20 C
Yerevan
29 Սեպտեմբերի, 2020
101062.4 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Հեռանկարային մարզիկներից շատերը ծառայությունից հետո չեն վերադառնում պրոֆեսիոնալ սպորտին
Գլխավոր Նորություններ

Հեռանկարային մարզիկներից շատերը ծառայությունից հետո չեն վերադառնում պրոֆեսիոնալ սպորտին

«Մենք կորցնում ենք մեր լավագույն մարզիկներին, որոնք հեռանկարային են, որոնք կարող են վաղը լրացնել այն բացը, որ ունենք հավաքականում»,-NewArmenia.am-ի հետ զրույցում իր դժգոհությունը հայտնեց օլիմպիական մարզաձևերից մեկի` բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանն` անդրադառնալով մարզիկներին բանակ զորակոչելու խնդրին:

Մարզիչը շեշտում է, որ ըստ սահմանված չափորոշիչների` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվում այն մարզիկներին, որոնք սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ են ունենում միջազգային խաղերում, մինչդեռ Հայաստանի չեմպիոններին զորակոչում են բանակ: Նրա խոսքով` զորամասերում չկան այն հարմարությունները, որ պրոֆեսիոնալ սպորտով զբաղվող մարզիկը` օրինակ Հայաստանի չեմպիոնը մարզվի ու կարողանա մրցումների մասնակցել, և երկու տարի անց հեշտությամբ վերադառնա սպորտի աշխարհ: Վահան Ադիլխանյանը նաև հավելեց, որ շատ քիչ են դեպքերը, երբ հեռանկարային մարզիկները երկու տարի ծառայելուց հետո, վերադառնում են պրոֆեսիոնալ սպորտին:

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչն, անդրադառնալով ՀՀ պաշտպանության նախարարությանը պատկանող զինվորական վաշտին՝ նշեց, որ այդտեղ ևս խնդիր կա, քանի որ, մարզիկները թեպետ այնտեղ ծառայելով կարողանում են շարունակեն մարզվել և մասնակցել մրցումներին, այնուամենայնիվ մարզական վաշտում կարող են ծառայել սահմանափակ թվով պրոֆեսիոնալ մարզիկներ. «Մարզական վաշտում մարզիկները կարողանում են և ծառայությունն անցկացնել, և նաև մարզվել ու մասնակցել մրցումների: Սակայն այդ վաշտը սահամանափակ թվով մարզիկների համար է` 30 բարձրակարգ մարզիկի` տարբեր սպորտաձևերից: Բայց կան այլ մարզիկներ, որոնք դեռ բարձրակարգ չեն, բայց շատ խոստումնալից են, իսկ երկու տարին պրոֆեսիոնալ սպորտսմենի համար շատ բարդ է վերականգնելը»:

Ըստ ՊՆ-ի տրամադրած տեղեկատվության՝ նախկինում մարզական վաշտը չի գործել, որպես զորամաս գործել է բանակի կենտրոնական մարզական ակումբը, որը լուծարվել է 2018թ. սկզբին, իսկ մարզական վաշտի առաջին զորակոչն իրականացվել է 2019թ. ամռանը:

Կառավարության` 2 ապրիլի 2018 թ. N 450-Ն որոշման համաձայն` օլիմպիական մարզաձևերի դեպքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է, երբ մարզիկն օրինակ` Աշխարհի կամ Եվրոպայի առաջնություններում (մեծահասակների կամ երիտասարդների կամ պատանիների) կամ օլիմպիական խաղերում կամ եվրոպական խաղերում կամ պատանեկան օլիմպիական խաղերում կամ համաշխարհային ունիվերսիադայում 1-5-րդ տեղերն է գրավել ու առնվազն մեկ հաղթանակ տարել: Ինչպես նաև առաջիկա օլիմպիական կամ պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության վարկանիշ է ձեռք բերել:

Ըստ այս որոշման` տարկետման ընթացքում, եթե մարզիկը կրկին ունենում է սահմանված կարգին համապատասխան հաջողություն, հերթական անգամ է տարկետում տրվում նրան:

ԿԳՄՍ նախարարության «Սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության» պետ Նարինե Շահբազյանի խոսքով` մարզիկների թե տարկետման, թե մարզական վաշտում ծառայելու չափորոշիչները նույնն են: Այսինքն այն մարզական ցուցանիշները, որոնց դեպքում մարզիկին տրվում է տարկետում, այդ ցուցանիշով նաև մարզական վաշտում ծառայության իրավունք կա, սակայն ՊՆ-ն է որոշում, թե որ մարզաձևերի խմբի համար ինչ թվով մարզիկ կարող է ներգրավվել:

ՀՀ ԶՈՒ մարզական վաշտում ծառայողներն ընտրվում են հանձնաժողովի կողմից, և ԿԳՄՍ նախարարությունը ևս անդամ ունի այդ հանձնաժողովի կազմում. «ԿԳՄՍ նախարարությունը հանձնաժողովի անդամ ունի,  երբ որ արդեն ընտրությունը կատարված է լինում և մարզիկները զինվորական վաշտում ծառայելու հայտեր են ներկայացրած լինում:  Օրինակ այս տարի ֆեդերացիաների ներկայացրած փաստաթղթերի հիման վրա 55 մարզիկի տվել ենք տարկետում: Իսկ ՊՆ-ի տիրույթում գտնվող ՀՀ ԶՈՒ մարզական վաշտում մարզիկն անձամբ ինքը կարող է հայտ ներկայացնել ծառայելու, որից հետո հանձնաժողովն արդեն ստացված փաստաթղթերն ուսումնասիրում է` ովքեր համապատասխանում են կարգին և կա տվյալ մարզաձևի համար նախատեսված տեղ` բնականաբար մարզիկը ներգրավվում է մարզական վաշտում ծառայելու»,-ասաց Շահբազյանը։

Չնայած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման և մարզական վաշտում ծառայության նշանակելու մարզական ցուցանիշները նույնն են, այնուամենայնիվ բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը շեշտում է, որ ներկայումս շատ բարձր արդյունքներ ցուցաբերած մարզիկներն են ընդգրկվում մարզական վաշտում ծառայելու:

ՀՀ պաշտպանության նախարարության կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` ՀՀ ԶՈՒ մարզական վաշտի 2020թ. ամառային զորակոչի համալրման ենթակա հաստիքների թիվը` օրինակ մենապայքարային օլիմպիական մարզաձևերի ամբողջ խմբի համար  (ըմբշամարտ, ձյուդո, թաեքվոնդո, բռնցքամարտ, ծանրամարտ, կառատե) ընդամենը մեկ տեղ է եղել նախատեսված: Եվ ԿԳՄՍ նախարարության «Սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության» պետ Նարինե Շահբազյանը նշեց, որ այդ մեկ տեղի համար ընտրվել է ըմբիշ:

Ըստ մարզական վաշտում զինվորական ծառայության նշանակելու կարգի` հայտ ներկայացրած և ընտրված մարզիկները մասնակցում են երկրորդ փուլին, և այդ պարագայում նախապատվությունը տրվում է բարձր ցուցանիշներ ունեցող մարզիկներին:

Ի պատասխան մեր հարցադրումների, թե քանի մարզիկ է ծառայում մարզական վաշտում և արդյոք սահմանափակ թվով մարզիկներ կարող են ծառայել այնտեղ՝ ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանն ընդգծեց, որ ներկայումս շուրջ 35 մարզիկ է ծառայում, և մարզիկներին տվյալ վաշտում ներգրավվելու թիվը սահմանափակ է, բայց անվտանգությունից ելնելով հստակ թիվը հրապարակման ենթակա չէ։ 

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարից նաև հետաքրքրվեցինք՝ ինչպես է կատարվում մարզիկների ընտրությունն այն դեպքում, երբ մի քանի մարզաձևերի համար միայն մեկ տեղ է նախատեսված, բայց օրինակ բռնցքամարտի ու ըմբշամարտի չեմպիոններն ունեն նույն ցուցանիշները։ Շուշան Ստեփանյանն անդրադառնալով այս հարցին նախ ընդգծեց, որ նման դեպք դեռ չի եղել, բայց նշեց, որ հիմք է վերցվում մարզիկի վերջին հաղթանակը՝ օրինակ եթե ըմբշամարտիկն աշխարհի չեմպիոն է դարձել հունիս ամսին, իսկ բռնցքամարտիկը՝ մարտ ամսին, ապա ռազմական վաշտում ծառայության կանցնի ըմբշամարտիկը։

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վահան Ադիլխանյանը շեշտում է, որ կան շատ մարզիկներ, որոնք երիտասարդների հավաքականում ոչինչ չեն արել, բայց մեծահասակների հավաքականում արդեն արդյունք են ցույց տվել. «ՀՀ չեմպիոններ ունենք, որոնք այս զորակոչին արդեն բանակ են գնում: Օրինակ` մեր Գրիգորյան Արսենը երիտասարդներում ոչինչ չի արել, բայց մեծահասակներում` 18 տարեկանում դարձավ Հանրապետության հաղթող: Խոստումնալից տղա է ու հիմա գնում է բանակ, իսկ երկու տարի հետո ոչ մեկը չգիտի, թե նա ինչ կանի:»:

Մարիզչի խոսքով` այն տղաները, որոնք պետք են հավաքականին, պիտի որոշվի գլխավոր մարզչի կամ ֆեդերացիայի կողմից գրությամբ. «Օրինակ հավաքականի մարզիչը ներկայացնի այն տղաների ցանկը, որոնք պետք են հավաքականին և նրանք  ինչ-որ ժամանակ ունենան արտոնություն: Ես խնդրել եմ ՊՆ-ին և ԿԳՄՍ-ին, որ Արսեն Գրիգորյանին ժամանակ տան, որովհետև սեպտեմբերին մենք ունենք Եվրոպայի առաջնություն, որտեղ Արսենը կարող է մասնակցել, և մեծ հույսեր կան, որ նա արդյունք ցույց կտա, բայց օգոստոսի վերջ նա պետք է գնա բանակ:  Եթե  սեպտեմբերին արդյունք ցույց չտա, թող գնա, ծառայի: Ուղղակի հնարավորություն տան, որ տղաները մասնակցեն մրցումներին, եթե արդյունք ցույց չտան, թող ծառայեն»:

Մենք կապ հաստատեցինք նաև բռնցքամարտիկ Արսեն Գրիգորյանի հետ։ Արսենը նշեց, որ ինքը պատրաստ է իր պարտքը կատարել հայրենիքի առաջ և գնալ ծառայության, բայց ներկայումս իր առջև մեծ սպորտի ճանապարհն է բացվել, և սեպտեմբերին Եվրոպայի առաջնությունն է, որին ցանակնում է մասնակցել․ « Օգոստոսի վերջ պետք է գնամ բանակ, երկու տարին մեծ նստվածք է թողնում մարզիկի վրա, որովհետև ծառայությունից հետո այլ հարցերի մասին ես մտածում՝ ֆինանս, ընտանիք։ Ես ուզում եմ ինձ հնարավորություն տան մասնակցեմ Եվրոպայի առաջնությանը, քանի որ երկու տարի հետո մարզիկին մոտ չորս տարի է անհրաժեշտ, որպեսզի վերադառնա նախկին ֆորմային»։

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչին հարցրեցինք՝ արդյոք նախկինում կոռուպցիայի ռիսկ չկար մարզական վաշտում ծառայության անցնելու հարցում։ Ադիլխանյանն անդրադառնալով նախորդ տարիներին` հիշատակեց, որ ժամանակին պատանիների հավաքականում կային մարզիկներ, որոնք Եվրոպայի առաջնությանը ինչ-որ արդյունք ցույց տալուց հետո գնում էին մարզական վաշտ, իսկ հետո արդեն էլ չէին վերադառնում պրոֆեսիոնալ սպորտին. «Այսինքն կային մարզիկներ, որոնք լուծում էին իրենց բանակի խնդիրը և վերջ:  Իսկ այդ ամենից խուսափելու համար ճիշտ կլինի, որ հավաքականի գլխավոր մարզիչը որոշի այն մարդկանց, որոնք պետք է լինեն մարզական վաշտում, որոնք պետք են ազգային հավաքականին: Հիմա շատ բարձր արդյունքների հիման վրա են ընդգրկվում մարզական վաշտում ծառայելու: Օրինակ երիտասարդների 5-րդ մրցանակակիրը կստանա տարկետում, բայց մարզական վաշտ չի ընկնի: Տարկետման դեպքում, եթե երեք տարուց հետո արդյունքը կրկնում է, նորից է ստանում տարկետում: Իսկ եթե տարկետումը լրանալուց հետո արդյունք ցույց չի տալիս` գնում է ծառայելու»,-եզրափակեց մարզիչը: 

Ըստ այս ամենի մարզիկների ծառայության խնդիրներից մեկն այն է, որ ոմանք թեպետ մինչև իրենց 18 տարին լրանալը ունենում են հաղթանակներ ու առաջխաղացումներ սպորտում, սակայն պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում վերցնելու կամ զինվորական վաշտում ծառայելու կառավարության սահմանած չափորոշիչներին չեն համապատասխանում և զորակոչվում են, իսկ 2 տարի անց` ծառայությունից հետո, այլևս չեն վերադառնում պրոֆեսիոնալ սպորտին: Խնդիրներից մեկն էլ այն է, որ երբ մարզիկին տրվում է տարկետում, որովհետև միջազգային խաղերում գրանցել է ցուցանիշներ և այդ տարկետման ընթացքում մարզիկը չի գրանցում երկրորդ համապատասխան ցուցանիշը, որպեսզի կրկին տարկետում վերցնի, ապա զորակոչվում է պարտադիր զինվորական ծառայության, իսկ բանակում ըստ մարզիչների չկան այն պայմանները, որ պրոֆեսիոնալ մարզիկը մնա ֆորմայի մեջ:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն անդրադառնալով խնդրին՝ նշեց, որ մի կողմից պետք է ծառայության հարցը լուծվի՝ օրենքի առաջ բոլորի հավասար պարտավորության, իսկ մյուս կողմից էլ ծառայությունը չպետք է սահմանափակում հանդիսանա քաղաքացու պոտենցիալը, տաղանդը զարգացնելու համար, որի համար պետք է ապահովվի համապատասխան հնարավորություն՝ օրինակ ծառայության ժամկետի կամ այլ մեխանիզմներով։ Նա հավելեց, որ չունի նշանակություն` այդ տաղանդը դրսևորվում է սպորտի, մշակույթի, թե գիտության բնագավառում։ 

Իրավապաշտպանը դիտարկելով այն մոտեցումը, թե արդյոք չի առաջանա կոռուպցիոն ռիսկ, երբ հավաքականի գլխավոր մարզչի կամ ֆեդերացիայի կողմից որոշվի, թե որ մարզիկը պետք է ծառայի մարզական վաշտում՝ նշեց, որ այդ լուծումները պետք է կայացվեն քննարկումների արդյունքում, և խնդիրը չափորոշիչներում է, ըստ նրա` պետք է  վերանայվեն որոշումներն այնպես, որ հովանավորչության դեպքեր չլինեն։

«Այս խնդիրը սպորտի զարգացման տեսակետից լեգիտիմ հարց է, համակարգը պետք է լինի ոչ թե սահմանափակող, այլ հնարավորություններ ապահովվող։ Օրինակ փորձագիտական եզրակացություն լինի, որի հիման վրա տրվում է որոշում, թե այդ մարզիկի համար սպորտային վաշտում ծառայելը կնպաստի կարողությունների զարգացմանը, թե ոչ, կամ ոչ սպորտային վաշտում ծառայելը կսահամանափակի նրա կարողությունները, թե ոչ։ Միայն տվյալ բնագավառի մասնագետը կարող է օբյեկտիվ եզրակացություն տալ, որ օրինակ մենք կարող ենք ունենալ երկրորդ Յուրի Վարդանյան։ Բայց նաև անպայման չէ, որ բոլորը համաշխարհային ճանաչում ունենան, կարող է անձը որպես մարզիկ սպորտի զարգացման համար դեր խաղա»,-մեկնաբանեց Սաքունցը։

Նյութը պատրաստվել է «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ-ի մեդիա ծրագրի շրջանակներում «Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստանի» ֆինանսական աջակցությամբ:

Նարա Մարտիրոսյան

Նմանատիպ Հոդվածներ

Նվիրաբերվող միջոցներն անհրաժեշտ է դասակարգել ըստ իրային և սննդի խմբաբաժինների. ՊՆ

Նատա Հարությունյան

Բանակի մարտական կառավարման կենտրոն են այցելել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն ու ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը

Նատա Հարությունյան

Հորդորում ենք այս օրերին խստորեն վերահսկել երեխաների ներկայությունը սոցիալական ցանցերում․ԿԳՄՍՆ

Անի Գրիգորյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին