23 C
Yerevan
22 Սեպտեմբերի, 2020
99123.2 By Google Analytics 21.09.2020
Գլխավոր » Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել երկրի գործարար և ներդրումային միջավայրի հաստատման գործում. ԱՄՆ պետդետ
Գլխավոր Նորություններ

Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել երկրի գործարար և ներդրումային միջավայրի հաստատման գործում. ԱՄՆ պետդետ

ԱՄՆ-ի Պետքարտուղարության հրապարակած «2020 թվականի ներդրումային միջավայրը» զեկույցի համաձայն՝ Հայաստանը զգալի առաջընթաց է գրանցել երկրի գործարար և ներդրումային միջավայրի հաստատման գործում։

Զեկույցում նշվում է, որ Հայաստանում առկա են զգալի ամերիկյան ներդրումներ, որոնցից մեկն է՝ Contour Global ընկերության կողմից Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի ձեռք բերումն ու Lydian International-ի ջանքերը ոսկու խոշոր հանքավայրի շահագործման ուղղությամբ: 

Ըստ զեկույցի՝ Հայաստանը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռում ներդրողներին՝ ներդրումներ կատարելու համար, երկրի օրենսդրական բազան և պետական քաղաքականությունը ևս միտված են ներդրումների ներգրավմանը, սակայն ներդրումային միջավայրը զուրկ չէ խնդիրներից:

«Խոչընդոտների թվին են դասվում Հայաստանի շուկայի փոքր ծավալը, աշխարհագրական իզոլացումը՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակ սահմանների պատճառով, ինչպես նաև կոռուպցիայի ժառանգությունը: Օտարերկրյա ուղղակի ներդրումների զուտ ներհոսքը մեծ չէ։ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության անդամ է միասնական ինտեգրված շուկայում:

2015թ. մայիսին Հայաստանը Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիր է ստորագրել Միացյալ Նահանգների հետ։ TIFA-ն ստեղծում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև առևտրի և ներդրումների խորհուրդ՝ երկկողմ առևտրի և ներդրումների և դրանց հետ կապված հարցերի քննարկման համար: 2017 թվականի նոյեմբերին Հայաստանը ստորագրել է Եվրոպական միության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը մասամբ ուղղված է Հայաստանի ներդրումային և գործարար միջավայրի բարելավմանը», — ասված է զեկույցում։

Պետդեպի կարծիքով՝ Հայաստանում օտարերկրյա քաղաքացիների գործարար շահերը պաշտպանված են, սահմանափակ չեն, դյուրին է բիզնեսի գրանցման ընթացակարգը։

Նշվում է, որ 2018 թ․-ի ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի է ունեցել կառավարության «դրամատիկ» փոփոխություն, և նույն թվականի դեկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում իշխանությունից զրկվել են շատերը, ովքեր ունեն «մեծ բիզնեսներ և չափազանց մեծ ազդեցություն են գործում տնտեսության խոշոր հատվածների վրա»։

«Համակարգային կոռուպցիան արմատախիլ անելու ջանքերի շրջանակներում իրականացվում է հակակոռուպցիոն արշավ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանում մրցակցային միջավայրը բարելավվում է, սակայն, որոշ ձեռնարկություններ հայտնում են, որ այդ հաջողություններն ամրապնդելու համար ավելի լայն բարեփոխումներ են պահանջվելու դատական, հարկային, մաքսային, բժշկական, կրթական, զինվորական և իրավապահ մարմիններում: Չնայած կոռուպցիայի դեմ պայքարի առաջընթացին և որոշ ոլորտներում բարելավումներին, որոնք բարձրացնում են Հայաստանի գրավչությունը՝ որպես ներդրումային ուղղության, ներդրողները պնդում են, որ մնում են բազմաթիվ խնդիրներ, որոնք անհրաժեշտ է լուծել թափանցիկ, արդար և կանխատեսելի գործարար միջավայրի ապահովման համար:

Ներդրումային վեճը երկրի հանքարդյունաբերության ոլորտում զգալի միջազգային ուշադրություն է գրավել և մնում է չլուծված արդեն մի քանի տարի», — նշվում է զեկույցում՝ նկատի ունենալով Ամուլսարի հանքավայրի շահագործման խնդիրը, որն իրագործում է ամերիկա-բրիտանական ծագմամբ ներդրումներ ներգրաված «Լիդիան Արմենիա» ըներությունը։

 Կառավարության փոփոխությունից հետո 2018 թվականին հակակոռուպցիոն արշավ է սկսվել, և համակարգային կոռուպցիայի վերացման ջանքերի շրջանակներում մի շարք աղմկահարույց գործեր են բացահայտվել։ Այս իրադարձությունները նպաստում են Հայաստանի ներդրումային միջավայրի և մրցակցային միջավայրի բարելավմանը, թեև կոռուպցիայի դեմ պայքարը պետք է ինստիտուցիոնալացվի երկարաժամկետ հեռանկարում, հատկապես այնպիսի կարևոր ոլորտներում, ինչպիսիք են դատական համակարգը, հարկային և մաքսային գործառնությունները, ինչպես նաև առողջապահությունը, կրթությունը, ռազմական և իրավապահ ոլորտները:

Զեկույցում գրված է, որ ՀՀ կառավարությունը թափանցիկ և օրինական քաղաքականություն է վարում՝ մրցակցության խրախուսման համար։ «Շատերը հաղորդում են, որ ՀՀ գործող կառավարությունը ավելի հետևողական է մրցակցության խթանման քաղաքականությունը իրագործելու հարցում, որովհետև ձգտում է բարելավել շուկան և վերացնել խոչընդոտները հատկապես ՓՄՁ-ների համար»,- ասվում է զեկույցում։

Դժգոհություն կա դատական համակարգի վերաբերյալ։ Զեկույցի հեղինակները նշում են, որ քրեական ու քաղաքացիական գործերը քննվում են միևնույն դատարանների կողմից, որոնք ծանրաբեռնվում են և հանրության կողմից դիտարկվում որպես կոռումպացված։

«Գործարար շրջանակները հակված են մտածել, որ Հայաստանի դատարանները անարդյունավետ են գործում, անկախ չեն ու ոչ պրոֆեսիոնալ են, ուստի կա դատական համակարգի բարեփոխման կարիք»,- ասված է զեկույցում։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին