24 C
Yerevan
9 Օգոստոսի, 2020
90809.6 By Google Analytics 08.08.2020
Գլխավոր » ՀԱՊԿ-ի համար դժվար է հասկանալ, թե որ կողմն է առաջինը սկսել մարտական գործողությունը․ Վահրամ Հովյան
Գլխավոր Նորություններ

ՀԱՊԿ-ի համար դժվար է հասկանալ, թե որ կողմն է առաջինը սկսել մարտական գործողությունը․ Վահրամ Հովյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հայ-ադրբեջանական սահմանին՝ Տավուշ-Թովուզ շրջաններում հուլիսի 12-ից սկսած փոխհրաձգությունները շարունակվում են։ Այսօր՝ հուլիսի 14-ին  հարվածային ԱԹՍ-ով թիրխավորել է Բերդի քաղաքացիական ենթակառուցվածքները։ Հակամարտության ընթացքում հայկական կողմն ունի երկու զոհ։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի արտահերթ նիստը, որը պետք է կայանար երեկ՝ հուլիսի 13-ին, հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին անդրադառնալու նպատակով՝ հետաձգվեց անորոշ ժամանակով։

Նշենք, որ ՀԱՊԿ անդամ պետություններ են՝ Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղստանը, Տաջիկստանը։ Հավաքական անվտանգության մասին պայմանագրի 4-րդ հոդվածում ասվում է, որ եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր մասնակից պետությունների դեմ: «Մասնակից պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում, մնացած մասնակից պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը»,-գրված է պայմանագրում։

NewArmenia.am-ն այս թեմայի շուրջ զրուցեց քաղաքագետ Վահրամ Հովյանի հետ։

-Պրն Հովյան, արդյո՞ք ճիշտ քայլ էր ՀԱՊԿ-ի կողմից երեկվա նիստը հետաձգելը, քանի որ այսօր Ադրբեջանի կողմից ՀՀ բնակելի տարածքի վրա հարձակողական բնույթի գործողություններ եղան։

-Իհարկե լավ կլիներ, որ ՀԱՊԿ-ում նիստ կայանար և ՀԱՊԿ-ը հստակ դիրքորոշմամբ դատապարտեր Ադրբեջանի կողմից իրականացված ոտնձգությունը խաղաղ բնակչության նկատմամբ։ Դա բխում է ՀԱՊԿ-ի տառից ու ոգուց։ Իմ կարծիքով Հայաստանի համագործակցությունը ՀԱՊԿ-ի հետ, կամ ընդհանրապես հայ-ռուսական հարաբերությունները, դրանից բխող օգուտները պետք չի նեղացնել և հանգեցնել այսպիսի մարտական գործողությունների ժամանակ հայտարարություններ անել -չանելուն։ ՀԱՊԿ-ի արժեքն ավելի շատ Հայաստանի և Ռուսաստանի միջև կայանում է հզոր և մարտունակ բանակ ստեղծելու մեջ և դրա արդյունքում մենք փաստորեն կարողանում ենք հաղթանակով ու պատվով դուրս գալ այսպիսի իրավիճակներից։ Ես կարծում եմ նիստի գումարման հետաձգումը պայմանավորված է իրենց կողմից որոշակի անորոշության պատճառով, որովհետև մոնիտորինգային մեխանիզմների բացակայությունը հատկապես այս կորոնավիրուսային պայմաններում, միջադեպերի հետաքննության մեխանիզմների բացակայությունը կրկին որոշակի անորոշության միջավայր է ստեղծում։ ՀԱՊԿ-ի համար դժվար է հասկանալ, թե իրականում որ կողմն է առաջինը սկսել, մարտական գործողությունները ինչպես են տեղի ունեցել։ Ժամանակին պայմանավորվածություն ձեռք բերվել է Ժնևում, Սանկտ-Պետերբուրգում, որ լինեն մեխանիզմներ բացահայտելու ու հետաքննելու միջադեպերը, և երբ որ այդ պայմանավորվածությունը կյանքի կկոչվի՝ արդարացի կլինի հայտարարությունների ուշացումները դատապարտելը, կամ հայտարարությունների անհասցեականությունը դատապարտելը։ Եվ քանի որ կոչեր են հնչում՝ երկու կողմերին ցուցաբերել զսպվածություն, և չկա Ադրբեջանի հանդեպ մեղադրանք այս միջադեպի մեջ, չկա հասցեականություն հայտարարությունների մեջ՝ կարծում եմ խնդիրը հենց դրանում է կայանում։ Ամենակարևոր բանը, որ մենք պետք է գնահատենք դա հայ-ռուսական համագործակցությամբ ժամանակակից սպառազինություններով զինված մարտունակ հզոր բանակի առկայությունն է, որի արդյունքում մենք անհաջողության ենք մատնում Ադրբեջանի ոտնձգությունները։ 

-Այսինքն մենք, որ ունենք հզոր բանակ՝ դա ՀԱՊԿ-ի՞ շնորհիվ է։

-Էապես այո։ Այսինքն ոչ թե ՀԱՊԿ-ի, այլ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության։  ՀԱՊԿ-ին անդամակցությունը ես կարևում եմ հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության զարգացման տեսանկյունից։ Ըստ իս ՀԱՊԿ-ի մնացած անդամների՝ Բելառուսի կամ օրինակ՝ Ղազախստանի հետ համագործակցությունն այդքան էական չեն, կոլեկտիվ ջանքերն էլ էական չեն։

-Ներկայումս շատ է խոսվում, որ նախորդ իշխանությունների ժամանակ Ռուսաստանից խոտան զինամթերք է ձեռք բերվել, Դուք չե՞ք կիսում այդ տեսակետը։

Չնայած ես սպառազինությունների գծով մասնագետ չեմ, բայց այդ տեսակետը չեմ կիսում։ Եթե տարիներ շարունակ ձեռք բերվեր խոտան զենք, զինամթերք ապա ինչպես մենք կարող էինք այդքան տարի դիմագրավել Ադրբեջանի ոտնձգություններին։ Այս օրերին՝ Տավուշում տեղի ունեցածը միակ դեպքը չի։  Այսպիսի իրադարձությունները շարունակական և պարբերական բնույթ են կրում։ Ամենախոշորը եղավ Ապրիլյան քառօրյա պատերազմը, և ինչքան էլ ուզում են պատրաստված լիեն զինվորները, հայրենասեր լինեն՝ խոտան զենքով հնարավոր չի դիմակայել մինչև ատամները ժամանակակից զենքով զինված ադրբեջանական բանակին։ Ես կարծում եմ, որ խոտան զենքի խոսակցությունները մեր քաղաքական պայքարում դիվիդենտներ շահելու նպատակ են հետապնդում։ Իսկ իրական կյանքում սկսած 90-ականներից մինչև հիմա ոչ մի իշխանությունների օրոք խոտան զենք չի եղել։ Հնարավոր չէր խոտան զենքով 90-ականների պատերազմում հաղթել, յոթ շրջաններ ազատագրել, քսան-երեսուն տարի այդ տարածքները պահպանել և ամեն անգամ ոտնձգություններից հաղթող դուրս գալ։ Հետևաբար մեր բանակի սպառազինությունը միշտ էլ պատշաճ մակարդակի վրա է եղել։ Ճիշտ է միշտ էլ բարելավման տեղ կա։

-Քանի որ Ռուսաստանը նաև Ադրբեջանի հետ է զինամթերքի առևտուր իրականացնում, և հաշվի առնելով ադրբեջանական մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե Ռուսաստանը չի պաշտպանելու Հայաստանին այս իրավիճակում՝  Ադրբեջանի իշխանությունները հակվա՞ծ են նրան, որ Ռուսաստանը Հայաստանի հետ չլինի դաշնակից երկիր։

-Ադրբեջանական մամուլի հրապարակումները քարոզչական բնույթ են կրում, դրանց հիմնական նպատակը հենց հայ հասարակության մեջ խուճապային տրամադրություններ ստեղծելն է, բանակում պարտվողական տրամադրությունների սերմանումն է, հայ-ռուսական հարաբերությունները վատթարացնելն է։ Ադրբեջանին զենքի վաճառքն իհարկե ցավոտ թեմա է, բայց այստեղ պետք է որոշակի պրագմատիզմ ցուցաբերել։ Եթե Ռուսաստանը Ադրբեջանին զենք չվաճառի, այդ զենքն Ադրբեջանը ձեռք կբերի ուրիշ երկրներից։ Կյանքը ցույց է տալիս, որ գնալով Ադրբեջանի զենքի գնման շուկաներն ընդլայնվում են՝ նույնիսկ Ֆրանսիայից արբանյակներ են ձեռք բերել։ Ռուսաստանը զենք վաճառելով Ադրբեջանին դրանով կախվածության մեջ է գցում իրենից, որովհետև կա այդ զենքը սպասարկելու խնդիր, պահեստամասերի տրամադրման խնդիր։   Ռուսատանի համար դա նաև ապահովում է երկրի ռազմարդյունաբերության զարգացման եկամուտը։ Մենք ՀԱՊԿ-ի և հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում կարողանում ենք ներքին գներով ձեռք բերել Ադրբեջանին վաճառվող զինամթերքին համարժեք կամ ավելի լավ զինամթերք։

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

ՀԱՊԿ. որո՞նք են մեր սպասելիքները, եւ ինչպիսի՞ն են Հայաստանի հարաբերությունները անդամ երկրների հետ

Նատա Հարությունյան

ՀԱՊԿ-ը սպասում է Երևանի նամակի՞ն. ինչու պաշտոնական դիմումը չկա․ «Ժողովուրդ»

Սերինե

ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՀԱՊԿ ՄԽ նիստում

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին