12 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Հայաստանն ունի միջազգային հանրության միանշանակ և անվերապահ աջակցությունը. ԱԳՆ
Այլ Լուրեր

Հայաստանն ունի միջազգային հանրության միանշանակ և անվերապահ աջակցությունը. ԱԳՆ

Հայաստանի Հանրապետությունն ունի միջազգային հանրության միանշանակ և անվերապահ աջակցությունը այն հարցում, որ պետք է անհապաղ դադարեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտ զորքերի շփման գծում ընթացող ռազմական ագրեսիան և դատապարտել ուժի կիրառման ցանկացած դրսևորում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 28-ին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Մենք ունենք միջազգային հանրության միանշանակ, անվերապահ աջակցությունը, որը դատապարտում է ուժի կիրառումը և տարածաշրջանում խաղաղության, կայունությունն ու անվտանգության խաթարմանն ուղղված ջանքերը: Բախվելով միջազգային հանրության այդ դիրքորոշմանը՝ Բաքուն սկսեց դիմել իր ավանդական գործիքակազմին` կեղծ լուրեր տարածելով, թե հայկական կողմն առաջինն է նախաձեռնել բախումը»,- ասաց Նաղդալյանը:

ԱԳ նախարարի մամուլի խոսնակը հավելեց, որ առաջին անգամ չէ, երբ Բաքուն նման քայլի է դիմում, սակայն Հայաստանն ունի փաստական տվյալներ, որ Ադրբեջանն է սկսել ռազմական գործողությունները:

«Մենք ունենք փաստական, անհերքելի տվյալներ, թե որ կողմն է սկսել մարտական գործողությունները: Տարիներ շարունակ խախտելով եռակողմ անժամկետ համաձայնագրերը, որոնցով հաստատվել է հրադադարը ու հրաժարվելով հրադադարի խախտման հետախուզման մեխանիզմների ներդրումներից, Ադրբեջանն ի ցույց է դրել, որ մշտապես ունեցել է պատերազմ սկսելու ծրագրեր»,- նշեց Աննա Նաղդալյանը:

Նաղդալյանը նշեց, որ այս անգամ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիան ունի երկու առանձնահատկություն:

«Առաջին առանձնահատկությունն այն է, որ Ադրբեջանի նախագահի մակարդակով հրապարակավ հրաժարում է եղել խաղաղ գործընթացից, խնդիր է դրվել խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Երկրորդ առանձնահատկություն այն է, որ այս անգամ մենք առնչվում ենք Ադրբեջանին ցուցաբերվող Թուրքիայի քաղաքական և ռազմական ուղղակի աջակցությանը: Այն դրսևորվում է տեղում թուրքական ռազմական ներկայությամբ: Այս անգամ Արցախի ժողովուրդը պայքարում է թուրք-ադրբեջանական դաշինքի դեմ: Արցախի և Հայաստանի կարողությունները և վճռականությունը` հակադարձել այս դաշինքին, աներեր են»,- ասաց ԱԳՆ մամուլի խոսնակը:

Աննա Նաղդալյանը հավելեց, որ ՀՀ դիվանագիտական ծառայությունն աշխատում է արտակարգ ռեժիմով, իսկ նախարար Զոհրաբ Մնացականյանը մշտական կապի մեջ է տարբեր երկրների իր գործընկերների հետ:

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին