29 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
100886.4 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Համաճարակը կասկածի տակ դնող իրական և կեղծ օգտատերերի հրապարակումները որոշակի ազդեցություն են ունենում ազգաբնակչության զգոնության վրա.ԱԱԾ
Գլխավոր Նորություններ

Համաճարակը կասկածի տակ դնող իրական և կեղծ օգտատերերի հրապարակումները որոշակի ազդեցություն են ունենում ազգաբնակչության զգոնության վրա.ԱԱԾ

Հունիսի 12-ի կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարեց լուրջ զբաղվել ու տեղորոշել այն մարդկանց, ովքեր ասում են, թե կորոնավիրուս Հայաստանում չկա։ Օգոստոսի 5-ի պարետատան նիստից հետո՝ ճեպազրույցի ժամանակ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ աշխատանքներ կատարվել են այդ ուղղությամբ, և պարզվել են մարդիկ, խմբեր, ովքեր նման քարոզչություն էին իրականացնում։

Թեմայի վերաբերյալ մանրամասներ ստանալու նպատակով New Armenia.am –ը գրավոր հարցմամբ դիմել էր Ազգային անվտանգության ծառայություն։

Ստորև ներկայացնում ենք մեր հարցերն ուղղված ԱԱԾ-ին և դրանց պատասխանները։

-Ի՞նչ պատիժ է սահմանվելու այդ մարդկանց, խմբերի համար, նրանք պատժվելո՞ւ են։ Ո՞րն է եղել նրանց շարժառիթը։

-Ինչպես նոր տեսակի կորոնավիրուսի (Covid 19) հետևանքով առաջացած համաճարակի առկայությունը կասկածի տակ դնող կեղծ օգտատերերի, այնպես էլ, ընդհանուր առմամբ, յուրաքանչյուր արարքին իրավական գնահատական տալու հարցը որոշվում է ըստ կոնկրետ դեպքերի՝պարզելով դրանց շարժառիթները, տվյալ պարագայում՝ հրապարակման նպատակները (ապատեղեկատվություն տարածելու դիտավորության առկայության հանգամանքները) և այլն։

-Ովքե՞ր են կանգնած այդ մարդկանց, խմբերի հետևում։

Կատարված ստուգողական գործողությունների արդյունքում պարզվել են www.facebook.com սոցիալական ցանցի իրական և կեղծ մի շարք օգտատերեր, ովքեր կասկածի տակ են դնում նոր տեսակի կորոնավիրուսի (Covid 19) հետևանքով առաջացած համաճարակը։ Այդ անձանց տվյալները հրապարակման ենթակա չեն։

-Կան արդյոք էլի՞ մարդիկ, խմբեր, ովքեր զբաղվում են նմանատիպ գործունեությամբ։ Նրանց բացահայտելու գործընթացն ավարտվե՞լ է, թե՞ դեռ ընթացքի մեջ է։

-ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների և գործառույթների տիրույթում իրականացնում է համապատասխան աշխատանքներ, որոնք ենթադրում են նաև տարաբնույթ բացահայտումներ։

-Արդյոք նրանց գործողությունները սպառնալի՞ք են պարունակել ազգային անվտանգության համար։

-Նոր տեսակի կորոնավիրուսի (Covid 19) հետևանքով առաջացած համաճարակը կասկածի տակ դնող իրական և կեղծ օգտատերերի հրապարակումները որոշակի ազդեցություն են ունենում ընթերցողների վրա, ինչն անդրադառնում է ազգաբնակչության զգոնության վրա՝ հիմք հանդիսանալով հակահամաճարակային կանոնների խախտման համար։

Հավելենք, որ օրենսդրական կարգավորում չկա, թե նմանատիպ արարքի համար անձը ինչ պատասխանատվության պետք է ենթարկվի։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք, առողջացել են 52-ը

Անի Գրիգորյան

ՀՀ ԱԱԾ-ն աջակցություն է տրամադրում լրատվական կայքերը սպասարկող մասնագիտական անձնակազմին

Նատա Հարությունյան

Պետությունը քողարկված թուլացնելու համար սահմանված է քրեական պատասխանատվություն. ՀՀ ԱԱԾ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին