Գլխավոր » Հարցը քաղաքական չէ, բայց արտախորհրդարանական ընդդիմությունը փորձում է սա օգտագործել. Գարիկ Քեռյանը՝ ԿԳՄՍՆ նախագծի մասին
Հարցազրույցներ

Հարցը քաղաքական չէ, բայց արտախորհրդարանական ընդդիմությունը փորձում է սա օգտագործել. Գարիկ Քեռյանը՝ ԿԳՄՍՆ նախագծի մասին

հետևեք մեզ նաև Telegram-ում

Երեկվանից մի խումբ ՀՅԴ-ական և ԵՊՀ-ի ուսանողներ նստացույց են անում ԿԳՄՍՆ շենքի դիմաց՝ պահանջելով նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը։ Այս առնչությամբ NewArmenia.am-ը զրուցեց ԵՊՀ Քաղաքական ինստիտուտների և գործընթացների ամբիոնի վարիչ Գարիկ Քեռյանի հետ։

-Պարոն Քեռյան, Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցերին բացի ուսանողներից մասնակցում են նաև քաղաքական ուժերի ներկայացուցիչներ ու նրանց աջակցողներ սա քաղաքական ուղղորդո՞ւմ է ենթադրում։

-«Հիմա իրավիճակի նրբությունը կայանում է նրանում, որ ըստ էության, իշխանություն-ընդդիմություն այդ հակամարտությունը կարծես թե խորհրդարանից տեղափոխվել է իշխանություն — արտախորհրդարանական ընդդիմություն ձևաչաձի մեջ։ Որովհետև որոշ քայլեր, որոնք որ ձեռնարկում է գործադիր իշխանությունը, կամ քիչ է  քննադատվում կամ չի քննադատվում  խորհրդարանական ընդդիմության կողմից։ Եվ բնականաբար արտախորհրդարանական ընդդիմությունը, որ ներկա իշխանությունների նկատմամբ հիմա բավականին արմատական դիրքորոշում ունի, խոսքս նախկին իշխանության ներկայացուցիչների՝ ՀՀԿ-ի և ՀՅԴ-ի մասին է, փորձում են արձագանքել գործադիր իշխանության բոլոր քայլերին կամ «Իմ քայլը» դաշինքի կողմից ընդունած բոլոր oրենսդրական նախաձեռնություններին։ Սա նշանակում է, եթե նույնիսկ որևիցե հարցի մեջ քաղաքական բաղադրիչ չկա, կոնկրետ Հայոց լեզվի և Հայոց պատմության դասավանդումը դա կոնկրետ ինչ-որ քաղաքական հարց չէ, բայց ամեն դեպքում, եթե հասարակության մեջ կա որոշակի հատված, որը դժգոհ է  այս որոշումից սա արդեն քաղաքական տեխնոլոգիա է։ Բոլոր տեղերում էլ ընդունված է օգտագործել ցանկացած առիթ՝ համապատասխան արձագանք տալու և ճիշտ քննադատության թիրախի նկատմամբ դիրքորոշումն ավելի կոշտացնելու առումով։

Դուք, որպես դասախոս, ինչպե՞ս եք վերաբերում այդ նախագծին։

-Այդ արգելքի վերացումը, ոչ թե առարկաների դասավանդումն է վերացնում, այլ պարզապես պարտադիր բաղադրիչն է վերացնում՝ դա թողնելով ԲՈՒՀ-երի կամքին։ Այս հարցը քաղաքական չէ, ըստ էության, բայց արտախորհրդարանական ընդդիմությունը փորձում է սա օգտագործել որպես քաղաքական պատրվակ՝ իշխանություններին քննադատելու համար, հարցը սա է։

Ես կողմ եմ ոչ թե պարտադիր բաղադրիչը հանելուն, այլ պարազապես այս երկու առարակների ուսուցումը վերակառուցելուն։ Կարելի է մեր ազգային ինքնության հետ կապված առարկաների դեպքում պարտադիրը թողնել, բայց ոչ այն ձևով, որը հիմա կա։ Այդ ձևով, որը հիմա դասավանդվում է՝ շատ տեղերում արդարացի դժգոհություն է  առաջացնում այն  իմաստով, որ այն թեմատիկ առումով կրկնում է  դպրոցին։ Ես կողմ եմ, որ Հայոց պատմությունը և Հայոց լեզու գրականությունը մնա պարտադիր, բայց ժամաքանակը կրճատվի և դա լինի ոչ թե վերացական դասավանդում,  այլ պարզապես այդ դասավանդումը կապված լինի  տվյալ մասնագիտության հետ։ Օրինակ՝ բժիշկները Բժշկական համալսարանում անցնեն ոչ թե Հայոց լեզու, այլ բժշկական տերմինալոգիայի հայաֆիկացում, կամ բժշկական մասնագիտության մեջ հայոց լեզվի կիրառման  հմտություններ։

Ոչ թե գնան ասեն ածականը, գոյականը և ստորակետը որտեղ է դրվում կամ ինչ է արվում։

-Ձեր առաջարկները ներկայացրե՞լ եք նախագծի հեղինակներին։

-Ինձ ոչ մեկը ոչ հարցրել է, ոչ էլ։ Այդ որոշմամբ մեկ մատուցվեց, որ վերացնում են, հետո նախարարը հարցազրույց տվեց խոսքը փոխեց, ասեց պարտադիրն ենք վերացնում, ով ուզում է կարող է թողնել և հետո սկսվեց այս ամբողջ  խառնաշփոթը։ Ես հիմա նույնիսկ չգիտեմ, թե կոնկրետ առաջարկությունը, որ ձևակերպված է, ինչ ֆորմատով և ինչ ձևով է։

Հայոց պատմությունը դասավանդել ԲՈՒՀ-երում՝ սկսած Տիգրան Մեծից վերջացնելով Լևոն Տեր-Պետրոսյանով, դա աբսուրդ է։ Ամեն մի մասնագիտության գծով պետք է մտածել Հայոց պատմության կուրսի այնպիսի  յուրահատուկ ծրագիր, թեմատիկա և դասավանդման մեթոդներ, որ այդ մասնագիտության տեր մարդիկ զգան դրա անհրաժեշտությունը։

-Որո՞նք են Ձեր առաջարկները։

-Եթե պոլիտեխնիկի ինժեներին գնում ես ասում ես Տիգրան Մեծը ե՞րբ է թագավորել, դա ծիծաղ է առաջացնում։ ԲՈՒՀ-ի ղեկավարությունն էլ ինքը երբևիցե մտածո՞ւմ է, որ սա կարող է և պետք չէ այլևս։ Բայց երբ որ այնտեղ դու ներկայացնում ես Հայոց նորագույն պատմության քաղաքական հիմնախնդիրները, Հայաստանի միջազգային դիրքավորման, ներկայումս Հայաստանի անվտանգության, Հայաստանի արտաքին քաղաքականության և այլ թեմաներ, դա յուրաքանչյուր քաղաքացու՝ անկախ մասնագիտությունից, իմանալու անհրաժեշտություն է, անկախ այն բանից՝ դու բժիշկ ես, ինժեներ ես, սանտեխնիկ ես, թե ավտո դզող-փչող, այդ գրագիտությունը բոլորին պետք է։ Այ էդ գրագիտության շուրջ պետք է մտածել։ Պարտադիր պետք է, բայց ոչ այն ձևաչափով որը հիմա է։

Եվ պետք է դասաժամերի քանակն արդեն թողնվի ԲՈՒՀ-երի ինքնուրույն հայեցողությանը, իրենք ինչ ժամաքանակով, ինչ անհրաժեշտությամբ, քանի կիսամյակով կուզեն դա դասավանդել։ Դա պետք է որոշեն, ոչ թե բուհերը, ես ավելի կնեղացնեմ, դա ֆակուլտետային  գիտխորհուրդները պետք է որոշեն և ոչ ոք իրավունք չունի վերևից պարտադրել, թե  օրինակ՝ ճարտարապետաշինարարական ֆակուլտետի շինարարական բաժնում իրենք ինչքան կուզեն։ Բայց այն ձևաչափը, որը հիմա կա, այդ ձևաչափի պահպանումն է  առաջացրել այս իրավիճակը։   

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին