղ չեն տանի։ Կարևոր է անվտանգության ու փոխվստահության մեխանիզմների ներդրումը, կրակի մոնիթորինգը, ուղիղ կապը, որոշակի փոխայցելությունները, օրինակ՝ լրագրողների և այլն, քանի որ սրանք հանդիսանում են հակամարտության խաղաղ հանգուցալուծման կարևոր մեթոդներ։ Այսինքն՝ այս հարցերն էլ կարող են տեղավորվել առարկայական բանակցությունների մեջ։ Անվտանգությունը, ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցը, ստատուս քվոյի հարցը և այլն, սրանք բոլորը բուն բանակցության թեմաներ են։

— ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը որոշ ժամանակ առաջ նշեց, որ ՀՀ-ն ունի երկու առաջնայնություն՝ Լեռնային Ղարաբաղի՝ «առանց սահմանափակումների» ինքնորոշման իրավունքի ճանաչում և անվտանգության համաձայնագրեր, որոնք կկանխարգելեն ռազմական գործողությունների վերսկսումը։ Ի՞նչ է նշանակում առանց սահմանափակումների, սա  նո՞ր թեզ է։

— Ինչ-որ առումով նոր թեզ է, բայց ինչ-որ առումով՝ ոչ, որովհետև Արցախի ինքնորոշման իրավունքն՝ իր ինքնորոշումից ի վեր, ՀՀ ու Արցախի բոլոր իշխանությունները պաշտպանել են, իսկ անվտանգության որոշակի երաշխիքները լինում են պայմանագրերի, անվտանգության միջոցառումների տեսքով և այլն։ Ցայսօր գործում է 1994 թ․-ի պայմանագիրը. այն անժամկետ է, այսինքն՝ սա է դեռևս մեր ունեցածը։ Իհարկե, այն մեկ-մեկ խախտվում է, բայց չի կորցնում արդիականությունը, քանի որ, ի վերջո, ռազմաքաղաքական բալանսն է որոշում պայմանագրերի էությունը։

— Որոշ ժամանակ առաջ BBC-ի ադրբեջանական ծառայությունը գրել է, որ Ադրբեջանի սահմանամերձ գյուղերում ու առաջնագծում ռազմական նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։ Այս ֆոնին բանակցություններն ինչպե՞ս եք պատկերացնում։

— Ադրբեջանը գրեթե միշտ  է պատրաստվում պատերազմի, նրանց ո՛չ հռետորիկան է փոխվել, ո՛չ  գործողությունների տրամաբանությունը։ Դրական կարևոր պահեր եղել են, սակայն սրա հետ մեկտեղ ՀՀ ու Արցախի ԶՈւ-ն  իրենց առաջ դրված զինվորական ու մարտավարական խնդիրներն իրականացնում են բարձր մակարդակով, այսինքն՝ մեր կողմից էլ դիրքերի բարելավումը շտաբային աշխատանքներ են, իսկ սրանք չպետք է խանգարեն բանակցություններին։ Բանակցությունները պետք է տեղի ունենան, ու մենք պատրաստ պետք է լինենք տարբեր երկրների հետ բանակցության։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի սահմանամերձ գյուղերին, բնակիչների վախին, ասեմ, որ Ադրբեջանի իշխանություններն այդպես էլ չհասկացան, որ իրենք միայն հայ ժողովրդի դեմ չեն պայքարում, այլև պայքարում են  սեփական ժողովրդի դեմ, ինչը շատ վտանգավոր է։ Վստահ եմ՝ հայկական ԶՈւ-ն պատրաստ է իրականացնել իր առջև դրված խնդիրները, կարող է շատ լավ պաշտպանվել ու հետ մղել հակառակորդին։ Լիահույս եմ, որ ադրբեջանական կողմը որևէ սադրանք չի անի ո՛չ ՀՀ-ի, ո՛չ Արցախի սահմաններին։

— Ադրբեջանը «մարսել է» տավուշյան իրադարաձությունների արդյունքները։

— Չեմ կարծում, որ այս « մարսողությունը» հեշտ  է տրվում, քանի որ կան վերադասավորումներ, վերլուծություններ իրենց կողմից ու հաստատ թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական առումով  մտածում են։ Մենք այս ամենի նկատմամբ պետք է շատ ուշադիր լինենք։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանը չէր սպասում միջազգային հանրության կողմից նման արձագանքների սահմանային լարվածության վերաբերյալ․Սոս Ավետիսյան

Սերինե

Մոսկվան՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկիր, պետք է աշխատի կրակի դադարեցման մշտադիտարկման թիմերի մեծացման ուղղությամբ․ պատգամավոր

Սերինե

«Դրսից օգնության կարիք Հայաստանի Հանրապետությունը դեռ չունի»․ Սոս Ավետիսյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին