14 C
Yerevan
29 Մարտի, 2020
50760 By Google Analytics
Գլխավոր » Կոնյակի արտադրության համար նախատեսված պետական տուրքն ամբողջությամբ անհեթեթություն է, այն խախտում է միասնական հարկման սկզբունքը․ Արտակ Քամալյան
Գլխավոր Նորություններ

Կոնյակի արտադրության համար նախատեսված պետական տուրքն ամբողջությամբ անհեթեթություն է, այն խախտում է միասնական հարկման սկզբունքը․ Արտակ Քամալյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Մարտի 19-ին մենք ունեցանք մի շատ զարմանալի և հետաքրքիր կառավարության նիստ։ Կոնյակի արտադրության համար պետական տուրքը նվազեցնելու, կամ, ասել է թե, այն հանելու միանգամայն պարզ հարցը հարուցեց կես ժամ տևած բուռն քննարկում, որին իրենց հերթին մասնակցեցին կառավարության տնտեսական բլոկի գրեթե բոլոր անդամները, և ոչ միայն։ Բանից անտեղյակ քաղաքացու մոտ հարցի ավարտին կարող էր այնպիսի տպավություն ստեղծվել, որ խնդրի վերաբերյալ ամենատեղեկացվածը իրականում հենց վարչապետն է։ Հարցը շատ կարևոր է ինձ համար, և այն գտնվում է իմ ուշադրության կենտրոնում, քանզի զբաղեցնելով ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնը (գյուղատնտեսության ոլորտի համակարգող) հարցը եղել է իմ ուղիղ համակարգման ներքո։ Ինքս բազմիցս հանդիպել եմ գործարար շրջանակների հետ, և քննարկել այս հարցը։ Քաջ գիտակցելով, թե ինչ կարևոր է այս խնդիրը թե՛ գյուղատնտեսության, թե՛ ընդհանուր տնտեսության համար՝ կցանկանայի, որ այն հասնի իր տրամաբանական ավարտին։ 

Փորձենք հարցին մոտենալ նախ հարկման բուն էության տեսանկյունից՝ այս հարկատեսակը (տուրքը) ամբողջությամբ անհեթեթություն է, այն խախտում է միասնական հարկման սկզբունքը, և, ինչը կարևոր է, այն չի կատարում հարկման հիմնական գործառույթներից և ոչ մեկը՝ ո՛չ ֆիսկալ, ո՛չ կարգավորող և ո՛չ էլ կառավարող։ Փոխարենը, այս տուրքի տեսակը կատարում է մի լրիվ այլ՝ արգելող գործառույթ։ Ի դեպ կառավարության նիստի ընթացքում նախագծին դեմ արտահայտվողները նույնիսկ չթաքցրին, որ այդ տուրքը ընդունվել է նախկին իշխանությունների կողմից զուտ նրա համար, որպեսզի դաշտից դուրս շպրտեն փոքր արտադրություններին, և որ նրանք չընկնեն, այսպես կոչված, լուրջ, մեծ և «իրական» կոնյակ արտադրողների ոտքերի տակ ու չխանգարեն այս «մեծ» մարդկանց։

Երկրորդը՝ այս տուրքը ոչ մի կապ չունի կոնյակի և կոնյակի սպիրտի ապօրինի շրջանառության հետ։ Բոլոր մասնագետները գիտեն, որ փոքր և/կամ միջին արտադրողն անգամ օբյեկտիվ պատճառներով, չի կարող զբաղվել ոչ օրինական շրջանառությամբ։ Նրանք ուղղակի չունեն ապօրինի շրջանառության համար պահանջվող ո՛չ գումար և ո՛չ էլ ծավալ։ Այո՛, ինչ խոսք, միանշանակ պետք է ներդրվի հստակ հետագծելիություն ապահովող գործուն համակարգ՝ խաղողի այգուց մինչև ցանկացած շիշ։ Ընդ որում, այս հետագծելիության համակարգն ամենից առաջ հարկավոր է հենց այն արտադրողների համար, որոնց տարիներ շարունակ նախկին իշխանությունները պաշտպանում էին «մանր ավազակներից»։

Երրորդ․ բավականին զարմանալի է, որ կոնյակի արտադրման համար գործող 10 մլն․ դրամ տուրքը հանել չցանկացողները գլխի չէին ընկնում, որ կոնյակի փոքր և սկսնակ արտադրողը խոշորի հետ մրցակցելու միայն մի եղանակ ունի՝ արտադրել հնարավորինս որակյալ արտադրանք։ Մանր արտադրողի ինքնարժեքն օբյեկտիվ պատճառներով ավելի բարձր է, հետևաբար նրա ապրանքի շուկայական արժեքն էլ է բարձր լինելու, և հետևաբար, միայն բարձր որակ ապահովելով, նա կարող է գտնել շուկայում իր ուրույն տեղը։

Եվ վերջում, բայց ոչ վերջինը՝ վարչապետը նույն նիստի ընթացքում նշեց, որ ազնիվ հայկական ձեռնարկատերերն են հանդիսանում տնտեսության շարժիչ ուժը։  Հիշեցնեմ նաև, որ հենց նման ազնիվ ձեռնարկատերերն էին այս հարցը բարձրացրել անցյալ տարի վարչապետի հետ հանդիպման ժամանակ։ Հավելեմ, որ հենց փոքր և միջին ձեռնարկություններն են հանդիսանում ՀՀ տնտեսության կայունության հիմքը։ Հաշվի առնելով վերոթվարկյալ հանգամանքները՝ կառավարության նիստի ընթացքը որոշ հարցեր է առաջացնում։

Երևանում իմ աշխատանքի ընթացքում հանդիպել եմ բազմաթիվ խաղողագործների։ Ավելորդ է ասել, որ գինու որակի բարելավման հարցում ունենք նշանակալի առաջընթաց՝ մեր գինիները մեկը մյուսի հետևից մրցանակներ են բերում ամենահեղինակավոր ցուցահանդեսներից։ Նույն այդ գործարանները, որոնց մեծ մասը փոքր ու միջին ձեռնարկություններ են, իրենց կարողությունների ընդլայնման, ֆինանսական կայությունը, արտաքին շուկայում ապրանքի բազմազանությունն ապահովելու նպատակով կարիք ունեն ընդլայնելու տարբեր մրգերից և մասնավորապես խաղողից ստացված արտադրանքը։ Նրանցից շատերը արատադրում են մրգային բրենդիներ, որոնք, նաև հաշվի առնելով հայկական մրգի բարձր որակը՝ լավագույներից են աշխարհում։ Նրանցից շատերը, իսկ ինձ հետ հանդիպած՝ բոլորը, հարց են բարձրացնում․ ինչու՞ մենք պետք է վարկ վերցնենք, որպեսզի մթերենք (պատրաստենք) խաղողից ստացված մեկ այլ նյութ։ Քաջատեղյակ լինելով, որ դա տուրքի ներդրումը արվել է նախկինում և հայտնի պատճառներով, նրանք տարակուսում են, թե ինչու՞ խտրական այդ միջոցը մինչև հիմա վերացված չի։ Կարծում եմ ժամանակն է, որ այս հարցերին մենք տանք ամենատրամաբանական պատասխանը։

Արտակ Քամալյան

Նմանատիպ Հոդվածներ

Կոնյակի արտադրության մասին նոր նախագիծը բազում հարցեր է առաջացնում. մեկնաբանում են մասնագետները

Սերինե

Որոշ տնտեսվարողներ կոնյակի սպիրտը վաճառել են տեղական արտադրանքի անվան տակ. «Ժողովուրդ»

Սերինե

ՏՄՊՊՀ-ն հրապարակել է կոնյակի շրջանառության ոլորտի ուսումնասիրության արդյունքները

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին