1 C
Yerevan
27 Նոյեմբերի, 2020
116406.4 By Google Analytics 26.11.2020
Գլխավոր » Հայաստանից զբոսաշրջիկ ընդունում են Բելառուսը, Չերնոգորիան և Եգիպտոսը
Այլ Լուրեր

Հայաստանից զբոսաշրջիկ ընդունում են Բելառուսը, Չերնոգորիան և Եգիպտոսը

Օրեր առաջ մեր կողմից հրապարակած նյութում խոստացել էինք, որ ՀՀ Արտաքին գործերի նախարարություն ուղարկված մեր գրավոր հարցման պատասխանը ստանալուն պես կհրապարակենք այն։ Մեր գրավոր հարցմանն ի պատասխան ԱԳՆ-ն նշել էր․ «Նոր տիպի կորոնավիրուսի տարածման պայմաններում իրավիճակը և դրանից բխող տեղեկատվությունն անընդհատ փոխվում են, այդ իսկ պատճառով հնարավոր չէ տրամադրել այն երկրների ցանկը, ուր ՀՀ քաղաքացիները զբոսաշրջության նպատակով կարող են մեկնել հուլիս-օգոստոս-սեպտեմբեր ամիսներին»։ 

Հատկանշական է սակայն, որ սույն թվականի հուլիսի 18-ին նախատեսվում է Հայաստան-Եգիպտոս առաջին չարտերային չվերթը, որը իրականացնելու է AMC AIRLINES ավիաընկերությունը, որի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում «Սքայ Տուր» ընկերությունն է։ Հարցի առնչությամբ զրուցեցինք ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանի հետ, թե ինչպե՞ս է ստացվում, որ տուրիստական գործակալությունները մարդկանց առաջարկում են մեկնել՝ կոնկրետ այս դեպքում Եգիպտոս, իսկ ԱԳՆ-ն նշում է, որ երկրների ցանկ չի կարող ասել։

«Մեր քաղաքացիների ելքը սահմանափակվում է միայն ցամաքային ճանապարհով, իսկ օդային ճանապարհով, եթե կա թռիչք և այդ երկիրը պատրաստ է ընդունել Հայաստանից զբոսաշրջիկ, և վերջիններս պատրաստ են ենթարկվել այնտեղի կարանտինային կանոններին, պետք է կապ հաստատեն այստեղի դեսպանության հետ և այդտեղից ստանան համապատասխան փաստաթուղթը, որ կարողանան մեկնել»,- ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը, դիտարկմանը այսինքն՝ տուրիստական գործակալությունները, որոնք նման առաջարկներով են հանդես գալիս, փաստորեն համաձայնության եկե՞լ են տվյալ երկրի հետ, Նաղդալյանն ասաց, որ չի կարող ասել։ Հարցին, թե երկրների փոխհամաձայնեցումը Արտգործնախարարությունների մակարդակով չի՞ կատարվում, խոսնակն ասաց․«Եթե երկիրը կայացնում է որոշում, այդ մասին համապատասխան հայտարարություն են տարածում, ինչի մասին տեղեկացնում է մեր երկրում տվյալ երկրի դեսպանատունը։ Ներկա դրությամբ, եթե կա հստակ երկիր, կարող ենք մանրամասները ճշտել, բայց ընդհանուր տեղեկատվություն, որ կարող են գնալ, կապված է թռիչքների հետ, բայց թռիչքներ չկան, խնդիրը դա է, եթե կա թռիչք, կա քաղաքացի, թող մեր հյուպատոսական վարչության միջոցով անպայման ճշտի արդյոք կա՞ այդ հնարավորությունը, թե չէ»։ Նաղդալյանը նշեց, որ նախարարության գործառույթները սահմանափակվում են նրանով, որ իրենք՝ թռիչքների առկայության դեպքում, քաղաքացիներին տեղեկացնում են, վերջիններս կարող են մեկնել, թե ոչ։ Տուրիստական  գործակալությունների մասով՝ Աննա Նաղդալյանը նշեց, որ Զբոսաշրջության կոմիտեն պետք է պատասխանի։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանից հետաքրքրվեցինք, արդյոք տուրիստական գործակալությունները կոմիտեին տեղյակ պահո՞ւմ են, թե իրենք որ երկրների հետ են համաձայնեցնում զբոսաշրջիկներին ընդունելու հարցը և, գոնե այս պահի դրությամբ, հստակ երկրների ցանկ կա՞։ «Ցանկ չկա, տարբեր երկրներ կան, որոնք, կարծես թե թույլատրում են Հայաստանի քաղաքացիների մուտքերը, բայց վերջնական հաստատված ցանկ ես չունեմ»,- ասաց Սուսաննա Սաֆարյանը և հավելեց, որ Հայաստանում գործող բոլոր տուրիստական գործակալությունները պետականորեն պարտադրված չեն հաշվետվություն ներկայացնել և ազատ են իրենց գործունեության մեջ․ «ուղղակի գործընկերային մակարդակում, քննարկումների արդյունքում տեղեկացնում են թե որ երկիրը ինչ ծրագրեր ունի Հայաստանի հետ կապված»։

«Սքայ Տուր» ընկերության ղեկավար Ալեքսանդր Միրաքյանը մեզ տեղեկացրեց, որ այս պահի դրությամբ Հայաստանից զբոսաշրջիկ ընդունում են Բելառուսը, Չերնոգորիան և Եգիպտոսը։ «Հիմնվելով Բելառուսի փորձի վրա՝ մենք մեր հաճախորդներին առաջարկում ենք մեկ շաբաթ, 10 և 14-օրյա հանգիստ Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա քաղաքներում։ Ակնկալում ենք, որ ամսի 18-ին կիրականանա Երևան-Եգիպտոս չվերթը»,- ասաց Միրաքյանը։ Նա նշեց, որ քաղաքացիները առանց թեստավորման, միայն ջերմաչափմամբ են մեկնելու Եգիպտոս, իսկ վերադարձից հետո պարտադիր 14 օր ինքնամեկուսանալու են։ Ընկերության ղեկավարի խոսքով՝ այն երկրների ցանկի մասին, որոնք պատրաստ են ընդունել Հայաստանի քաղաքացիներին, իրենք ստանում են տվյալ երկրների իրենց գործընկերներից։

Ալեքսանդր Միրաքյանը զարմացավ մեր այն հարցից, թե հուլիս 18-ին նախատեսվող չվերթի համար քաղաքացիները ունեն համապատասխան փաստաթուղթը, որը հաստատում է, որ տվյալ երկիրը պատրաստ է ընդունել իրենց, քանի որ թե՛ ԱԳՆ խոսնակը, թե՛ Զբոսաշրջության կոմիտեի նախագահը ասել են, որ ինքնաթիռ բարձրանալուց առաջ քաղաքացին պետք է այդ թույլտվությունն իր մոտ ունենա անպայման, հակառակ դեպքում նրան կարգելեն լքել Հայաստանի սահմանը․«կարծում եմ, այդ փաստաթուղթը հենց ավիատոմսն է՝ ներառյալ դիմավորումն ու ճանապարհումը, ուղղակի ես պատկերացում չունեմ՝ ուրիշ ինչ փաստաթուղթ պետք է քաղաքացին ունենա, քանի որ դիմավորող երկիրը, որի հետ մենք արդեն ութ տարի աշխատում ենք ոչ մի փաստաթղթի մասին չի ասել»,- դիտարկմանը, որ այդ փաստաթուղթը համավարակով է պայմանավորված, Միրաքյանն ասաց․«առաջին անգամ եմ լսում այդ մասին, եթե այդ փաստաթղթի առկայությունը պարտադիր լիներ, մենք հաստատ կզգուշացվեինք մեր գործընկերների կողմից»։

Վիզաների վերաբերյալ մեր հարցին ի պատասխան, ընկերության ղեկավարն ասաց, որ մինչև նոյեմբեր ամսվա վերջ՝ Եգիպտոսի մասով, վիզայի ռեժիմը հանված է ՀՀ քաղաքացիների համար։ «Սքայ Տուր» ընկերության ղեկավար Ալեքսանդր Միրաքյանից հետաքրքրվեցինք նաև, եթե քաղաքացիները Եգիպտոսում վարակվեն կորոնավիրուսով՝ ի՞նչ է լինելու նրանց հետ․«Եգիպտոսի կառավարությունը  հայտարարել է, որ երկրի առողջապահության նախարարությունը պատրաստ է պետպատվերի շրջանակներում բուժօգնություն ցուցաբերել զբոսաշրջիկներին, ովքեր հանգստի շրջանում կվարակվեն կորոնավիրուսով ու հիվանդանոցային բուժման կարիք կունենան»,- ասաց Միրաքյանը։ Վերջինից փորձեցինք ճշտել նաև, եթե չվերթը չիրականանա, ընկերությունը կվերադարձնի՞ քաղաքացիների գումարները, ի պատասխան ընկերության ղեկավարն ասաց, որ մանրամսները չի կարող ասել, բայց ամեն ինչ անում են, որ իրենց հաճախորդները խնդրի առաջ չկանգնեն։

Քրիստինե Աղաբեկյան

Նմանատիպ Հոդվածներ

Եգիպտոսում ամերիկացի զինվորականներ են տուժել ուղղաթիռի ընկելու հետեւանքով

Անի Գրիգորյան

ՌԴ ԱԳՆ-ն գնահատել Է Եգիպտոսի հետ լիարժեք ավիահաղորդակցությունը վերսկսելու անհրաժեշտությունը

Անի Գրիգորյան

Արմեն Սարգսյանն Ադրբեջանի հրահրած պատերազմի առնչությամբ դիմել է Եգիպտոսի նախագահին

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին