16 C
Yerevan
5 Ապրիլի, 2020
52929 By Google Analytics
Գլխավոր » Կորոնավիրուսը եւ ստալինյան ռեպրեսիան. Ամայության հանրագիտարան
Գլխավոր Նորություններ

Կորոնավիրուսը եւ ստալինյան ռեպրեսիան. Ամայության հանրագիտարան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Կորոնավիրուսը կաթվածահարել է աշխարհը: Այն ոչ միայն տնտեսական հետեւանքներ կունենա, այլեւ՝ վարքաբանական: Ընդհանրապես, համաճարակներն իրենց վրա են վերցնում էությունների կարգավորումը, հենց մարդը դառնում է գազան: Ինչպես ասում են՝ սեպը սեպով են հանում: Սա հասկանալի է:

Սկզբում մարդիկ մեկուսանում են, հետո սկսում են գնահատել այն մտերմությունը, որ կար մինչ այդ: Համաճարակն իր բնույթով նման է մեկի բանակ գնալուն, մյուսի՝ արտագաղթելուն, երրորդի՝ խոպան գնալուն: Բաժանումը համաճարակի բնավորությունն է: Ժամկետների կարգավորումը մարդկանց ուժերից վեր է: Մարդիկ կարող են վերահսկել տարածումը: Բայց մինչ այդ համաճարակն իր կարգավորումներն է մտցնում մարդկանց հարաբերություններում: Իհարկե, համաճարակը ենթադրում է մահեր: Բայց մահն ամենուր է՝ ե՛ւ բանակում, ե՛ւ խոպանում, ե՛ւ արտագաղթից հետո: Ուղղակի այդ իրավիճակներում մարդը բնական կամ չենթադրվող հանգամանքների զոհ է: Այս դեպքում նույնիսկ շունչդ ես պահում՝ տեսնելու համար՝ այն քեզ կգտնի՞, թե՞ ոչ:

Համաճարակի մեջ դու ավելի պոտենցիալ զոհ ես, քան կյանքի մնացած բոլոր հանգամանքներում: Նույնիսկ պատերազմից կարելի է խուսափել փախչելով: Համաճարակը, հատկապես պանդեմիայի մեջ, քեզ դարանակալում է ամենուր: Իր էությամբ համավարակը նման է ստալինյան ռեժիմի 37-38 թվականների մթնոլորտին: Այն ժամանակ պետությունը հայտարարել էր, որ պայքար է սկսում «ժողովրդի թշնամիների» դեմ: Ոչ ոք չգիտեր, թե հատկապես ովքեր են այդ թշնամիները: Վարակի «աղբյուրը» հայտնի էր՝ Տրոցկի-Բուխարին-Կամենեւ: Մնացածը վարակվածներն էին: Վարակվածների հասցեն եւ անունները որոշում էր պետությունը: Սեւ «վառոնկա»-ներն ամեն իրիկուն մոտենում էին ինչ-որ մեկի բնակարանին եւ մարդկանց տանում անհայտ ուղղությամբ: Ոմանց գնդակահարում էին, ոմանց՝ աքսորում, միայն քչերին վերադարձնում էին, եթե նրանց հաջողվում էր կամավոր «վարակել» եղբորը, մորը, հարեւանին:

Վարքաբանությունը նույնպես նման է՝ այն ժամանակ մարդիկ խուսափում էին անկեղծ լինել միմյանց հետ, պարզ չէր, թե քո որ մտքի մեջ է թաքնված «վարակը», որ կարող է հայտնի դառնալ իշխանություններին: Մարդիկ, մի խոսքով, կասկածում էին իրար, եւ՝ պաշտպանվելու ոչ մի միջոց: Հիմա էլ մարդիկ կասկածում են իրար, պաշտպանվում են դիմակներով կամ ալկոգելով: Այստեղ ռեպրեսիան թաքնված է յուրաքանչյուրի մեջ առանձին-առանձին:

Այս վարակը բացառում է մտերմությունը, մարդիկ օրերով, շաբաթներով, գուցե պարզվի՝ նաեւ ամիսներով տանն են: Այս վարակը չի խանգարում կարդալ, ֆիլմեր նայել, շփվել ընտանիքի անդամների հետ: Բայց մտերմության սահմանները ժամանակավորապես ընդգծված են: Ստալինյան ռեպրեսիաները երեխաներին որբացնում էին, կորոնավիրուսը փոքր-ինչ «մարդասեր» է, նույնիսկ տանը փակված կենդանիներն ավելի շատ են շփվում իրենց տերերի հետ: Ամայությունը վերաբերում է քաղաքին: Մարդկանց հոգիներում ամայություն չկա, նույնիսկ եթե բոլորը կասկածում են բոլորին: Ստալինյան ռեպրեսիաների տարիներին ամայությունը հենց մարդկանց հոգիներում էր, որովհետեւ մարդը, թեկուզ ակամա, բայց մատնիչ էր:

Երկու վարակների միջեւ ընդհանուր է մահը, հարցն այն է, թե ով որ պահին է «կոտրվում»: Կորոնավիրուսը, ի տարբերություն ստալինյան ռեպրեսիաների, մարդուն զրկում է իր հիմնական անելիքից՝ աշխատանքից: Կարանտինը բոլորին փակել է մի հարկադրանքի մեջ՝ տնից դուրս չեք գալիս, դուք նաեւ մյուսներն եք, ռիսկի մի ենթարկեք մյուսներին, «ոչ մի մարդ կղզի չէ»: Ստալինյան ռեպրեսիաների ժամանակ բոլոր «վարակվածները» պարտավոր էին իրենց «մեղքը» քավել ոչ միայն մահով, այլեւ պետության համար աշխատելով: Աշխատանքը հարկադրաբար էր, մարդիկ մեկուսացված էին հենց աշխատանքով, այն տարբերությամբ, որ դրա համար մի գրոշ անգամ չէին վարձատրվում:

Կորոնավիրուսն ի հայտ է բերում փրկիչների, հանձին բժիշկների, մարդիկ ունեն երախտագիտության հասցեներ, ոմանք դառնում են ավելի հավատացյալ (ինչը հետապնդվում էր ռեպրեսիայի տարիներին), ոմանք, ընդհակառակը՝ Աստծուն դնում են մի կողմ, հատկապես, երբ հարազատ է մահանում (թեպետ այն մահն էլ կարող է «սադրել» Աստծո «աշխուժացումը» հարազատին կորցրածի հոգում), ստալինյան ռեպրեսիայի ժամանակ փրկիչներ չկային․ եթե պետությունը մեղադրում էր, դու կորած էիր: Կամ՝ փրկիչը հենց Ստալինն էր, որն անձամբ էր որոշում՝ Բուլգակովին կամ Պաստեռնակին մատով չդիպչել, Ախմատովային հանգիստ թողնել, նրա ամուսնուն սպանել, որդուն ուղարկել Սիբիր, Շոստակովիչին դարձնել ինքնածաղրի թեմա, Չարենցին ու Բակունցին՝ սպանել: Կորոնավիրուսը կարող է անել «նույնը», բայց առանց դեմքերը ցուցակագրելու: Կորոնավիրուսը նույնպես հեղինակություններ չի ճանաչում, կորոնավիրուսին հեղինակությունների քծնանքը պետք չէ, ինքը ձեզ կգտնի՝ առանց լուրջ պահանջների: Ձեզնից «պահանջվում» է դեմքով չիմանալ «մատնիչին»:

Սրանցից ո՞րն է ավելի վտանգավոր, եթե հաշվի առնենք, որ ստալինիզմը նույնպիսի վարակ է եւ ցանկացած պահի կարող է պատուհասել: Կորոնավիրուսը խփում է աշխարհի տնտեսությանը եւ հարցականի տակ դնում քո գոյությունը, ստալինիզմը տնտեսությանը չի խփում, ընդհակառակը՝ առավելագույնն է ստանում մարդկանց ձերբակալելուց եւ փող էլ չի տալիս: Սակայն ստալինիզմն ագրեսիա է մարդու որակների հանդեպ, որը վարակված է մնում նույնիսկ ռեպրեսիաները հաղթահարելուց հետո, երբ դրանց հետքն էլ չկա: Կորոնավիրուսը, հետեւաբար, պակաս վտանգավոր է, քանզի, թեպետ յուրաքանչյուրը կասկածում է յուրաքանչյուրին, այն մարդու ներսը չի ամայացնում: «Վայելեք»: Ուղղակի հետեւեք առողջապահության նախարարության եւ բժիշկների խորհրդին:

Մհեր ԱՐՇԱԿՅԱՆ

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին