15 C
Yerevan
4 Հունիսի, 2020
71430.2 By Google Analytics 04.06.2020
Գլխավոր » Հնարավոր ամեն ինչ պետք է անենք, որ գազի գինը հետագայում չազդի շարքային քաղաքացիների վրա․ Արմեն Փամբուխչյան
Կարևոր

Հնարավոր ամեն ինչ պետք է անենք, որ գազի գինը հետագայում չազդի շարքային քաղաքացիների վրա․ Արմեն Փամբուխչյան

հետևեք մեզ նաև Telegram-ում

NewArmenia.am – ի  զրուցակիցն է ԱԺ «Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Փամբուխչյանը։

— ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ, մերժեց  Հայաստանի ու Բելառուսի,  գազի միասնական սակագին սահմանելու առաջարկը, նշելով, որ դեռ վաղ է խոսել այդ մասին, քանի որ կողմերը դեռ չեն հասել ինտեգրման այդ մակարդակին։ Այս համատեքստում ի՞նչ զարգացումների սպասել, արդյոք զիջումների գնալո՞ւ է Հայաստանը, թե՞ ոչ։

-Բանակցությունները շարունակվում են և մեր կողմից հնարավոր ամեն ինչ պետք է անենք, որ գազի գինը հետգայում չազդի շարքային քաղաքացիների վրա, իսկ ԵԱՏՄ-ում շատ են լինում դեպքեր, երբ քննարկումների արդյունքում, այս կամ այն առաջարկը մերժվում է, այնուամենայնիվ, այդ քննարկումները շարունակվում են և, վստահ եմ, որ մի օր մեր գործընկերների հետ կգանք ընդհանուր հայտարարի։

-Պարո՛ն Փամբուխչյան, քաղաքական վերլուծաբանների մի մասը կարծում է, որ Պուտինի այս քայլն ունի քաղաքական ենթատեքստ, այն է՝ Պուտինը սրանով փորձում է խոչընդոտել Հայաստանում իրականացվող հակակոռուպցիոն գործընթացներին։

-Ցանկանում եմ ընդգծել, որ այդ հարցը օրակարգ է բերվել Հայաստանի և Բելառուսի ղեկավարների կողմից և այդտեղ, առանձնապես քաղաքական ենթատեքստ չեմ տեսնում։ Վլադիմիր Պուտինը նաև նշեց պատճառը, որ չի հասունացել միասնական շուկա ստեղծելու պահը, այսինքն՝ այս ամենին պետք է նայել ընդամենը գործընկերային և ԵԱՏՄ ձևաչափում քննարկվող հարցերի հնարավորությունների և անհնարինությունների սահմաններում։

-Այսինքն՝ բանակցությունները շարունակվում են և խնդրահարույց որևէ բան չկա՞։

-Իհարկե՛, մենք այլ ձևաչափերով քննարկում ենք նաև տարբեր հարցեր։ Մեկ լավ նորություն ասեմ։ Մեր հանձնաժողովն այսօր դրական եզրակացություն տվեց Հայաստանի համար շատ կարևոր մի փաստաթղթի և վստահ եմ, որ ԱԺ լիագումար նիստում փաստատթուղթը կվավերացվի։ Խոսքը ԵԱՏՄ-ի մաքսային դրույքաչափերի նախկին արտոնությունների մեկ տարով երկարաձգման մասին է։ Այսինքն՝  930 տեսակ ապրանքների՝ բացառությամբ մեքենաների,  մաքսային դրույքաչափերը նույնն են մնալու։ Նաև մեր ընդհանուր կաթսայի գումարն է պահպանվում։ Փաստորեն, ԵԱՏՄ-ից ունենք բավականին դրական գործողություններ, պետք է ֆիքսել, որ գազի գնի հարցը տեղափոխվել է արդեն ԵԱՏՄ հարթակ, այսինքն՝ մեր գործընկերների հետ բազմակողմանի քննարկումների լավ հնարավորություններ են ստեղծվում, ինչը, կարծում եմ, լավ նախադեպ է։

Քրիստինե Աղաբեկյան

Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին