20 C
Yerevan
23 Հոկտեմբերի, 2020
107945.6 By Google Analytics 22.10.2020
Գլխավոր » ՀՀ-ի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու պահը չի հասունացել․ Ազատ Արշակյան
Այլ Լուրեր

ՀՀ-ի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու պահը չի հասունացել․ Ազատ Արշակյան

Գերագույն խորհրդի քննարկման շրջանակում միշտ եղել է ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչումը, սակայն մի քանի պատճառներ կային, որոնց հիման վրա ՀՀ-ն չճանաչեց Արցախի անկախությունը։ NewArmenia.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։

Նա հիշեցրեց, որ Սովետական Հայաստանի Գերագույն խորհուրդը ճանաչել էր Արցախի՝ ՀՀ-ին միացման ակտը, քանի որ 1989 թ․-ի դեկտեմբերի 1-ի որոշմամբ՝ Արցախը միացած էր Հայաստանին։

«Մենք որոշ իմաստով փակուղու առաջ էինք, քանի որ այլ որոշում կայացնելով՝ չեղյալ էինք համարում միացման ակտը։ Մենք Արցախի անկախության ճանաչմամբ չէինք զբաղվում, քանի որ ելք էինք փնտրում, որ այն ժամանակվա համաշխարհային հանրությունն ընդունի փաստը։ Մեզ ասում էին, որ, եթե դուք Արցախը միացնում եք Հայաստանին ու Ադրբեջանը չի ճանաչում, դա դառնում է անեկսիա։ ՀՀ դաշնակից ուժերը, օրինակ՝ ԵՄ անդամ պետությունները, դժվարանում էին մեզ աջակցել, այդ պատճառով էլ որոշում կայացվեց, որ Արցախը չմիանա ՀՀ-ին»,- ասաց նա։

Արշակյանը նշեց, որ երկար քննարկումներից հետո Արցախի իշխանությունը որոշում կայացրեց ու Արցախն անկախ ճանաչեց, իսկ ՀՀ-ն ընդունեց ի գիտություն․ «Գերագույն խորհրդի առաջին գումարման ժամանակ Արցախից պատգամավորներ կային ՀՀ-ում ներկայացված՝ 1990 թվականին, այսինքն՝ Արցախը ՀՀ-ին միացյալ կարգով պատգամավորներ ուներ, բայց արդեն 1995 թ․-ին Արցախից պատգամավորներ չկային, որովհետև Արցախն ինքնահռչակ պետություն էր»,- շարունակեց Ազատ Արշակյանը։

Ինչ վերաբերում է ներկայումս ՀՀ-ի կողմից Արցախի անկախությունը ճանաչելուն, որի մասին ՀՀ իշխանություններն արդեն մի քանի մեսիջներ են ուղղել, Ազատ Արշակյանը շեշտեց, թե ամեն բան կախված է իրադարձությունների զարգացման ընթացքից։ Նրա գնահատմամբ, եթե ՀՀ-ի կողմից Արցախի անկախության ճանաչումը բերի Արցախի անկախության շղթայական ճանաչման, ապա կարելի է ճանաչել, իսկ հակառակ պարագայում խնդիրներ կլինեն։

«Եթե ՀՀ-ի կողմից Արցախն անկախ պետություն ճանաչելը կբերի շղթայական ճանաչման, այսինքն՝ միջազգային մակարդակով հեղինակավոր պետություններն էլ կճանաչեն Արցախի անկախությունն, ապա ճիշտ քայլ կլինի։ Օրինակ՝ Կոսովոյի անկախությունը բոլոր պետությունները չեն ճանաչել, բայց ազդեցիկ պետությունները, օրինակ՝ ԵՄ մի շարք պետություներ, ԱՄՆ և այլն, ճանաչել են, իսկ մնացածը, որոնք չեն ճանաչել Սերբիայի հետ սերտ հարաբերություններ ունեցող, բայց ոչ ազդեցիկ պետություններ են։ Եթե Կոսովոյի օրինակի նման լինի, ապա Արցախի անկախության ճանաչումն առաջընթաց կլինի։ Նախնական քննարկումներ ու հարցումներ անում ենք, պարզվում է, որ ազդեցիկ պետությունները պատրաստ չեն Արցախի անկախությունը մեզանից հետո ճանաչել։ Դեռևս ՀՀ-ի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու պահը չի հասունացել։ Հիմա, եթե ճանաչենք, ապա դառնում ենք միջազգայիհն իրավունքի խախտող, այսինքն՝ ոչ թե խախտող, այլ արհամարհող»,- մանրամասնեց նա։

Քաղաքական գործիչը կարծում է, որ Արցախի ներկայիս ստատուս քվոն՝ ինքնահռչակ Արցախի Հանրապետություն, նույնպես կարգավիճակ է, որը դեռևս բավարարում է։

«Ինչ վերաբերում է հետագային, ապա  կախված է զարգացումներից։ Ներկայումս պետերազմ է,  թե ինչ կլինի պատերազմի վերջում, ինչ փոփոխություններ կլինեն, կյանքը ցույց կտա։ Պատերազմի ավարտից հետո նոր կանդրադառնանք այս հարցին»,- եզրափակեց Ազատ Արշակյանը։

Անի Արամի

Նմանատիպ Հոդվածներ

Կապանում քաղաքական, քրեական, կոռուպցիոն տարրերը գավառական մակարդակով անվստահություն հայտնեցին իշխանությանը․ Ազատ Արշակյան

Ani Grigoryan

Քաղաքական խանդն է պատճառը, երկուսն էլ ուզում են սիրված լինել ժողովրդի կողմից․ Ազատ Արշակյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպի մասին

Սերինե

Կճոյանը եկեղեցու դեմ ներսից պայքարող, եկեղեցին վարկաբեկող տերտեր է. Առաքելական եկեղեցին քանդում են անպարկեշտ հոգևորականները. Ազատ Արշակյան

Diana Amirkhanyan
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին