27 C
Yerevan
11 Հուլիսի, 2020
83942.4 By Google Analytics 10.07.2020
Գլխավոր » Կորոնավիրուսի դեմ պայքարը հակաահաբեկչական պայքար է․ Մհեր Արշակյան
Քաղաքականություն

Կորոնավիրուսի դեմ պայքարը հակաահաբեկչական պայքար է․ Մհեր Արշակյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ամեն օր և նույնիսկ օրվա մեջ մի քանի անգամ իշխանությունը և վարչապետն անձամբ կոկորդ են պատռում՝ դիմակ հագեք, լվացվեք կամ մնացեք տանը։ Ո՞ւմ են ասում։

Հայաստանում մարդկանց մեծ մասին այս ամենն ասելու կարիք չկա, նրանք այնքան օրինավոր են, որ վարչապետին թույլ էլ չէին տա մտածել, թե իրենք օրենքներին ենթարկվող չեն, նրանք ամեն օր դիմակով են, ամենուր օգագործում են ալկոգել կամ հնարավորության դեպքում տանն են։ Այսինքն, Հայաստանի մոտ 90 տոկոսն այսպես թե այնպես կրում է դիմակ, պահպանում է ֆիզիկական հեռավորություն, լվացվում է անվտանգության նկատառումներով և դրանցից անկախ կամ մնում է տանը։

Ուրեմն ինչո՞ւ է վարչապետը օրվա մեջ հաճախ երկու-երեք ժամը մեկ ասում նույն բանը, երբեմն հիշեցնելով, որ մենք անցնում ենք դժոխքի միջով։ Հեղափոխությանը և անձամբ նրան հավատացող ինչ-որ մա՞րդ է մնացել, որ թքած ունի դիմակների և անվտանգության այլ կանոնների վրա։ Ինքը կողմնակից ունի, որը հավատում է չիպավորվելու՞ն։ Ոչ։ Բայց կան մարդիկ, ու նրանք քիչ չեն, մի քանի տասնյակ  հազար հոգի, որոնք կամ օրգանական փնթիությունից, կամ ծուլությունից կամ էլ հենց դիտավորությամբ կորոնավիրուսի տարածմանը խոչընդոտող միջոցառումներից ոչ մեկը չեն անում։ Այդպիսիններից մեկի հետ ոստիկանությունը վարվեց շատ կոշտ՝ թևերը ոլորեց, պառկեցրեց գետնին ու հետո տարավ բաժին։ Ընդդիմությունը, մասնավորապես ԼՀԿ առաջնորդ Էդմոն Մարուքյանը սա ծանր տարավ։ ԱԺ ամբիոնից նա վարչապետին «հիշեցրեց», որ ոստիկանությունն ուժային կառույց չէ, այլ՝ իրավապահ։

Բանն այն է, որ ոստիկանությունն իրավապահ է, երբ արտակարգ դրության պահանջների խախտումը դիտավորություն չէ, բայց հենց այն դառնում է դիտավորություն, ոստիկանությունն օրինաչափորեն դառնում է ուժային։ Որովհետև առանց դիմակ փողոց դուրս եկած մարդը ըստ էության զինված մարդ է, նրա հետ վարվում են ուժով։ Ովքե՞ր են այդ մարդիկ, որոնք հենց նպատակային փողոց են դուրս գալիս առանց դիմակի և նույնիսկ ուրիշներին կոչ են անում դիմակ չկրել։ Սրանք Փաշինյանին չսիրողներն են։ Այսինքն, «ընդդիմադիրները»: Նրանք կորցրել են Փաշինյանի դեմ պայքարում հաջողության հասնելու բոլոր զենքերը, և այդ զենքերից մնացել է միայն «կենսաբանականը»:

Հասկանո՞ւմ եք, այսօր Փաշինյանին ընկալել որպես մեկը, որին չսիրելու պատճառով ամեն ինչ պետք է անել ի հեճուկս նրա, նշանակում է դառնալ ահաբեկիչ։ Որովհետև նա ասում է` դիմակ հագեք, դու առանց դիմակի դուրս ես գալիս փողոց, բնականաբար դառնում ես ահաբեկիչ։ Ահաբեկչի հետ ինչպե՞ս են վարվում ուժայինները։ Սա հայտնի է ամբողջ աշխարհում։ Ահաբեկիչը չի մտածում ուրիշի մասին, նա ունի իրավունքներ միայն իր արարքը ֆիքսելուց ու դրա դեմ իրականացված միջոցառումներից հետո։

Ահաբեկչությունն այն է, որ դու փողոց ես դուրս գալիս առանց դիմակ՝ իմանալով, որ դա վտանգավոր է, որովհետև ոչ ոք չի կարող ասել, որ դու վարակակիր չես: Ուրեմն ինչպե՞ս վարվել մարդու հետ, որը գիտի, որ չի կարելի, որին ասել են, որ դիմակը փրկում է մյուսներին քեզնից, բայց առանց դիմակի է դուրս գալիս փողոց: Ճիշտ է, նրա նկատմամբ իրականացնում են հակաահաբեկչական գործողություններ: Իսկ այդպիսի գործողություններն արվում են առանց ձևականությունների, ասֆալտին փռելով: Գերմանացիները հենց այդպես էլ վարվեցին: Այսօր խոսում են վարակը գրեթե հաղթահարելու մասին: Այսօր վարչապետը և իշխանությունը հասարակության գիտակից հատվածին ահաբեկիչներից պաշտպանելու առաքելություն ունի: Միայն ահաբեկչին մեկուսացնելուց հետո կարելի է մտածել նրա իրավունքների մասին: Միևնույն է, ընդդիմությունը ասելու է, որ կառավարությունն է մեղավոր վարակի ծավալների մեծացման համար: Նույնիսկ եթե ընդդիմությունն է իրական մեղավորը: Ուրեմն ի՞նչ անել: Պետք է նայել Սահմանադրության համապատասխան հոդվածը կյանքի իրավունքի մասին: Ու վարվել ըստ այդմ:

Մհեր Արշակյան

Նմանատիպ Հոդվածներ

Շիրակի մարզում հուլիսի 10-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք

Սերինե

Վարչապետը գրառում է արել

Սերինե

Կորոնավիրուսի 489 նոր դեպք կա

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին