27 C
Yerevan
11 Հուլիսի, 2020
83942.4 By Google Analytics 10.07.2020
Գլխավոր » «Համաճարակի հաղթահարման լավագույն սցենարը սոցիալական համերաշխության տրամաբանությամբ հանրային կարգապահության ավելացումն է». վարչապետ
Այլ Լուրեր

«Համաճարակի հաղթահարման լավագույն սցենարը սոցիալական համերաշխության տրամաբանությամբ հանրային կարգապահության ավելացումն է». վարչապետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր պարետատան նիստից հետո անցկացրել է ճեպազրույց, որին մասնակցել են Առողջապահության նախարարության ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նարինե Սարգսյանցի և Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, բժշկության ոլորտում առաջատար գիտնական, պրոֆեսոր Լորան Փափազյանի հետ: 

Վարչապետը նշել է, որ սոցիալական ցանցերի անգամ մակերեսային դիտարկումները ցույց են տալիս, որ ի հեճուկս հակահամաճարակային շարժում սկսելու անհրաժեշտության՝ մեր բազմաթիվ հայրենակիցներ ավելի շատ պրոհամաճարակային վարքագիծ են դրսևորում՝ մասնակցում են ամառանոցային խնջույքների, զանգվածային ուխտագնացությունների, չնայած կազմակերպությունների կողմից արված սոցիալական հեռավորություն պահելու գծանշումներին՝ չեն օգտվում դրանցից: «Այս ամենն ամենևին չեմ ասում, որ որևէ մեկին մեղադրեմ, այլ հարկ եմ համարում պարզապես ընդգծել, որ հիմա արդեն թվերը ցույց են տալիս, որ առանց բացառության բոլորս՝ որտեղ, ինչքան և ինչպես կարողացել ենք, քամահրական վերաբերմունք ենք ցուցաբերում հակահամաճարակային կանոնների վերաբերյալ: Քանի որ այս երևույթն արդեն այսպիսի մասշտաբներ է ստացել Հայաստանում, կարծում եմ, որ բոլորս՝ ինձնից սկսած և որևէ այլ քաղաքացուց վերջացրած, կարիք ունենք մեր հակահամաճարակային վարքագիծը ռեստարտի ենթարկելու, հակառակ դեպքում չենք կարողանալու այս իրավիճակը հաղթահարել», — ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այս առումով վարչապետը ևս մեկ անգամ կարևորել է ՀՀ պետական կառավարման բոլոր մարմինների, Հայաստանում գործունեություն ծավալող կազմակերպությունների և ՀՀ ոստիկանության կողմից հակահամաճարակային կանոնների պահպանումը. «Պետական կառավարման մարմինները պետք է անհատական պատասխանատվություն վերցնեն՝ պետք է բացառել առանց դիմակի մարդկանց ներկայությունը, սոցիալական հեռավորության խախտումները: Բոլոր տեղերում պետք է լինեն ոչ միայն գծանշումներ, այլև պետք է կոնկրետ պաշտոնյաներ զբաղվեն այդ գծանշումների կանոնները պահպանելու գործով: Հայաստանում գործունեություն ծավալող բոլոր կազմակերպությունները պետք է պատասխանատվություն ստանձնեն ոչ միայն իրենց տարածքում, այլև հարակից տարածքներում հերթերի պահպանման համար: Ոստիկանությունը պետք է նախ իր շարքերում հակահամաճարակային կանոնների պահպանման բարձր կարգապահություն ցուցաբերի, և ոստիկանության ներկայացուցիչները որևէ դեպքի կողքով անտարբեր չպետք է անցնեն: Այս ամենը կարևոր է՝ ցույց տալու համար մեր հավաքական հավատն առ այն, որ մենք կարող ենք այս ճգնաժամը հաղթահարել: Ի վերջո, այս ճգնաժամի հաղթահարումը կախված է մեր հավաքական ջանքերից, մեր հավաքական կամքից, և այս առումով պետական մարմինների գործունեությունը պետք է շարունակություն ստանա քաղաքացիների անհատական վարքագծի փոփոխությամբ»

Ն. Փաշինյանը ցավով հիշեցրել է, որ Հայաստանում կորոնավիրուսն արդեն 433 մարդու կյանք է խլել, և յուրաքանչյուրս պետք է գիտակցի, որ հակահամաճարակային կանոնները չպահելու հետևանքով ինչ-որ մեկին՝ ծանոթ, թե անծանոթ, դատապարտում է մահվան. «Յուրաքանչյուրիս կողմից հակահամաճարակային կանոնները պահպանելը կարևոր է ոչ այնքան և ոչ միայն մեր անհատական ճակատագրի առումով: Մեծ հավանականությամբ հակահամաճարակային կանոնների խախտումով մենք մահվան ենք դատապարտում ուրիշներին, որովհետև մենք կարող ենք նույնիսկ հիվանդանոց չընկնել, բայց մեկ ուրիշին դատապարտել մահվան: Այսօր հիվանդության մասշտաբը թույլ է տալիս ասել, որ բոլորս ինչ-որ բան այնպես չենք արել, և ռեստարտի, կարգապահության ներդրման անհրաժեշտություն և կարիք ունենք: Ինքներս մեզ և դիմացիններին պետք է վերաբերվենք որպես վարակակրի, և սրանից բխող համապատասխան վարքագծի որդեգրումն է, որ մեզ հնարավորություն կտա հաղթահարել այս իրավիճակը՝ առանց էական ցնցումների»: 

Անդրադառնալով համաճարակի հաղթահարման, այդ թվում և տնտեսական առումով դիտարկված սցենարներին՝ վարչապետը նշել է. «Պրոֆեսիոնալ վերլուծությունը ցույց է տալիս, որ համաճարակի հաղթահարման լավագույն սցենարը սոցիալական համերաշխության տրամաբանությամբ հանրային կարգապահության ավելացումն է, որի արդյունքում տնտեսական ճգնաժամը, տնտեսական դժվարությունները կհաղթահարենք հնարավոր լավագույն սցենարով: Եվ կա հաջորդ սցենարը՝ շատ են հարցնում, թե ինչու մենք համատարած լոկդաունի չենք գնում: Վերլուծությունը ցույց է տալիս, որ եթե լոկդաուն անենք, և այն պատշաճ ձևով չպահպանվի, դա մեր տնտեսության համար երկարաժամկետ և աղետալի հետևանք կունենա: Նույնիսկ լոկդաունն արդյունավետ հնարավոր է իրականացնել միայն այն պարագայում, երբ մեզնից յուրաքանչյուրն իր անհատական վարքագծով պահպանում է հստակ սահմանված հակահամաճարակային կանոնները, իսկ եթե դրանք հստակ պահպանվում են, նոր լոկդաունի անհրաժեշտություն չի լինի»:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ դիմել է մեր համաքաղաքացիներին. «Սիրելի հայրենակիցներ, իմ կոչն ու խնդրանքն է ձեզ, որ մեր անհատական վարքագծով իրար օգնենք՝ այս իրավիճակը հաղթահարենք: Կրկնում եմ՝ այս պահի դրությամբ 433 մարդ մահացել է կորոնավիրուսից, մեր հիվանդանոցներում ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 123 հիվանդ, ծանր վիճակում՝ 529 հիվանդ, 1739 հիվանդի մոտ կա թոքաբորբ, ինչը նշանակում է, որ նրանց վիճակը ցանկացած պահին կարող է դառնալ ծանր կամ ծայրահեղ ծանր: Այս վիճակագրության հեղինակները մենք ենք՝ բոլորս, և մենք կարող ենք փոխել այս վիճակագրությունը: Յուրաքանչյուրիցս պահանջվում է մեր անհատական ջանքը, և ես հավատում եմ, որ մենք կարող ենք դա անել: Իմ կոչը շարունակում է մնալ նույնը՝ համախմբենք մեր ուժերը և բարձրացնենք մեր կարգապահությունը»:

Խոսքը փոխանցելով Մարսելի Նորդ բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի ղեկավար, պրոֆեսոր Լորան Փափազյանին, ով ղեկավարում է Մարսելից հատուկ չվերթով Երևան ժամանած մասնագետների 2-րդ խումբը՝ վարչապետը երախտագիտություն է արտահայտել նրան աջակցության համար և հույս հայտնել, որ պրոֆեսորի ուղերձը ևս կքաջալերի մեր քաղաքացիներին՝ ավելի բարձր մակարդակով պահելու հակահամաճարակային կանոնները:

Ընդգծելով, որ հպարտ է մեծ առաքելությամբ Հայաստան ժամանելու համար՝ պրոֆեսոր Փափազյանը նշել է. «Պատիվ եմ ունեցել հանդիպելու հայ գործընկերներին, ովքեր շատ կոմպետենտ են և աշխատում են օրնիբուն, սակայն այս պահին ուժասպառ են: Կկրկնեմ այն, ինչ ասաց պարոն վարչապետը՝  կոչ եմ անում բոլորին պահպանել հակահամաճարակային կանոնները, որոնք կկարողանան մեզ փրկել այս իրավիճակից: Դրանք շատ պարզ են և կիրառվում են ամբողջ աշխարհում. խոսքը վերաբերում է դիմակ կրելուն, ձեռքերը ախտահանելուն և սոցիալական հեռավորությունը պահպանելուն: Այս համագործակցությունը մեծ՝ մեկ այլ համագործակցության սկիզբն է, որն ըստ երևույթին տարիներ կշարունակվի: Մեծ սիրով կցանկանամ համագործակցել հայ բժիշկների հետ և կիսվել փորձով ոչ միայն այս համատեքստում, այլև ընդհանուր առմամբ»:

ԱՆ ինֆեկցիոն հիվանդությունների գծով խորհրդատու, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Նարինե Սարգսյանցը խոսել է նոր տիպի կորոնավիրուսային վարակի կլինիկական ընթացքի մասին: «Վիրուսը ներթափանցում է շնչուղիներով, որոնք հիմնական թիրախն են: 40 տոկոս դեպքերում հիվանդությունն ընթանում է թեթև, 40 տոկոս դեպքերում՝ թոքաբորբով: Մնացած 20 տոկոսի 15 տոկոսը ծանր թոքաբորբերն են, 5 տոկոսը՝ ծայրահեղ ծանր ընթացքն է, ինչպիսին են սեպսիսը, սուր շնչառական անբավարարությունը: Ցավոք, այս վարակն ունի ևս մեկ կարևոր առանձնահատկություն՝ բավական մեծ տոկոս դեպքերում զարգանում են տրոմբեր, ինչը բերում է ոչ միայն թոքերի, այլև երիկամների, սրտի, կենտրոնական նյարդային համակարգին արյան մատակարարման խանգարմանը, այսինքն՝ զարգանում են ինսուլտներ: Խնդրում եմ խստագույնս վստահեք ձեր բժիշկներին: Այսօր պացիենտների մի մասը բուժվում է առաջնային օղակում, խնդրում եմ մի զբաղվեք ինքնաբուժությամբ, լսեք ձեր բժիշկներին: Մենք պետք է գիտակցենք, որ սա վարակային հիվանդություն է, և ոչ թե մեր անձնական, անհատական առողջության հարց է, այլ հանրային առողջության», — ասել է Ն. Սարգսյանցը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ն. Սարգսյանցին և ի դեմս նրա՝ բոլոր բուժաշխատողներին այս դժվարին իրավիճակում իրենց առաքելությունը պատվով և համբերությամբ կատարելու համար:

Նմանատիպ Հոդվածներ

Ինչպես ընդլայնել համաճարակի դեմ պայքարի գործիքակազմը

Սերինե

Համաճարակի պայմաններում լարվածությունը մեծացնելու ցանկացած փորձ պետք է դատապարտվի. վարչապետ

Սերինե

Իրավիճակն աշխարհում իսկապես դեպրեսիվ է, հայաստանյան Ռուզվելտն է հարկավոր. «Ժամանակ»

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին