15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » Հանրաքվեն պետք է չեղարկել 2. Արտաքին համատեքստը
Գլխավոր Նորություններ

Հանրաքվեն պետք է չեղարկել 2. Արտաքին համատեքստը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նախորդ խմբագրականում անդրադարձ եղավ սահմանադրական փոփոխությունները ԱԺ-ով իրականացնելու ներքաղաքական և, մասամբ՝ իրավական հիմնավորումներին: Այն իսկապես օրինական է և հաշվի առնելով մի քանի կենսական փաստարկներ, առաջարկություն էր արվել ԱԺ-ի կողմից հետ կանչել հանրաքվե անելու մասին որոշումը և սահմանադրության 213 հոդվածի փոփոխության քվեարկությունը կազմակերպել ԱԺ-ում:

Հակիրճ անդրադարձ կար նաև արտաքին գործոններին, որոնց վերաբերյալ արժի խոսել ավելի մանրամասն: Հատկապես հաշվի առնելով, որ Հայաստանում դրանց սկսել են ավելի մեծ նշանակություն տալ: Ցավոք, երբեմն ոչ այն հարցերում, որոնցում պետք է:

Արտաքին գործոնները ավելի քան կարևոր են, հատկապես այսօր՝ ճգնաժամի հաղթահարման համատեքստում. միջազգային հանրության հետ մշտական և կայուն կապը (ոչ թե ֆորմալ, այլ՝ վստահության, փոխգործակցության կոնկրետ օրինակների վրա հիմնված) կերաշխավորի ավելի վստահ դիմագրավումը այսօրվա մարտահրավերներին: Սակայն կան հարցեր, որոնք վերաբերում են մեր ինքնիշխան որոշումներին և այստեղ ոչ մի դեպքում պետք չէ հայցել միանգամից բոլոր միջազգային կենտրոնների հավանությունը: Շատ դեպքերում, իսկ այս դեպքը հենց դրանցից է, հարկավոր է պարզապես տեղեկացնել մեր գործընկերներին և մանրամասն բացատրել շարժառիթները: Պետությունն  ունի իր առաջնայնությունները, այդ թվում՝ ժամանակային առումով, այն գործում է մրցակցային միջավայրում, այդ թվում՝ նախորդ ռեժիմի ներկայացուցիչների ակտիվ միջամտության պայմաններում, և որոշումները պետք է իրագործվեն առանց ձգձգումների:

Մինչև 2019 թ. աշուն, Հայաստանը օգտվում էր միջազգային հանրության, ժողովրդավարական կառույցների անվերապահ աջակցությունից: Հայաստան էին ժամանում Եվրոպական Միության (ԵՄ) ղեկավարությունը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահը, Եվրոպայի Խորհրդի (ԵԽ) Գլխավոր քարտուղարի տեղակալը, ԵԽ և Եվրոպական Հանձնաժողովի բարձրաստիճան պատվիրակությունները, վարչապետ Փաշինյանը մի քանի շփում ունեցավ Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի հետ, որոնք մեկը մյուսի հետևից ամեն կերպ աջակցում էին Հայաստանի համար առաջնային համարվող դատաիրավական ոլորտի արմատական բարեփոխումներին: Հաշվի առնելով իրենց վստահությունը վարչապետ Փաշինյանի և նրա գործունեության նկատմամբ, հավատը՝ հռչակած և գործնականում դավանած սկզբունքներին, այդ աջակցությունը դրսևորվեց թե՛ հրապարակային հայտարարությունների, և թե ֆինանսական օժանդակությամբ: Առանցքային էր նաև խորհրդատվական աջակցությունը, որը ցուցաբերում էին նշված ինստիտուտները Հայաստանին:

Այստեղ է, որ ՀՀԿ բեկորները եռապատկեցին իրենց առանց այդ էլ լայնածավալ աշխատանքը վերոնշյալ բոլոր ինստիտուտների հետ: Շեշտադրումը դրվեց ԵԽ մաս կազմող Վենետիկի հանձնաժողովի վրա, որի անդամ են մինչ օրս Գագիկ Հարությունյանը և 2015թ. տխրահռչակ սահմանադրության հեղինակներից՝ Վարդան Պողոսյանը: Ապա փորձեցին ազդել ԵԽ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողների հետ: Վերջիններս, 2019թ. մարտին այցելելով Երևան, շռայլում էին գովեստի խոսքեր իշխանության հասցեին՝ ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում։

Նման հակապետական գործունեությանը պետք է հակադրվեին պետական, խորհրդարանական համապատասխան կառույցների հստակ քայլերը, հատկապես հաշվի առնելով նպաստավոր պայմաններն ու միջազգային կազմակերպությունների դրական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ: Սակայն իրավիճակը աստիճանաբար փոխվեց, Եվրոպական առաջատար կառույցները սկսեցին զգուշավոր հայտարարություններ անել հատկապես դատաիրավական բարեփոխումների և մասնավորապես Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ: ԵՄ և ԵԽ որոշ շրջանակների շեշտադրումների վերանայումը հարկավոր է ընդունել ի գիտություն, վերլուծել ու հասկանալ տրամադրությունների նման շեշտակի փոփոխության դրդապատճառները և անել հետևություններ: Եվ դա պետք է անել հանգիստ պայմաններում՝ հարցը վերջնական լուծելուց հետո:

Սակայն, որքան էլ զուսպ ու զգուշավոր, որևէ ինստիտուտ հարցականի տակ չի դրել այն հանգամանքը, որ դատարանները Հայաստանում անկախ չեն, ՍԴ-ի շուրջ ճգնաժամը պետք է հանգուցալուծվի, ինչը ճանապարհ կբացի ոլորտի լայնածավալ բարեփոխումների համար: Արտակարգ դրություն մտցնելուց առաջ վարչապետի այցը Բրյուսել շատ օգտակար էր ԵՄ ղեկավարությանը պաշտոնական Երևանի դիրքորոշումները ներկայացնելու տեսանկյունից: Ավելին, մեր ունեցած տեղեկություններով, լսելով Փաշինյանի փաստարկները, զրուցակիցները քաջալերել են վարչապետին՝ շարժվել առաջ արմատական բարեփոխումների մասով:

Ավելորդ է նշել, որ կորոնավիրոսի պանդեմիան մեծ շտկումներ է մտցրել եվրոպական ինստիտուտների աշխատանքում: Հատկանշական է, որ չնայած սեփական բարդությունների, ԵՄ-ն շարունակում է իր նշանակալի աջակցությունը Հայաստանին, որի ծավալը հասել է 92 մլն եվրոյի: Հաշվի առնելով նման վերաբերմունքը, այսօր մեզ դժվար չի լինի բացատրել մեր գործընկերներին, որ հանրաքվեի կազմակերպումը հղի է մեծ ռիսկերով՝ առաջին հերթին՝ առողջապահական:

Ներկա համաճարակային գործոնների առկայությունը ՍԴ ճգնաժամի հանգուցալուծումը կենսական անհրաժեշտություն է դարձնում Հայաստանի ժողովրդավարության պաշտպանության եւ սահմանադրական անվտանգության համար: Հետեւաբար, Ազգային Ժողովը պետք  է դրսեւորի քաղաքական կամք եւ առանց ձգձգելու հետ կանչի հանրաքվե անելու վերաբերյալ որոշումը: Հաշվի առնելով նաեւ այն, որ համապատասխան հոդվածի փոփոխությունը, ըստ գործող Սահմանադրության, կարելի է անել հենց ԱԺ-ի միջոցով (ձայների 2/3-ով), բոլոր գործընկերները շատ արագ կընդունեն մեր փաստարկներն ու հիմնավորումները: Անգամ, եթե Վենետիկի հանձնաժողովն էլ մի երկիմաստ հայտարարություն էլ անի:

ԱԺ արվելիք քայլերին զուգահեռ միջազգային հանրությունը պետք է մանրամասն տեղեկացվի Վենետիկի հանձնաժողովի նախագահի՝ Գագիկ Հարությունյանի հետ ունեցած կապերի, իր մասնակցությունը՝ բազմաթիվ թերություններով գրված գործող Սահմանադրության տեքստի ու Ջ. Բուքիքիոյի դերակատարությանը՝ Հայաստանում ընդունված Ընտրական տարբեր օրենսգրքերը, այլ օրինագծերը  «վավերացնելու»

հարցերում: Միջազգային հանրությունը պետք է իմանա Վենետիկի հանձնաժողովի հնարավոր ընդունելիք հայտարարության իրական պատճառները, դրանով կդրսևորի համապատասխան վերաբերմունք:

Մեր իշխանությունները պետք է անտեսեն ՀՀ նախկին իշխանության հետ բազմաթիվ օրինակներով համագործակցության գնացած կառույցի ղեկավարի՝ Հայաստանի ներքին գործերին միջամտության հնարավոր փորձերը: Հատկապես հաշվի առնելով, որ շատ ավելի կարևոր կառույց՝ ԵՄ-ն աջակցելու է ՀՀ ԱԺ նախաձեռնությունը: Դրա մասին են վկայում ինչպես ԵՄ կայուն վերաբերմունքը Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ, այնպես էլ Ն. Փաշինյանի Բրյուսել կատարած այցի արդյունքները:   

Հ.Գ. Եթե հարցը կարգավորվի այնպիսի տարբերակով, որը նախատեսում է միայն 12 տարի ծառայած ՍԴ անդամների լիազորությունների դադարումը, ապա Վենետիկի հանձնաժողովը  այս տարբերակի դեմ ոչ մի քննադատություն չի ունենա, քանի որ արդեն իսկ արտահայտվել է այն բանի օգտին, որ ՍԴ բոլոր դատավորները պետք է ունենան նույն կարգավիճակը: Այլ խոսքով՝ այս տարբերակը կունենա նաեւ լիակատար միջազգային հավանություն:

Նմանատիպ Հոդվածներ

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկող նախագիծն արժանացավ դրական եզրակացության

Սերինե

Ի՞նչ եղավ հանրաքվեի 3,5 մլրդ դրամը. Ոստիկանությունը 3,5 մլն-ն արդեն ծախսել է, ԿԸՀ-ի ծախսն անհայտ է

Սերինե

Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեն չեղարկող նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին