-3 C
Yerevan
24 Նոյեմբերի, 2020
115619.2 By Google Analytics 23.11.2020
Գլխավոր » «Հայրս էլ է մնացել գյուղում, Վաղուհասի տղամարդիկ զինված պայքարում են հակառակորդի դեմ». պատմում է 14-ամյա Լարիսան
Այլ Լուրեր

«Հայրս էլ է մնացել գյուղում, Վաղուհասի տղամարդիկ զինված պայքարում են հակառակորդի դեմ». պատմում է 14-ամյա Լարիսան

Արցախի Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղի տասնչորսամյա բնակչուհի Լարիսա Ասլանյանն իր եղբայրների, քույրերի, մոր և տատիկի հետ սեպտեմբերի 29-ից Հայաստան է տեղափոխվել: NewArmenia.am-ի հետ զրույցում պատմեց, որ պատերազմի առաջին իսկ օրվանից գյուղում կրակոցների ձայնը շատ պարզ էր լսվում, մի քանի անգամ էլ իրենց գյուղի վրա են կրակել. «Վախեցել էինք, տեղափոխվեցինք Հայաստան: Հիմա էլ գյուղից եկողները պատմում են, որ փորձել են ռումբ գցեն գյուղի վրա, բայց չի պայթել»:

Թեպետ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմ է սկսել, իսկ Թուրքիան ի աջակցություն Ադրբեջանի, բացի սպառազինությամբ նրան զինելուց, նաև Սիրիայից վարձկաններ է ներգրավում պատերազմում, այնուամենայնիվ Վաղուհասի տղամարդիկ չեն վախեցել հակառակորդից`ընտանիքներին դուրս են բերել, իսկ իրենք մնացել են թշնամու դեմ պայքարելու` գյուղը հակառակորդին հանձնելու մտադրություն չունեն:

«Հայրս էլ է մնացել  գյուղում, երբ հարցնում ենք, ասում է ամեն ինչ նորմալ է: Գյուղում մի քանի կին էլ են մնացել, որ բոլոր տղամարդկանց համար ճաշ պատրաստեն»,-ասաց Լարիսան:

Վաղուհասի տասնչորսամյա բնակչուհին սովորում էր գյուղի Գրիշա Մուրադյանի անվան միջնակարգ դպրոցի իններորդ դասարանում, պատմեց, որ իրենց դասարանում տասներեք աշակերտ կար, իսկ հիմա դպրոցը դատարկ է, և ինքը Հայաստանում նոր դպրոց է հաճախում:

Հիմա բազմամարդ ընտանիքը Սևանում ժամանակավոր կացարանում է ապրում. «Վեց երեխա ենք` երեք քույր, երեք եղբայր: Մամայիս ու տատիկիս հետ ենք եկել: Երեխաներից մեծը ես եմ, իսկ փոքրը երեք տարեկան է»,- իր ընտանիքը ներկայացրեց Լարիսան ու հիշեց, որ իրենց Վաղուհասից տեղափոխել է հարևան տղաներից մեկը. «Գյուղի տղաներից մեկը մեզ և հարևանների ընատնիքներին` բոլորիս լցրեց ավտոմեքենան ու բերեց Վարդենիս, հետո ուրիշ մեքենայով եկանք Սևան»:

 Թեպետ Արցախում պատերազմ է, բայց Լարիսան կարոտել է գյուղը, որոշել է` պատերազմն ավարտվի, հետ կգնա, իսկ ամառները կայցելի Սևան:

Վաղուհասի պատանի բնակչուհին սիրում է ստեղծագործել և մեզ տրամադրեց իր՝ օրերս գրած բանաստեղծությունից քառատողեր.

Աշուն է իջնում մեր Վաղուհասում

Աշունը իջնում ու երգ է երգում

Ախ Վաղուհասը, այն շեն Վաղուհասը

Հիմա դատարկ է մեր Վաղուհասը

Հիմա էլ չկա աքլորի կանչը,

Հիմա էլ չկա հովիվի ձայնը…

Նարա Մարտիրոսյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին