15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » Համաշխարհային տնտեսական ճգնաժամը դեռ մեզ չի էլ հասել. տնտեսագետ. «Փաստ»
թերթերի տեսություն

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը դեռ մեզ չի էլ հասել. տնտեսագետ. «Փաստ»

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Փաստ» թերթը գրում է.

«Առաջին ցավոտ կողմը, որը առավել խորացավ համավարակով պայմանավորված իրավիճակում, մեր տնտեսության կառուցվածքն է: 

Հայաստանի տնտեսությունը հիմնականում մի քանի ճյուղի և մշակող ոլորտի առանձին ձեռնարկությունների վրա է հիմնվում, որոնք ծավալային առումով շատ փոքր են ու որևէ տեղ չեն գրավում մեր տնտեսության մեջ: Այս կարծիքին է տնտեսագետ Կարեն Ադոնցը, որի կարծիքով, այս պատկերը տնտեսության նեղ կառուցվածքի մասին է փաստում: 

Տնտեսագետը նաև շուկաների նեղ ուղղվածության մասին է մատնանշում:

«Մենք դեռ գործ ունենք համավարակի ճգնաժամի հետ: Սա դեռ տնտեսական ճգնաժամ չէ՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամը դեռ մեզ չի էլ հասել: 

Բայց համավարակի ճգնաժամին իշխանությունները արձագանքեցին՝ ստեղծելով լրացուցիչ տնտեսական ճգնաժամ: Մենք ենք կանգնեցրել տնտեսությունը՝ դրանով իսկ ստեղծելով ճգնաժամային իրավիճակ: Եթե համավարակին արձագանքում ենք տնտեսության մի մասը կանգնեցնելով, բնական է՝ ստեղծում ենք տնտեսական ճգնաժամ»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Կ. Ադոնցը:

Թվարկելով նաև համաշխարհային տնտեսական ճգնաժամի հնարավոր ուղղությունների մասին՝ հավելեց. «Բացի այդ, մենք գործազրկության խնդիր ունենք: Կան մարդիկ, որոնք չեն գնացել արտագնա աշխատանքի: Նրանք արդեն փաստացի գործազուրկ են: 

Կան նաև այլ ոլորտներ, որտեղ ևս մարդիկ աշխատանք են կորցրել: Սա արդեն խնդիր է, որովհետև գործազրկությունը բեռ է բյուջեի վրա: 

Առանձնացնեմ մեր հիմնական ցավոտ խնդիրներից ևս մեկը. խոսում ենք տնտեսական աճի մասին, բայց եթե ուշադիր նայենք, մեր վարկերի ծավալը մոտ 17 տոկոսով աճել է: ՀՆԱ-ի մեջ մոտ 60-70 տոկոս են կազմում վարկերը, որոնք աճել են 17 տոկոսով, իսկ տնտեսությունը աճել է 7,6 տոկոսով: Այսինքն, հիմնականում տնտեսական աճը տեղի է ունեցել վարկավորման միջոցով: 

Իսկ թե ովքե՞ր են ստացել հիմնական վարկերը, նկատենք, որ սպառողական ապրանքների վարկավորումը և հիփոթեկային ոլորտն աճել են մոտ 30-40 տոկսով: Բնական է, որ սա տնտեսական աճի պետք է բերեր: Ստացվում է, որ տնտեսական աճի հիմնական խթանը գերվարկավորվող ծավալներն են: 

Իսկ հիմա ի՞նչ է տեղի ունենում: Այս տնտեսական դժվարությունների պարագայում հարկային մուտքերը պակասում են, տնտեսության ծավալները նվազում ու ստիպված ավելացնում են արտաքին պարտավորությունները. պետությունը 2020թ. բյուջեով նախատեսել է մոտ 500 մլն պարտք վերցնել»:

Տնտեսագետը նկատեց՝ հարցը միայն պարտք վերցնելը չէ, խնդիրն այն է, թե այդ պարտքերն ինչպես են աշխատում և ինչպես են մտնում տնտեսության մեջ»:

Առավել մանրամասն` թերթի այսօրվա համարում

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին