22 C
Yerevan
29 Սեպտեմբերի, 2020
101062.4 By Google Analytics 27.09.2020
Գլխավոր » Հուլիսյան բախումների արտաքին քաղաքական արձագանքները
Գլխավոր Նորություններ

Հուլիսյան բախումների արտաքին քաղաքական արձագանքները

Հուլիսի 12-ի ադրբեջանական ագրեսիային զուգահեռ գործի անցավ դիվանագիտությունը: Հայաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց ունեցավ Ռուսաստանի, Իրանի, ԵՄ, Կիպրոսի և Վրաստանի ԱԳ նախարարների, ՀԱՊԿ-ի Գլխավոր քարտուղարի հետ, տեղի ունեցավ հանդիպում ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ,  մեր նախաձեռնությամբ գումարվեց ՀԱՊԿ նիստը, ելույթ ունեցան մեր ներկայացուցիչները ՀԱՊԿ-ում, ԵԱՀԿ-ում, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում (տեղեկությունները՝ ըստ Հայաստանի ԱԳՆ կայքի): Այնուամենայնիվ փաստենք, որ որևէ միջազգային կազմակերպություն կամ երկիր չի ներկայացրել հուլիսյան բախումը այնպես, ինչպես դա արել է Հայաստանը, կամ՝ հայանպաստ ձևակերպումներով:  Բոլոր այն կազմակերպություները, որոնց Հայաստանը կամ անդամակցում է, կամ գործընկեր է՝ արել են հավասարակշռված, երկու կողմերի շահերը հաշվի առնող հայտարարություններ: 

Դրան հակառակ Ադրբեջանը, հիմնականում մանիպուլյատիվ եղանակներով, հասավ նրան, որ միջազգային մի քանի կազմակերպություն միակողմանի, ընդգծված ադրբեջանանպաստ հայտարարություններ են ընդունել: Հարց է առաջանում. կարող էի՞նք մենք արդյոք դիմագրավել դրան, ունեի՞նք համապատասխան կարողություն:

Չմիավորված երկրների շարժում

120 երկիր ներառող Չմիավորված երկրների շարժում ֆորումը ընդունել է, ինչպես ՀՀ ԱԳՆ խոսնակն է հայտարարել, «Ադրբեջանի կողմից հեղինակած և Չմիավորված երկրների շարժման համակարգող բյուրոյի անունից տարածված հայտարարություն» Հայտնի է, որ կազմակերպության նախագահը Ի. Ալիևն է: ԱԳՆ խոսնակը  «ափսոսանք է հայտնել, որ Չմիավորված երկրների շարժումը թույլ է տալիս իր նախագահությանը պատանդառել այդ ֆորումի անունը և սկզբունքները՝ տարածաշրջանային ապակայունացման իր սեփական քաղաքական օրակարգն առաջ մղելու նպատակով: Հայտարարության վերջում նա նշել է, որ ԱԳՆ համար «վերոնշյալ թղթի կտորն առոչինչ է» Հատկանշական է, որ ֆորմալ առումով նման դեպքերում ընդունված ընթացակարգը պահպանվել է՝ նախագահողը շրջանառության մեջ է դրել հայտարարության նախագիծ և, չստանալով որևէ արձագանք/առարկում որևէ երկրից, տարածել է խիստ միակողմանի, ադրբեջանանպաստ հայտարարություն: Ավելին, այդ հանգամանքն էլ իրեն հնարավորություն է տվել ասել, որ նա ներկայացնում է 120 երկրի դիրքորոշում, ինչը ակնհայտ մանիպուլյացիա է:

Հայաստանը այդ կազմակերպությունում ունի դիտորդի կարգավիճակ: Ավելին՝ մի շարք անդամ պետությունների հետ մենք ունենք/ունեինք լավ, բարեկամական հարաբերություններ: Ֆորումի տասնյակ երկրներում ունենք դեսպանություններ կամ հավատարմագրված դեսպան: Մեր խորին համոզմամբ, ափսոսանք հայտնելուց առաջ հարկավոր էր աշխատանք տանել.

  • Որ նման հայտարարություն չընդունվեր: Եթե մենք ունենք նորմալ, բնականոն հարաբերություններ (բարեկամականի մասին չե՛նք էլ ասում) 120 երկրից գոնե մի քանիսի հետ, ապա մեզ պետք է նախօրոք տեղեկացնեին (Էլ չենք ասում, որ մենք էլ պետք է կանխագուշակեինք, որ Ադրբեջանը շահարկելու է նախագահողի կարգավիճակը), որ Ֆորումի նախագահող Ադրբեջանի նախագահը մտադիր է ընդունել միակողմանի, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի համար վնասակար հայտարարություն: Հայտարարությունը կանխելու համար կային տասնյակ ժամեր: Այդ ընթացքում հարկավոր էր կազմակերպել ԱԳ նախարարի՝ մի քանի տասնյակ հեռախոսազրույց այլ երկրների ԱԳ նախարարների հետ, բոլոր հնարավոր ճանապարհներով հաստատել Ֆորումի անդամ պետությունների պատկան պաշտոնյաների հետ կոնտակտ, կազմակերպել մեր դեսպանների այցելություն Ֆորումի անդամ երկրների ԱԳՆ-ներ, հարկ եղած դեպքում՝ երկրի բարձրագույն ղեկավարության հեռախոսազանգերը գործընկերներին: ՀՀ ԱԳՆ կայքում նման նախաձեռնության մասին որևէ բան ասված չէ: Ավելի ցավալի կլինի, եթե դրա մի մասը արվել է, սակայն անարդյունք;
  • Եթե այնուամենայնիվ այդ հայտարարությունն ընդունվել է, ինչպես ՀՀ ԱԳՆ-ն է ասում խոսնակի շուրթերով՝ «պատանդառնելով ֆորումի անունն ու սկզբունքները», արդեն հաջորդ պահից հարկավոր էր դիմել բարեկամ երկրներին՝ համապատասխան արձագանք ստանալու համար: Բարեկամ պետությունները կարող էին հանդես գալ հայտարարությամբ, որ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում իրենց դիրքորոշումը չի փոխվել:

Եթե անգամ մեկ հրապարակային արձագանք լիներ, որը կհավաստեր Ի.Ալիևի ինքնագործունեությունը, դա լրջագույն հարված կլիներ Ադրբեջանին ու Ալիևին, որպես նախագահողի և Ադրբեջանի պետության հեղինակությանը՝ առհասարակ: Մեզ իսկապես բարեկամ՝ Սիրիայի, Հնդկաստանի, Բելառուսի կամ Լիբանանի հայտարարությամբ, կամ գոնե, ԱԳ նախարարների միջեւ կայացած հեռախոսազրույցի հրապարակումով (եթե այն տեղի ունենար), մենք կարող էինք առոչինչ անել Ադրբեջանի այս նախաձեռնությունը աշխարհով մեկ՝ այնպես, որ Ադրբեջանը կկորցներ երեսը նաև այլ կազմակերպություններում որևէ նման նախաձեռնությամբ հանդես գալու:

Newarmenia.am-ը դիմել էր այս հարցով ՀՀ ԱԳՆ, և ստացել՝ «առանց մեկնաբանության» պատասխանը: Մենք ուրախ կլինեինք մեր ընթերցողին ծանոթացնել ՀՀ ԱԳՆ մեկնաբանության հետ, այն նաև մեր այս խմբագրականը ավելի կհարստացներ և կարժևորեր: Մեր ընկալմամբ, եթե որևէ պետական կառույց ասում է՝ «առանց մեկնաբանության», դա նշանակում է, որ այդ կառույցը ասելիք չունի: Հետևաբար խնդիրը թողնում է մեկնաբանությունների համար ազա՛տ: 

Մեր համոզմամբ, հիմա էլ ուշ չէ՝ Ի.Ալիևի խաբեությունը/մանիպուլյացիան պետք է ստանա համապատասխան արձագանք. ինչպես ռազմի դաշտում դա արեցին մեր Զինված ուժերը, այդպես այս դաշտում պետք է անի դիվանագիտությունը: 

Եթե որևէ երկիր հրապարակային հարցականի տակ չի դնում Ի. Ալիևի՝ նաև իրենց անունից արված մեկնաբանությունը, ուրեմն այն նաև այդ երկրին է վերաբերում: Նույնկերպ. ՀԱՊԿ քարտուղարոթյան հուլիսի 14-ի մեկնաբանությունը նաև մերն է:

Թյուրքական խորհուրդ, Իսլամական կոնֆերանս, ԳՈՒԱՄ

Ադրբեջանանպաստ մեկնաբանություններով են հանդես եկել նաև Թյուրքական խորհուրդ կազմակերպությունը, Իսլամական կոնֆերանս կազմակերպությունը (հայտարարությամբ է հանդես եկել Գլխավոր քատուղարությունը, կազմակերպությունը բաղկացած է 57 երկրից) և ԳՈՒԱՄ-ը (վերջինս քարտուղարությունը «հայկական ագրեսիան» դատապարտող հայտարարությամբ է հանդես եկել կազմակերպության թվիտերյան էջում): Առաջին երկու կազմակերպություններում նույնպես, մենք ունենք դաշնակիցներ՝ ՀԱՊԿ անդամ պետություններ, Իրանը, մի շարք արաբական երկրներ, մասնավորապես Սիրիան, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրություններն, Լիբանանը: Խնդիրը դյուրանում էր ՀԱՊԿ պետությունների համար, հաշվի առնելով, որ ՀԱՊԿ-ը ընդունել էր մեկնաբանություն տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ, հետեւաբար նրանց պետք էր հորդորել մնալ հավատարիմ արդեն իսկ հայտնած դիրքորոշմանը: Արի ու տես, որ Ադրբեջանին կրկին հաջողվեց թե՛ ՀԱՊԿ-ի անդամ, թե՛ այլ՝ Հայաստանի համար բարեկամ երկրների անունից ադրբեջանանպաստ հայտարարություն կորզել: Ու կրկին՝ չկա մեր բարեկամ պետությունների որևէ հրապարակային արձագանք: Էլ չենք ասում, որ մեր պատկան մարմիններին չի հաջողվել կանխել հայտարարության ընդունումը: 

Անդամ երկրների հետ երկկողմ հարաբերությունների զարգացումը որպես բոլոր նշված կազմակերպություններում ազդեցության բարձրացման միջոց 

Ընթերցողի մոտ հարց կարող է առաջանալ, որ մենք չենք անդամակցում այս կազմակերպություններին, հետևաբար մեր վիճակը դժվար է: Իրականում նման հարցերը լուծվում են երկկողմ մակարդակում: Մենք հնարավորություն ունեցել ենք անդրադառնալու ՀԱՊԿ անդամ պետությունների հետ մեր երկկողմ հարաբերություններին վերջին երկու տարիների ընթացքում: 

Նկատենք, որ հեղափոխությունից հետո կտրուկ աճել է Հայաստանի վարկանիշը, մեր վարչապետի մասին գիտեին բոլորը, նա ունեցել էր բազմաթիվ հաջողված  այցելություններ տարբեր երկրներ: Մնում էր նյութականացնել այդ այցերի արդյուքները, պայմանավորվածությունները, Հայաստանի բարձր վարկանիշը երկկողմ հարաբերությունների զարգացմամբ, շատ դեպքերում՝ դրանց հետագա ամրապնդմամբ: Այսպես, եթե մենք հաջողացնեինք այս տարիների ընթացքում իսկապես բարեկամական հարաբերություններ, երկու պետությունների շահերից բխող օրակարգ ձևավորել՝ օրինակ, մեր բնական գործընկեր Հնդկաստանի, Ղազախստանի կամ Լիբանանի, Բելառուսի ու Ղրղզստանի, վերջապես՝ մեր հարևան Իրանի հետ, մենք կկարողանայինք ունենալ մեր ձայնը այդ բոլոր կազմակերպություններում: Մենք ունենք դեսպանություններ բոլոր այդ երկրներում, ինչը մեծ ռեսուրս է համագործակցության երկկողմ օրակարգի ձևավորման և հարստացման համար: 

Ոմանք կարող են ասել, որ այս չորս կազմակերպությունների հայտարարությունները, չունեն իրավական ուժ: Իսկապես, իրավական ուժ, մեծ հաշվով ունեն միայն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի բանաձևերը, մնացած բոլոր այլ կազմակերպությունների հայտարարությունները ունեն միմիայն քաղաքական նշանակություն: Մեր ասածն էլ այն է, որ ընդունված/վելիք այդ քաղաքական գնահատական/հայտարարությունը մեր օգտին լինեն, որ դրա արդյունքում Հայաստանը շահի, ոչ թե տուժի, քանի որ մենք արժանի ենք, որ գոնե ճշմարտությու՛նը ամրագրվի, այլ ոչ թե զոռբայության զոհ դարձած սուտը: Եւ մենք ունենք այս հարցում մեր «հեղափոխության պահապաններին», որոնք պետք է օգնեին վարչապետին՝ Հայաստանը արտաքին աշխարհում նոր բարձունքներ նվաճելու գործում: 

Հ.Գ. Ինքնիշխանության ամրապնդումը, Հայաստանի՝ նոր դեմքով՝ հզոր, ժողովրդավար, ինքնավստահ հանդես գալը վարչապետ Փաշինյանի առաջնայնությունն է իր գրասենյակում գտնվելու ի՛սկ առաջին օրվանից: Դրա համար նա կարիք ունի պետական կառույցների արդյունավետ աշխատանքի, աջակցության: Վարչապետի, քաղաքական ղեկավարության Հայաստանը վերափոխելու տեսլականի իրագործման համար հարկավոր է նպաստավոր միջավայր, նա կարիք ունի, որ արտաքին գործոնները օգնեն, ոչ թե խանգարեն: Դրա համար առնվազն պետք է ընդլայնվի Հայաստանի բարեկամների շրջանակը, մեր դիրքրոշումները պետք է ավելի մեծ քանակի գործընկերների կողմից ընդունվեն: Եւ այս հարցում անելիք դեռ շատ կա: 

Նմանատիպ Հոդվածներ

Ադրբեջանի հերթական տեղեկատվական գրոհը․ ՀՀ ԱԳՆ-ն անելիք ունի

Սերինե

Արցախի նախագահը ՀՀ ԱԳՆ պատվիրակության հետ քննարկել է արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր

Նատա Հարությունյան

Դիվանագիտական անձնագրերի տրամադրումը` ըստ թվերի. ԱԳՆ պարզաբանումը

Նատա Հարությունյան
Բեռնում.....

Մեր կայքը օգտագործում է cookie-ներ Ձեր հարմարավետության համար։ Հաստատել Կարդալ ավելին