29 C
Yerevan
28 Սեպտեմբերի, 2020
100921.6 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Հայաստանը կրկին չի մասնակցել ՄԱԿ-ում վրացական բանաձևի քվեարկությանը․ փորձագետները սպասում են վրացական կողմի պատասխան քայլին
Այլ Լուրեր

Հայաստանը կրկին չի մասնակցել ՄԱԿ-ում վրացական բանաձևի քվեարկությանը․ փորձագետները սպասում են վրացական կողմի պատասխան քայլին

Արդեն երկրորդ անգամ է, ինչ Հայաստանը չի մասնակցում Աբխազիայից և Հարավային Օսիայից տեղահանված վրաց փախստականների ճակատագրին՝ նվիրված ՄԱԿ բանաձևի շուրջ քվեարկությանը: 2008թ․-ից ի վեր Հայաստանը մշտապես դեմ էր քվեարկում Վրաստանի այս նախաձեռնությանը, ինչի համար ենթարկվում էր վրաց քաղաքական ու փորձագիտական շրջանակների քննադատությանը։

Հայաստանյան որոշ փորձագետներ ասում են, որ ՄԱԿ-ի այս բանաձևի նկատմամբ ՀՀ դիրքորոշումը փոխվել է «թավշյա հեղափոխության» արդյունքում ձևավորված նոր իշխանությունների օրոք, որոնք այսպիսով բարիդրացիական ժեստ են ցուցաբերում՝ արտահայտվելով երկկողմ հարաբերությունների խորացման հայկական կողմի ցանկությունը։ Միաժամանակ նշում են, որ հայկական կողմի ցուցաբերած «հաճելի անակնկալը», գոնե հրապարակային մակարդակում, դեռևս անպատասխան է մնում, մյուսներն էլ ասում են, թե Վրաստանն անում է առավելագույնը։

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովի խոսքով՝ Հայաստանը նման քվեարկություններում առաջնորդվում է երկրի պետական, ազգային շահերով, և ՀՀ-ն չի քվեարկում այնպիսի բանաձևերի օգտին, որոնք չեն նպաստում երկկողմ հարաբերությունների խորացմանը։

«Սա բարիդրացիականության էլեմենտ պարունակող քայլ է՝ ՀՀ կողմից ուղված Վրաստանին, որով հայկական կողմը ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ արտաքին քաղաքականության մեջ մենք ունենք և կարող ենք ունենալ ընդհանուր մոտեցումներ։ Բայց պետք է տեսնել նաև փոխարձագանք։ Չեմ կարող ասել, թե կոնկրետ ի՞նչ քայլեր է ակնկալում ՀՀ-ն Վրաստանից, բայց փոխարձագանքը կարևոր է»,- ասաց Ալեքսանդր Մարկարովը։ Դիտարկմանը, թե Հայաստանն այս բանաձևին դեմ էր քվեարկում՝ հայ-ռուսական հարաբերություններով պայմանավորված, արդյոք կգա՞ մի օր, երբ ՀՀ-ն կողմ կքվեարկի բանաձևի ընդունման օգտին, Մարկարովը նշեց․

«Մենք չենք պայմանավորում մեր փոխհարաբերությունները այլ երկրների հետ, որովհետև վարում ենք անկախ արտաքին քաղաքականություն։ Մենք մեր որոշումներն արտացոլում ենք մեր քաղաքական գերակայություններով։ Եթե խոսքը գնում է այն մասին, թե կգա՞ մի օր, որ Հայաստանը կողմ կլինի այս բանաձևին, եկեք հարցնենք՝ արդյոք գալո՞ւ է այն օրը, երբ Վրաստանը իրականացնելու է նման բարեկաման քայլ՝ կողմ քվեարկելով հայանպաստ որոշումներին։ Կարծում եմ, որ եթե Վրաստանից չլինի արձագանք մեր կողմից ցուցաբերված բարեկամական ոգուն, անհրաժեշտ կլինի դրանից դասեր քաղել»։

Վրացագետ Ջոնի Մելիքյանը նշում է, որ ամեն դեպքում ՄԱԿ-ում Հայաստանի չքվեարկելը դրական է անդրադառնում հայ-վրացական հարաբերությունների վրա, քանի որ այս փաստաթուղթը Վրաստանի արտաքին օրակարգի համար շատ կարևոր է: Ըստ նրա՝ այն կարևոր է նաև ՀՀ ռազմավարական դաշնակից Ռուսաստանի համար և այն փաստը, որ ՀՀ-ն բանաձևին կողմ չի քվեարկում, օգնում է պահպանել կայուն հարաբերություններ երկու կողմերի հետ էլ։ Փորձագետը կարծում է, որ պաշտոնական Թբիլիսին էլ որոշակի շտկումներ է արել իր քաղաքականության մեջ Հայաստանի նկատմամբ, և օրինակ վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող բախումների ժամանակ կողմ է արտահայտվել ոչ միայն տարածաշրջանային կայունության պահպանման օգտին, այլև ընդգծված ադրբեջանամետ կոչերով հանդես չի եկել։

«ՀՀ-ն գնահատում է Վրաստանի մոտեցումը՝ ցուցաբերված տավուշյան իրադարձությունների ժամանակ։ Վրաստանը հանդես եկավ նեյտրալ, կառուցողական հայտարաություններով, ընդգծեց, որ խնդիրները պետք է լուծվեն բանակցային սեղանի շուրջ»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ՎՈՒԱՄ-ի շրջանակներում, որի անդամ է նաև Վրաստանը, եղավ ադրբեջանամետ հայտարարություն, և պաշտոնական Թբիլիսին դրան միացավ, Ջոնի Մելիքյանն ասաց, որ ավելի կարևոր է Վրաստանի դիրքորոշումը որպես առանձին պետություն, քան՝ որպես որևէ կառույցի անդամ, այն էլ այնպիսի կառույցի, որտեղ նախագահում է Ադրբեջանը։ Նա շեշտեց, որ ՎՈՒԱՄ-ի հայտարարությանը չմիանալը կլիներ դեմարշ, և ընդգծեց, որ Վրաստանն, ի տարբերություն Ուկրաինայի և Մոլդովայի, հավասարակշռված էր ու չեզոք, ինչը չի կարելի չգնահատել։

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն էլ հիշեցնում է, որ Վրաստանում շրջանառության մեջ դրված է նաև Ղարաբաղի վերաբերյալ բանաձև, որին Վրաստանը կողմ չի քվեարկել, և երկու երկրները տարիներ շարունակ «դեմ»-ով են արտահայտել իրենց մոտեցումը։ Քաղաքագետը նկատում է, որ նախորդ իշխանությունները փորձում էին Վրաստանի իշխանությունների համաձայնությունը ստանալ և իրար դեմ չքվեարկել, սակայն դա չէր ստացվում և պատճառներից մեկը նաև այն էր, որ Վրաստանում Ադրբեջանի ազդեցությունը մեծ էր: Ըստ նրա՝ Հայաստանի նոր իշխանությունը փորձեց իր կողմից առաջին քայլը անել և տեսնել, հիմա պետք է սպասել Վրաստանի իշխանությունները պատասխան քայլին։

«Ռուսաստանում չեն կարող չնկատել ՀՀ կողմից արդեն երկրորդ տարին արվող այս քայլը՝ ընդառաջ Վրաստանին։ Հայաստանի իշխանությունները պետք է բացատրեն վրացական կողմին, որ սա մեծ քայլ է մեր կողմից, և եթե Հայաստանը գտել է տարբերակ՝ ընդառաջել վրացական կողմին, նաև որոշակի առումով իր անմիջական շահը զիջելով, ապա նույն բանը պետք է անի Վրաստանը»:

ՀՀ ԱԳՆ-ից այս առնչությամբ չհաջողվեց պատասխան ստանալ:

Տիգրանուհի Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

ՄԱԿ Գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել Արցախի ուղղությամբ ընթացող մարտական գործողությունները

Անի Գրիգորյան

Մենք պետք է վերականգնենք արդյունավետ բազմակողմանիությունը` միջազգային հանրությանը տալով հզոր ինստիտուցիոնալ ողնաշար. Նիկոլ Փաշինյան

Անի Գրիգորյան

ՄԱԿ-ում հայտնել են լավագույն երկիրը երեխաների ապրելու համար

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին