30 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91958.4 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Համր ժողովրդավարության բաստիո՞ն
Այլ Լուրեր

Համր ժողովրդավարության բաստիո՞ն

հետևեք մեզ նաև Telegram-ում

Չորս օր առաջ երեք օրով Արցախում էի՝ տեղի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույց անելու նպատակով։ Պարոն Հարությունյանը երեք օր սպասեցնելուց հետո մերժեց։ Առանց բացատրության։ Աստված իր հետ։

Բայց մերժումը հարցեր առաջացրեց։ Ի՞նչ ունի թաքցնելու Արցախի նախագահը։ Հատկապես, որ նրա «քաղաքական կուրսին» հետևեցին տեղի արտգործնախարարն ու ԱԽ քարտուղարը։ Այնպես չէ, չէ՞, որ աշխարհի լրագրողները Արցախից դուրս չեն գալիս ու իրենց հարցերով ու չճանաչված լինելու թունոտ ակնարկներով հոգնեցրել են տեղի չինովնիկներին։ Եղել է այն, որ Արցախում մոտ չորս ամիս առաջ տեղի ունեցան նախագահի և խորհրդարանի ընտրություններ, որոնց դիտորդական առաքելությամբ մասնակցեցին միայն հայաստանյան կառույցները։ Եվ նրանց զեկույցների հիման վրա դրանք ճանաչվեցին ժողովրդավարական։

Հիմա լրագրողն իր ոտքով գալիս է Արցախ՝ հասկանալու, թե ինչով է երկիրն ավելի ժողովրդավարական, որպիսին չէր Բակո Սահակյանի իշխանության օրոք, հասկանալու, թե ժողովրդավարական իշխանությունն ի՞նչ ուղերձներ ունի աշխարհին, որը համառորեն չի ուզում ճանաչել Ադրբեջանից անկախ ապրելու Արցախի իրավունքը, ինչպե՞ս է նախագահը պատկերացնում Արցախի ներգրավումը բանակցություններին, և ինչպե՞ս է լինելու ավելի համոզիչ, որի դեմ հակափաստարկներ չի ունենա Ադրբեջանը։ Հարցերը շատ էին։ Բայց հաղթած իշխանությունը լրատվամիջոցի հետ խոսելու ժամանակ չունի, մամուլի քարտուղարն ասում է, որ ժամանակ չունի։

Իհարկե, Արցախի նախագահը ուղիղ եթերով կարող է պատասխանել բազմաթիվ օգտատերերի հարցերին, բայց ես չեմ նկատել, որ ինտերնետի համաշխարհայնացումից հետո լրատվամիջոցները փակվեն հենց ուղիղ եթերների պատճառով։ Որովհետև լրագրողի գործը խնդրի էությանը հասնելն է հարց առ հարց, որը կարող է օգտատիրոջ մտքով չանցնել։ Ինչո՞ւ է նախագահը մամուլի քարտուղար պահում, եթե նրա գործը լրատվամիջոցին մերժելուց զատ այլ բան չէ։ Այսօր լրագրողը Արցախ է գնում, որովհետև իշխանությունը նոր է, կարծես թե նաև ընտրյալ է, հաստատ ունի բարեփոխումների մասին պատկերացումներ, թեպետ իշխանության առաջին դեմքը եղել է նախորդ բյուրոկրատիայի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Լրագրողն ուզում է հասկանալ՝ անցյալի ի՞նչ սխալներ չեն տեղափոխվելու նոր իրականություն, որո՞նք են այն դասերը, որոնք քաղել է նոր իշխանությունն անցյալից, և ի՞նչ դեր պիտի ունենա հեղափոխական Հայաստանը էվոլուցիոն ճանապարհով իշխանություն փոխած Արցախի կայացման մեջ։

Սրանք հարցեր էին, որոնք հնարավոր էր ուղղել նաև Արցախի արտգործնախարարին ու ԱԽ քարտուղարին։ Սակայն նրանք նույնպես մերժեցին։ Ու շատ մեծ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է տոտալ լռությունը դառնում ժողովրդավարության կայացման մասնակից։ Այսինքն, ի՞նչ, մարդիկ գլուխները կախ գո՞րծ են անում՝ առանց երկար-բարակ խոսելու։ Այդ դեպքում ո՞րն է այն ճանապարհը, որով իշխանությունները կարող են վկայել իրենց ժողովրդավարական նպատակների մասին։ Արդյո՞ք իրենց լրատվական ծառայությունները կամ մամուլի քարտուղարները։ Դա աշխատող տարբերակ չէ, հատկապես մի երկրի համար, որն ամբողջ աշխարհին ապացուցելու կարիք ունի, որ այնքան ժողովրդավարական է ու այնքան բաց, որ այդպիսի երկիրը Ադրբեջանի հետ թեկուզ համադաշնության շրջանակներում անելիք չունի։

Փաստն այն է, որ Արցախի իշխանությունները ընտրվելուց 4 ամիս հետո  խորը և համապարփակ լռություն են պահպանում լրատվամիջոցների հետ հարաբերություններում։ Իսկ ո՞վ պիտի նրանց հուշի, որ ժողովրդավարությունը համր չի լինում։

Մհեր Արշակյան

Նմանատիպ Հոդվածներ

«ՍԴ-ի համար վահեգրիգորյաններ գտնելը բավականին դժվար է»․ Հովհաննես Հովհաննիսյան

Անի Գրիգորյան

Պահանջվում են Ծառուկյանի օգտին «ծպտուն հանողներ»

Սերինե

Նոր Հայաստանում դեռ իշխանություն են վայելում նախկինները

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին