9 C
Yerevan
7 Ապրիլի, 2020
53331 By Google Analytics
Գլխավոր » Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետը հերքում է Jewish Press-ի հոդվածում առկա տեղեկությունները
Այլ Լուրեր

Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետը հերքում է Jewish Press-ի հոդվածում առկա տեղեկությունները

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետ Սերոբ Սահակյանը հերքում է Jewish Press-ում հրապարակված «Թուրքիան փորձում է գրավել Երուսաղեմի Հին քաղաքում հայկական թաղամասը» վերնագրով հոդվածում առկա տեղեկությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում Սահակյանը նշեց, որ այդ տեղեկություններն ամբողջովին չափազանցված են:

«Թուրքերի ներթափանցում մեր տներ, մեր համայնք կամ մեր կալվածքներ չկա: Վերջին շրջանում նկատվում է միայն թուրք զբոսաշրջիկների թվի ավելացում: Այսօր հնարավոր է, որ միաժամանակ մի քանի հազար թուրք զբոսաշրջիկ անցնի մեր կալվածքներով»,- ասաց Սահակյանը:

Հայ դատի Երուսաղեմի հանձնախմբի ատենապետը նշեց, որ թուրքական ներթափանցում կա իսլամական թաղամասերում և Երուսաղեմից դուրս այլ քաղաքներում: «Վերջին շրջանում նկատվում են բարեգործական կազմակերպություններ, որոնք ֆինանսավորվում են թուրքական գործակալությունների կողմից: Սա բավական վտանգավոր երևույթ է Իսրայելի համար, սակայն հայկական համայնքի համար որևէ վտանգ չկա: Հերքում ենք հոդվածում նշված տեղեկությունները»,- նշեց նա:

Փետրվարի 14-ին  Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը պարզաբանում էր ներկայացրել հոդվածի վերաբերյալ:

«Փետրվարի 13-ին Jewish Press-ում լույս է տեսել Բարուխ Հեդիդի “Turkey Working to Take Over Armenian Quarter in Jerusalem’s Old City” հոդվածը, որտեղ հեղինակը նախ անդրադառնում է Էլիա Գահուէճեանի` Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարանը փակելու թուրքական փորձին: Նշենք, որ Էլիա Գահուէճեանն ունի լուսանկարչական ստուդիա, որտեղ նա զբաղվում է իր պապի և հոր կողմից արված նկարների վաճառքով և այն Հայոց ցեղասպանությանը նվիրված թանգարան չէ: Ստուդիան Երուսաղեմի Հին քաղաքի Քրիստոնեական թաղամասում է և այն պատկանում է Երուսաղեմի Հունաց պատրիարքությանը»,- գրել է դիվանապետը:

Անդրադառնալով հոդվածում այն դիտարկմանը, որ թուրքերը լռության դիմաց հայերին 3000 դոլարանոց դրամաշնորհներ են առաջարկում, Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը նշել է, որ Երուսաղեմի հայերին հնարավոր չէ գայթակղել 3000 դոլարով:

«Երուսաղեմի գրեթե բոլոր հայերը սոցիալապես ապահով են, իսկ նրանք, որոնք սոցիալապես անապահով վիճակում են, Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը նրանց ապահովել է բնակարանով, աշխատանքով և կերակուրով, հետևաբար, սաղիմահայերին հնարավոր չէ գայթակղեցնել 3000 դոլարով»,- նշել է Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Jewish Press-ում հրապարակված հոդվածում նշվել է, որ ամիսներ առաջ հայկական թաղամասի բնակիչները ցնցված են եղել՝ հայտնաբերելով, որ իրենց տներից մեկն իր իրական արժեքը երեք անգամ գերազանցող գնով վաճառվել է մուսուլմանի, իսկ հետաքննության արդյունքում պարզվել է, որ հայկական անշարժ գույքի գնման ֆինանսավորումը ստացվել է Թուրքիայից: Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դիվանապետն իր պարզաբանման մեջ հայտնել է, որ վերջերս Երուսաղեմի Հայկական թաղամասում բնակարան չի վաճառվել:

Նորայր Շողիկյան

Աղբյուրը՝ armenpress.am

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին