23 C
Yerevan
14 Օգոստոսի, 2020
91958.4 By Google Analytics 13.08.2020
Գլխավոր » ՀԱՊԿ. որո՞նք են մեր սպասելիքները, եւ ինչպիսի՞ն են Հայաստանի հարաբերությունները անդամ երկրների հետ
Այլ Լուրեր

ՀԱՊԿ. որո՞նք են մեր սպասելիքները, եւ ինչպիսի՞ն են Հայաստանի հարաբերությունները անդամ երկրների հետ

հետևեք մեզ նաև Telegram-ում

Հանդիսանալով Հավաքական անվտանգության պայմանագիր Կազմակերպության (ՀԱՊԿ) հիմնադիր-անդամ Հայաստանը, կազմակերպության անդամ այլ երկրների նման, ակնկալում է, որ պայմանագրի 4-րդ հոդվածի դրույթները գործեն անմիջապես և անվերապահորեն: Այդ հոդվածը ասում է, որ եթե երկրներից մեկի վրա տեղի ունենա զինված հարձակում, որը կսպառնա անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ապա դա կհամարվի հարձակում ՀԱՊԿ բոլոր պետությունների վրա և հարձակման ենթարկված պետության խնդրանքով, մասնակիցները կտրամադրեն անհրաժեշտ, ներառյալ ռազմական օգնություն: Հավաքական անվտանգության պայմանագրի երկրորդ հոդվածի համաձայն, անդամ որևէ երկրի անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, կայունության սպառնալիքի դեպքում անմիջապես գործադրվում է խորհրդատվությունների մեխանիզմը՝ դիրքորոշումների համակարգման, օգնության չափն ու ձևերը որոշելու նպատակով:

Հայտնի է, որ հուլիսի 12-ի Ադրբեջանի հարձակումը Հայաստանը գնահատել էր որպես ագրեսիա: Այդ մասին ասել է վարչապետը հուլիսի 12-ի ՊՆ-ում իր ելույթի ժամանակ: Վարչապետն ասել էր, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում սահմանային կետը գրավելու նպատակով Ադրբեջանը հարձակում է ձեռնարկել:

ՀԱՊԿ-ում մեր մշտական և լիազոր ներկայացուցչի ելույթում էլ հստակ խոսվում է այդ մասին: Այնուամենայնիվ, ռուսաստանյան ՌԲԿ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետը ասել էր, որ ՀԱՊԿ Խորհրդի նիստ գումարելու նախաձեռնողը Հայաստանն էր՝ մեր նպատակն էր տեղեկացնել դաշնակիցներին տեղի ունեցած/ունեցող զարգացումների մասին, իրականացնել խորհրդատվություններ:

Նման իրավիճակներում ՀԱՊԿ-ն արձագանքի մի քանի տարբերակ ունի, որոնցից ամենաառաջինը՝ միանշանակ և դաշնակցին սատարող, թեև հավասարակշռված հայտարարությունն է: Նկատենք, որ ՀԱՊԿ Խորհրդի նիստը տեղի է ունեցել Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելուց հետո միայն երրորդ օրը: ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչը խորհրդի նիստում» կոչ արեց մեր դաշնակիցներին դրսևորել համերաշխություն և փոխաջակցություն` համահունչ ՀԱՊԿ կանոնադրության ոգուն և տառին։ Այս աննախադեպ իրավիճակը կարևոր փորձություն է դառնում ինչպես մեզնից յուրաքանչյուրի, այնպես էլ Կազմակերպության համար»: Արդյունքում ՀԱՊԿ հանդես եկավ Քարտուղարության մեկնաբանությամբ: Սա խորհրդի նիստից հետո ՀԱՊԿ-ի  արձագանքի հնարավոր ամենացածր մակարդակն էր՝ ի վերջո սա ոչ թե խորհրդի հայտարարություն է, ոչ Գլխավոր քարտուղարի, ոչ էլ առհասարակ հայտարարություն, այլ քարտուղարության մեկնաբանություն: Տեքստն էլ վկայակոչում էր հրադադարի երկկողմ համաձայնությունը, այնինչ՝ հրադադարի մասին համաձայնագիրը կնքվել էր 1994թ. հակամարտության կողմ հանդիսացող երեք երկրների կողմից: ՀԱՊԿ քարտուղարության մեկնաբանությունը, մատնանշելով, որ Հայաստանը հանդիսանում է կազմակերպության անդամ՝ այնուհետև հավասարության նշան է դնում և կոչ է անում Հայաստանին ու Ադրբեջանին վերականգնել հրադադարը: 

Լինելով ՀԱՊԿ անդամ, մենք մեր գործը, որը նախատեսվում է կանոնադրությամբ արել ենք՝ դիմել ենք կազմակերպությանը՝ առնվազն նիստ գումարելու, խորհրդատվություններ անցկացնելու ու գնահատական տալու համար: Այլ բան Հայաստանը չի հայցել: Ընդ որում Հայաստանի բարձրագույն ղեկավարությունը, զգալով այն, որ ՀԱՊԿ-ի՝ ներքաշումը հայ-ադրբեջանական վեճի մեջ կարող է մտնել Ի. Ալիևի հեռահար ծրագրերում, չի ակնկալել որևէ գործնական միջամտություն կազմակերպության կողմից՝ դրա կարիքը չկար է՛լ:  Հայաստանը ի զորու է իրականացնել պատժիչ գործողություններ և պաշտպանել ՀՀ սահմանները, ինչը եւ արել են Հայաստանի Զինված ուժերը: Սակայն գործընկերային հարաբերությունները, ՀԱՊԿ-ում անդամակցության քաղաքական նշանակությունը հարկադրում են, որ մենք գործենք կանոնադրական դրույթների և գործընկերային հարաբերությունների տրամաբանության համաձայն: Նույնն էլ սպասում էինք մեր դաշնակիցներից:

Պայմանագիրը՝ փաստաթուղթ է, որը ստորագրվել է անդամ բոլոր պետությունների կողմից և պետք է իրագործվի առանց վերապահումների: Շատ կարևոր է նաև փաստաթղթի ոգին, որը ձևավորվում է երկկողմ և բազմակողմ համագործակցության հարթակներում. այսինքն մեր հարաբերությունները Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, այլ անդամների հետ պետք է լրացնեն իրավապայմանագրային պարտավորություններով ամրագրված մեր գործակցությունը: Նշանակում է, որ մեր համապատասխան կառույցները մինչ օրս պետք է ամեն բան արած լինեին, որպեսզի թղթի վրա դրված պայմանավորվածությունները անվերապահորեն կատարվեին: Դա վերաբերում է ոչ միայն ՀԱՊԿ-ում աշխատող տարբեր մակարդակի մեր ներկայացուցիչների ակտիվ գործունեությանը, այլև, առաջին հերթին, անդամ պետությունների հետ փոխհարաբերություններին:

Եկեք տեսնենք, թե ի՞նչ մակարդակում են մեկ երկկողմ հարաբերությունները ՀԱՊԿ անդամ պետությունների հետ.

Բացի ՌԴ-ից, որի հետ հարաբերությունները ծավալուն են և բազմաբովանդակ (դրանք, թերևս, առանձին վերլուծության առարկա են), մենք ՀԱՊԿ որևէ այլ պետության հետ ակտիվ երկկողմ փոխհարաբերությունների խորացված օրակարգ չենք ունեցել ու հիմա էլ, որքան տարօրինակ է, չենք ձևավորում: Ավելի քան երկու տարվա ընթացքում նույնիսկ չի իրականացվել որևէ երկկողմ՝ պաշտոնական կամ աշխատանքային այց ՀԱՊԿ երկիր (բացի ՌԴ-ից)՝ անգամ ԱԳ նախարարի մակարդակով: Ոչ մե՛նք ենք գնացել, ոչ էլ՝ հյուրընկալել: Ասելով, որ երկկողմ ակտիվ օրակարգ չկա, պետք է շեշտել, որ միջազգային տարբեր բարձր մակարդակի միջոցառումների շրջանակներում վարչապետ Փաշինյանը, ինչպես նաև ԱԳ նախարարը անցկացրել են հադիպումներ բոլոր երկրների, համապատասխանաբար՝ նախագահների և արտգործնախարարների հետ (վերջին նման շփումը՝ օրեր առաջ Մինսկում Նիկոլ Փաշինյանի հանդիպումներն էին Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի և ՌԴ վարչապետ Միշուստինի հետ): Հարկ է նշել, որ նման հանդիպումները գերազանցապես հենց պետության ղեկավարի նախաձեռնությամբ են տեղի ունեցել՝ վարչապետը կարևորում է ուղիղ կապն ու անձնական լավ հարաբերությունները իր գործընկերների հետ:  Սակայն ակնհայտ է, որ դաշնակիցների հետ հարաբերությունների ավելի խորը բնույթ պետք է ունենան: Հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանը, առավել եւս՝ Թուրքիան այդ առումով շատ ակտիվ են:

Մասնավորապես, Ադրբեջանը, օգտվելով նաև աշխարհագրական դիրքից, տնտեսական և քաղաքական խորը համագործակցություն է զարգացնում Ղազախստանի հետ: Քաղաքական շփումները ակտիվ են նաև Ղրղզստանի հետ: Այս երկրների հետ, բացի երկկողմ ձևաչափից, Ադրբեջանը համագործակցում  է թյուրքալեզու պետությունների խորհրդի (կազմակերպության), ինչպես նաև Իսլամական Կոնֆերանս կազմակերպության շրջանակում:  Իսկ Բելառուսի հետ՝ չմիավորված պետությունների կազմակերպության: Այս կազմակերպությունները սահմանային հուլիսյան լարվածության օրերին ադրբեջանանպաստ հայտարարություններ են ընդունել: Այս արտառոց իրավիճակը, երբ մեր դաշնակիցները չեն ընդդիմացել Հայաստանի դեմ ուղղված գործողությանը դեռ չի ստացել պատշաճ գնահատական մեզանում: Ի վերջո, դիվանագիտությունը հենց դրա համար է, որ կարողանա կանխել Հայաստանի շահերին հակասող նման զարգացումները, հատկապես, եթե դրանք արվում են ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից:

ՀԱՊԿ երեք երկրներում՝ Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան՝ մենք ունենք դեսպանություններ, Ղրղզստանում մեր դեսպանի նստավայրը՝ Նուր-Սուլթանն է (Ղազախստան), իսկ Տաջիկստանում՝ պետք է լինի Աշխաբադը (Թուրքմենստան), սակայն արդեն մեկ տարուց ավել Հայաստանը չի նշանակել դեսպան Թուրքմենստանում և Տաջիկստանում: Մեր տեղեկություններով՝ անգամ դեսպանի նշանակման գործընթաց չի նախաձեռնվել:

Նման պայմաններում դժվար է խոսել դաշնակցային սերտ հարաբերությունների մասին: Չունենալով երկխոսության և փոխվստահության պատշաճ՝ դաշնակցային մակարդակ, պարբերաբար, ինչպես նշվեց վերեւում, մենք ունենում ենք լուրջ խնդիրներ միջազգային կազմակերպություններում, երբ դաշնակից համարվող մի քանի երկրներ հանդես են գալիս Հայաստանի շահերի դեմ: Նման պայմաններում անգամ ՀԱՊԿ Մշտական խորհրդի հրատապ հավաք գումարելն է դառնում մարտահրավեր: Թուրքիայի ակտիվությունը այս անգամ միանշանակորեն նպաստեց ՌԴ շահագրգիռ և մեզ համար սպասված կեցվածքին ճգնաժամի հաղթահարման հարցում, սակայն մենք պետք է անենք հնարավորը, որ փոխվստահության նման մակարդակ ունենանք նաև ՀԱՊԿ այլ պետությունների հետ:

Այս իրավիճակը պահանջում է համապատասխան քայլեր՝ ամենօրյա, քրտնաջան երկխոսությամբ ու գործնական համագորակցությամբ բարձրացնել ՀԱՊԿ պետությունների հետ, որոնցից բացի Տաջիկստանից բոլորը նաև Եվրասիական տնտեսական Միության անդամ են, հարաբերությունների մակարդակը և հիմնական անելիքը այստեղ արտաքին քաղաքական գերատեսչությանն է: Պետք է ամեն բան անել, որ այդ պետությունների ԱԳ նախարարները, ապա նախագահները առաջիկա ամիսներին պաշտոնական այցով գան Հայաստան, օրինակ ծառայելով այլ երկրների համար: Առարկայական գործակցությունը հող կնախապատրաստի նաև տնտեսական հարաբերությունների զարգացման համար, որին նույնպես մեծ ուշադրություն պետք  է դարձնեն Հայաստանի պատկան մարմինները:

Հայաստանը գործում է շատ մրցակցային միջավայրում՝ ՀԱՊԿ անդամ պետությունների հետ Ադրբեջանի և Թուրքիայի ակտիվությունը ոչ մի դեպքում չի կարելի թերագնահատել: Այնուամենայնիվ, հարաբերությունների զարգացման համար մենք ունենք լուրջ պլացդարմ, հաշվի առնելով ՀԱՊԿ ու ԵԱՏՄ շրջանակներում ձևավորված ինստիտուցիոնալ պայմանագրային դաշտն ու նույն կազմակերպությունների անդամ լինելու հանգամանքով պայմանավորված այլ առավելությունները (ոչ Թուրքիան, ոչ էլ Ադրբեջանը չունեն նման բարենպաստ պայմաններ այդ երկրների հետ նաև տնտեսական հարաբերություններ զարգացնելու համար) և Հայաստանը պետք է նյութականացնի այս բարենպաստ վիճակը: Ադրբեջանը և հատկապես Թուրքիան պետք է իմանան՝ եթե Հայաստանը դիմել է հրավիրելու ՀԱՊԿ Մշտական Խորհրդի նիստ՝ այն կհրավիրվի անհապաղ ու այն օրակարգով, որ առաջարկում է նախաձեռնողը:

Նմանատիպ Հոդվածներ

ՀԱՊԿ-ը սպասում է Երևանի նամակի՞ն. ինչու պաշտոնական դիմումը չկա․ «Ժողովուրդ»

Սերինե

ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել ՀԱՊԿ ՄԽ նիստում

Սերինե

ՀԱՊԿ-ի համար դժվար է հասկանալ, թե որ կողմն է առաջինը սկսել մարտական գործողությունը․ Վահրամ Հովյան

Սերինե
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին