Գլխավոր » ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման զգուշավոր լավատեսությունը
Վերլուծական

ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների զարգացման զգուշավոր լավատեսությունը

հետևեք մեզ նաև Telegram-ում

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, որին ուղեկցում էին ԱՄՆ դիվանագիտական կորպուսի և դեսպանատան մի շարք պաշտոնյաներ։ Դեսպանն ասել է, որ ՀՀ-ԱՄՆ համագործակցության ծրագրերի շրջանակում 2019 թ.-ին ԱՄՆ օժանդակությունը նախորդ տարվա համեմատ ավելացել է 40 %-ով, և առաջարկել քննարկել այն Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական զարգացմանը ծառայեցնելու հնարավորությունները: Ոչ պակաս հետաքրքրական հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ Պետքարտուղարության Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների գրասենյակի տնօրեն Շերիլ Ֆերնանդեսը, նշելով. «ԱՄՆ կառավարությունը սատարում է Հայաստանի ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներին, հակակոռուպցիոն օրակարգին և տարածաշրջանային անվտանգության ջանքերին։ Հպարտությամբ վերահաստատում ենք մեր հարաբերությունները Հայաստանի հետ՝ շարունակելով ռազմավարական խորհրդակցություններն այս առանցքային հարցերի շուրջ»:

Վերջին օրերի զարգացումները կարևոր էին հայ-ամերիկյան հարաբերությունների վերաֆորմատավորման տեսանկյունից, քանի որ հեղափոխությունից հետո ՀՀ արտաքին քաղաքականության ասպարեզում ամենաինտրիգային սպասելիքները նաև ԱՄՆ-ից էին։ Չնայած հեղափոխության օրերին ԱՄՆ դեսպանի բազմակողմ հանդիպումներին և ներքաղաքական գործընթացների վերաբերյալ հայտարարությունների առատությանը, հետհեղափոխական առաջին շրջանում հայ-ամերիկյան հարաբերություններում վակուում առաջացավ։ Թերևս միակ պաշտոնական դրսևորումը Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով արդեն նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի այցն էր տարածաշրջան և Ղարաբաղյան հակամարտության կարգավորման առանձին դետալների վերաբերյալ նրա ոչ միանշանակ գնահատականները։ ԱՄՆ-ն, որ վերջին տասնամյակում մեծ տեղ է տվել «ռեժիմների փոփոխության» իր ռազմավարությանը, պասիվ գտնվեց հայկական հեղափոխական բարեփոխումների օրակարգի վերբերյալ իր հայտարարություններում։ Պասիվ գտնվեց նաև հեռացող դեսպան Ռիչարդ Միլսը, ով այդ օրակարգերի լրացումը, թերևս, թողեց իր հաջորդին։ Նորանշանակ դեսպան Լին Թրեյսին Հայաստան ժամանեց նոր իրողությունների պայմաններում և ակտիվորեն ներգրավվեց փոխգործակցության նոր օրակարգերի ձևավորմանն ու զարգացմանը։ 

Հայ-ամերիկյան հարաբերությունները մշտապես բազմակողմ են եղել, այսինքն՝ պաշտոնական Երևանից զատ, ԱՄՆ-ի կողմից կարևորվել են նաև տեղի հայ համայնքի հետ ավանդական կապերը։ Որոշակիորեն առանձնանում են նաև դրանց օրակարգերը։ Եթե Հայաստանի հետ հարաբերություններում կարևորվում են ներքին բարեփոխումների անհրաժեշտությունը, քաղաքացիական հասարակության զարգացումը և Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը, ապա ԱՄՆ-ում հայ համայնքի հետ հարաբերությունների օրակարգը Հայոց ցեղասպանության դատապարտող բանաձևն ու Հայ դատի միջազգային դատապարտումն է։ 

Վերջին մեկ շաբաթվա ընթացքում այս երկու հարթակներում էլ հայ-ամերիկյան հարաբերությունները լուրջ առաջընթաց արձանագրեցին։ Նախ օրերս Հայոց ցեղասպանության դատապարտման վերաբերյալ ԱՄՆ Սենատի Ներկայացուցիչների պալատը համապատասխան բանաձև ընդունեց։ Շատերն այն  դիտարկեցին Թուրքիայի հետ ԱՄՆ-ի հարաբերությունների համատեքստում։ Արտաքին քաղաքականության մեջ շահերը մնում են շահեր, սակայն, եթե անգամ այդպես է, ապա այս դեպքում «քաղաքական շահի քամին փչեց հայկական առագաստների ուղղությամբ»։  

Հայ-ամերիկյան հարաբերությունների բազմակողմիանության տեսանկյունից, այնուհանդերձ պետք է ընդգծել, որ վերջին շրջանում ԱՄՆ-ի կողմից այն ավելի շատ է թեքվել պաշտոնական Երևանին գերակայություն տալու և բուն Հայաստանում դրանք զարգացնելու ուղղությամբ, ինչի առհավատչյան վերջերս պետական զանազան օղակների հետ դեսպան Թրեյսիի ակտիվ հանդիպումներն են, իսկ նախօրեին բավականին ներկայացուցչական կազմով նաև վարչապետի մոտ հյուրընկալվելը, ինչպես նաև Շ. Ֆերնանդեսի ուշագրավ հայտարարությունը։ Այս ամենն, ըստ էության, միտված է միասնական հայկական օրակարգի ձևավորմանը ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։ Դեսպանի կողմից հայ-ամերիկյան փոխգործակցության հենասյուների մատնանշումն էլ ազդարարեց Հայաստանի հետ իր ծանոթական փուլի ավարտը և իր պաշտոնավարման ակտիվ փուլի մեկնարկը։ Հանդիպման կարևորությունն էլ ավելի ընդգծվեց դրա ներկայացուցչականությունը։ 

Ընդհանուր առմամբ, նորանշանակ դեսպանն իր հայտարարություններում ավելի անկեղծ է, քան նախկինները, քանի որ նրան այժմ ավելի շատ ենք տեսնում պետական համակարգի տարբեր ներկայացուցիչների հետ հանդիպումներում, քան նախկինների դեպքում, երբ այդ ակտիվությունն ավելի շատ քաղհասարակության դաշտում էր։ Մնում է հուսալ, որ հայ-ամերիկյան օրակարգում առաջացած այս լավատեսական տրամադրվածությունը կտեղափոխվի ավելի պրագմատիկ դաշտ, իսկ արդյունքները կլինեն ոչ թե հայտարարական, այլ ռեալ։

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին