18 C
Yerevan
1 Հոկտեմբերի, 2020
101872 By Google Analytics 30.09.2020
Գլխավոր » Հայաստան տուրիստներ բերելն իրատեսական չէ, մինչև չվերթները չվերականգնվեն. Տուրիստականի տնօրեն
Այլ Լուրեր

Հայաստան տուրիստներ բերելն իրատեսական չէ, մինչև չվերթները չվերականգնվեն. Տուրիստականի տնօրեն

Չնայած արտակարգ դրության մասին կառավարության որոշմամբ հանվեց օտարերկրացիների մուտքի արգելքը Հայաստան, տուրիստական գործակալությունները առանձնապես մեծ հույսեր չունեն արտակարգ դրության պայմաններում Հայաստան տուրիստներ բերելու հետ կապված: Ինչպես հայտնի է՝ օտարերկրացիները Հայաստան կարող են գալ՝ թեստավորվելու կամ 14 օր ինքնամեկուսանալու պայմանով:

«Արմետուր» տուրիստական գործակալության տնօրեն Աշոտ Պետրոսյանը, որը մինչ կորոնավիրուսի պանդեմիան Ռուսաստանից տուրիստներ է բերել Հայաստան, որպես հիմնական խոչընդոտ նշեց չվերթների բացակայությունը:

«Եթե կանոնավոր թռիչքներ չլինեն Հայաստան, այդ թռիչքների տոմսերը նորմալ գներ չլինեն, տուրիստները չեն գա: Համենայն դեպս, այս պահին ոչ մի փոփոխություն չկա»,-NewArmenia.am-ին ասաց Պետրոսյանը՝ հավելելով. «Չարտերային չվերթները այլ մեխանիզմով են աշխատում այս պահին՝ պետական ծառայության կարգով: Այս պահին դեռ պարզ չի՝ այդ չարտերներով կկարողնա՞ն տուրիստները գան, թե՞ ոչ»:

Բացի դա, ըստ տուրիստական ընկերության տնօրենի, չարտերային թռիչքները Ռուսաստանից շատ քիչ են ու գները էժան չեն: «Չարտերային թռիչքներով այս պահին տուրիստները չեն կարող գալ Հայաստան, որովհետև դրանք նախատեսված են Ռուսաստանում գտնվող ՀՀ քաղաքացիների համար: Իսկ ոչ ՀՀ քաղաքացիների համար Հայաստան չվերթներ չկան: Պետք է սպասենք, հասկանանք, չվերթները ինչպես կլինեն»,-ասաց տուրիստականի տնօրենը:

Նրա խոսքով՝ հյուրանոցները հիմա ավելի էժան գնով կարող են ծառայություն մատուցել, տուրիստական ընկերությունները՝ նույնպես, սակայն առանց կանոնավոր չվերթների գրեթե անհնար կլինի տուրիստների մուտք ապահովել Հայաստան:

Իսկ ցամաքային ճանապարհով ևս այս պահին հնարավոր չէ տուրիստներ բերել: «Նախ՝ ռուս տուրիստները ցամաքային ճանապարհով չեն էլ գալիս: Դրանք հիմնականում ՌԴ-ի հայերն են լինում»,-նշեց Պետրոսյանը:

Տուրիստական ընկերության տնօրենի խոսքով՝ կարգավորված չէ նաև, թե Հայաստան եկած տուրստները ինչպես և որտեղ են կորոնավիրուսի թեստ հանձնելու, որքան ժամանակից է պատասխան լինելու, որտեղ են մեկուսանալու և սպասելու թեստի պատասխաններին:

«ՀՀ կառավարությունն այս հարցերի պատասխանները չի կարգավորել: Օրինակ՝ Դուբայում օդանավակայանում կարող եք էքսպրես թեստ հանձնել, որի պատասխանը 3 ժամ հետո տալիս են: Իսկ էստեղ հստակ չէ՝ որտեղ են իրենք ինքնամեկուսանալու, երբ կկարողանան թեստը հանձնել և այլն»,-ասաց Պետրոսյանը:

Այնպես որ ընկերությունը ծրագրեր չունի այս պահին տուրիստներ բերելու հետ կապված: «Կառավարության այս որոշումը ընդամենը ազդակ է, և դեռ հստակ չէ, որ հասկանանք, թե ինչ ենք անում: Մեր աշնանային, ձմեռային փաթեթները վաղուց պատրաստ են ու ուղարկված են, բայց մինչև էդ տիպի հարցերը չլուծվեն, հնարավոր չէ աշխատել: Շատ բան չի փոխել որոշումը»,-նշեց նա:

«Արմենիա տուրի» տնօրեն Գարիկ Դանիելյանը ևս լավատես չէ արտակարգ դրության պայմաններում Հայաստան արտերկրից տուրիստներ բերելու հարցում: «Իրենց երկրներում էլ հորդորում էն կորոնավիրուսի վտանգավոր գոտում գտնվող երկրներ չգնալ: Դեռ սպասողական դրության մեջ են: Նախատեսում ենք լիարժեք աշխատել 2021 թ-ի գարնանից»,-ասաց նա:

Տուրիստական ընկերության տնօրենի կարծիքով՝ օտարերկրացիների մուտքի արգելքի վերացումից հետո այս ամիս Հայաստան կգան հիմնականում ՀՀ քաղաքացիություն չունեցող հայերը: «Հիմա կգան հայեր, որոնք փաստաթղթերի հետ կապված հարցեր ունեն, բուժման կարիք և այլն, աշխատանքային, որպես տուրիստ այս տարի դժվար գան»,-կանխատեսեց Դանիելյանը՝ հավելելով, որ իրենք ծրագիր չունեն Հայաստան տուրիստ բերելու:

NewArmenia.am- տուրիզմի պետական կոմիտեին ու քաղավիացիայի կոմիտեին գրավոր հարցում է արել, թե ի՞նչ է արվում վերոնշյալ  խնդիրները կարգավորելու ուղղությամբ, ե՞րբ է հնարավոր կանոնավոր չվերթների վերաբացումը, հնարավո՞ր են չարտերային չվերթներ՝ տուրիստներ բերելու նպատակով, քանի որ ներկա չվերթներով միայն ՀՀ քաղաքացիներն են գալիս Հայաստան: 

Պատասխանները կհրապարակենք ստանալուն պես:

Մարինե Խառատյան

Նմանատիպ Հոդվածներ

Տուրիստները չեն գալիս ՀՀ ոչ թե արտակարգ դրության, այլ՝ համավարակի պատճառով․ փոխվարչապետ

Անի Գրիգորյան

Ավստրալիայի տուրիստական բիզնեսը հսկայական կորուստներ կկրի հրդեհների պատճառով

Աշխեն
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին