23 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91958.4 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » Հայաստանը սահմանում է Ադրբեջանի գործողությունները որպես ագրեսիայի ակտ ինքնիշխան տարածքի նկատմամբ
Գլխավոր Նորություններ

Հայաստանը սահմանում է Ադրբեջանի գործողությունները որպես ագրեսիայի ակտ ինքնիշխան տարածքի նկատմամբ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Ս.թ. հուլիսի 18-ին Պաշտպանության նախարարությունում վարչապետ Փաշինյանի խոսքն ուներ երկու կարևոր հարթություն:

Առաջին հարթությունը անվտանգային կամ ավելի կոնկրետ ռազմական հարթությունն է: Վարչապետն ասաց, որ Հայաստանի զինված ուժերը, ոչ միայն ապահովեցին Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, այլև ջախջախեցին մեկուկես տասնամյակ Ադրբեջանի գործող նախագահի կողմից կառուցված միֆը ադրբեջանական բանակի անպարտելիության մասին: Վարչապետը նաև արձանագրեց, որ ՀՀ Զինված ուժերը լիովին ի զորու են ապահովել Հայաստանի տարածքային անձեռնմխելիությունը, բնակչության անվտանգությունը: Գնահատականն առավել քան հասկանալի է բոլորին:

Երկրորդը՝ սկիզբ դրվեց արտաքին քաղաքական մի կարևոր գործընթացի. վարչապետը հստակ գնահատական տվեց հուլիսի 12-ին և դրան հաջորդող իրադարձություններին, որոնք  Հայաստանը համարում է մեր ինքնիշխան տարածքի նկատմամբ հարևան երկրի անթաքույց ագրեսիա: Նա նաև հստակ հաձնարարական տվեց համապատասխան գերատեսչություններին ակտիվորեն աշխատել՝ ապահովելու հրադադարի ռեժիմի խախտումների միջազգային և վստահելի մոնիտորինգի ձևավորման ուղղությամբ:

Փորձենք ներկայացնել նման գնահատականի պատճառներն ու հետեւանքները:

Վարչապետի խոսքով` հուլիսի 12-ի երեկոյան Ադրբեջանի զինված ուժերը հարձակում են կատարել Հայաստանի տարածքում գտնվող «Անվախ» սահմանային դիրքը գրավելու նպատակով: Ադրբեջանի զինված ուժերը նաև հրետանային կրակի միջոցներով, հարվածային անօդաչու թռչող սարքերի միջոցով թիրախավորել են Տավուշի մարզի Մովսես, Այգեպար, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը՝ էական վնաս հասցնելով քաղաքացիական ենթակառուցվածքներին և բնակելի տներին:

Հիմնավորելով իր գնահատականն առ այն, որ Ադրբեջանի գործողությունները հանդիսանում են ագրեսիայի ակտ, վարչապետը արձանագրել է, որ «վերջին ամիսներին Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևի բազմամյա ռազմական հռետորաբանությունը սրվել է, և նա ավելի ագրեսիվ կերպով  է սպառնացել Ղարաբաղի հարցը լուծել ուժային մեթոդներով` բացահայտ կերպով ի ցույց դնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում տեղի ունեցող բանակցային գործընթացը վիժեցնելու իր մտադրությունը: Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակաբար հայտարարում էր, թե սպասում է Ի. Ալիևի հրամանին՝ Ղարաբաղի հարցը ռազմական ճանապարհով լուծելու համար: Շարունակական այս հռետորաբանությունն ինչ-որ արտահայտություն պետք է ստանար: Բնականաբար, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ագրեսիվ հայտարարությունների ֆոնին Արցախի պաշտպանության բանակի զգոնությունը և ուշադրությունը պիտի կրկնապատկված լիներ, և հետևաբար Ադրբեջանը որոշեց հարվածել այն ուղղությամբ, որտեղ մենք ամենաքիչը պիտի սպասեինք»:

Արձանագրելով այս ամենը, և քաղաքական գնահատական հնչեցնելով, վարչապետ Փաշինյանը հստակություն մտցրեց Ադրբեջանի գործողությունների կապակցությամբ Հայաստանում հնչող գնահատականների/բնորոշումների հարցում: Այսպես, հուլիսի 13-ի ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունում դեռ չէր խոսվում Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի մասին: Չէր ասվում նաև, որ գրավելու նպատակով հարձակում է իրագործվել Հայաստանի տարածքում գտնվող սահմանային կետի վրա: Մամուլի խոսնակի մեկնաբանությունում միայն նշվում է, որ տեղի է ունեցել հրադադարի խախտում և Հայաստանի տարածք ներթափանցելու փորձ: Ներթափանցման փորձի մասին, առանց ռազմական ագրեսիայի մասին գնահատականի, ՀՀ ԱԳ նախարարը խոսեց նաև երկու օր անց «Ալ Ջազիրա» հեռուստակայանին տված հարցազրույցում:

Հաջորդ՝ հուլիսի 16-ի հայտարարությունում ԱԳՆ-ն արդեն խոսում է Ադրբեջանի կողմից իրագործված արգեսիայի մասին: Սակայն, խոսքը վերաբերում էր միայն Ադրբեջանի՝ հուլիսի 16-ի գործողություններին: Նկատենք, որ Մեծամորի ատոմակայանը ռմբակոծելու սպառնալիքի վերաբերյալ արված կոշտ հայտարարության մեջ կրկին բացակայում է այդ գնահատականը, այն չկա նաև Ժնևում մեր դեսպանի ելույթում: Իսկ ահա ՀԱՊԿ-ում մեր դեսպանը ասում է, որ «փորձ է արվում ուղղակի ագրեսիա իրականացնել ՀԱՊԿ անդամներից մեկի նկատմամբ»:

Եվ ահա, վարչապետի` հուլիսի 18-ի ՊՆ-ում հնչեցրած  ելույթում հստակ և ամփոփիչ գիծ է քաշվում վերը նշված գնահատականներում: Ադրբեջանը, ԼՂ հակամարտության գոտուց դուրս, խախտելով հրադադարի ռեժիմը, ագրեսիայի անթաքույց ակտ է իրականացրել ինքնիշխան Հայաստանի նկատմամբ: Հստակ է, որ Ադրբեջանը չի կարող քողարկել այս փաստը այլևայլ ձևակերպումներով և չի կարող ունենալ որևէ ծանրակշիռ բացատրություն: Չկա և որևէ պաշտոնական պնդում, որ ՀՀ ԶՈՒ գրավել է իրենց տարածքը:

Այս գնահատականի հիման վրա Հայաստանը պետք է դիմի բոլոր միջազգային կառույցներին՝ հրավիրելով համայն աշխարհի ուշադրությունը Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի կանոնադրության և Միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի կոպտագույն խախտման փաստի վրա: Նկատենք, որ Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Ա. Թաթոյանը այս ուղղությամբ արդեն իսկ կարևոր գործ է արել՝ դիմելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնակատարին և ՄԱԿ-ի այլ մարմիններին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին, Մարդու իրավունքների հանձնակատարին և ԵԽ այլ մարմիններին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեին և այլն: Հեղինակավոր միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրվել, որ Ադրբեջանը կատարել է գործողություններ, որոնք խախտում են Միջազգային մարդասիրական իրավունքին վերաբերող Ժնևի Կոնվենցիաները, Միջազգային մարդասիրական սովորութային իրավունքը:

Ինչ վերաբերում է անվտանգության հարցերով զբաղվող միջազգային կազմակերպություններին, ապա դրանց իրազեկելու և ահազանգելու ռազմավարության առանցքային մաս պետք է կազմի Ադրբեջանի պաշտպանության նախարարության խոսնակի՝ Մեծամորի ատոմակայանը թիրախավորելու խելագար սպառնալիքը, որը հանդիսանում է միջուկային ահաբեկչության աննախադեպ օրինակ: Կարևոր շեշտադրում պետք է արվի այն պարզ և աքսիոմատիկ փաստի վրա, որ ատոմակայանի ուղղությամբ հրթիռային հարված հասցնելու կամ այդ հարվածի սպառնալիքը հնչեցնելու վերաբերյալ որոշումն ընդունվում է ոչ ՊՆ խոսնակի մակարդակում: Ի դեպ, ոչ էլ պաշտպանության նախարարի մակարդակում: Նման որոշում կարող էր ընդունվել միայն ու միայն Ադրբեջանի բարձրագույն քաղաքական ղեկավարության մակարդակում, այն է` անձամբ Իլհամ Ալիևի կողմից: Սա անվտանգության լրջագույն սպառնալիք է տարածաշրջանի բոլոր ժողովրդների համար, ինչի կապակցությամբ, մասնավորապես, Իրանում, Վրաստանում մեր դեսպանները պետք է լրացուցիչ տեղեկություններ հայտնեն հարևան պետությունների պատկան մարմիններին: Ավելին, համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության, այն պետությունը, որը ենթարկվել է ուժի կիրառման սպառնալիքին, առավել ևս` միջուկային ահաբեկչության սպառնալիքին, կարող է և պետք է անմիջապես տեղեկացնի այդ մասին Միացյալ Ազգերի Կազմակերպությանը: Հարցը կարող է քննարկվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որը դրա քննարկումից հետո կարող է գնահատել Ադրբեջանի գործողությունները որպես սպառնալիք խաղաղությանը և գործարկի ընդհուպ մինչև ՄԱԿ-ի Կանոնադրության VII գլուխը` «Գործողություններ խաղաղության վտանգման, խաղաղության խախտման և ագրեսիայի դեպքում»:  

Մեր ընկալմամբ, խոսելով հուլիսի 12-ից սկսած Ադրբեջանի գործողությունների մասին` այսուհետ պետական բոլոր կառույցները պետք է օգտագործեն հենց այդ բնորոշումը՝ անթաքույց ագրեսիա ինքնիշխան պետության դեմ: Այլ, այսպես ասած՝ նկարագրող կամ բնորոշող ձևակերպումները՝ սադրանք, հրադադարի խախտում, ներթափանցման փորձեր, զինուժի կիրառում և այլն, որոնք մինչ օրս օգտագործվում են բանավոր խոսքում և պաշտոնական հաղորդագրություններում, այսուհետ պետք է  օգտագործվեն միայն ագրեսիայի ակտ բառակապակցության հետ միասին: Հայաստանը պետք է օգտագործի իր դիվանագիտական ողջ արսենալը՝ առանցքային մայրաքաղաքներից և միջազգային կազմակերպություններից Ադրբեջանի նկատմամբ դատապարտող հայտարարություններ կորզելու համար:

Հայաստանի այս նոր մոտեցումը պետք է զուգակցվի նաև ակտիվ քայլերով/նախաձեռնություններով բանակցային ճակատում: Ինչպես հանձնարարեց վարչապետը, մենք պետք է ձեռնարկենք առարկայական քայլեր «հրադադարի ռեժիմի պահպանման վստահելի մոնիտորինգի միջազգային համակարգի ստեղծման ուղղությամբ»: Դա այն է, ինչը չկարողացավ անել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը 2016-2017 թվականներին: Կարծում ենք, որ միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները  այս անգամ կցուցաբերեն անհրաժեշտ շահագրգռվածություն և վճռականություն՝ հրադադարի պահպանման մոնիտորինգի գործուն մեխանիզմի ստեղծման ուղղությամբ: Առավել ևս, որ ԵԱՀԿ պատասխանատվության գոտում նման մոնիթորինգային միջազգային համակարգի փորձ արդեն իսկ գոյություն ունի: Առաջին նման փորձը եղել է Վրաստանում` վրացական իշխանությունների խնդրանքով` Չեչնիայի և Դաղստանի հետ սահմանին, ԵԱՀԿ Սահմանային դիտորդական առաքելության կողմից: Այսօր, առավել արդիականացված համակարգ ստեղծված է և 24/7 ռեժիմով գործում է նաև ուկրաինական Դոնբասում` ԵԱՀԿ Հատուկ Դիտորդական Առաքելության գործունեության շրջանակներում: Ուստի, ԵԱՀԿ-ն հենց այն կազմակերպությունն է, որտեղ կուտակված է զինադադարի ռեժիմների մոնիտորինգի միջազգային համակարգի ստեղծման ահռելի փորձ:

Եվ ուրեմն, առկա են բոլոր նախադրյալները, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը միջազգային ասպարեզում, առավել ևս միջազգային կազմակերպություններում հետ վերցնի հարձակողական նախաձեռնությունը Ադրբեջանի ձեռքից՝ լուրջ հարված հասցնելով հարձակողական, մեղադրական քաղաքականություն վարելու վերջինիս կարողություններին: Պետք է նաև օգտվել Ադրբեջանում ԱԳ նախարարի փոփոխությունից և այդ պատճառով որոշակի ժամանակով անխուսափելի պարալիչից և թելադրել մեր օրակարգը` մղելով Ադրբեջանին անկյուն, իր համար ոչ շահեկան՝ պաշտպանողական դիրքեր: Ադրբեջանը ամենուր, բոլոր հարթակներում պետք է հայտնվի Հայաստանի ներկայացուցչությունների ամենակտիվ գրոհների ներքո՝ մնալով բացատրությունների ու արդարացումների հույսին:

Միջազգային հեղինակավոր հանդեսների անդրադարձը վերջին իրադարձություններին և մասնավորապես՝ Մեծամորի ատոմակայանին հարվածելու չհաշվարկված սպառնալիքն առավել բարենպաստ պայմաններ է ստեղծել Հայաստանի համար միջազգային հարթակներում Ադրբեջանին լրջագույն հարվածներ հասցնելու համար:


Նմանատիպ Հոդվածներ

Տավուշի մարզի սահմանամերձ Բարեկամավանում բացվեց «Հայփոստ»-ի նորացված մոդելի բաժանմունք

Անի Գրիգորյան

Տավուշում ԹՈՒՄՕ կենտրոն կկառուցվի․ կառավարությունը հավանություն տվեց նախագծին

Սերինե

ՓՊ-ն Տավուշի սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցելու նախաձեռնություն է սկսել

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին