12 C
Yerevan
27 Հոկտեմբերի, 2020
108579.2 By Google Analytics 26.10.2020
Գլխավոր » Հուզական և անշրջելի գործընթաց. հատված Սվիտալսկու գրքից՝ Թավշյա հեղափոխության մասին
Այլ Լուրեր

Հուզական և անշրջելի գործընթաց. հատված Սվիտալսկու գրքից՝ Թավշյա հեղափոխության մասին

«Երևանում արտասահմանյան դիտորդների տպավորությամբ՝ իշխանությունները ցանկանում էին դժգոհության դեմ պայքարի իրենց վերջին մարտավարությունները շարունակել շատ դանդաղ, մարդկանց հոգնեցնել, սպառել նրանց սպասումներն այն աստիճան, որ իսպառ կորցնեն հույսը բողոքի ակցիաների արդյունավետության նկատմամբ: Գտնվեցին մարդիկ, որ փորձեցին իշխանություններին խորհուրդ տալ լրջորեն վերաբերվել մարդկանց զայրույթին, սակայն՝ անարդյունք: Իշխանություններն այդ փուլում ակնհայտորեն ոչ մի ցանկություն չունեին խոսելու Փաշինյանի հետ: Այնուամենայնիվ, տարօրինակ էր տեսնել, թե ինչպես էին կատարելապես անտեսում Փաշինյանին միացած օրեցօր աճող բազմությանը: Ցանկացած ականատեսի մինչև ապրիլի 16-ն արդեն տեսանելի էր բողոքի «ձնագնդի էֆեկտը»: Իշխանությունները, սակայն, դեռ մերժողական կեցվածքը պահպանում էին: Մասնավոր զրույցներում նրանք հերքում էին Սերժ Սարգսյանի` նոր ընտրությունների մասնակցելու հեռանկարը, կործանարար գնահատելով այդ քայլը: Եվ մի քանի օր անց, երբ վերջապես սկսեցին մտածել Փաշինյանի հետ բանակցելու մասին, արդեն ուշ էր:

Ապրիլի 20-ին օտարերկրյա դիտորդներին պարզ դարձավ, որ ցույցերը վերածվում են քաղաքականապես մեծ և լուրջ գործընթացի: Չափազանց անբարենպաստ եղանակ էր այդ օրը: Ջերմաստիճանը նվազել էր նկատելիորեն, խոնավ և քամոտ օր էր, սակայն Հանրապետության հրապարակում հավաքված բազմության թիվը գերազանցեց 20 հազարը՝ նույնիսկ ամենակոպիտ հաշվարկմամբ: Նիկոլ Փաշինյանը սկսեց բավականին հաջող մարտավարություն կիրառել. մարդկանց պարզապես հրապարակ կանչելու փոխարեն՝ նա երթով շարժվում էր Երևանի փողոցներով և խրախուսում հնարավոր կողմնակիցներին, որ միանան իրեն: Բողոքի ձայնը նա հասցրեց քաղաքի յուրաքանչյուր անկյուն: Եվ իսկապես, ապրիլի 21-ին Հանրապետության հրապարակում հավաքվածների թիվը հատեց 50 հազարը: Նրա բողոքն ուներ շատ պարզ ու հասկանալի օրակարգ` մերժել Սերժ Սարգսյանին: Որքան ավելի պարզ է ցանկացած հեղափոխության օրակարգը և հուզականորեն որքան ավելի գրավիչ՝ այնքան ավելի շատ մարդ կարող է գրավել ու համախմբել:

Բողոքի ցույցի կազմակերպիչները հետևեցին կառավարման զգալիորեն ապակենտրոնացված մոդելին: Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը շարունակում էր մնալ հեղափոխության դեմքն ու առաջնորդը, և նրա կոչերն ու հրահանգներն ի կատար էին ածվում անվերապահ աջակցությամբ, տեխնիկական հարցերի բազմաթիվ որոշումներ հենց տեղում էին պատվիրակվում մարդկանց: Պատահում էր, որ նա չէր հասցնում տեղեկանալ Երևանի թաղամասերում կամ այլ քաղաքներում ընթացող զարգացումների կամ իրականացված գործողությունների մասին: Այս ապակենտրոն մոդելը հեղափոխության ամրակուռ հատկանիշներից էր: Բողոքի ակցիաները նման էին բազմաթիվ տարբեր ցանցերից կազմված ամբողջական ցանցի: Իր «Հրապարակն ու աշտարակը» գիրքը գրելիս, բրիտանացի պատմաբան և գրող Նիլ Ֆերգյուսոնը կարող էր օգտագործել հայերի ընդվզումը՝ որպես «ցանցային» հեղափոխության գերազանց օրինակ: Հիերարխիայի կառույցներում («աշտարակներ») եթե բարձրագույն ղեկավարությունը կաթվածահար է և չի գործում, անհանգստություն է առաջանում ողջ կառույցում: Ցանցում կաթվածահար եղած կապերն արագորեն փոխարինվում են: Այդ իսկ պատճառով, երբ իշխանություններն ուշացած ձերբակալեցին հեղափոխության երեք առաջնորդներին, բողոքի ցույցերը չկորցրին իրենց ուժգնությունն ու եռանդը: Առաջվա պես՝ մայիսի 2-ին շրջափակումների մեծ մասը տեղայնորեն հանկարծաստեղծ ցանցի էր նմանվել, բայցև՝ այդ շրջափակումները շատ արդյունավետ ու կարգավորված էին՝ առանց քաոսի որևէ նախանշանի: Հայ հեղափոխությունը կարելի է բնութագրել որպես ժողովրդական ցանցի և հիերարխիկ ռեժիմի միջև ուժային հանդիպում՝ բանակցությունների միջոցով տարաձայնությունները հարթելու համար: Գերակշռում էր ցանցի ուժը:

Ապրիլի 21-ին Նիկոլ Փաշինյանը դարձավ քաղաքի խոսքուզրույցի թեման: Մարդիկ ոգեշնչված էին նրա շիտակ խոսքով, խիզախությամբ ու վճռականությամբ, հմայված էին նրա անկեղծությամբ: Միայն քաջ առաջնորդը կարող է արիություն արթնացնել հասարակ մարդկանց շրջանում: Եվ նա արեց դա:

Եվ միմիայն այդ պահին՝ ճգնաժամի սկզբնավորումից ավելի քան մեկ շաբաթ անց, իշխանությունները գիտակցեցին, որ ժամանակն է իրավիճակի մասին իրենց պաշտոնական գնահատականի շուրջ խոսելու օտարերկրյա դիվանագետների հետ: Տեսակետը սա էր. ընդունում են, որ ցույցերը դարձել են քաղաքական իրողություն, ինչը պետք է հաշվի առնվեր և կարևորվեր: Նրանց կեցվածքը, սակայն, ակներևորեն զուրկ էր ըմբռնումից: Բողոքի ցույցերը նրանք ապօրինի գործողություն էին որակում։ Բռնապետական հակումներով երկրների մի քանի դեսպաններ իշխանության համախոհը դարձան։ Արևմտյան դիվանագետները հիմնականում միակարծիք էին և կոչ արեցին ուժ չկիրառել ու բանակցություններ վարել, չնայած գտնվեց մեկը, որ աննրբանկատորեն համաձայնեց, թե բողոքի ցույցերը տեխնիկապես ապօրինի են: Այնուամենայնիվ, եվրոպացի դիվանագետների համար Ստրասբուրգի դատարանի` իրավական հիմք ունեցող մեկնաբանությունն առաջնային էր. նույնիսկ չարտոնված ցույցերը պահանջում են իշխանությունների պաշտպանությունը, քանի դեռ դրանք խաղաղ են և համապատասխանում են հավաքների իրավունքի այլ չափանիշների: Արտոնված չլինելը չէր կարող անօրինական նշանակել:

Ոչինչ այնքան չի բորբոքել իշխանություն ունեցող մարդկանց երևակայությունը, որքան բազմության մեծ թիվը: Այլևայլ հեղափոխությունների փորձը վկայում է, որ ցանկացած բողոքի ակցիա միշտ շրջադարձային պահ ունի: Հայաստանի իշխանությունները թերագնահատեցին այդ պահի ուժգնության չափը: Նրանց մեջ միակ մարդը, որ զարգացումներն իրատեսորեն գնահատողի տպավորություն էր թողնում, նախագահ Արմեն Սարգսյանն էր: Ի տարբերություն կառավարող վերնախավի որոշ այլ անդամների՝ դիվանագետների հետ շփումներում նա երբեք կասկածի տակ չի դրել ո՛չ բողոքների չափը, ո՛չ անկեղծությունը: Ապրիլի 21-ի նրա այցը հրապարակ` Նիկոլ Փաշինյանին հանդիպելու նպատակով, գնահատվեց որպես քաղաքական պատասխանատվության և խիզախության դրսևորում, չնայած խոսակցություններ կային, որ նրան այնտեղ էր ուղարկել հենց Սերժ Սարգսյանը, որ համոզի Նիկոլ Փաշինյանին՝ հաջորդ օրը գնալ հանդիպման: Միանշանակ է, որ Սարգսյանը չէր գնա հրապարակ՝ առանց Սերժ Սարգսյանի համաձայնության: Ըստ տեղեկության՝ Արմեն Սարգսյանը պատրաստ էր ընդունել հանդիպմանն առնչվող Նիկոլ Փաշինյանի առաջադրած բոլոր պայմանները, դրանց թվում, ի զարմանս Փաշինյանի, այն հանգամանքը, որ հանդիպումը լինելու էր Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին:

Արևմուտքի որոշ քաղաքական գործիչներ շատ բարձր են գնահատել Արմեն Սարգսյանի կայունացնող դերը ողջ գործընթացի ընթացքում՝ անգամ այն հայտնի իրողության պարագայում, որ նա հին համակարգի մաս է կազմում:

Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի հանդիպման նախաձեռնությունը շատ ուշացած էր: Իշխանությունները շատ անհանգիստ էին այն հեռանկարից, որ ճգնաժամը կշարունակվի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Հայկական օրացույցում Ցեղասպանության զոհերի հիշատակի օրը կարևորագույն արժեք ունի: Սգո և հիշատակի այդ օրը խորհրդանշում է ազգի միասնությունն ու համերաշխությունը: Իշխանությունները վախենում էին, որ այն հարյուր հազարավոր հայերը, որ ամեն տարի այդ օրը երթով շարժվում են դեպի Ցեղասպանության հուշահամալիր, իրենց հույզերը կուղղեն իշխանությունների դեմ:

Օտարերկրյա դիվանագետները տարակարծիք էին ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի միջև կայացած հանդիպման վերաբերյալ: Նրանց մեծ մասը պնդում էր, որ դա Սարգսյանի բեմադրած ներկայացումն էր՝ Փաշինյանին վարկաբեկելու և վերջինիս բանակցային արժանահավատության բացակայությունն ի ցույց դնելու նպատակով: Ոմանք, սակայն, առնվազն հանդիպման ժամանակ հնչած նրա հայտարարությունից հետո իրենց հայացքները հառեցին ճգնաժամի շուտափույթ կարգավորման հնարավորության ուղղությամբ: Ցանկացած սթափ դիտորդի համար արդեն ակնհայտ էր, որ հայերին շատ էր վրդովեցրել  այդ հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանի ելույթը: Նրա անդրադարձը 2008 թվականի մարտի 1-ի «դասերին»՝ մեկնաբանվեց որպես անթաքույց սպառնալիք: Փաշինյանը բացահայտ առավելություն ստացավ: Բնակչության շրջանում աջակցությունն անմիջապես աճեց, եթե նույնիսկ դեռևս տեսանելի չէր գործողությունների միջոցով:

Օտարերկրացիներին անչափ անհանգստացրեց այն տեղեկությունը, որ ընդհատված հանդիպումից կարճ ժամանակ անց ձերբակալել էին Նիկոլ Փաշինյանին և նրա երկու ամենամտերիմ գործընկերներին՝ Արարատ Միրզոյանին ու Սասուն Միքայելյանին: Մտավախությունները, որ իշխանությունները պատրաստվում էին ընդդեմ ցուցարարների համակողմանի առճակատում նախաձեռնել, կտրուկ սաստկացավ: Լուրեր էին հասնում դիվանագետներին, որ արտակարգ դրության մասին օրենք է մշակվել, Ազգային ժողովի անդամները հետ են կանչվել իրենց արտասահմանյան գործուղումներից` հրատապ հանդիպման մասնակցելու համար, իսկ ոստիկանության ստորաբաժանումները համալրվում ու ուժեղացվում էին: Հավանաբար, բողոքներն ուժի կիրառմամբ ցրելու ցանկությունը միանգամայն իրական էր: Բայց այդ պահին նման ճանապարհ ընտրելու հետևանքներն աղետալի կլինեին:

Ձերբակալությունից ընդամենը մի քանի ժամ անց Եվրամիությունը խոր մտահոգություն հայտնեց և բացահայտ կոչ արեց ազատել ապօրինի կալանավորված ցուցարարներին: Իշխանությունները գերադասեցին ձևացնել, որ այդ կոչը Նիկոլ Փաշինյանի ազատ արձակման մասին չէր, բայց ուղղակիորեն հենց նրան էր վերաբերում: Այն փաստը, որ Եվրամիությունը կիրակի կեսօրին` ձերբակալությունից ընդամենը մի քանի ժամ անց, կտրուկ ազդանշան ուղարկեց, եվրոպական ընդհանուր արտաքին քաղաքականության պրակտիկայում բավականին աննախադեպ էր: Միաժամանակ, բողոքի ցույցերն ուժի կիրառմամբ դադարեցնելու տագնապը շատ մեծ էր: Տեղական որոշ ակտիվիստներ կարծում էին, որ Եվրամիությունն իր դասը քաղել է 2008 թվականի իրադարձություններից: Նրանք հիշեցին, որ այդ ժամանակ Եվրամիությանն ինն օր անհրաժեշտ եղավ՝ հրապարակային հայտարարությամբ արձագանքելու համար: Այս անգամ ԵՄ-ն ժամանակին արձագանքեց ճգնաժամի ողջ ընթացքում:

Գուցե իշխանությունները կարծում էին, որ ցույցերի առաջնորդների ձերբակալության միջոցով այդ ցույցերը կզրկեն շարժիչ ուժից: Սակայն ապրիլի 22-ին կայացած հանրահավաքը մասնակիցների աննախադեպ թիվ արձանագրեց, հավանաբար՝ ավելի քան 120 հազար, կրկնակի ավելի նախորդ օրվա ցուցանիշից: Ցանկացած դիտորդի համար դա տպավորիչ տեսարան էր, ինչը պետք է ցնցում լիներ նաև իշխանությունների համար: Հայաստանի ժողովուրդը կորցրեց վախը: Նրանք այլևս թույլ չէին տալու, որ իրենց վախեցնեն:

Երկար և տանջալի գիշեր էր, թերևս, որոշում կայացնողների համար: Հաջորդ օրը բացվեց նոր երթերով՝ խաղաղապահ գումարտակի կանոնավոր զինվորների ու պատերազմի վետերանների մասնակցությամբ: Մի քանի ժամվա ընթացքում Նիկոլ Փաշինյանն ազատ արձակվեց, իսկ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց: Ինչն էլ լիներ նրա հրաժարականի դրդապատճառը, չի բացառվում նաև, որ անսացել էր կողքից տրված որևէ խորհրդի, բայց ամեն դեպքում արևմտյան դիվանագետները նրա հրաժարականը մեկնաբանեցին որպես հայրենասիրության դրսևորում: Նա հրաժարվեց ուժի դիմելու տարբերակից և քաջություն ունեցավ անթաքույց հայտարարելու, որ ինքը սխալ էր: Լարվածությունն անմիջապես սկսեց նահանջել, և Հայաստանի քաղաքական ճգնաժամը մտավ կարգավորման փուլ:

Հրաժարականից անմիջապես հետո շշուկներ էին շրջում, որ նրա նահանջը մարտավարական քայլ էր՝ ինչպես շախմատում, որտեղ երբեմն նույնիսկ թագուհուն են զոհաբերում հաղթանակի հասնելու համար: Գաղտնիք չէ, որ Սերժ Սարգսյանը մոլի շախմատիստ էր: Հանրապետականների ծրագիրը, իբր, եղել է հասարակական զայրույթի կիզակետ Սերժ Սարգսյանին հեռացնելով` պահպանել իշխանությունը, իսկ նա դեռ կշարունակի վարագույրի հետևից ուղղորդել իր կուսակիցներին: Կարեն Կարապետյանը կզբաղեցներ վարչապետի պաշտոնը, իսկ Փաշինյանին կառաջարկվեր նրա առաջին տեղակալի պաշտոնը: Որպես այս ծրագրի ապացույց, լայնորեն տարածվում էր այն ենթադրությունը, որ Կարապետյանը հրավիրվելու է Հանրապետության հրապարակ՝ Փաշինյանի հետ հարթակ բարձրանալու համար: Արդյո՞ք այս լուրը ճշմարտության հատիկ պարունակում էր, թե ոչ, ապրիլի 23-ի երեկոյան արդեն կարևոր չէր: 200 հազարից ավելի ոգեշնչված մասնակիցներով բազմությունը թույլ չէր տա իր հաղթանակից բաժին հանել իշխող վերնախավից որևէ մեկի: Նիկոլ Փաշինյանը հիանալի գիտակցում էր դա և կտրուկ մերժել էր Հանրապետական ​​կուսակցության թեկնածու ցանկացած վարչապետի հնարավորություն: Նա գիտեր, որ հեղափոխությունը ոչ թե մեկ անձի իշխանությունից հեռացնելու, այլ նախորդ ամբողջ ուժային համակարգը քանդելու նպատակ ունի:

Իշխող ճամբարն իր ողջ հույսը կապում էր Կարեն Կարապետյանի հետ: Նա էր դիտվում որպես շարունակականությունը երաշխավորող և հասարակության զայրույթը թուլացնող տարբերակ: Միով բանիվ, իշխանությունն այս տարբերակին դիմեց առնվազն երկու շաբաթ ուշացումով:

Ապրիլի 24-ին իշխանական շրջանակներում շատ քչերն էին հասկանում, որ Կարապետյանին որպես թեկնածու առաջ մղելն անիրական տարբերակ էր: Այդ քչերը հենց այդպես էլ արեցին: Բացառելով և՛ Կարապետյանին, և՛ Փաշինյանին, նրանք քննարկում էին երրորդ անձի հնարավորությունը, այսպես կոչված՝ չեզոք թեկնածու էին փնտրում: Որոշ արտասահմանյան դիտորդներ ակնհայտորեն ողջունում էին չեզոք մարդու ընտրության գաղափարը:

Այս դիրքորոշումն ամրապնդվեց Փաշինյան անհատին պարուրող սպասելի առեղծվածով: Հանրապետական ​​կուսակցության ակտիվիստները չէին խորշում հեղափոխության առաջնորդին երբեմն շատ բացասական բնութագրումների բարձրաձայնումից: Նրա կենսագրությանն ու անհատականությանը վերաբերող կեղծ լուրերի առատ հոսք սկսվեց: Դիտորդներից շատերը, ներառյալ՝ արևմտյան դիվանագետները, Փաշինյանին անհրաժեշտ չափով չէին ճանաչում՝ այդ տեղեկությունները հաստատելու կամ հերքելու համար, և ոմանք բամբասանքները ճշմարտության հետ էին շփոթում:

Անհրաժեշտ էր, որ Նիկոլ Փաշինյանը փորձեր կապ հաստատել դիվանագիտական ​​համայնքի հետ և անմիջականորեն հղեր հեղափոխությանը վերաբերող ուղերձներն ու ցրեր իր հակառակորդների տարածած վախերը, կասկածներն ու նախապաշարմունքները: Այդ քայլը նա արեց ապրիլի 25-ին՝ հանդիպելով Եվրամիության, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դեսպաններին: Այս հանդիպումները կարևոր էին քաղաքական հիմնաքարը դնելու համար՝ հեղափոխության արդյունքների ճանաչման նպատակով:

Նախկին քաղաքական դաշնակիցները սկսեցին լքել Հանրապետական ​​կուսակցությունը: Հանրապետականները մնացել էին մենակ, սակայն շարունակում էին կառչած մնալ Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու գաղափարին, նույնիսկ պատրաստ էին արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ նրա գլխավորությամբ, որպես կուսակցության պահապան: Հանրապետականները կապ հաստատեցին արտերկրի հետ և նույնիսկ երկու պատվիրակ ուղարկեցին Մոսկվա: Նախագահ Պուտինը հեռախոսային զրույց ունեցավ Կարապետյանի հետ, ինչը տեղում մեկնաբանվեց որպես հստակ քաղաքական ազդանշան: Բայց դարձյալ ուշ էր: Հեղափոխության այդ փուլում շատ քիչ բան էր հնարավոր ստանալ դրսից: Ապրիլի 26-ին Հանրապետության հրապարակում տիրող տրամադրությունից ակնհայտ էր դարձել, որ հանրապետականները ստիպված պետք է լինեն լիովին հրաժարվել իշխանությունից: Տրամաբանական շարունակությունն անհնարինությունն էր, թե Փաշինյանը որևէ այլ տարբերակ կդիտարկի. միայն ինքը կարող էր վարչապետ դառնալ: Նա անպատասխանատու մարդ կհամարվեր, եթե բազմությանն ասեր, որ ինքն իրականացրել է հեղափոխությունը, բայց այժմ մեկ այլ անձ կստանձնի պատասխանատվությունը: Չեզոք թեկնածուի տարբերակը չքացավ առհավետ:

Այդ ժամանակ արդեն պարզ դարձավ, որ Հայաստանում քաղաքական ճգնաժամի վերջակետը դնելու միակ ճանապարհը Նիկոլ Փաշինյանին վարչապետ նշանակելն էր: Որպեսզի դա տեղի ունենար, այդ տարրական ճշմարտությունը պետք է ընդուներ Հանրապետական ​​կուսակցությունը, քանի որ մեծամասնություն էր Ազգային ժողովում և իր ձեռքին էր խնդրի լուծման բանալին

Նոր վարչապետի ընտրությունը նշանակված էր մայիսի 1-ին: Հանրապետական ​​կուսակցությունը ոչ մի կերպ չէր ուզում հասկանալ, որ ճգնաժամի երկարաձգումը՝ Փաշինյանի օգտին անհրաժեշտ քանակով ձայները մերժմամբ, իրենց իսկ շահերի դեմ էր: Հանրապետական ​կուսակցության ​պատգամավորներից ոմանք անկեղծորեն էին մերժում Փաշինյանին՝ չթաքցնելով իրենց զգացմունքները: Ոմանք էլ կարծես դեռ հավատում էին, որ գործընթացը կարող էր շրջվել իրենց օգտին: Մի մասն էլ ջերմեռանդորեն մոլորված էր. ըստ նրանց՝ Կարապետյանի տարբերակը (որոշակի արտաքին ճնշումներով պայմանավորված) հնարավոր էր իրականացնել: Ոմանք էլ գուցե կարծում էին, որ հնարավոր է Նիկոլ Փաշինյանի հետ բանակցել իշխանությունը փոխանցելու վերաբերյալ պատշաճ գործարքի շուրջ: Հնարավոր գործարքի մասին ասեկոսեները ջրի երես ելան բավականին շուտ:

Ինչպիսի դժվարություններ հաշվի առնվեցին կամ անտեսվեցին, ամեն դեպքում դրանց հանրագումարը եղավ այն իրողությունը, որ մայիսի 1-ին ողջ ազգի առջև Հանրապետական ​​կուսակցությունը դիմեց հավաքական խարակիրիի «օգնությանը»: Գեղեցիկ օր էր. սրճարանները, ռեստորանները, զբոսայգիները բազմամարդ էին. մարդիկ հեռուստաէկրաններին հայացքները հառած՝ ուղիղ եթերով դիտում էին խորհրդարանական քննարկումները: Կողքից անցնող ցանկացած դիտորդի համար դժվար չէր հասկանալ, թե ինչպես էին հայերն արձագանքում հանրապետականների հակափաշինյանական ելույթներին: Փաշինյանի թեկնածության մերժումը (45 կողմ, 55 դեմ, որոնց թվում՝ Հանրապետական ​​կուսակցության բոլոր անդամները, բացի մեկից) հանրության շրջանում զայրույթի փոթորիկ առաջացրեց ընդդեմ Հանրապետական ​​կուսակցության:

Հաջորդ օրը Հայաստանը շրջափակված էր: Երևանն ամբողջովին արգելափակված էր: Ուշ երեկոյան Հանրապետական ​​կուսակցությունը վերջապես հասկացավ, որ իրենք իսկապես այլ տարբերակ չունեն, քան թույլ տալ, որ Նիկոլ Փաշինյանը վարչապետ ընտրվի: Խոստովանենք, որ արևմտյան որոշ մայրաքաղաքներում դեռ կային կառույցներ, որ թերագնահատում էին հեղափոխության հաղթանակը: Նրանք վստահ էին, որ ուժային բոլոր մեխանիզմներն ու կառավարման բոլոր ճյուղերը վերահսկող իշխանությունները կարող են փոխել իրավիճակը: Երբեմն, նույնիսկ լիարժեք տեղեկատվություն ունենալու դեպքում, հնարավոր չէ ճիշտ կանխատեսումներ անել հեռվից: Պետք է լինել իրադարձությունների կիզակենտրոնում` զարգացման տրամաբանությունը հասկանալու ու կանխատեսելու համար: Անհրաժեշտ է զգալ հույզերի շունչը:

Մի խոսքով, պետք է լավ դիվանագետներ ունենալ տվյալ տարածքում և վստահել նրանց զգացողություններին:

Մայիսի 8-ի քվեարկությունը կանխորոշված էր (Փաշինյանը հավաքեց 59 ձայն, իսկ 42 պատգամավոր դեմ քվեարկեցին): Հեղափոխությունը հաղթանակեց»:

Հատված ԵՄ նախկին դեսպան Պյոտր Սվիտալսկու գրքից՝ Թավշյա հեղափոխության մասին

Նմանատիպ Հոդվածներ

Լույս է տեսել ԵՄ նախկին դեսպան Սվիտալսկիի՝ Հայաստանի հեղափոխության մասին գիրքը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին