24 C
Yerevan
9 Հուլիսի, 2020
83244.8 By Google Analytics 07.07.2020
Գլխավոր » «Հեղափոխական չէ գնալ լուծման, որով Հրայր Թովմասյանը մնում է ՍԴ դատավոր»․ Արամայիս Ավետիսյան
Այլ Լուրեր

«Հեղափոխական չէ գնալ լուծման, որով Հրայր Թովմասյանը մնում է ՍԴ դատավոր»․ Արամայիս Ավետիսյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

Newarmenia-ի զրուցակիցն է «Քաղաքական երկխոսություն» հ/կ համահիմնադիր Արամայիս Ավետիսյանը

-Պարոն Ավետիսյան, Արդարադատության նախարարը բարեփոխումների փաթեթ է ներկայացրել կառավարությանը։ Որքանո՞վ են դրանք հեղափոխական։

-Արդարադատության նախարարությունը վերջերս մի քանի փաթեթ է ներկայացրել, մասնավորապես ներկայացրել է ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը, չարաբաստիկ վեթինգի ռազմավարությունը, որի առիթով նախարար Բադասյանը վարչապետի հետ խորհրդակցություն ունեցավ։ Եթե սկսենք ոստիկանության բարեփոխումներից, այդտեղ իսկապես հեղափոխականության հետ կապված հարցեր են առաջանում։ Ռազմավարությունը մի շարք փոփոխություններ է առաջարկում, այդ թվում կառուցվածքային փոփոխություններ։ Շատերը թյուրիմացաբար մտածում են, թե ըստ այդ ռազմավարության ոստիկանությունը վերափոխվում է Ներքին գործերի նախարարության։ Սակայն պետք է նշեմ, որ ամենևին այդպես չէ։ Ռազմավարությունը սահմանում է, որ ստեղծվում է նախարարություն, որի կազմում իր ինքնուրույնությունը պահելով մտնում է նաև ոստիկանությունը։ Սրանից կարելի է ենթադրել, ինչպես նաև ռազմավարության ուսումնասիրությունից բխում է, որ ոստիկանությունը իր կազմում գործող քաղաքացիական մի շարք գործառույթներ զիջում է նախարարությանը, ու դառնում է լրիվ զինվորական կառույց։

-Այսինքն, նմանվում է պաշտպանության նախարարությանը։

-Այս դեպքում շատ նման է այն մոդելին, որ գոյություն ունի պաշտպանության նախարարությունում։ Նախարարությունը քաղաքացիական ծառայություն է, որի կազմում կա Գլխավոր շտաբ, որը զինվորական ծառայություն է։ Այս դեպքում էլ ներքին գործերի նախարարությունը քաղաքացիական գերատեսչություն է, ոստիկանությունը՝ զինվորական։ Բայց այստեղ շատ կարևոր հարցեր կան, որոնք ռազմավարությամբ թողնված են ապագային և անորոշության տեղիք են տալիս։ Այստեղ գլխավորը ոստիկանապետի և նախարարի հարաբերություններն են, թե ով է նշանակում ոստիկանապետին՝ նախարարի առաջարկով վարչապե՞տն է նշանակում, թե նախարարն անձամբ է նշանակում, և ի վերջո ո՞ւմ է ենթարկվում ոստիկանապետը։ Բայց իմ կարծիքով այս դրվագում ամենակարևորն այն է, թե արդյո՞ք ոստիկանապետ շարունակվելու է նշանակվել այս պահին գործող «Ոստիկանության մասին» օրենքով սահմանվող ոստիկանապետին առաջադրվող պահանջներին համապատասխան։

-Բարեփոխումների փաթեթում նշված է նաև, որ դրանց նպատակն է հարգանք ներշնչել ոստիկանության աշխատողի նկատմամբ։ Ձեր կարծիքով՝ պե՞տք է ոստիկանը լինի մերը, ինչպես մենք հանրահավաքների ժամանակ ենք ասում։

-Ռազմավարության մեջ կարմիր թելով է անցնում այդ գիծը, մասնավորապես ռազմավարության հիմնավորման նկարագրության մեջ։ Թույլ տվեք ասել, սա վովագասպարյանական ոճ է։ Այստեղ կա ձև, չկա բովանդակություն։ Ոստիկանության գործառույթը, ըստ «Ոստիկանության մասին» օրենքի, հանցագործությունների կանխումն է, նախականխումը և խափանումը։ Բարեփոխումների նպատակը պետք է լինի ոստիկանության կարողությունների բարձրացումը, որի արդյունքում ոստիկանը կկարողանա հանցավորության դեմ ավելի արդյունավետ պայքարել, ինչն էլ կհանգեցնի հասարակության շրջանում ոստիկանության համակարգի ընդհանուր առմամբ և ոստիկանության ծառայողի հանդեպ հարգանքի բարձրացմանը։

-Այդ ձևակերպման հիմքում հանրահավաքների ժամանակ ոստիկանության պահվածքն է, որ այսուհետ ոստիկանությունը չի հարձակվի և դուբինկաներով չի ծեծի ժողովրդին։

-Պետք է հուսալ դրա մասին, որովհետև իրականում այդպիսի հույսի ռացիոնալ հիմք կլիներ այն, որ նախկինում քաղաքացու նկատմամբ ոտնձգություն կատարած ոստիկանները հեղափոխությունից հետո պատասխան տված լինեին օրենքի առաջ, ինչը մեծ հաշվով նախադեպ կլիներ այսօր ծառայող ոստիկանների համար, որ քաղաքացու նկատմամբ ոտնձգությունը, ուժի կիրառումը էդպիսի հանգուցալուծում է ունենալու, քանի տարի հետո էլ դա լինի։ Դա մենք չունենք այս պահին փաստացի, ոստիկանության ոչ մի ծառայող ոչ մի օր նախկինում հատկապես կատարած իր հանցանքների, ոտնձգությունների համար պատասխանատվության չի կանչվել։

-Դուք նկատե՞լ եք, որ մեր ոստիկանությունում, ազգային անվտանգության ծառայությունում, արդարադատության նախարարությունում կա լուրջ դիմադրություն հեղափոխության նկատմամբ։

-Իհարկե կա լուրջ դիմադրություն, որովհետև այն մարդիկ, որոնցով այս պահին լցված են համակարգերը, ուղղակիորեն չեն կարող լինեն հեղափոխության աջակիցները, դաշնակիցները, հեղափոխության համար պայքարողները և հեղափոխության արժեքներն ու առաքելությունը չեն կրում այդ մարդիկ։

-Ինչպե՞ս է արտահայտվում նրանց դիմադրությունը։

-Ըստ էության նրանց դիմադրությունն արտահայտվում է հատկապես վարչապետին խաբելով։

-Ինչպե՞ս են խաբում։

-Տարբեր քրեական գործերով առաջխաղացումներ չեն լինում, գնում են ինչ-որ տարբեր պատճառաբանություններ են ներկայացնում, թե ինչո՞ւ սա չկա, սա չկա, ու վարչապետը մի քանի անգամ դեմոնստրացրել է այդ օրինակները։ Երբ ամեն անգամ վարչապետի համբերության բաժակը լցվում է և կոշտ խոսակցություն է ունենում ոլորտի պատասխանատուների հետ, սկսում են ինչ-որ մանր-մունր բացահայտումներ լինել, որոնք գնում են էլի ինչ-որ տեղ վախճանվում են առանց տրամաբանական ավարտի։ Այդ մարդիկ շարունակում են սպասարկել նախկին քրեաօլիգարխիկ համակարգի ներկայացուցիչների շահերը, մասնավորապես ձգձգելով, ներողություն այս բառի համար, «սլիվ» անելով տարբեր քննությունների մասին ինֆորմացիան նախկիններին, որոնց դեմ հարուցված են այդ գործերը։

-Օրինակ, Ռուստամ Բադասյանն ինչպե՞ս է տեղավորվում այդ քրեաօլիգարխիկ հատվածի շահերը սպասարկելու մեջ՝ որպես բարեփոխումները ներկայացնող։

-Չեմ ուզում անձնական որևէ վիրավորանք հնչեցնել, բայց կամ միամտաբար, կամ կանխամտածված, իհարկե, լավ կլինի հավատալ՝ միամտաբար, որովհետև Բադասյանը ժամանակ ունի այդ առումով շտկելու իր սխալները, բայց վեթինգի մասով այն, ինչ Բադասյանը ներկայացնում էր վարչապետին, իմ կարծիքով տեղավորվում է խաբելու կոնցեպտի մեջ, երբ վարչապետին փորձում են իր նախանշած պահանջներից, իր նախանշած կոնցեպտից շեղել։ Եթե հիշում եք վարչապետը դատարանների շրջափակման օրը կառավարությունում իր հայտնի ելույթի մեջ ինչպիսի խիստ պահանջներ դրեց՝ որ բոլոր այն դատավորները, որոնք կայացրել են մարդու իրավունքների դեմ վճիռներ, որոնք գնացել են ՄԻԵԴ ու պարտվել, այդ դատավորները պետք է հեռացվեն համակարգից։

-Բադասյանի ներկայացրած փաստարկները, որ այսօր վեթինգ հնարավոր չէ, Ձեզ համար ընդունելի չե՞ն։

-Իհարկե, ընդունելի չեն։ Այդ խորովածի օրինակը, որը նշեց վարչապետը, էլի շատ խոցելի է, կտրված է իրականությունից։ Վարչապետը ձևակերպել է, որ մենք ունենք դատական համակարգ, որը չի վայելում քաղաքացիների վստահությունը, մենք ունենք վնգստացող դատավորներ։ Այսօր մենք դատական համակարգն արմատապես վերափոխելու որևէ ակտիվ, պատասխանատու քայլ իշխանությունների կողմից չենք տեսնում։ Եվ մենք այսօր շարունակում ենք ՀՀ հեղափոխությամբ հաղթանակած քաղաքացիներին իրենց իրավունքների վերականգման համար ուղարկել դատարաններ, որտեղ նրանց դատում են վնգստացող դատավորները։

-Կոռւպցիայի մեջ թաթախված էին դատավորներ, ՍԴ, Վերաքննիչ և Վճռաբեկ դատավորներ։ Ու հիմա պարզվում է, որ վեթինգ չի լինելու։ Արդարադատության համակարգում որտե՞ղ է հեղափոխությունը։

-Եթե մի քայլ հետ գանք, իրականում հեղափոխությունը կոռուպցիայի հետևանք էր, արդարադատության չգոյության հետևանք էր, որի պայմաններում քաղաքացին պատրաստ չէր ապրել։ Մեր ընտրած իշխանությունն այս իմաստով պետք է առանձնահատուկ ուշադրությամբ, քնքշությամբ, նաև համարձակությամբ վերաբերեր հենց արդարադատության բարեփոխումներին։ Բոլոր այն փոփոխությունները, որոնք Հայաստանում կատարվում են, դրանք չափելի չեն հեղափոխության էներգետիկայի և մասշտաբների հետ, որոնք տեղի են ունեցել։

-Կարելի՞ է համարել, որ ոչ հեղափոխական փոփոխություն է դառնում այն, որ ՍԴ անդամների փոփոխության հարցը հանրաքվեից բերվեց խորհրդարան, և ինչպես պարզվում է այդ փոփոխությամբ, Հրայր Թովմասյանը կարող է մնալ ՍԴ դատավոր։

-Իհարկե։ Թույլ տվեք ասել, որ սա հեղափոխական չէր արդեն այն պահից, երբ այս հարցը դրվեց հանրաքվեի։ Այո, ես ողջունում եմ ժողովրդավարության սանդղակը բարձր պահելու իշխանությունների որոշումը, բայց եթե մենք գործ ունենք հեղափոխության հետ, մեր իշխանությունները պետք է համարձակություն ունենային, որպեսզի այս խնդիրը լուծած լինեին հենց Ազգային Ժողովում։ Դառնալով մեր ունեցած իրավիճակին, սա անընդունելի տարբերակ է, որովհետև ամենևին չուզենալով անձնավորել այս հարցը, մենք գործ ունենք առաջարկվող մոդելով, որ այսօր ներկայացվել է ԱԺ-ում, դադարեցվելու են ՍԴ այն անդամների լիազորությունները, որոնք պաշտոնավարել են 12 տարի։ Հրայր Թովմասյանը 12 տարի չի պաշտոնավարել, հետևաբար մնալու է ՍԴ այլևս լեգիտիմացված դատավոր։ Ու այն փաստարկը, որ անդամներ, թե դատավորնե՞ր, Հրայր Թովմասյանի պարագայում այլևս չի գործելու, որովհետև էս օրենքի ընդունումից հետո ինքը լեգիտիմացվելու է որպես ՍԴ լեգիտիմ դատավոր։ Սա անընդունելի է, ինչու՞։ Ես նորից եմ ասում, անձերին մի կողմ դնենք, մենք շատ լավ գիտենք, թե ով է Հրայր Թովմասյանը։ Նա այս գործող Սահմանադրության, որը կեղեքեց մեր պետականության հիմքերը, հեղինակներից մեկն է, նա մեկն է, որն այսօր մեղադրվում է իշխանությունը յուրացնելու մեջ։ Եվ ընդհանրապես հեղափոխական ու տրամաբանական չէ գնալ մի լուծման, որով Հրայր Թովմասյանը պետք է պահպանի, նաև լեգիտիմացնի իր տեղն ու դերը ՍԴ-ում։

Մանրամասները տեսանյութում

Զրուցեց Մհեր Արշակյանը

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին