24.5 C
Yerevan
19 Հոկտեմբերի, 2020
106905.6 By Google Analytics 18.10.2020
Գլխավոր » Հաղթանակը հեշտ չի տրվելու. Ջալալ Հարությունյան
Այլ Լուրեր

Հաղթանակը հեշտ չի տրվելու. Ջալալ Հարությունյան

Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը հանդես է եկել մարտակոչով,

Հայրենակիցներ,

                2016 թվականի մարտական գործողություններից շուրջ չորս տարի անց հակառակորդը կրկին դիմել է զենքի ուժին՝ կարծելով, թե այդ ճանապարհով կարողանալու է հօգուտ իրեն լուծել արցախյան հիմնահարցը: Սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ  հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ:  Այս պահին ՊԲ  ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը: Այդ ծրագրերը մեզ հայտնի են վաղուց, դրանց էությունը կարելի է արտահայտել մի բառակապակցությամբ՝ հայաթափել Արցախն ու Հայաստանը:

              Վստահ եղեք, այս անգամ ևս հակառակորդը  ձախողվելու է: Հաղթանակը հեշտ չի տրվելու: Իր բնույթին հավատարիմ՝ հակառակորդը թիրախավորելու է խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական բնակչությանը,  նա տարբերություն չի դնելու զինվորի ու մանկահասակ երեխայի, հոգևորականի ու տարեց կնոջ, հասուն տղամարդու և անօգնական ծերունու միջև. նրա թիրախը բոլորս ենք: Հաղթանակը պահանջելու է ուժերի գերլարում և երկաթակուռ միասնություն: Հիմա մի կողմ պետք է դրվեն բոլոր տարակարծությունները, բոլոր տեսակետները, բոլոր  կարծիքները: Մեր նպատակը մեկն է՝ ջախջախել հակառակորդին բոլոր հնարավոր միջոցներով, խորտակիչ հարվածներ հասցնել նրա զինված ավազակախմբերին, ոչնչացնել նրա ռազմական ենթակառուցվածքը,  անհրաժեշտության դեպքում նաև ընդարձակել անվտանգության գոտին ու պարտադրել վերջնական խաղաղություն:

                  Այդ խնդիրը կատարելու համար պետք է մեկտեղվեն բոլորիս ջանքերը:

                 Մեր հաղթանակն այլընտրանք չունի. մենք պաշտպանում ենք մեր նախնիների շիրիմներն ու մեր երեխաների ապագան: Մենք պաշտպանում ենք մեր նախնիների հողի վրա  ապրելու իրավունքը:

                Մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը:

                Մեզ հետ է արդարությունը:

                Մեզ հետ է Աստված:

                Հաղթանակը մե՛րն է լինելու:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին