Գլխավոր » Հանրային գիտակցության խորքային վերափոխումների հրամայականը
Քաղաքականություն

Հանրային գիտակցության խորքային վերափոխումների հրամայականը

հետևեք մեզ նաև Telegram-ում

«Թավշյա» հեղափոխությունից անցել է շուրջ 1.5 տարի։ Հեղափոխական ալիքից հետո ծավալվել  են տարաբնույթ գործընթացներ՝ սկսած տարերային ակցիաներից մինչև պետական համակարգի ինստիտուցիոնալ բնույթի բարեփոխումների գործընթացները։  

Ոչ մեկի համար էլ վիճելի չէ այն փաստը, որ հեղափոխության հասունացումն ու դրա ընթացքը պայմանավորված էին ոչ միայն քաղաքական, այլև ավելի խորքային բնույթի գործոններով՝ սկսած պետական ողջ համակարգի լճացումից մինչև հանրային տարբեր զանգվածների ու շրջանակների ակնկալիքներն ու իրական փոփոխությունների սպասելիքները։ Սակայն բուն հեղափոխական գործընթացը դրսևորվեց հենց քաղաքական հարթակում, քանի որ ճգնաժամը բեկելու հայտ էր ներկայացրել կոնկրետ քաղաքական ուժ, որն էլ կարողացավ ողջ իշխանափոխության գործընթացը խաղաղ ու սահմանադրական ճանապարհով ի կատար ածել։ Ինչ վերաբերում է հասարակական կյանքի մյուս ոլորտներին ու պետական կյանքի կարգավորման մյուս ասպարեզներին, ապա, այս դեպքում, չնայած դրանք հանդիսացան հեղափոխության իրականացման հիմնական կլաստերները, այնուհանդերձ, գտնվում էին քաղաքական ոլորտի ներքո և այս պարագայում իրենց գործողությամբ ածանցվում էին դրանից։ Սա էր թերևս այն գլխավոր պատճառը, որ հետհեղափոխական առաջին ու կարևոր արդյունքները գրանցվեցին հենց քաղաքական վերափոխումների տեսքով։ Այսպես, ազատ և թափանցիկ ընտրությունների միջոցով փոխվեցին գործադիր և օրենսդիր իշխանության մարմինները, որոնց կազմում արդեն չկային օդիոզ կամ հասարակության կողմից մերժելիություն ունեցող դեմքեր։ Արդեն ձևավորված քաղաքական իշխանությունը հաջորդ փուլում ձեռնարկեց պետական համակարգի վերափոխումների փուլը՝ վերակառուցվեց կառավարության կազմը, դրվեց պետապարատի անհարկի ուռճացվածության թոթափման հարցը, հիմքեր ստեղծվեցին դատա-իրավական և այլ ասպարեզներում ինստիտուցիոնալ վերափոխությունների համար։ 

Վերափոխությունների մյուս փուլն, ըստ էության, ենթադրում է հեղափոխության հռչակած սկզբունքների և արժեքների արմատավորում հասարակության ներսում, ինչն ամենադժվարինն է։ Դա զարմանալի չէ, քանի որ այստեղ գործ ունենք կարծրատիպերի, քաղաքական մշակույթի, մարդկանց մեջ տասնամյակներով արմատացած մտածելակերպի հետ։ Ահա, հենց այս կարևոր փուլին է ներկայումս մոտեցել հեղափոխությունը։ Այստեղ փոփոխությունները կարճաժամկետ պլանում չեն երևում, այլ ավելի երկարաժամկետ են և կոնկրետ մշակութաքաղաքակրթական զարգացման տեսլական են ենթադրում։ 

Ի՞նչ  ունենք այս առումով ներկայումս։ Ձևավորվել է քաղաքական իշխանություն, որի որոշակի որոշումներ պոպուլյար կամ ընկալելի չեն հանրային մի մեծ հատվածի համար։ Դրանք հատկապես այն որոշումներն են, որոք բախվում են հանրային այդ կարծրացած մտածելակերպի հետ։ Ի դեպ, այստեղ մեծամասամբ կենտրոնացած է այն հատվածը, որոնք ավելի պահպանողական, պատրիարխալ մշակույթի կրողներ են, նրանց պահանջատիրությունը մշակութաբանական հենք է կրում, ինչը որոշ դեպքերում հակասում է պետական համակարգի դիսցիպլինար որոշումների հետ։ Չնայած հանրային այս հատվածը մշտապես դրել է նաև արդարության պահպանման, կոռուպցիայից զերծ երկիր կառուցելու անհրաժեշտությունը, սակայն ինքն էլ շատ դեպքերում չի պահում խաղի այն կանոնները, ինչը տարիներ շարունակ պահանջել է պետությունից։ 

Ի՞նչ է պահանջվում։ Այստեղ վերափոխությունների հիմնական գրավականը հայ մարդու կարծրացած մտակաղապարները կոտրելն է, խորհրդային մտածելակերպի հաղթահարումը։ Ի վերջո, շուրջ 30 տարվա պետականության պարագայում հանրային կյանքի կարգավորման շատ հարցեր հիբրիդային մեթոդներով էին լուծվում, որը ներառում էր պոստսովետական ավանդույթներն ու նորանկախ պետականության շատ ասպարեզներում առաջացած կազմակերպակառուցվածքային վակուումը։ Ներկա կառավարման համակարգն ամբողջությամբ չի հաղթահարել այդ հիբրիդայնությունը, որը ապագայում  որոշ հանգամանքների պարագայում կարող է շրջվել իր դեմ։ Ի վերջո, վերանկախացումից ի վեր ՀՀ-ում առնվազն երկու քաղաքական իշխանություն  բարոյալքվել է, ինչի պատճառականներից առավելապես եղել է ողջ պետական հիերարխիայի հիբրիդայնությունը, որը բնականաբար սինթեզվում էր նաև հանրային մտածելակերպից։ Ներկայումս քաղաքական համակարգը փոփոխվել է, սկսվել է պետական համակարգի արդիականացումը, սակայն այդ արդիականացումը հանրային հատվածում դեռևս տարբեր աստիճանի դիմադրությունների է հանդիպում։ Որպես օրինակ կարելի է բերել ԿԳՄՍ նախարարության իրականացրած միջոցառումների ու կրթական բարեփոխումների նկատմամբ հանրային նույնիսկ ամենաբարձր հատվածի՝ գիտնականների ընդվզումը։ Հանրային միջավայրի շարժունակության ու փոփոխությունների նկատմամբ բացության ապահովումը պետք է իրականացվի նախևառաջ քարոզչական մեթոդներով՝ ներառելով արտասահմանյան լավագույն փորձը։ Որպես ավելի ռեալ լուծումների տարբերակ կարող է լինել զսպումներ ու խրախուսանքի մեխանիզմների ներդրումը կամ ինչպես ասում են «մահակի ու քաղցրաբլիթի» քաղաքականությունը։ Այսինքն, վտանգավոր և արատավոր երևույթների նկատմամբ պետական մակարդակով կոշտ հակազդեցությունների կուրսի որդեգրումը, ինչպես նաև ստեղծարար ու եզակի դրական օրինակների խրախուսումը, ինչի փայլուն օրինակ է «Մեր ժամանակների հերոսը» նախագիծը, որի հերոսները մեր օրերում ապրող և մեծամասամբ ոչ համարժեք պայմաններում անձնական հաջողություններ գրանցած քաղաքացիներն են։  

Ի վերջո, միայն խորքային վերափոխությունները հնարավորություն կտան ռեալ սահմանել պետության հանդեպ հասարակության բոլոր անդամների պահանջատիրության ու պատասխանատվության իրական չափաբաժինը։ Առանց այս հստակեցումների դժվար կլինի հասարակության վերափոխման ռեալ մեխանիզմների ներդրումը, իսկ նույն հասարակության ներսում հետագա զարգացումների հետ կապված հնարավոր կոգնիտիվ դիսոնանսը կբերի վերջինիս հիասթափությանը, ինչն առաջին հերթին ձեռնտու չէ հենց գործող իշխանությանը։ 

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին