-1 C
Yerevan
26 Նոյեմբերի, 2020
116102.4 By Google Analytics 25.11.2020
Գլխավոր » Կռվից ուշացած հերոսները
Գլխավոր Նորություններ

Կռվից ուշացած հերոսները

Ակնհայտորեն այս պատերազմը ոմանց քիթը լավ չի տրորել, նրանք էլի են ուզում կռվել, ջոկատներ են հավաքում, live են մտնում: Ոնց որ թե ցեղի հետ գործ ունենք: Պետության մեջ, ուրեմն, ցեղ կա: Ու ի՞նչ են ասում նրանք` Քելբաջարը պետք է պահել: Ինչպե՞ս: Պատերազմն ավարտվել է տղաներ: Հարցրեք ձեր մայրերին, ձեր սիրած աղջիկներին: Նրանք ինֆորմացիոն հոսքը հընթացս են անգիր անում: 

Այո, քաոս կա, այո, մարդիկ նույնիսկ հարազատների դիերն են արտաշիրմում ու բերում, եկեղեցին էլ ավետում է, թե Դադիվանքը ռուսները կպահեն: Ու ոչ մեկը ոչինչ չի հասկանում: Բայց դուք ու՞մ վրայով եք ձեր կռիվն անելու, տղաներ, և ինչու՞ այդ կռիվը չարեցիք, երբ ձեզ խնդրում էին, աղաչում էին գալ ճակատ ու պահել Շուշին, Հադրութը: Չեք արել, չէ՞: Որովհետև խաղաղության հարմարավետությունը դեմներդ քցած` հեշտ է խոսել պատերազմելու, փրթել-թափելու, թուրքի մաման լացացնելու մասին: Վերջացավ պատերազմը, տղաներ: Ու այն վերջացավ հակառակի պես այն ժամանակ, երբ դուք տեղեկացաք, որ ձեր հարմարավետության հակառակ ծայրում մարդիկ են զոհվում: Ու դուք արդեն չէիք կարող էդ համընդհանուր մսաղացի մի մասնիկը լինել: Վարչապետի կինը կարող էր, դուք չէիք կարող: 

Այս պատերազմը մեր խայտառակությունն էր: Ու դա նաև նրանց պատճառով, որոնց կռվելու ախորժակը բացվում է հենց այն ժամանակ, երբ ոչ միայն կռվողներ չկան, այլև կռվելու մասին միտքը հոգեբուժական ոլորտի պոռթկում է: Հանգիստ մնացեք հենց այն ծակերում, որտեղ եղել եք պատերազմի առաջին օրից մինչև վերջին օրը: Եղած խաղաղությունը ձերը չէ, ինչպես ձերը չէր պատերազմը, բայց հիմա ձեզ ոչ ոք չի խնդրում մեռնել արկածախնդրորեն, առանց կանչի կամ հրավերքի: Ոչ մեկը հավես չունի ձեր անանունության հետ գլուխ դնելու, մենք դեռ մեր զոհերից շատերի մասին ոչ մի տվյալ չունենք կամ ունենք սուղ տվյալներ: Եվ ո՞վ է ձեզ թողնելու, որ կռվեք: Հիմա նույնիսկ թշնամու ուղղությամբ ցանկացած կրակոց օրենքի տակ է, հենց կրակեցիք, ձեզնով կզբաղվի հայրենի իշխանությունը, նույնիսկ` ոչ Բայրաքթարը: Թողեք ձեր տվյալները ամենամոտիկ զինկոմիսարիատում, տղաներ, հենց նոր պատերազմ սկսվի, ձեզ կկանչեն: Բայց, ի սեր Աստծո, այս մեկի նման չհայտնվեք այն ժամանակ, երբ բանը բանից անցել է: Իսկապե՞ս չեք հաշտվում այն մտքի հետ, որ Քելբաջարը մերը չի լինելու: Ոչ մեկը չի հաշտվում: Բայց դրա մասին պետք էր մտածել այն ժամանակ, երբ թշնամին դեռ Ջաբրայիլում էր: Պետք էր մտածել այն ժամանակ, երբ ամբողջ հանրապետությունը խոսում էր պատերազմի մասին, իսկ դուք այդ զրույցները խլացնում էիք ձեր տան դռներն ավելի ամուր փակելով կամ սոցիալական ցանցերում «քաղաքական ապաստան» գտնելով: Հավատացեք, կռվել այնտեղ, որտեղ պատերազմ չկա, արդեն արկածախնդրություն էլ չէ, նույնիսկ խելագարություն չէ, որովհետև խելագարության մեջ դեռ երևակայական թշնամի կճարես: Դա սեփական ծնողիդ ողջ առողջ թաղել է ու էդ հուղարկավորությունը պետության վզին դնել է: 

Ամենասարսափելին էլ այդտեղ այն է, որ պետությունը բացարձակապես ոչ միայն պատասխանատու չէ, այլև քո ծնողին կապացուցի, որ «որդիդ կարող էր անցնել Հայրենիքի դավաճանի հոդվածով, եթե նրա արարքներում բանականության փշրանքներ գտնեինք»: Ուրեմն ձեր ծնողներին թողեք այն համոզմունքը, որ նրանք խելքը գլխին որդիներ են մեծացրել` ավելի շուտ` դասալիք, քան` անհասկանալի մարդիկ, որոնց մասին մեր կողմերի խաղաղապահների ազգն ասում է` после драки кулаками не машут: Վայելեք այս խաղաղությունը այն փեշերի տակ, որտեղ էիք պատերազմի ամբողջ ընթացքում: Ձեր փոխարեն զոհվածները գոնե ձեր չկայացած մահվան մասին կլռեն: 

Մհեր Արշակյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին